Կառավարության ապրիլի 7-ի նիստում, ներկայացնելով բրյուսելյան այցի արդյունքները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարընթերցումներ կան տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հարցում: Այս հայտարարությունը կարող է նշանակել մեկ բան՝ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապի հարցում փորձում է առաջ տանել, այսպես ասած, միջանցքի գաղափարը: Բաքվի այս ձգտումը նորություն չէ, ինչի մասին նա խոսում է պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ տարբեր ձեւաչափերով: Ընդ որում՝ այդ մասին պարբերաբար հայտարարում է նաեւ Թուրքիայի նախագահը:
Թյուրքական պետությունների նման սինքրոն գործողությունները բացատրելի են, նրանք փորձում են առաջ տանել մեծ Թուրանի գաղափարը, եւ ստացվում է, որ ձգտում են դա անել ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին: Իսկ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը պետությունների սահմանների խախտում չի հանդուրժում: Բնականաբար, դա թույլ չի տա առաջին հերթին Հայաստանը: Գործնականում սահմանի փոփոխություն ենթադրող միջանցքի գաղափարի դեմ բազմիցս հանդես է եկել նաեւ Իրանը: Վերջինս դրանում իր համար լրջագույն անվտանգային խնդիրներ է տեսնում եւ ակնարկել է, որ նաեւ անմիջական ռազմական միջամտությամբ թույլ չի տա սահմանների փոփոխություն:
Հատկանշականն այն է, որ ԵԽ նախաձեռնությամբ նախորդ եռակողմ հանդիպման ժամանակ Երեւանը եւ Բաքուն համաձայնության էին եկել, որ երկաթուղային ուղիները պետք է վերագործարկվեն այդ երկրների սահմանների հատման ու տարանցման մաքսային օրենսդրությանը եւ մյուս իրավակարգավորումներին համաձայն, բայց արդեն այս հանդիպման ժամանակ Ադրբեջանը, ըստ էության, կրկին առաջ է քաշել ավտոմոբիլային կապում սահմանների հատման՝ պետությունների ընթացակարգերի չկիրառման դրույթը: Նախորդ տարի Ալիեւն իր հայտարարություններից մեկում ակնարկել էր պաշտոնական Բաքվի տեսակետը, ըստ որի՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի երթեւեկությանը հայկական կողմը կարող է հետեւել, բայց չմիջամտել:
Ալիեւը համեմատություն էր տարել Բերձորի միջանցքի ներկայիս կարգավիճակի հետ, որտեղ ադրբեջանցիները որոշ հատվածներում դիտարկում կատարում են, սակայն հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմը: Ադրբեջան-Նախիջեւան եւ Հայաստան-Արցախ կապերի միջեւ զուգահեռների անցկացումը ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ չունի իրավական հիմքեր: Նախ՝ Բերձորի միջանցքում ադրբեջանական զինուժը կանգնեցվել էր եռակողմ հայտարարությամբ, որով ամրագրվեց, որ կողմերի զինված ուժերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահին, չնայած դրանից գրեթե մեկ ամիս անց Հին Թաղեր եւ Խծաբերդ համայնքների հատվածն անհասկանալի ձեւով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ դա այն դեպքում, երբ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում առկա քարտեզով այդ գյուղերի հատվածը մինչեւ Շուշի ընդգրկված էր ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում: Պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը մի քանի անհաջող փորձեր էր արել՝ գրավելու Բերձորի միջանցքը եւ անհաջողության էր մատնվել՝ տալով 1000-ից ավելի զոհեր: Այդ հատվածում ադրբեջանական զինուժին չկանգնեցնելը կնշանակեր Արցախի լիակատար հայաթափում, այսինքն՝ էթնիկ զտում եւ ցեղասպանություն: Եթե դա չպահպանվեր, ապա զինադադար ընդհանրապես չէր լինի, եւ պատերազմը կշարունակվեր մինչեւ վերջ՝ անկանխատեսելի վերջաբանով: Այլ կերպ ասած՝ Բերձորի միջանցքը Ադրբեջանը չի նվիրել Արցախի Հանրապետությանը, դրա պահպանումը հրադադարի առաջնային նախապայմաններից է եղել, ավելին՝ Բաքուն դեռ պետք է պատասխան տա Հադրութի, Շուշիի, Մարտունու ու Մարտակերտի տարածքները բռնազավթելու, տեղի հայ բնակչությանը գնդակահարելու եւ գաղթի մատնելու համար:
Հայաստանի տարածքով միջանցքի մասին հիշատակում չկա ոչ մի փաստաթղթում: Այսինքն՝ Բերձորի միջանցքի ու Նախիջեւանին միացնող ճանապարհի միջեւ զուգահեռներ անցկացնելու ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ իրավական հիմքեր չկան: Այս դեպքում առողջ տրամաբանությամբ հասկանալի չէ, թե ինչու են Ադրբեջանը եւ Թուրքիան ձգտում դեմ գնալ միջազգային հիմնարար իրավունքի նորմերին եւ լարել հարաբերությունները Հայաստանի, տարածաշրջանի մյուս երկրների եւ քաղաքակիրթ աշխարհի հետ:
Հաղորդակցության ուղիների բացման դեպքում կողմերը հավասար իրավունքներով օգտվելու են դիմացինի ինքնիշխան տարածքներով անցնող ճանապարհներից՝ ենթարկվելով այդ պետությունների իրավական կարգավորումներին: Վերջին հաշվով երկրները կարող են միջպետական պայմանագրերով միմյանց միջեւ սահմանային հատումների արտոնյալ պայմաններ սահմանել՝ առավելագույնս դյուրացնելով դրանցից օգտվելը: