1992 թ. ապրիլի 6-ին Չինաստանի ու Հայաստանի միջեւ պաշտոնապես հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, եւ դրվեց երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջանի հիմքը: Միջքաղաքակրթական շփումներն իրենց հիմքում մշտապես հիմնված են սեփական եւ ուրիշների վարքի ձեւերի, ապրելակերպի, գործունեության կանոնների, մարդկանց եւ կազմակերպությունների միջեւ հաղորդակցության, գնահատման եւ ինքնագնահատականի, մարդկային հատկությունների ու ձգտումների ճանաչման վրա:
Դիվանագիտական հարաբերությունների կայուն զարգացումն ու պետությունների փոխշաղկապված արդյունավետ համագործակցությունն ապահովող նախապայմանը հասարակությունների՝ միմյանց ճանաչելն է, արժեքների, ավանդույթների ու պատմության առանձնահատկությունների, մտածելակերպի առավել արտահայտված ազգային խիստ յուրահատուկ գծերի իմացությունն ու ըմբռնումը ձեւավորման սկզբնական ժամանակներից: Այս նկատառումներից ելնելով՝ համառոտ անդրադարձ անենք այս հզոր պետության նախաձեւավորման պատմական առանձին փաստերի:
Չինաստանը մայրցամաքային երկիր է, իսկ հին չինացիների պատկերացմամբ՝ իրենց երկիրը ներառում էր ամբողջ աշխարհը: Չինարենում գոյություն ունեցող երկու արտահայտչաձեւեր՝ «ամեն ինչ երկնքի տակ է», եւ «ամեն ինչ չորս ծովերի տակ է», կարելի է թարգմանել որպես «աշխարհ» ինչն ունի իր հիմնավորումը: Կոնֆուցիոսի ժամանակներից մինչեւ 19-րդ դարի վերջ ո՛չ մի չինացի մտածող ո՛չ մի ծովով չի՛ նավարկել, չնայած որ Կոնֆուցիոսը եւ Մեն-ցզյուն ապրում էին ծովի մոտ: Նշենք, որ նրանցից տարբերվում էին Սոկրատեսը, Պլատոնն ու Արիստոտելը, որոնք ապրում էին ծովային երկրում եւ կղզուց կղզի էին ճանապարհորդում:
«Մեծ մետաքսի ճանապարհ» եզրույթի ձեւավորման առաջնահերթությունը սովորաբար տրվում է գերմանացի Ֆերդինանդ ֆոն Ռիխտոֆենին: Սակայն նրանից շատ առաջ, Անտիկ ժամանակներում, երբ մետաքսը Չինաստանի արտահանման հիմնական ուղղությունն էր եւ խիստ արժեւորվում էր Եվրոպայում, հույներն ու հռոմեացիները, իսկ դրանից առաջ էլ՝ նաեւ բյուզանդացի հեղինակները Չինաստանն անվանում էին «Սերիկա»՝ «Մետաքսի երկիր» (չինական «si»՝ մետաքս եւ «seres»՝ «մետաքսե մարդիկ» բառերից):
1949 թ. հեղափոխությունից հետո երկիրը պաշտոնապես հայտնի դարձավ որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում ակներեւ է արեւմտյանից արժեքային հենքով եւ սոցիալ-տնտեսական ու քաղաքական համակարգերով արմատապես տարբերվող ՉԺՀ աճող դերը: Սահմանակից է 14 պետությունների հետ եւ բնակչության թվաքանակով աշխարհի խոշորագույն պետությունն է. 2022 թ. ապրիլի դրությամբ մոլորակի 7.9 մլրդ բնակչից ՉԺՀ բնակչությունը կազմում է մոտ 1.5 մլրդ (20 տոկոսը): Այսինքն՝ աշխարհի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը ՉԺՀ-ի քաղաքացի է: ՉԺՀ-ն՝ պետության տարածքի իր չափսերով (9562.9 հազ. քառ. կմ) մոլորակի առաջին ունիտար պետությունն է:
Չինաստանի կառավարման մշակույթի յուրահատկություններից են պետական կառավարման եւ քաղաքական կուրսի յուրաքանչյուր «քայլի» մեջ «ինքնաբավության» սկզբունքի պարտադիր առկայությունը, յուրօրինակ մտածելակերպն ու իրավագիտակցությունը, ՉԺՀ կոմունիստական կուսակցության պաշտոնական գաղափարախոսությամբ զուգորդված կոնֆուցիոսականության, դաոսականության եւ բուդդայականության կրոնափիլիսոփայական էթիկան:
Հասարակական կյանքի ցանկացած ժամանակաշրջանում Չինաստանի իրավական մշակույթին հատուկ է եղել ավանդական բարոյական նորմերի գերակայությունն իրավունքի նորմերի նկատմամբ: Դրա պատճառն ավելի քան 2000 տարի Չինական կայսրության պետական գաղափարախոսությունը հանդիսացող կոնֆուցիոսական ուսմունքն է: Չինաստանի՝ կոնֆուցիոսականության արժեհամակարգը պետության քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների համակարգի հիմքն է:
Հնագույն ժամանակներում Արեւելքում Կոնֆուցիոսին ( Ք. ծ. ա. 551-479) կոչում էին «տասը հազար սերունդների ուսուցիչ», «Լուսավորության տիրակալ»: Կոնֆուցիոսը Չինաստանի պատմության մեջ «առաջին նշանավոր արհեստավարժ ուսուցիչն» էր եւ գիտական համայնքի կազմակերպիչը. ըստ լեգենդի՝ նա ուներ մի քանի հազար ուսանող, պատրաստել է 3.000 գիտնական: Նա առաջինը Չինաստանում հանդես եկավ համընդհանուր կրթության ապահովման, մանկավարժի աշխատանքը «հատուկ մասնագիտություն» ճանաչելու կոչերով: Կոնֆուցիոսի ուսմունքը ոչ միայն դարձավ պաշտոնական գաղափարախոսություն, այլեւ մինչ օրս Չինաստանի մշակույթի բնութագիրն է. մինչեւ 1911 թ. չինական պաշտոնական գաղափարախոսությունն էր, 1912-1949 թթ.` հոգեւոր հիմքը, ժամանակակից պայմաններում` չինական ազգային գաղափարի հիմքը:
Ըստ Կոնֆուցիոսի՝ «պետական մարդկանց հիմնական խնդիրը հին ժամանակների օրինակով՝ արարողակարգերին ու ավանդույթներին հետեւելով ներդաշնակ եւ միմյանց հետ համահունչ ապրող հասարակության ձեւավորումն է, որում յուրաքանչյուրն ունի եւ գիտի իր տեղը: Նման հասարակությունում հակասությունները պետք է հարթվեն միմիա՛յն հանգիստ քննարկումների միջոցով»:
«Մեծ Չինաստանի վերածննդի» գաղափարը մարդկանց համախմբող, ազգը մեկ բռունցք դարձնող գաղափարների ու համազգային ծրագրի իրականացման անհրաժեշտությունն է: Ընթացիկ հարյուրամյակի սկզբներից չինական կառավարման մշակույթում արմատավորված «չինական երազանքի» գաղափարը ենթադրում է չին ազգի վերածնունդ՝ «չինական ոգու զարգացման» եւ Չինաստանի «ժողովրդական ուժերի համախմբման» միջոցով:
Կոնֆուցիոսի «տարակարծության միջոցով միասնականության ձգտելը» այն գաղափարն է, որը չինական պետականության ձեւավորման ու զարգացման հիմքերում է. «Եթե իմաստուն կառավարիչը կառավարի հարկադրանքի միջոցով եւ սահմանափակի ժողովրդին օրենքներով ու պատիժներով, ապա մարդիկ կսկսեն խուսափել դրանից, սակայն ամոթի եւ խղճի զգացում չեն ունենա. պետք է ապահովել առանց հարկադրանքի եւ բռնության կիրառման առաքինի ու արդար կառավարում, կառավարչի անձնական օրինակով՝ ժողովրդի դաստիարակում»:
Չինական հասկացությամբ՝ իմաստուն տիրակալի գործունեությունը որակապես տարբերվում է սովորական կառավարչի գործունեությունից: Իմաստուն տիրակալը «պղտոր հոսքի պես ամեն ինչ ինքն իր մեջ է վերցնում» եւ նմանվում է աշխարհի «մաքուր հայելու»: Չինական ավանդույթի մեջ իմաստուն տիրակալը այն անձն է, ով մնում է աննկատ. հին ժամանակներում իմաստուն ղեկավարներին մարդիկ պարզապես գիտեին, թե ինչպիսին են նրանք, բայց չգիտեին, թե ովքեր են:
Չինական կառավարման մշակույթը քաղաքակրթության հիմնական բնութագրերի հոգեւոր եւ առարկայացվող շարունակությունն է, ավանդական արժեքների համակարգը ներկայացնելու պարտադիր պայմանը: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ «չինական երազանքի» կարգախոսի ներքո միավորվել են երկու համապետական առաքելություններ՝ նյութապես ապահով հասարակության կայացում եւ քաղաքակիրթ ու ներդաշնակ արդիականացված սոցիալիստական պետության զարգացում:
Աննա ԶԱԼԻՆՅԱՆ
Չինագետ, տնտեսագիտության թեկնածու