Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, եւ այդ օրը հանրության ուշադրությունը սեւեռվեց այդ ուղղությամբ՝ դուրս թողնելով մեկ այլ կարեւոր թեմայի որոշ գլխավոր մանրամասներ։ Խոսքը Հայկական ԱԷԿ-ում կայացած պաշտոնական հանդիպման մասին է՝ նվիրված 2016-ից ՀԱԷԿ-ում ընթացող թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի արդյունքների ամփոփմանը։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը, «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենը։ Բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել ատոմակայանի տարածքում. տուրբինային արտադրամասի մեքենասրահում ծանոթացել են էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված ու արդիականացված հիմնական, օժանդակ համակարգերին ու սարքավորումներին։ Այնուհետեւ ծանոթացել են բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, ինչպեսեւ կայանի անվտանգ շահագործման համար պատասխանատու այլ համակարգերի արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Ռուսական եւ հայկական կողմերը, ըստ ՀԱԷԿ-ի տարածած հաղորդագրության, հաշվի առնելով երկարատեւ համագործակցության դրական փորձն ու ատոմակայանի արդիականացված համակարգերի տեխնիկական վիճակը, համոզմունք են հայտնել, որ «առկա են բոլոր նախադրյալները՝ ոչ միայն ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, այլեւ այդ ընթացքում նոր էներգաբլոկի կառուցման եւ շահագործման համար»։
Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաեւ ՏԿԵ նախարարությունը։ Այստեղ նշվում էր, որ «այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարեւորագույն նախագծերից մեկը։ Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջեւ նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թ. հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է եւ ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը»։
Այստեղ ուզում ենք կարեւոր մի ընդգծում անել. նախ՝ ոլորտին անծանոթ ընթերցողի համար կարող է պարզ չլինել. 2026 թ. հետո եւս 10 տարով երկարացնում ենք միջուկային բլոկի շահագործումը, հետո նո՞ր միայն մտածում նոր ատոմակայանի մասին, թե՞ այս ընթացքում արդեն պետք է գործնական քայլեր անենք։ Կա նաեւ այլ կարեւոր հարց՝ նոր բլոկ ունենալու մասին վաղուց է խոսվում, տարիներ առաջ ՆՄԷԲ ունենալու մանրակրկիտ ծրագիր ունեինք՝ ֆինանսական հաշվարկներով, սոցիալական ու բնապահպանական բաղադրիչներից սկսած մինչեւ քաղաքական ու անվտանգության բաղադրիչները հաշվի առած։ Բանակցություններ էին սկսվել, հետո դրանք կամ սառեցին, կամ այդ մասին չհանրայնացվեց, եւ հիմա նորից, երբ խոսում ենք նոր բլոկ ունենալու անհրաժեշտության մասին, արդյոք սկսվե՞լ են բանակցություններ, ո՞ր կողմի հետ, կա՞ն որոշ հստակեցումներ եւ այլն։ «ՀՀ»-ն փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների էներգետիկայի գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանից։
-Պարոն Վարդանյան, նոր միջուկային բլոկ ունենալու համար, համենայնդեպս, եթե ուզում ենք ավանդական եւ միջին ու ավելի հզորության բլոկ, 7-8 տարի է պետք։ Հստակեցնենք, որ մենք նոր ատոմակայանի մասին պետք է մտածենք ոչ թե ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգումից հետո, այլ՝ արդեն այս ընթացքում։ Որպեսզի երբ գործողը հանենք շահագործումից, նորն արդեն ունենանք։ Ոչ թե գործողը շահագործումից հանելուց հետո մտածենք, որ մեզ պետք է նոր բլոկ։
-Այո, ճիշտ եք, 2025-26 թթ. արդեն պետք է սկսվի նոր բլոկի շինարարությունը։
-Նոր բլոկի գործն այս ընթացքում սկսելու համար մենք արդեն պետք է բանակցություններ, պայմանավորվածություններ ունենայինք։
-Իսկ ո՞վ է ասել, որ չունենք։ Աշխատանքային խումբ է ձեւավորվում։ Նախնական կոնսուլտացիաներ ունեցել ենք։ Ուժեղացված ռեժիմով աշխատելու ենք։ Երեք ամսվա ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր դրա վերաբերյալ։ Մենք աշխատում ենք փաստաթղթի նախագծի շուրջ։
-Ռուսակա՞ն կողմի հետ են բանակցությունները։
-Այո, այս պահին իրենց հետ է։ Նախապատրաստվում է առաջիկա տարիների համար համապարփակ համագործակցության փաստաթուղթ, որում նշվելու է նաեւ նոր ատոմային բլոկի կառուցումը։
-Բանակցությունները վարվում են միայն իբրեւ քաղաքակա՞ն որոշման հետեւանք, թե՞ ֆինանսական բաղադրիչ էլ են ներառում։
-Ամեն ինչ։ Քաղաքական որոշումն այն է, որ պետք է ունենանք նոր ատոմակայան։ Իսկ բանակցություններում քննարկվում են տեխնիկական եւ ֆինանսական լուծումները։
-2000-ականներին, երբ խոսվում էր նոր բլոկ ունենալու մասին, ՆՄԷԲ-ի կառուցման մանրակրկիտ ծրագիր մշակվեց, խոսվում էր այսպես ասենք՝ «թակարդի», արտահոսքի դեպքում պատյանի, ինքնաթիռի հարվածին դիմանալու եւ այլ պարամետրերի մասին… Հիմա՞ ինչ լուծումների մասին է խոսվում։
-Եթե հակիրճ, ապա լինելու են այն լուծումները, որոնք այսօր կան նոր կառուցվող ամենաարդիական ատոմակայանների մասով՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
-Հետագայի համար ճշգրտենք նաեւ, թե մենք ի՞նչ բլոկ ենք ունենալու՝ միջին եւ ավելի հզորությա՞ն, թե՞ մոդուլյար։
-Չեմ ուզում այս հարցին միանշանակ պատասխանել։ Կախված է այն աշխատանքից, որ պետք է տանենք։ Կախված է մեր էլեկտրաէներգետիկական ռեժիմներից եւ առաջարկներից։ Այդ առաջարկները պետք է գնահատվեն։
-Մենք ա՛յս պահի ռեժիմների՞ն ենք նայելու, զարգացման խնդիր չե՞նք դնելու։ Զարգացանք, այլ ռեժիմներ պետք կգան։
-Մենք կհամաձայնենք տեղադրել այն բլոկը, որ փորձարկված է, անվտանգ է, եւ դրա վերաբերյալ կան բոլոր եզրակացությունները։ Անկեղծ չեմ կարող պատասխանել՝ մոդուլյա՞ր կդնենք, թե՞ հզոր մեկ բլոկ։ Որովհետեւ այդ հարցին պատասխանելու համար մեծածավալ ինժեներական աշխատանքներ պետք է կատարվեն… Եթե այսօր հնարավորություն ունենայինք մեկ հզոր՝ ասենք 1200 ՄՎտ-անոց բլոկ ունենալու, ես ամենակողմը կլինեի, որովհետեւ դա փորձարկված է, դրված է աշխարհի շատ երկրներում, կապիտալ ծախսերի տեսանկյունից ամենաէժանն է եւ այլն, եւ այլն, ունի մի շարք առավելություններ։ Հակառակը՝ ինչքան փոքր, այնքան թանկ, այնքան սպասարկման խնդիրները՝ մեծ։ Բայց դա չի նշանակում, որ ավանդականը ճիշտ է, մյուսը՝ սխալ կամ հակառակը։ Իհարկե, մենք ավանդական ատոմային բլոկների շահագործման փորձ ունենք։ Եվ մեզ համար ավելի լավ կլիներ մեկ բլոկ ունենալ, որպեսզի մեր փորձը կիրառենք եւ նոր բան չփորձենք։
-Լավ, փաստորեն, մենք ավելի որոշակի կխոսենք 3 ամիս հետո։
-3 ամիս հետո կունենանք ստորագրված փաստաթուղթ, որը կլինի, կրկնում եմ, համապարփակ, թե ինչի շուրջ ենք խոսում, եւ ինչ ժամկետներում ինչ փաստաթղթեր պետք է մշակվեն։
-Այսինքն՝ կունենանք ոլորտում մեր քայլերի նախափաստաթուղթը։
-Այո։
-Շնորհակալություն։
-Ձեզ նույնպես։