Այսօրվանից՝ ապրիլի 1-ից գազը թանկանում է։ Հստակեցնենք՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի՝ բոլո՛ր սակագներն են ուժի մեջ մտնում հենց այսօրվանից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 1-ի նիստում է քննարկել նշյալ ընկերության կողմից վաճառվող գազի սակագների հարցը եւ սահմանել սակագները։ Ի՞նչ ասել է «բոլոր սակագներ»։ Խոսքը վերաբերում է ե՛ւ բնակչությանը, ե՛ւ տնտեսությանը։
Այսպիսով՝ 1. սոցիալապես անապահովների համար գազի գինը մնաց անփոփոխ՝ 100 դրամ 1 խմ-ի համար։ Բայց հստակեցնենք՝ խոսքն անսահմանափակ սպառման մասին չէ։ ՀՀ կառավարության 2016 թ. նոյեմբերի 3-ի թիվ 1122-Ն որոշման համաձայն` սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար է՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։ 2. Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։ 3. Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն): 4. Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։ 5. Վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչեւ 10 հազար խմ բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ 10 հազար խմ-ն գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ահա այս բոլոր սակագներն են այսօրվանից ուժի մեջ։
Ուշագրավ է, սակայն, որ գազի գինը սահմանին 165 դոլար է՝ հազար խմ-ի դիմաց։ Հաշվի առնելով այն, թե այսօր ինչ է կատարվում գազի շուկայում եւ գազի գնի պատմական ինչ ռեկորդներ են սահմանվում, միանշանակ կարող ենք փաստել, որ մեզ վաճառվող գազի գինը շուկայականից բավականին ցածր է։ Բայց այս մասով էլ նրբություններ կան։
Նախ՝ ՀՀ կառավարության՝ նախորդ տարեվերջին ընդունած որոշման համաձայն, նախատեսվում է տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Որովհետեւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է եղել առեւտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաեւ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետեւանքով «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումները ոչ միայն հետ չեն գնվել, այլեւ վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Կառավարությունը հավաստել է, որ սրա` տարեկան գումարի վճարման համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը սահմանին չի փոխվի։ Հետո՝ այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ՝ կալորիականության գործոնը։ Այսինքն՝ 165 դոլարը բացառապես մինչեւ 7900 կալորիականությամբ գազին է վերաբերում։ Ասել կուզի՝ եթե 7900-ի ցուցանիշը բարձրանա, ավել կալորիականության համար հավելյալ գումար պետք է վճարվի։
Այս ամենին հավելենք այլ «նրբություններ», որոնք կփոխեն իրավիճակը՝ այսօրվանից գազի թանկացման հետեւանքով ինքնըստինքյան յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի գնի որոշակի բարձրացում, ռուս-ուկրաինական խորացող ճգնաժամ, միջազգային տնտեսական նոր ցնցումներ։ Մենք, հասկանալի է, աշխարհատնտեսական փոփոխություններից անմասն մնալ չենք կարող, եւ հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, դժվար չէ տնտեսական կանխատեսումներ անելը։ Ուստի՝ հնարավորինս նվազ ռիսկային իրավիճակներ ունենալու եւ այդ իրավիճակներից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար պետք է ոչ միայն գազի ոլորտում, այլեւ՝ սոցիալ-տնտեսական բնագավառում հստակ ծրագրեր մշակել եւ իրագործել։ Հարկ եղած պարագայում՝ նաեւ ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել։