Մինչ Էրդողանը` ցուպը ձեռքը պտույտ է գործում աֆրիկաներում ու ռազմատենչ հայտարարություններ տարածում նրա հոգեզավակ Ալիեւը, զբաղեցնելով ԱՊՀ օնլայն գագաթնաժողովի ամբիոնը, ԱՊՀ հիմնադիր անդամ Հայաստանի հանդեպ գանգատների տրցակ է ներկայացնում` մեղադրելով նրան մշակութային վանդալիզմի, ահաբեկչության, թմրանյութերի տարանցիկ ճանապարհ լինելու մեջ եւ այլն։ Եվ սա, ինչպես ասում են, անում է` «ժպիտը դեմքին», քանզի մինչեւ օրս ԱՊՀ երկրներից չի ստացել իր արարքների` անդամ երկրի հանդեպ պատերազմ սանձազերծելու եւ պատերազմական հանցագործություններ կատարելու համար համարժեք պատասխան ու պատիժ եւ շարունակում է մնալ անդամ երկրների շարքում (նա ինքը հայտարարեց Ադրբեջանի ու հենց Հայաստանի եւ ոչ Արցախի Հանրապետության միջեւ «կոնֆլիկտի» մասին)։ Թեեւ ուշացած, բայց «ժամանակն» է, որ ԱՊՀ անդամ երկրները սթափվեն ու հասկանան, թե ինչ վառոդի տակառ է այդ «տրոյական ձին», որին ներս են առել ու հանդուրժում են նրա ներկայությունն ու արարքները։
Չմոռանանք, որ Հայաստանին մշակութային վանդալիզմի մեջ մեղադրողը, «ռազմավարի պուրակ» էր բացել ու շուրջ մեկ տարի աշխարհով մեկ հպարտությամբ ցուցադրում էր այն, ներառյալ մանկահասակ երեխաներին ու դպրոցականներին։ Այսօր նա ԱՊՀ ամբիոնից կոչ է անում միջազգային դիտորդներին, դիվանագետներին ու լրագրողներին այցելել իր կողմից ավերված ու օկուպացված Արցախի տարածքներ եւ գրանցել «հայկական» վանդալիզմը` մոռանալով, որ հենց ինքն էր պատերազմի ժամանակ արգելել վերոհիշյալ անձնանց ոտք դնել Արցախ, մինչդեռ հայկական կողմն ազատորեն թույլատրել էր ցանկացողների մուտքն ու աշխատանքային գործունեությունը, որոնցից ոմանք դարձան Ադրբեջանի ագրեսիայից տուժածներ, քանի որ ադրբեջանական կողմը չէր խնայում ոչ ոքի ու ոչ մի բան։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, եւ դա գաղտնիք չէ։
Այս օրերին` հոկտեմբերի 11-ից մինչեւ նոյեմբերի 11-ը, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի նախասրահում «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» վերտառությամբ ցուցադրվում են 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից փրկված հոգեւոր եւ մշակութային արժեքներ: Ո՛չ, սա «ռազմավարի պուրակ» չէ, բայց նույնքան սարսափազդու է, որքան Ալիեւի վերոհիշյալ թանգարանը։ Ալիեւը թող հանգիստ լինի. այստեղ նույնպես այցելում են եւ գրանցում իր ոճրագործությունները։ Այս մասին արտահայտվել է ցուցասրահին արդեն իսկ ծանոթացած ռուս ճարտարապետ Նիկիտա Շանգինը. «Այն, ինչ տեսա եւ զգացի, մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում: Կատարվածը մշակութային ցեղասպանություն է եւ անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործություններն է հիշեցնում՝ միջնադարյան ձեռագրով»։ Սա Ալիեւի գանգատների պատասխանն է հայ ժողովրդի` «մշակութային վանդալիզմի» վերաբերյալ։
Սա` նրա ելույթի առաջին մասի համառոտ դիտարկումը. երկրորդ մասը եւս գանգատների փունջ էր ներկայացնում, քանի որ Ալիեւն արդեն կանգնած է միջազգային դատավարության փաստի առջեւ եւ փորձում է ամեն գնով պաշտպանվել մեղադրյալի աթոռից։ Հայրենիքը պաշտպանող գերի ընկած մեր զինվորներին ո՛չ ավելի, ո՛չ պակաս՝ նա որակեց ահաբեկիչներ, ու թեեւ, իր խոսքերով, պատերազմն ավարտված է, ու «կոնֆլիկտը` լուծված», նա շարունակում է պահել նրանց` ամեն անգամ մեկնումեկին փոխանակելով իր ցանկության դիմաց որեւէ բանով։ Ընդ որում` գերիները վերադարձվում են խոշտանգված, հյուծված ու տանջահար, ոմանք` արդեն իսկ գլխատված կամ սպանված։ Նա գանգատվում է, որ քարտեզները 25 տոկոսով են ճշգրիտ արտահայտում իրականությունը, եւ ավելի քան 150 ադրբեջանցի պայթել է ականների վրա` ոտք դնելով Արցախի հողին, այսինքն` Ալիեւին թվում է, թե հայ ժողովուրդը պաշտպանության իրավունք չունի եւ չի կարող սեփական հողը պաշտպանել զավթիչներից։ Մինչ մեզանից թաքցվում է Ադրբեջանում հայ գերիների թիվը, եւ թե նրանց մեջ կա՞ն, արդյոք, կանայք, մեր կողմում ոչ մի ադրբեջանցի գերի չկա, ուստի եւ դրանց փոխանակման մասին հարց չի դրվում։
Ալիեւը բարձր ամբիոններից խոսում է խաղաղությունից, ու հենց այդ նույն պահին հրետակոծվում են հայկական շեներն ու գյուղերը, սահմանային դիրքերը, այսինքն` «խաղաղություն» ասվածն ադրբեջանական տերմիաբանությամբ բոլորովին այլ նշանակություն ու կիրառություն ունի։ Ելույթի վերոհիշյալ հատվածները` աշխարհի աչքը փակելու համար, իսկ մնացածը, որ արդեն ոչ թե գանգատ, այլ ուղղակի մեղադրանք է` ծառայում է որպես նպատակային թիրախ` աշխարհը վերաբաժանելու թուրքական ծրագրի իրագործման ճանապարհին։ ԱՊՀ երկրների «անճոռնի ճուտիկը» փորձում է սեպ խրել անդամ երկրների ու նրանց հնարավոր դաշնակիցների միջեւ. այսպես, առանց փաստ ու փաստարկի, միջազգայնորեն ընդունված նորմերը անտեսելով ու դատավորի կեցվածքով, հայտարարում է, թե Հայաստանն ու Իրանը համատեղ զբաղվել են թմրամիջոցների թրաֆիքինգով։ Իհարկե, նրան ձեռնտու չեն ո՛չ հայ-ռուսական, ո՛չ էլ հայ-իրանական հարաբերությունները, եւ նա ամեն կերպ ջանում է ոչ միայն մեկուսացված պահել հայերին` դարձնելով նրան առավել խոցելի, այլեւ Իրանի՛ն զրկել տարածաշրջանում դերակատարությունից, իսկ ռուսների դեմ դեռեւս չի համարձակվում ակնառու բարբաջել սոսկ այն պատճառով, որ Ռուսաստանը չմիավորվի այլ ուժերի հետ` ընդդեմ Ադրբեջանի. այլ կերպ` Ռուսաստանին էլ այսպես է փորձում «մեկուսացնել» հնարավոր դաշնակիցներից, հատկապես Իրանից, որը հնարավոր է միավորվի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած տերությունների հետ՝ լուրջ խոչընդոտ դառնալով Էրդողանի` աշխարհի քարտեզը վերաձեւելու աշխարհակործան ծրագրի իրականացման ճանապարհին։ Իսկ որ այդ ծրագիրն արդեն իսկ առաջընթաց ք արձանագրել Ռուսաստանից նրա ազդեցության գոտիներն բաժանելու հարցում, ակնառու է Ուկրաինայի, Վրաստանի օրինակով եւ այսօր էլ նրանից Հայաստանը բաժանելու փորձերով։
Ասել, թե այդ վտանգը չեն զգում ԱՊՀ երկրները, միամտություն կլինի. հենց միայն այն, որ Բելառուսն ու Ռուսաստանը միություն կազմեցին, վտանգն զգալու եւ պաշտպանվելու վառ օրինակ է։ Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում Սերգեյ Շոյգուն ընդգծել է. «Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի բլոկի առաջավոր ներկայությունը Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության սահմանների մոտ, կատարելագործվում է նրա ռազմական ենթակառուցվածքը, ստեղծվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական միջոցների պաշարներ, մշակվում են զորքերի տեղափոխման միջոցառումներ…»: Չմոռանանք Թուրքիայի ներկայությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցանկում եւ չմոռանանք, թե Արցախի դեմ Ադրբեջանի տարած հաղթանակի հարցում ինչ դերակատարություն ունեցավ Թուրքիան, եւ ում է պարտական իր հաղթանակով Ադրբեջանը, եւ ում ասեղն է թելում Ալիեւը` օգտագործելով բարձր ամբիոնները…