Կառավարությունը երեկվա նիստում (չզեկուցվող հարցերի շարքում) որոշեց բավարարել «Արեգ էներգիա» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված եւ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների ու դրանց բաղկացուցիչ մասերի (տրանսֆորմատոր, հաստատուն հոսանքի մալուխներ, բարձր լարման մալուխներ փոփոխական հոսանքի համար, ցածր լարման մալուխներ փոփոխական հոսանքի համար) ծագման երկիրը Չինաստանն է։ Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը 76.5 մլն դրամ է: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 7.2 մլն դրամ:
«Արեգ էներգիա» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ «Արեգ էներգիայի» կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսված են Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան կառուցելու համար։ Կայանի կառուցման եւ սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ «Risen Energy» ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ, որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Նախագծում օգտագործվելու են «Huawei» ընկերության արտադրության փոխակերպիչներ (ինվերտորներ): Արեւային վահանակների շարժական կրող կոնստրուկցիան կներմուծվի «Arctech» ընկերությունից։
Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվել է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան։
Ինչ վերաբերում է ներդրումներին։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ կայանի կառուցման, փորձարկման եւ գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.2 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերումը՝ 288 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերումը՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական եւ նախագծային աշխատանքները՝ 460 մլն դրամ։ Ներդրումների 89 տոկոսն արդեն կատարված է. հողամասը ձեռքբերված է, նախագծային աշխատանքներն ու շինարարությունն արվել են, սարքավորումների դիմաց վճարումներ են կատարվել։ Աշխատատեղերի մասով. այժմ դրանց թիվը 3 է, եւ նոր աշխատատեղերի ավելացում չի նախատեսվում։
Առաջարկների ամփոփաթերթում Պետական եկամուտների կոմիտեն նշել է, որ «Արեգ Էներգիան» (գրանցված 2019թ. հունվարի 8-ին) գործում է հարկման ընդհանուր համակարգում, ըստ ներկայացրած վերջին՝ 2021 թ. օգոստոսի եկամտահարկի եւ սոցվճարի ամսական հաշվարկի ունի 1 հարկման բազա ունեցող վարձու աշխատող, որի միջին հարկման բազան կազմում է 53,205 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է ընկերության շրջանառությունից ստացված տարեկան հասույթներին, ապա ՊԵԿ-ը հայտնում է, որ ընկերության կողմից իրացման վերաբերյալ դիմումին կից ներկայացված տեղեկատվությունը չի համընկնում հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ, ուստի նշված տեղեկատվությունը հարկային գաղտնիք է համարվում եւ ենթակա չէ տրամադրման։ Իսկ 2021 թ. հոկտեմբերի 3-ի դրությամբ ընկերությունը չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություն: