Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւոր նախադրյալ է տարածաշրջանում կայունության, համագործակցության զարգացման առումով, եւ դա կարող է լինել միայն ինքնիշխան երկրների միջեւ նույն հարթության վրա, առանց նախապայմանների սկիզբ դրվող գործընթացների միջոցով: Երկու երկրների հարաբերությունների հաստատումը պետք է առնվազն ողջունվի տարածաշրջանի պետությունների կողմից, քանի որ այն առաջին հերթին Հարավային Կովկասում ապակայունացնող ռիսկերի էական նվազում եւ հարեւան երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների սերտացում է ենթադրում: Հարեւան երկրների փակ սահմանները չեն կարող նպաստել տարածաշրջանի երկրների զարգացմանը, այդ պայմաններում նրանք սովորաբար միշտ էլ ինչ-որ բան կորցնում են:
Օրերս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման մասին դրական ուղերձ հղեց նաեւ Ռուսաստանը: Վերջինս իր ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը եւ վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձեւավորմանը։ «Այս տեսանկյունից մենք ողջունում ենք հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար երկկողմ երկխոսություն սկսելու Երեւանի եւ Անկարայի կողմից ցուցաբերված տրամադրվածությունը։ Այս նպատակների համար կողմերի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական եւ խելամիտ քայլ է՝ նման փոխադարձ ձգտումը զարգացնելու համար։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս գործընթացին…»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ի խոսնակը եւ հավելել, որ իր երկիրը կողջունի Հայաստանի ու Թուրքիայի ցանկացած քայլ, որը կօգնի փոխադարձ վստահության ձեւավորմանը, երկրների ու ժողովուրդների մերձեցմանը:
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու բանակցություններում նախապայմանների լեզվի բացառումն առաջնային է: Եթե Անկարան Ադրբեջանի հարցում նախապայմաններ առաջադրի, ապա հայկական կողմը ստիպված կլինի բարձրացնել 20-րդ դարի առաջին ցեղասպանության եւ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարության հարցերը, ինչը կնշանակի հարաբերությունների հաստատման հերթական գործընթացը երկրորդ անգամ փակուղի տանել՝ այն էլ 21-րդ դարում:
Այն, որ Անկարայի համար ցեղասպանության հարցն առաջնային նշանակություն ունի, փաստեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար իր ներկայացուցչի ընտրությունը: Թուրքիայի կողմից բանագնաց է նշանակվել փորձառու դիվանագետ Սարդար Կիլիչը, ով ներկայացնում է թուրքական դիվանագիտության՝ Հայոց ցեղասպանության հարցում մասնագիտացած դիվանագետների ճյուղը: Սա նշանակում է, որ Անկարան հարաբերությունների հաստատման գործընթացում գնահատում է երկու երկրների մեջ առկա հիմնական հարցի՝ Հայոց ցեղասպանության գործոնի նշանակությունը:
Բոլոր դեպքերում՝ հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկը նաեւ այն երկխոսության հարթակն է, որտեղ պետք է քննարկվեն պետությունների համար կարեւորագույն առանցքային հարցեր եւ դրանց գնահատականներ տրվեն, բայց ոչ՝ նախապայմանների վերածվեն: Նման խնդիրների լուծումը շատ կարեւոր է՝ հետագայում այդ մեծ հարցերը տարբեր աշխարհաքաղաքական «առեւտրային գործարքներում» տարբեր ուժերի կողմից մանրադրամի չվերածելու համար: Հետեւաբար, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը եւ հարաբերությունների հաստատումը միայն կարող են դրական ազդեցություն թողնել պետությունների վրա, բայց այդ գործընթացներում առաջնայնություն պետք է տրվի գործիքակազմերին, ինչը հատկապես կարեւոր լուծելիք խնդիր է Հայաստանի համար: