Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նախօրեին հրապարակել էր Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի եւ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները, որոնք ապօրինի ազատազրկվել էին Ադրբեջանի կողմից եւ խոշտանգվել դեռեւս 2014 թ.: ՄԻԵԴ կայքը տեղեկացնում է, որ դատարանը երկու դեպքում էլ արձանագրել է, որ խախտվել են նրանց կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները, եւ Ադրբեջանին պարտավորեցրել է յուրաքանչյուր գործով վճարել 40 հազարական եվրո փոխհատուցում:
Թե Մամիկոն Խոջոյանը, թե Կարեն Պետրոսյանը ձերբակալվել էին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, երբ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով հատել էին ՀՀ սահմանը։ 77-ամյա Մ. Խոջոյանը ձերբակալվել էր 2014-ի հունվարի 28-ին՝ Ադրբեջանում մնալով մինչեւ մարտի 4-ը: Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց նա մահացել էր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ վերջինիս մահվան պատճառ է եղել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան: Կարեն Պետրոսյանը մոլորվել էր 2014 թ. օգոստոսի 7-ին, եւ փորձ էր արվում նրան ներկայացնել որպես դիվերսանտ: Ընդամենը մեկ օր անց Պետրոսյանը մահացել է, իսկ ադրբեջանական կողմը որպես մահվան պատճառ փորձում էր ներկայացնել սրտի կաթվածը։
Վերոհիշյալ դեպքերի տրամաբանությունն ամբողջությամբ համապատասխանում է այդ երկրի վարած հայատյաց քաղաքականությանը, որն իր մասսայական դրսեւորումն ստացավ պատերազմի ընթացքում։ Առայսօր Ադրբեջանը չի հայտնում իր բանտերում պահվող հայ գերիների հստակ թվաքանակը, ավելին՝ նրանցից որոշների նկատմամբ հարուցել է շինծու քրեական գործեր եւ կայացրել անհիմն վճիռներ։ ՄԻԵԴ-ի նախօրեին հրապարակած վճիռները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Ադրբեջանը երբեւէ չի հարգել եւ չի պահպանել մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքի այլ նորմեր։ Պատերազմի ընթացքում, մասնավորապես` սոցիալական ցանցերում, ադրբեջանցիների կողմից տարաբնույթ սպառնալիքների եւ ատելության խոսքի բազմաթիվ արձանագրումներ կան, որոնք արտացոլում են այդ պետության վարած քարոզչությունը։ Այս ամենը միջազգային ատյաններում ներկայացնելու պարագայում ամբողջական կդառնա եւ կհաստատվի Ադրբեջանի իշխանությունների վարած հայատյաց քաղաքականությունը, որի հիման վրա տասնամյակներ շարունակ դաստիարակվել է այդ երկրի հասարակությունը՝ թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ սփյուռքում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ հանցագործությունների պատճառ դառնալով։ Նկատենք, որ պատերազմի օրերին հայերը զերծ չէին մնում ագրեսիայի դրսեւորումներից եւ ահաբեկումներից նաեւ այն պետություններում, որտեղ ապրում են թուրքական կամ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներ։ Պղծվում էին նաեւ հայկական մշակութային կոթողները։
Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականության առկայությունն ու պետական մակարդակով խրախուսվող հայատյացությունը հարկավոր է պարբերաբար արձանագրել թե՛ իրավական, թե՛ քաղաքական եւ թե՛ հասարակական տիրույթներում, որպեսզի պարզ դառնա միջազգային հանրությանը, որ այդ երկիրը դեռեւս շատ հեռու է խաղաղասեր լինելուց։ Ի դեպ, երեկ Ադրբեջանի Միլի մեջլիսը հավանություն է տվել նոյեմբերի 8-ի՝ այսպես ասած՝ «Հաղթանակի օրվա կապակցությամբ» համաներում հայտարարելու Ալիեւի ստորագրությամբ ներկայացված նախագծին։ Այս ակտով համաներում կշնորհվի ավելի քան 16 հազար դատապարտյալի, ինչն ամենազանգվածայինն է այդ երկրի պատմության մեջ։ Նրանցից ազատ կարձակվի ազատազրկման վայրերում պատիժ կրող ավելի քան 3 հազար քաղաքացի։ Նախատեսվում է նաեւ, որ պատժի չկրած մասից կազատվի մինչեւ 3 հազար մարդ։
Հարց է առաջանում, թե ինչով են զբաղվելու այդ դատապարտյալները ազատության մեջ հայտնվելուց հետո։ Հաշվի առնելով այդ երկրի որդեգրած քաղաքականությունը՝ ուրվագծվում են նոր մարտահրավերներ եւ վտանգներ հատկապես Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի ու անվտանգության համար։ Չմոռանանք նաեւ, որ ըստ որոշ աղբյուրների` Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում են առայսօր գտնվում նաեւ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից տեղափոխված զինյալ ահաբեկիչները։ Այս հանգամանքը պետք է գտնվի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների ու համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում։