Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 10 եւ 12-րդ հոդվածները՝ կառավարության երեկվա նիստում որոշվեց (չզեկուցվող հարցերի շարքում) հիմնադրել «Հայ-Ալմաստ» ՓԲ ընկերություն՝ ՀՀ տարածքում գործող ադամանդագործական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկը սպասարկելու, այն է՝ նույն ընկերությունների կողմից իրականացված կանխավճարների հաշվին ալմաստի հումք արդյունահանող ընկերություններից միասնական (մեկ լոտով) գնումներ կատարելու եւ ՀՀ տարածքում գործող ադամանդագործական ընկերություններին մեկ լոտով փոխանցելու նպատակով։
Սահմանվել է, որ ընկերությունը ալմաստի հումք արդյունահանող ընկերություններից միասնական գնումներ է կատարելու բացառապես նույն ընկերություններից այդ նպատակով ստացած կանխավճարների հաշվին: Սահմանվել է նաեւ, որ «Հայ-Ալմաստը» ալմաստի հումք արդյունահանող ընկերություններից գնում է կատարելու բացառապես ըստ այն խմբաքանակի եւ լոտի, որն ընտրել են ընկերությանը կանխավճար փաստացի վճարած՝ ՀՀ տարածքում գործող ադամանդագործական ընկերությունների լիազոր ներկայացուցիչները:
Էկոնոմիկայի նախարարությունը «Հայ-Ալմաստը» հիմնադրելու անհրաժեշտությունը պայմանավորում է մեր երկրի համար «ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելու, ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ եւ երրորդ երկրներում առաջ մղելու, ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու, Ռուսաստանի «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքի նոր ձեւաչափեր ներդնելու, ոլորտում ներդրողներ ներգրավելու, ինչպես նաեւ նոր ստեղծվող հայկական ընկերություններին աջակցելու» գործոնով։
Բանն այն է, որ Հայաստանում ադամանդագործության զարգացումը մշտապես պայմանավորվել է ալմաստի հումքի` աշխարհում թիվ մեկ արդյունահանող ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 10 տարում ՌԴ «Ալռոսայի» կողմից ալմաստի հումքի իրացման քաղաքականությունում կատարված էական փոփոխությունների հետեւանքով արդյունավետ հումքը վաճառվում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, հայկական ընկերությունները, ըստ էության, զրկված են «Ալռոսայից» արդյունավետ հումք ներմուծելու հնարավորությունից։ Քանի որ, ըստ էկոնոմիկայի նախարարության, չեն համապատասխանում «Ալռոսայի» չափանիշներին։ Խնդիրն այն է, որ «Ալռոսայի» հետ երկարատեւ համագործակցության պայմանագիր կնքելու համար ադամանդ մշակող ընկերությունը պետք է ստանձնի յուրաքանչյուր ամիս որոշակի քանակով հումք ձեռք բերելու պարտավորություն։ «Մեր ձեռնարկություններն առանձին-առանձին ի վիճակի չեն յուրաքանչյուր ամիս սահմանված քանակությամբ հումք ձեռք բերել, սակայն հայկական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկը կարող է հաղթահարել այս խոչընդոտը»,- նշում են նախարարությունից։
Բացի այդ՝ պետական մասնակցությամբ ընկերության կողմից հումքի ներմուծման եւ տեղական ընկերություններին մատակարարման պարագայում լուծվում են նաեւ այլ, մասնավորապես՝ տարբեր հզորություն ունեցող ընկերությունների միջեւ հավասարության սկզբունքի պահպանման, ինչպես նաեւ ներմուծվող հումքի մշակման եւ վերարտահանման չափաբաժինների հետ կապված խնդիրները։ Ընդ որում` «Ալռոսայի» հետ նախնական բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց համար առավել ընդունելի է եղել պետական մասնակցությամբ ընկերության հետ համագործակցությունը։ «Հայ-Ալմաստի» նպատակը հենց այդ պահանջարկի ձեւավորումն է ու դրա բավարարումը միասնական գնման եւ տեղական արտադրողներին վաճառքի միջոցով։
Այսպիսով «Հայ-Ալմաստը» ֆինանսական միջնորդության գործառույթ է իրականացնելու, ինչն էլ կամրագրվի կանոնադրությամբ։ Կգործի որպես պահանջարկը կոնսոլիդացնող կառույց։ Մեխանիզմները հետեւյալները կլինեն։ Նախ՝ նոր ստեղծվող «Հայ-Ալմաստը» պայմանագրեր կկնքի ՀՀ տարածքում գործող ադամանդագործական ընկերությունների հետ, համաձայն որի այդ ընկերությունները հայտեր են ներկայացնում «Հայ-Ալմաստին», որի` հիման վրա վերջինս, ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ, կազմակերպում է հումքի զննում «Ալռոսա» ընկերությունում։ Զննումից հետո հումքի գնման, հաստատման եւ պայմանագիր ստորագրելու հավաստիացման դեպքում շահառու ադամանդագործական ընկերությունները հումքի արժեքի գումարը վճարում են «Հայ-Ալմաստին»։ «Ալռոսայի» սահմանած ժամկետում «Հայ-Ալմաստը» վճարում է գնված հումքի գումարը, եւ ստացված հումքը նույն օրը վաճառվում է հայտատու ընկերություններին՝ ըստ ներկայացված հայտերի։
Ի դեպ, ընկերության ծախսերի ծածկման եւ նվազագույն շահույթ ապահովելու նպատակով ադամանդագործական ընկերություններին մատուցած միջնորդական ծառայության դիմաց կգանձվի միջնորդավճարի չափ, որը կհաստատվի «Հայ-Ալմաստի» բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։ Ընկերության խորհրդում կընդգրկվեն գործող ադամանդագործական ընկերությունների առաջարկած 1-2 ներկայացուցիչ։
Տեղեկացնենք, որ «Հայ-Ալմաստին» իրավունք չի վերապահվի իր հաշվին կամ իր ռիսկով գնել կամ վաճառել ալմաստի որեւէ խմբաքանակ եւ լոտ: Ընկերության կանոնադրական կապիտալը կլինի 50 մլն դրամ (500 հատ հասարակ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը՝ 100 հազար դրամ)։ Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը կվերապահվի էկոնոմիկայի նախարարությանը։