Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում:
Նա ուրախություն հայտնեց Վրաստանի իր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվելու համար: «Ինձ համար մշտապես մեծ պատիվ եւ հաճույք է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ եւ բարեկամական մթնոլորտում քննարկել մեր երկու երկրների միջեւ համագործակցության օրակարգը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքերով՝ երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով: Դարավոր բարեկամությունը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է երկու պետությունների գործընկերությունը:
«Վրաստանում բնակվող հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, այն կամուրջն է, որն էլ ավելի ամուր է կապում է մեր երկու երկրներին: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կառուցողական որակելով Վրաստանի կառավարության հետ հաստատված երկխոսությունը:
Վարչապետների հանդիպմանն անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի եւ տնտեսության այլ կարեւոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին:
«Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առեւտրի եւ տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման եւ տարանցման ներուժի զարգացման կարեւորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը: Ինչպես միշտ, քննարկվեցին նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության հարցեր: Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»,-ներկայացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարեւորագույն երաշխիքներից է, եւ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին:
«Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակներում եւ նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաեւ վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարեւորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշման պահպանումը»,-հայտարարեց ՀՀ վարչապետը: