2021 թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Եվ անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է։ Այս մասին երեկ տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանից։ Ի դեպ, նկատենք, որ նախկինում գույքահարկ վճարում էին միայն այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը։
Քաղաքապետարանի տարածած համապատասխան տեղեկությունում հղումներ կան տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնին, կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման բաժնին, Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությանը։
Ըստ այդմ, հանրապետությունում կային հարյուր հազարներով բնակարաններ, որոնց կադաստրային արժեքը 3 մլն դրամից ցածր էր եւ վերջիններիս համար գույքահարկ չէր վճարվում։ Միայն Երեւանում ավելի քան 100 հազ. նման բնակարան կար (ՏԿԵՆ)։ Այժմ եւ՛ հարկային օրենսգրքում են փոփոխություններ եղել, եւ՛ ընդունվել է օրենք անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ։ Փոխվեց տրամաբանությունը. հարկման հիմքը կադաստրային արժեքն է, իսկ դա մոտարկվում է շուկայական արժեքին։ Վերջին անգամ կադաստրային գնահատման մեթոդաբանությունը մշակվել էր 2002 թ.՝ անշարժ գույքի շուկայի տվյալների հիման վրա, ինչը խիստ տարբերվում էր ներկայիս շուկայական արժեքներից: Միաժամանակ նախկին օրենսդրությամբ հողամասերն ու շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար՝ գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից երկու հարկերը միավորվել են մեկում եւ կոչվում են «անշարժ գույքի հարկ»: Անշարժ գույքի կադաստրային արժեքը ներկայումս ձեւավորվում է հողամասի եւ շինությունների կադաստրային արժեքների գումարից եւ հարկվում է ամբողջական՝ միասնական արժեքից (կադաստրի կոմիտե):
Կատարվել է նաեւ ՀՀ տարածագնահատման նոր գոտիականություն։ Նոր գոտիավորմամբ ՀՀ տարածքը բաժանվեց 20 տարածագնահատման հատվածների, որից 1-12-րդ գոտիները Երեւանում են: Ամենաբարձր գոտին առաջին գոտին է, որի գործակիցը մեկ է, եւ պրոգրեսիվ եղանակով հողամասերի համար 0,65 քայլով նվազում է մինչեւ 20-րդ գոտի, իսկ շինությունների համար 0,8 գործակցով է՝ էլի մինչեւ 20-րդ գոտի: Սահմանվել են նաեւ հողամասերի եւ շինությունների բազային արժեքները: Ըստ այդմ՝ 1 քմ հողամասի բազային արժեքը սահմանվել է 330 հազար դրամ, որը առաջին գոտու` փոքր կենտրոնի կադաստրային արժեքն է, եւ 12-րդ գոտին՝ 2888 դրամ (կադաստրի կոմիտե)։
Անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները հարկային նոր բեռի տակ չընկնեն, վճարման փուլային տարբերակ է ընտրվել: Հարկման բազայից հետո նախատեսվում է քայլ առ քայլ գալ վերջնական փուլի: Առաջին տարում եղավ գնահատված արժեքի 25 տոկոսի չափով հարկի գանձումը, 2022 թ. եւս 5 տոկոս կավելանա, եւ այդպես մինչեւ 2026 թ. կավարտվի՝ ամբողջ 100 տոկոս գնահատման առումով: Այս պահին անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է (Երեւանի քաղաքապետարան):
Իսկ ինչ է սպասվում քաղաքացուն վերջնաժամկետը խախտելու պարագայում։ «Դեկտեմբերի 1-ից հետո համայնքը հաշվարկելու է 0.04 տոկոս տուգանք 730 օր, ինչը նախատեսված է օրենքով» (Երեւանի քաղաքապետարան):
Դեկտեմբերի 1-ի վերջնաժամկետի մասին կարդալուց հետո ես էլ երեկ որոշեցի վճարել գույքահարկը։ Նաեւ՝ հասկանալ, թե ինչ ընթացակարգով է դա արվում։ Գնացի թաղապետարան՝ պարզելու ընթացակարգը այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն չունեն գործածելու էլեկտրոնային հարթակներ։ Այսպիսով, մտնում ես եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժին, առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու նշում ես հասցեդ եւ տեղեկանում, թե ինչքան պետք է վճարես ամբողջ տարվա համար։ Գումարը մուծում ես նույն բաժնում եւ ստանում անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի վճարումների ընդունման անդորրագրի պատճեն։
Իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն օգտվել էլհարթակներից, այս դեպքում գործարկված է «pay.e-community.am» հարթակը: Գույքահարկի միասնական համակարգում հնարավոր է գույքահարկն առցանց վճարել։ Անշարժ գույքի դեպքում հարկ է մուտքագրել սեփականատիրոջ անուն-ազգանունը, կադաստրային ծածկագիրը կամ գույքահարկի ծածկագիրը (գույքի ծածկագիրը հաճախորդի եւ գույքի կապի ծածկագիրն է, որը նշված է գույքահարկի պարտավորությունների տեղեկանքի վրա)։
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ իրենք «հավաքման գործընթացը կազմակերպում են թե՛ տեսուչների ուժերով, թե՛ էլեկտրոնային հարթակներով: Երեւանը համագործակցում է վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ բանկերի հետ, իրենց մեծ մասը ներառված են այս նոր ծրագրում, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին էլեկտրոնային վճարումներ անելու։ Տեսչական առումով վարչական շրջանների աշխատակազմում կան գանձող տեսուչներ, որոնք հասցեական գանձումներ են կատարում: Այս պահի դրությամբ 3 մլրդ 209 մլն դրամ անշարժ գույքի մասով կան մուտքեր, վճարումներ, գույքահարկի մասով՝ 1 մլրդ 630 մլն եւ 361 մլն՝ հողի հարկի մասով»։