ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը, խոսելով ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի ձեռքբերումներից, նշում է, որ ինստիտուտն է Երեւանի կանաչապատման համար մատակարարում արժեքավոր՝ գիհի վիրգինյան, սոսի արեւելյան եւ կենսածառ արեւելյան ծառատեսակներ: 2021 թ. ինստիտուտը շահել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կարիքների համար ծառերի եւ թփերի մատակարարման մրցույթը՝ 4 մլն 640 հազար դրամ գումարով: 2020-2021 թթ. իրացվել են շուրջ 1500 հատ տարբեր ծառաթփերի տնկիներ՝ 1 մլն 160 հազար դրամ գումարով:
Ինստիտուտի գիտական խումբը՝ Խաչատուր Մայրապետյանի ղեկավարությամբ, պարզել է, որ անհող պայմաններում 1 քառակուսի մետրից կարելի է ստանալ գիհու 11-12 եւ սոսու՝ մինչեւ 18 հատ ստանդարտին համապատասխանող տնկիներ՝ դրանց ստացման ժամկետը կրճատելով 1-2 տարով:
Ինստիտուտի մյուս ձեռքբերումներից է բույսերի անհող աճեցման կենսատեխնոլոգիաների մշակումը, որոնց արտադրության մեջ ներդնումը հնարավորություն է տալիս երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա կազմակերպել արժեքավոր եւ հազվագյուտ բույսերի արդյունաբերական արտադրություն: Ինստիտուտում, առաջին անգամ, հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Թադեւոսյանի ղեկավարությամբ կառուցվել եւ փորձարկվել են NFT ուղղաձիգ եւ հորիզոնական, ուղղաձիգ աէրոպոնիկ, խորը ջրային (DWC) եւ ակվապոնիկ փոքրաչափ հիդրոպոնիկ ցուցադրական մոդուլներ, որոնք թույլ են տալիս ապացուցել, որ ցանկացած տարածքի եւ մակերեւույթի վրա հնարավոր է կազմակերպել բույսերի անհող մշակություն եւ ապահովել դրանց բարձր արդյունավետություն:
Բույսերի՝ հիդրոպոնիկ տեխնոլոգիայով աճեցումը Հայաստանի համար նոր երեւույթ չէ, հետեւաբար՝ ի՞նչ նորության մասին է խոսքը կամ՝ նորությա՞ն մասին է, թե՞ արդյունավետության բարձրացման։ «ՀՀ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Աննա Թադեւոսյանից։ «Մենք միշտ պնդել ենք, որ հիդրոպոնիկան պետք է հիմնվի ոչ թե բերրի հողերի վրա, այլ՝ այնպիսի հողերի, որոնք պիտանի չեն սովորական երկրագործության համար։ Դրանցից են աղուտները, ալկալիական հողերը, քարքարոտ հողերը, բաց հանքերը եւ այլն։ Մեր գիտական խնդիրը եթե հակիրճ ձեւակերպենք, ապա կասենք, որ խոսքը բացօթյա հիդրոպոնիկայի մասին է, ոչ թե ջերմատնային։ Այսինքն՝ մեր բացօթյա հիդրոպոնիկայի արդյունքները կիրառվեն, ներդրվեն արտադրության մեջ, որպեսզի կարողանանք գյուղատնտեսության ոլորտ վերադարձնել այն բոլոր հողատարածքները, որտեղ հնարավոր չէ ավանդական երկրագործության եղանակով բույսեր մշակել։ Ամբողջ իմաստը սա է։ Ինստիտուտում մշակվել է ջրաշիթային հիդրոպոնիկայի համակարգ, որն ավելի էժան է երկաթբետոնե լաստակներով հիդրոպոնիկ համակարգից»,- ասաց Ա. Թադեւոսյանը։
Ավելի էժան՝ որքա՞ն։ «5-6 անգամ,- համառոտեց ինստիտուտի փոխտնօրենը,- բացի այդ, ավելի հեշտ է կառուցել, եւ կապիտալ ներդրումներն են ավելի քիչ, ներդրված գումարների վերադարձն էլ ապահովվում է ավելի կարճ ժամկետում»։
Աննա Թադեւոսյանը միաժամանակ հավելեց, թե ամեն տարի ինստիտուտում նորանոր բույսեր են փորձարկվում, նոր կենսատեխնոլոգիաներ են մշակվում, եւ, ի դեպ, ներմուծվող բույսեր էլ են փորձարկվում, այնպիսիք, որոնք հարմար չեն մեր տեղային բնակլիմային, բարձր բերքատվություն չունեն։ Մշակման հիդրոպոնիկ եղանակը լրացնում է բացը՝ հնարավորություն տալով եւ՛ մշակել, եւ՛ լավ բերք ստանալ։ Մի խոսքով՝ հիդրոպոնիկայի միջոցով օգտագործվում են բույսի պոտենցիալ ամենաբարձր հնարավորությունները։ «Ընդհանրապես՝ հիդրոպոնիկ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բույսերն աճեցնել, ինչպես ասացի, սովորական երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա, նվազագույնի հասցնել ջրի, հանքային աղերի եւ մարդկային ռեսուրսի օգտագործումը: Հիդրոպոնիկան դիտարկվում է որպես առաջիկա տարիներին սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդրի պոտենցիալ լուծում: Շատ երկրներ գիտակցում են իրենց կախվածությունը սննդամթերքի ներմուծումից եւ, հետեւաբար, շեշտը դնում են ներքին եւ տեղական արտադրությունների վրա»,- նկատեց Աննա Թադեւոսյանը:
Ավելի մեծ ծավալների պարագայո՞ւմ կարող ենք խոսել անպիտան հողերի վրա արդյունաբերական գյուղատնտեսության մասին։ Հարցիս ի պատասխան «ՀՀ»-ի զրուցակիցը շեշտեց. «Այո, իհարկե»։
Այնուամենայնիվ, հիդրոպոնիկ գյուղատնտեսությունը էկոգյուղատնտեսություն չի համարվում։ Մեր դիտարկմանը Ա. Թադեւոսյանը պատասխանեց. «Եվրոպայում հիդրոպոնիկան որպես օրգանական գյուղատնտեսության պրոցես չեն ընդունում, ԱՄՆ-ում ճիշտ հակառակն է, բայց, իհարկե, որոշակի չափանիշների պահպանմամբ։ Գիտական աշխարհում բանավեճերն այսօր էլ ընթանում են»։
Հավելենք, որ աշխատանքներն իրականացվել են Գիտության կոմիտեի «Բույսերի անհող մշակույթի ֆիզիոլոգա-կենսաքիմիական ու ագրոքիմիական հիմունքների եւ հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիաների մշակումը» գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ծրագրի շրջանակներում: