«Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Այս որոշումը կառավարությունը երեկվա նիստում կայացրեց։
Գործադիրը որոշեց 2022 թ. հունվարի 1-ից դադարեցնել այդ 2 ՔԿՀ-ների գործունեությունը եւ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (իսկ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից) 10-օրյա ժամկետում ապահովել դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը։ Դրա ստեղծումից հետո 1-ամսյա ժամկետում կներկայացվեն առաջարկներ հիմնարկների համապատասխան փաստաթղթերի, անշարժ եւ շարժական գույքի հանձնման-ընդունման, ինչպեսեւ տնօրինման ու հետագա պահպանության մասին։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կկրճատվեն «Կոշի» հաստիքային միավորները եւ, ըստ անհրաժեշտության, դրանք կվերաբաշխվեն այլ ՔԿՀ-ների եւ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջեւ։ Իսկ «Կոշի» գործունեության դադարեցման հետեւանքով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին (աշխատակիցներ) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կգրանցեն կադրերի համապատասխան ռեզերվում։
Ինչ վերաբերում է «Հրազդանին», ապա դարձյալ երկամսյա ժամկետում կկրճատվեն այս հիմնարկի հաստիքային միավորները, եւ պաշտոնից ազատված ծառայողները նույնպես կգրանցվեն կադրերի ռեզերվում։ Երկամսյա ժամկետում կկրճատվեն նաեւ նշյալ երկու հիմնարկներում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության՝ բժշկական ստորաբաժանման հաստիքները, եւ դրանք կհատկացվեն այս ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղակայված ստորաբաժանմանը։
Ըստ արդարադատության նախարարության՝ մինչեւ 2022 թ. հունվար պետք է ապահովել՝ 1. պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, 2. պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։
Ինչո՞վ է բացատրում արդարադատության նախարարությունը «Կոշի» եւ «Հրազդանի» փակման անհրաժեշտությունը։ Ըստ պետական այս գերատեսչության՝ կառավարության 2019 թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը եւ ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձեւավորման եւ գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման եւ այդ հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսված է հետեւյալը՝ 1. Փակել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները, որի հետեւանքով Երեւանի տարածքում կկառուցվի շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ ընդգրկելով նաեւ ստացիոնար հիվանդանոց: Երեւանի կենտրոնից (մամուլի շենքի հարեւանությամբ) կհանվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն։ 2. «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք։ 3. «Հրազդան» ՔԿՀ-ն լուծարել եւ «Սեւան» ՔԿՀ-ի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» ՔԿՀ-ի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների եւ կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք։ 4. «Արմավիր» ՔԿՀ-ում ապահովել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, եւ կառուցել օդափոխության համակարգ:
Ըստ արդարադատության նախարարության՝ «հատկանշական է, որ ուսումնասիրությունների եւ առկա հիմնախնդիրների համատեքստում» իրենք իրականացրել են աշխատանքներ՝ ՔԿՀ-ների օպտիմալացման պլանի վերանայման ուղղությամբ: Մասնավորապես՝ դիտարկվել է ՔԿՀ-ների ավելի լայն օպտիմալացման պլան ունենալու հնարավորության հարցը, քան նախատեսված է նշյալ ռազմավարությամբ, եւ, ի թիվս այլնի, դիտարկվել է «Կոշի» փակման նպատակահարմարության հարցը:
Այսպես՝ «Հրազդան» ՔԿՀ-ն նախատեսված է 215 անձի պահման (80 կալանավորված անձ եւ 135 դատապարտյալ համար։ Ներկայում այնտեղ պահվում է շուրջ 157 անձ, որից 69-ը՝ կալանավորված անձինք եւ 88-ը՝ դատապարտյալներ (28 դատապարտյալներ պահվում են փակ, 57 դատապարտյալներ՝ կիսափակ ուղղիչ հիմնարկներում, իսկ 3 դատապարտյալներ՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված պայմաններում)։ Հիմնարկի համալրվածությունը կազմում է ընդհանուր լրակազմի շուրջ 73 տոկոսը: Սակայն «Հրազդանը» խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսանկյունից, որ հարեւան բնակելի շենքերից ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: Բացի այդ, շենքային սահմանափակ պայմանները թույլ չեն տալիս ունենալ վերասոցիալականացման միջոցառումների համար նախատեսված սենյակներ։ Այս մասին, ԱՆ-ի տվյալների համաձայն, բարձրաձայնում են թե՛ միջազգային կառույցները, թե՛ մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ հասարակական կազմակերպությունները:
Ընդամենը 157 անձի համար նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման համար «Հրազդան» ՔԿՀ-ն ունի 120 հաստիքային միավոր: Միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան՝ 1 աշխատակցին «բաժին է ընկնում» 3-4 դատապարտյալ, մինչդեռ այս դեպքում հավասարակշռությունը որոշ չափով խախտված է, ինչը չի բխում նաեւ ՔԿՀ-ների միջեւ հաստիքների համաչափ ու օբյեկտիվ բաշխվածության տեսլականից:
Ընդ որում՝ դարձյալ ԱՆ-ի տվյալների համաձայն, այս հիմնարկի պահպանման համար պետբյուջեից տարեկան հատկացվում է 497.501.586 դրամ։ «Հարկ է արձանագրել, որ հիմնարկի գործունեության դադարեցումը անհրաժեշտություն է նաեւ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից»,- նշում է ԱՆ-ն։
«Կոշ» ՔԿՀ-ի մասով. այս հիմնարկը նախատեսված է 640 անձի պահման համար (ունի երկու տիպի ուղղիչ հիմնարկ՝ կիսաբաց (615 մարդու համար) եւ բաց (25 մարդու համար)): Ներկայում այստեղ պահվում է շուրջ 66 անձ (բոլորը պահվում են կիսաբաց ուղղիչ հիմնարկում), այսինքն՝ համալրվածությունը կազմում է ընդհանուր լրակազմի 10.3 տոկոսը: Ընդ որում՝ ըստ ԱՆ-ի, համալրվածության նման ցածր տոկոսի առկայությունն ունի կայուն բնույթ վերջին տարիների ընթացքում: Ընդամենը 66 անձի համար նախատեսված գործառույթների պատշաճ իրականացման համար «Կոշն» ունի 167 հաստիքային միավոր: «Կոշի» պահպանման համար պետբյուջեից տարեկան հատկացվում է 677.078.900 դրամ։ «Կոշի» գործունեության դադարեցումը ԱՆ-ն դարձյալ դիտարկում է ֆինանսական միջոցների արդյունավետ գործածման տեսանկյունից։
Արդարադատության նախարարությունը հավելում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ի մասով որոշման վերջնարդյունքը կհանգեցնի շուրջ 500 մլն դրամի խնայողության փուլային սկզբունքով՝ հաշվի առնելով կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության անհրաժեշտությունը: Իսկ «Կոշի» գործունեության դադարեցման հետեւանքով հնարավոր է դառնում լուծել այլ ՔԿՀ-ների կադրային խնդիրները, ինչպես նաեւ շուրջ 50 հաստիքով համալրել Պրոբացիայի ծառայության կադրային ռեսուրսը: