Թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը, գիտենք։ Կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ քայլեր պետք է անենք այն զարգացնելու եւ ի՞նչ քայլեր՝ միջազգային ներկայիս թոհուբոհում ճիշտ դիրքավորվելու համար։ Այս հարցերի շուրջ է «ՀՀ»-ի զրույցը տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Համազասպ Գալստյանի հետ։
-Հետքովիդյան աշխարհում շարունակվում են ցնցումները, եւ այդպիսի կամ նմանատիպ «ֆորս-մաժորային» իրավիճակները, ըստ էության, լինելու են շարունակական, քանի որ արդեն, անգամ ոչ մասնագիտական հարթությունում, տեսանելի են դառնում աշխարհակարգի փոփոխման միտումները, իսկ այդպիսի մասշտաբային իրադարձությունը չի կարող լինել սահմանափակ երկրներում ու կարճաժամկետ միջակայքում։ Այն բավականին ծավալուն եւ երկարաժամկետ գործընթաց է, որը ներառելու է հարյուրավոր պետությունների՝ վերբեռնելու նրանց քաղաքական եւ տնտեսական խնդիրներն ու նպատակները, հստակեցնելու յուրաքանչյուրի տեղն ու դերը նոր աշխարհակարգում։ Այդ գործընթացը սկսվել է, ու դրա ակնառու օրինակը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որի հանդեպ արդեն իսկ տեսանելի են պետությունների վարքագիծն ու դիրքավորումը։ Խնդիրը, իհարկե, փոխշաղկապված է ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական գործոններով, ու բավական է հպանցիկ նայել քարտեզին, որպեսզի պարզ դառնան եվրասիական գոտու (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ այլք), Արեւմտյան Եվրոպայի (Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա եւ այլք) ու ամերիկյան մայրցամաքների (ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա եւ այլք) երկրների` գործընթացի այս փուլում քաղաքական ու տնտեսական դաշտերի տարանջատման ու դիրքավորման պատկերները։ Իհարկե, տնտեսական պատժամիջոցները չեն կարող այս պարագայում դիտարկվել, որպես միայն մեկ պետության դեմ կիրառվող գործիք, քանի որ այն ունի բումերանգի էֆեկտ եւ պարունակում է մեծ վտանգներ ու ռիսկեր նաեւ այն կիրառողների համար։ Հետեւապես դրանք, թվում է, այնքան էլ արդյունավետ չեն հենց այս պահին, սակայն եթե դիտարկվեն աշխարհակարգի վերակառուցման ու ակտիվ «ճամբարների» միջեւ պայքարի համատեքստում, ապա այս փուլում անհրաժեշտ քայլեր են, որպեսզի ակնառու լինի պետությունների «խրամատավորումը։» Այսինքն՝ ով որտեղ է եւ ինչ դերով։ Այստեղ, թերեւս մեզ հետաքրքրողը Հայաստանին սահմանակից կամ դրան հարակից պետություններն են։
-Ներառյալ «Մետաքսի գոտու» տարածքի երկրները…
-«Մետաքսի գոտու» տարածքի, Մերձավոր Արեւելքի եւ Արաբական թերակղզու երկրները։ Այստեղ ամեն ինչ այնքան խառն է, որ թվում է, թե ամենաանկանխատեսելի «շոգեկաթսան» հենց այստեղ է։ Արաբական թերակղզու երկրները քաղաքական առումով, իհարկե, ձգտում են դեպի Արեւմուտք, սակայն չեն ցանկանում բաց թողնել այնպիսի տնտեսական գործընկերների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը։ Հետեւաբար՝ նրանք «լողալու են» երկու ծովում էլ։ Նույն խնդիրն է նաեւ Թուրքիայի ու Իսրայելի պարագայում, իսկ Իրանն արեւմտյան գործընկերների հետ միջուկային թնջուկի լուծման խնդիր ունի, սակայն ռազմավարական գործընկերը, այդուհանդերձ, Ռուսաստանն է։ Իրանը նաեւ խիստ շահագրգիռ է «Մետաքսի գոտու» գործարկման խնդրում՝ փորձելով Պարսից ծոցը կապել Սեւ ծովի հետ, որն էապես կմեծացնի տարածաշրջանի տնտեսական բաղադրիչի կշիռը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր «մանեւրելու» դաշտն այնքան էլ ընդարձակ չէ։ Արցախյան հիմնահարցը քաղաքական առումով արդեն իսկ շաղկապվել է ռուսական խաղաղապահների գործոնով, հետեւաբար, Ռուսաստանն այդ առումով ու այդ ասպեկտում այլընտրանք այս պահին չունի։ Ռազմաքաղաքական հարթակում մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, եւ, հետեւաբար, ներկայումս այդ առումով նույնպես ավելորդ «ջղաձգումները» կարող են աղետաբեր լինել։ Սակայն տնտեսական համագործակցության շրջանակներն այս պահին կարելի է եւ անհրաժեշտ է օգտագործել առավելագույնս, եւ դրա հիմքերը կան, քանի որ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ նաեւ ԱՀԿ-ի անդամ է, ակտիվ օգտագործում է ԵՄ արեւելյան գործընկերների հարթակը, իսկ աշխարհակարգի նոր բեւեռի ստեղծման նախերգանքը հանդիսացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ ունի «Երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ։
-Այսինքն՝ այստեղ ուղղակի պետք է տեսակավորենք «շահեկան զամբյուղները»…
-Այո, եւ հստակեցնենք տնտեսական համագործակցության շփման եզրերն ու ամբողջը չհավաքենք մեկում։ Ինչ վերաբերում է ֆինանսական ճգնաժամին, ապա, իհարկե, աշխարհաքաղաքական այսպիսի տեկտոնական շարժերը կարող են հանգեցնել դրան, սակայն նմանատիպ գործոններով պայմանավորված` ճգնաժամերին, որպես կանոն, հաջորդում է տնտեսական վերելքների, իսկ որոշ երկրների դեպքում նաեւ տնտեսական հրաշքների ժամանակաշրջան։
-Կարո՞ղ ենք մե՛ր տնտեսությունն այնպես դիրքավորել, ճիշտ շեշտադրումներում տեղակայել, որպեսզի եւ՛ զարգանանք, եւ՛ մեր երկրի դերի փոփոխություն անենք։ Այլ կերպ՝ որպեսզի ոչ միայն ոտքի վրա մնանք, այլեւ հստակ խոսելիք ունենանք։
-Իհարկե կարո՛ղ ենք։ Դրա դեղամիջոցը նախ եւ առաջ ելքերի պատրաստի սցենարներ ունենալն է։ Հենց այս պահին տնտեսական առումով անհրաժեշտ է ձեւավորել սկզբունքային նպատակ եւ մեր առջեւ դնել բարդ, սակայն իրագործելի խնդիր՝ դառնալու վերը նշված հետճգնաժամային գործընթացի ակտիվ մասնակիցն ու շահեկան արդյունք ստացողը։ Ընդհանրապես՝ պիտի ձգտել առավելագույնին, իսկ եթե դնելու ենք միայն գոյատեւելու պարզ խնդիրը, ապա ստանալու ենք փշրանքներ եւ ուրիշ ոչինչ։ Ի դեպ, չինական հիերոգլիֆներում ճգնաժամը գրվում է երկու նիշով, մեկը՝ վտանգն է, մյուսը՝ հնարավորությունը։ Այսինքն՝ պիտի ձգտենք հնարավորինս չեզոքացնել ճգնաժամի վտանգներն ու ամբողջապես օգտվել հնարավորությունների «փաթեթից»։ Իսկ դրանք սկսում են ուրվագծվել։ Մենք կարծես թե չէինք հաշվարկել, որ ունենալու ենք ռուսական եւ ուկրաինական մարդկային ներուժի ակտիվ ներկայություն այստեղ։ Իսկ եկողներն ինչ-որ սցենարներ արդեն իսկ ունեին։ Մասնավորապես, նրանց համար գրավիչ է այն հանգամանքը, որ Հայաստանում օտարերկրացու՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար փաստաթղթային ձեւակերպումների մեկնակետում որեւէ խնդիր չի առաջանում, եւ այն կարելի է իրականացնել մեկ օրում։ Սա, իհարկե, կարող է դառնալ կարեւոր գործոն, քանի որ նրանց համար ստեղծում է թեկուզ ժամանակավոր աշխատելու եւ ապրելու հնարավորություններ։
Այս իրավիճակը նաեւ շատ լավ թեստ է՝ կոնկրետ այս տեսանկյունից տեսնելու մեր օրենսդրական բացերն ու փոփոխելու դրանք, հաշվի առնելով այլ երկրների գործարար կամ գործնական «հյուրընկալության» հաջողված փորձերը։ Կարելի է եզրահանգել, որ անգամ ունենալով արցախյան եւ սահմանային հիմնախնդիրներ, այդուհանդերձ, աշխատող ու ստեղծագործող մարդու համար, անկախ ազգությունից, Հայաստանը համարվում է ապրելու եւ աշխատելու համար անվտանգ, հարմարավետ, հյուրընկալ ու հետեւաբար գրավիչ երկիր։ Անթույլատրելի է այդ իմիջի փոփոխությունը, եւ մենք պետք է անընդհատ աշխատենք այդ նշաձողն ավելի բարձրացնելու համար։ Դա պահանջելու է համընդհանուր աշխատանք՝ սովորական պաշտոնյայից մինչեւ անհատ քաղաքացի։ Տրամաբանական է, որ այս պարագայում նաեւ ավելանալու է զբոսաշրջիկների հոսքը։ Պետք է հաշվի առնել, որ հիմնականում այստեղ է հայտնվում որակյալ աշխատուժը, եւ, իհարկե, դրանից չօգտվելն ավելորդ շռայլություն կլինի մեր կողմից։ Միաժամանակ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտում՝ վերացնելու համար այն դիսբալանսը, որն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո՝ հաշվի առնելով բարեբեր եւ մշակվող հսկայական հողատարածքների կորուստը։ Անհրաժեշտ է ոչ թե խոսքով, այլ գործով էապես թեթեւացնել գյուղի մշակի հոգսերը՝ դրանց մեծ մասնաբաժինը դարձնելով պետության հոգս եւ գերակա համարել մայր հողի մշակի եկամտով աշխատելու սկզբունքը՝ օժանդակելով եւ սատարելով նրան։
-Հզոր տնտեսություն-ամուր բանակ-ուժեղ երկիր. տնտեսական ի՞նչ քաղաքականություն է պետք վարել այս շղթան աշխատեցնելու համար։ Որպեսզի, ի դեպ, նաեւ Հայաստանի դերն ու դիրքը փոխվեն։
-Գիտեք, պատկերավոր ասած՝ մեր տարածաշրջանը նման է մի մեծ խաղասեղանի։ Այտեղ կան դերեր եւ կարգավիճակներ, որոնք բաշխվում կամ վերաբաշխվում են ըստ կարողության, հնարավորության եւ կշռի։ Կարող ես լինել ե՛ւ խաղացող, ե՛ւ խաղասեղան, ե՛ւ անգամ սփռոց։ Ընտրությունը մերն է։ Այսինքն՝ մե՛նք պիտի ընտրենք մեր դերը, կարգավիճակը եւ ապա այն ներկայացնենք մնացյալին։ Այդ ընտրությունում պիտի լինենք եւ՛ իրատես, եւ՛ հավակնոտ, ու, իհարկե, ցանկությունները համահունչ պիտի լինեն մեր հնարավորություններին։ Սակայն գոնե ինձ համար պարզ է մի բան. մինչեւ չորոշենք մեր կարգավիճակը, այլոք դրան չեն անդրադառնա, եւ սին են այն մտքերը, թե մեր փոխարեն որոշել են ուրիշ «քեռիներ»։ Եթե անգամ իրենք են որոշել, ուրեմն չենք դրսեւորում կամք՝ ինքներս որոշելու եւ ապա բարձրաձայն հայտարարելու այդ որոշման մասին։ Փաստ է նաեւ, որ հաճախ հենց մեր անմիաբանության, թուլության կամ անիրատես հաշվարկների արդյունքում են, մեր տարածաշրջանում հայտնվել չարակամ հարեւանները, ու այդ պարագայում, այժմ գոյապահպանական անհրաժեշտություն է ունենալ ամուր բանակ, հզոր տնտեսություն եւ անթերի կրթական համակարգ։ Սա՛ է փրկիչ «եռանկյունին»։ Սա է, որի իրականացումը պիտի դառնա մեր ամենօրյա անելիքը՝ մեծից փոքր։ Ու այս դեպքում մեր միասնականությանը այլընտրանք չկա։ Սա ոչ թե իմ կարծիքն է, այլ համոզմունքը։
Օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսում ականատեսը եղա ուրվագծվող «եռանկյունու»՝ մտքի, բազկի եւ աշխատանքի հերթական, բայց անգնահատելի արդյունքի ցուցադրության։ Տաղանդաշատ մարդիկ ցուցադրում էին իրենց ստեղծագործ մտքի արգասիքները, որոնք պիտի անմիջական գործուն մասնակիցները դառնան մեր երկրի պաշտպանության, տնտեսության ու կրթության փոխշաղկապված «եռանկյունու» կայացման ճանապարհին։ Այն ինձ հավատ ներշնչեց, որ, վեր կանգնելով կուսակցական ու քաղաքական նախասիրություններից, ընդամենն անհրաժեշտ է կատարել մեկ կամային միասնական քայլ ու բազմակողմ շռայլվող մեր ներուժն ուղղել մեկ նպատակային հուն, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Եթե այդ գործընթացն իրականանա, ապա անգամ առանց մեր ցանկության եւ ջանքի «դատապարտված» ենք տարածաշրջանում դառնալ կարեւոր գործոն եւ «խաղացող»։