Մայիսի 15-ից հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով դադարեցնում է աշխատանքը։ Կայան, որ մեր երկրի համար կենսական նշանակություն ունի քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։
Փաստորեն, այսօրվանից մինչեւ հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաեւ հասկանալի ու ցավալի պատճառներով Արցախից 330 մլն կՎտժ էլէներգիա չենք ստանա։ Արդյոք սա չի՞ հանգեցնի էներգետիկ խնդիրների եւ, իբրեւ դրա հետեւանք, հովհարային անջատումների։
Այս հարցն ուղղեցինք «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանին։ «Ամեն դեպքում` սա «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի լուծելիք խնդիրն է, բայց նախնական, երբ կազմվում էին տարեկան գրաֆիկները, օպերատորը մեր կայանի կանգառի ժամանակ որեւէ խնդիր չի տեսել։ Եվ հիմա կարծես քննարկվում է այս ընթացքում նաեւ Վրաստանից էլէներգայի ներմուծման հարցը, քանզի ավելի էժան է։ Երեւանի ՋԷԿ-ը երեւի կմնա ռեզերվում»,- «ՀՀ»-ին պարզաբանեց Մ. Վարդանյանը։
Տեղեկացնենք, որ ատոմակայանի պլանային կանգն ամեն տարի համաձայնեցվում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի հետ, որը մեր երկրի էներգետիկ համակարգի մյուս կայանների միջոցով լրացնում է պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ ապահովելով մեր երկրի ամբողջ տարածքի անխափան էլեկտրամատակարարումը։
Ինչո՞ւ 141 օր, այսքան երկար, չէ՞ որ սովորաբար կանգերը 2-2,5 ամիս էին տեւում։ Մովսես Վարդանյանը բացատրեց հետեւյալը։ Նախ՝ հայկական ատոմակայանի գործող բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մասով հստակեցնենք, որ 2015-2016 թթ. 10 տարվա հեռանկարով է եղել դա, այսինքն՝ մինչեւ 2026 թ.: Բայց հաշվի առնելով մյուս երկրների նմանատիպ բլոկների փորձը` պատրաստվում ենք կրկնակի երկարաձգել շահագործման ժամկետը՝ մինչեւ 2036 թ.։ Տեխնիկատնտեսական հիմնավորումները մեզ թույլ են տալիս այդ մասին մտածել: Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կկանգնի, եւ այդ ժամանակ անվտանգության բարձրացման մի քանի կարեւոր միջոցառումներ կարվեն, անշուշտ նաեւ՝ ռեակտորի թրծումը: Իրանի թրծման նախապատրաստական բոլոր աշխատանքներն արված են, ի դեպ։ Եվ դեռ 2020 թ. ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից (ՊՆՎ) եւ վերաթողարկումից հետո լայնածավալ եւ մանրակրկիտ աշխատանքներ են սկսվել՝ ուղղված ՀԱԷԿ-ի 2021 թ. վերազինմանը եւ վերանորոգման պլանավորմանը: Ընթացիկ տարում պլանավորված աշխատանքներն ուղղված են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող եւ Հայաստանի էներգետիկ ինքնավարությունն ապահովող օբյեկտի հուսալիության ապահովմանն ու անվտանգ գործունեությանը: ՀԱԷԿ-ի մոտակա տարիների արտադրական պլանները ձեւավորվել են դեռ 2017 թ.՝ հաշվի առնելով կայանի հետազոտության արդյունքները եւ Հայաստանի էներգաարտադրող ձեռնարկությունների միջեւ արտադրության ծավալների բաշխումը: Վերանորոգման եւ էներգաբլոկի արդիականացման ամենամյա պլանավորված աշխատանքներից կախված՝ որոշվում է յուրաքանչյուր տարվա կանգի տեւողությունը: Այդ պլանները հաստատվել են կառավարության 2018 թ. մայիսի 3-ի որոշմամբ: Եվ հենց այդ որոշմամբ էլ նախատեսված է ՀԱԷԿ-ի 141-օրյա կանգը՝ 2021 թ. էներգաբլոկի հերթական պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ժամանակահատվածում (2021 թ. մայիս-հոկտեմբեր):
Այս՝ ՊՆՎ-2021-ի տեւողության ավելի քան կրկնապատկումը պայմանավորված է վերանորոգման ստանդարտ աշխատանքներին աննախադեպ մեծ ծավալի լրացուցիչ աշխատանքների ավելացմամբ։ Խոսքը հենց ռեակտորի իրանի ջերմային մշակման, անվտանգության հիմնական համակարգերի արդիականացման, ջրահովացման աշտարակների վերականգնման մասին է։ Այս միջոցառումների ներդրումով կհիմնավորվի ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը ոչ միայն մինչեւ 2026 թ. սեպտեմբեր, ինչպես դա նախատեսված է էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով, այլ նաեւ՝ 2026-ից հետո:
Մի խոսքով՝ կա գրաֆիկ, ժամանակացույց, եւ գրաֆիկով նախատեսված ամեն ինչ արվելու է, այդ թվում՝ ռեակտորի թրծումը։ Այն նախատեսված է հուլիսին։ Կա նաեւ աշխատանքների մանրամասն ցանկ, որեւէ փոփոխություն չի եղել, եւ ամեն ինչ ըստ պլանավորածի է։ Ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքներից բացի, որոնք առանցքային են լինելու 2021 թ. էներգաբլոկի տեւական կանգի ընթացքում, նախատեսվում են նաեւ ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի, ցայտաջրմուղ (սպրինկլերային) համակարգի տարրերի, հուսալի սնուցման համակարգի եւ մի շարք այլ համակարգերի ու սարքավորումների արդիականացման աշխատանքներ: Անհրաժեշտ սարքավորումների մեծ մասն արդեն մատակարարված է. մայիս-հունիսին նախատեսվում է ավարտել մատակարարումների հիմնական ծավալը: «Համապատասխան պայմանագրերը կնքված են, կան մատակարարումների գրաֆիկներ, որեւէ խնդիր այս պահի դրությամբ չկա»,- ասաց ՀԱԷԿ-ի տնօրենը։
Ի դեպ, ըստ Մ. Վարդանյանի, 141-օրյա կանգի ընթացքում աննախադեպ մեծ ծավալի գործը շուրջ 1000 մասնագետի ներգրավմամբ կարվի։ Նրանք մեր մասնագետներն են, ՌԴ-ից են նաեւ ու, ընդհանրապես, ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցողներ։
Ընդգծենք՝ ՊՆՎ-2021-ի ընթացքում միջոցառումների ներդրումով, ինչպես վստահեցնում են թե՛ մեր եւ թե՛ արտերկրի միջազգային մասնագիտացված կառույցների մասնագետները, կհիմնավորվի ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը ոչ միայն մինչեւ 2026 թ. սեպտեմբեր, ինչպես դա նախատեսված է էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով, այլեւ 2026-ից հետո: Եվ դրա համար ենք արդեն խոսում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման մասին, ինչին, շեշտենք, դեմ չի եղել նաեւ ԱԷՄԳ-ն։
Իբրեւ ամփոփում եզրափակենք՝ Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է այս պահի դրությամբ, եւ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումն ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծն են: Բայց որպեսզի ՀՀ-ն 2036-ին չանհանգստանա, հենց այսօր արդեն պետք է մտածի նոր էներգաբլոկի մասին։ Երբ 1995 թ. նոյեմբերի 5-ին վերագործարկվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը, ցայսօր ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ է կուտակել։ Պետք է շարունակենք ատոմային մեր դպրոցի զարգացումը, քանզի, կրկնենք, միջուկային էներգետիկան մեզ համար այլընտրանք չունի՝ մանավանդ հաշվի առնելով մեր տարածաշրջանում օրեցօր փոխվող վիճակը:
Մի բան հստակեցնենք, սակայն։ Երբ ասում ենք «այլընտրանք չունի», նկատի ունենք, որ մեզ անպայման պետք է միջին եւ ավելի հզորության նոր ԱԷԿ։ Մինչդեռ այսօր խոսվում է մոդուլային ԱԷԿ-ի մասին, որը պարզապես կլուծի էլէներգիայի, այլ ոչ թե քաղաքական ու տնտեսական անվտանգության խնդիրը, ինչը լուծում է այսօրվանը։ Բայց սա այլ թեմա է, եւ առիթի պարագայում անպայման կանդրադառնանք։