Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման եւ Հայաստանի կառավարությունում ձեզ ողջունելու հնարավորության համար: Մեր երկրների միջեւ փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում եւ կառուցվում են ռազմավարական գործընկերության սկզբունքի եւ մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը:
Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնության ձեռք մեկնեց եւ օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի եւ Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետեւանքով: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմական գործողությունները եւ հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության էական նվազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում:
Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում, ինչպես նաեւ նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ եւս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:
Պատրաստ ենք նաեւ առավելագույն ջանքեր գործադրել՝ կողմերի միջեւ, եռակողմ ձեւաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար: Սակայն պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում եւ հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը եւ պայմանավորվածությունների տապալմանը:
Այս համատեքստում կցանկանայի գոհունակությամբ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը: Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Հերթական անգամ Երեւան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը: Շնորհակալ ենք Ձեզ այն ուշադրության համար, որն անձամբ Դուք եք հատկացնում մեր պատվիրակությանը: Այսօր ձեզ հետ շփումների շրջանակում ունեցանք շատ մանրամասն, առարկայական, վստահելի բանակցություններ՝ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ եւ հերթական անգամ ընդգծեցինք մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում դաշնակցային կապերի, ռազմավարական գործընկերության առանձնահատուկ նշանակությունը:
Ձեր եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ քաղաքական երկխոսությունը, անգամ համավարակային այս տարում, բավական ինտենսիվ է: Դուք երկու անգամ մանրակրկիտ շփվել եք Մոսկվայում հանդիպումների ընթացքում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել, եւ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ձեզ ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցում՝ մաղթելով հաջողություններ ձեր երկրի զարգացման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ Ձեր գործունեության մեջ:
Գալիք տարում մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը: Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, եւ որն արդեն հետեւողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն:
Մենք հավատարիմ ենք ապահովելու մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այդ մասին խոսվել է եւ՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, եւ՛ այն շփումներում, որոնք պարբերական եւ ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Այստեղ նույնպես որեւէ կասկած լինել չի կարող: Շատ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները: Շնորհակալ ենք Ձեզ այն բանի համար, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ տվեցին կանգնեցնել ռազմական գործողությունները եւ համաձայնեցնել բոլոր կողմերի հետագա գործողությունների կայուն շրջանակը:
Ամենաակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը եւ ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի:
Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման եւ Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը եւ վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձեւերով, ձեւաչափերով՝ եւ՛ նախորդ տարվա նոյեմբերի եւ այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, եւ՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձեւավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով»:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին եւ զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին եւ հումանիտար հարցերի կարգավորմանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի եւ անելիքների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա եւ անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝ անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը եւ այսօր արվում է Ադրբեջանի կողմից:
ՌԴ արտգործնախարարը կարեւորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի եւ երկխոսության ձեւավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաեւ արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները եւ կիսվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի եւ անվտանգային մարտահրավերների շուրջ: