ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը վերջերս առիթով նշել էր, թե 2008 թ. Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է 1,5 մլրդ կվտժ էլէներգիա արտահանել Թուրքիա։ Եվ հիմա Թուրքիային, Ա. Մարջանյանի խոսքով, պետք է առաջարկել անմիջապես վերագործարկել Կարս-Գյումրի բարձրավոլտ գիծը, ինչի համար «պետք չեն ոչ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ոչ էլ որեւիցե այլ ծանր իրագործելի գործառույթներ, իսկ այդ վերագործարկումը եւ էլներգիայի արտահանումը թույլ կտան ենթակառուցվածքային կմախք տրամադրել, որը կկայունացնի այս գործընթացը Հայաստանի եւ Թուրքիայի եւ ընդհանրապես տարածաշրջանում ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ»։
Որքանո՞վ է հնարավոր այս գծի վերաթողարկումը, կամ որ ավելի ստույգ՝ ի՞նչ կտա այն մեզ։ Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է նախ պատասխանենք մի շարք այլ հարցերի. նախ՝ Թուրքիան բավական ակտիվ տեմպերով էլէլներգիա գեներացնող օբյեկտներ է կառուցում, եւ այս պայմաններում արդյո՞ք այդ պետությունն ունի մեր էլեկտրաէներգիայի կարիքը, եւ հետո՝ այս տարվա փետրվարից մեր էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվել է, ինչը ենթադրում է, որ ընկերությունները կարող են էլէներգիա ներկրել Հայաստան եւ ներկրել՝ նույն Թուրքիայից, հաշվի առնվա՞ծ են ռիսկերը։ Պարզաբանումներ ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանին, ով նաեւ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ-ի նախագահն է։
Մինչ պարզաբանումներին անցնելը, սակայն, հետ գնանք 2008-2010 թթ.՝ որոշ անհրաժեշտ փակագծեր բացելու համար։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Հայաստան այցից («ֆուտբոլային դիվանագիտության» փուլ) հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե Թուրքիայի նախագահի՝ Հայաստան այցի ժամանակ պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի՝ 2009 թ. Հայաստանը սկսելու է Թուրքիա էլէներգիա մատակարարել: Սակայն թուրքական մամուլն ու կայքերն անմիջապես գրեցին, թե, ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի, Հայաստանի հետ նման պայմանագիր չի կնքվել: Ի՞նչ էր նշանակում թուրքական կողմի հերքումը: Պարզաբանման նպատակով դիմեցի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Լրատվական ծառայությունը այդ ժամանակ հավաստեց, թե նման պայմանագիր կա, որը կնքվել է թուրքական «Յունիթ» եւ հայկական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների միջեւ՝ Կարսի միջոցով ուղիղ արտահանում իրականացնելու վերաբերյալ:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2008 թ. գործունեության ամփոփիչ ասուլիսի ընթացքում Արմեն Մովսիսյանը կրկին անդրադարձավ Հայաստանի կողմից Թուրքիա էլէներգիա արտահանմանը եւ կրկին հավաստեց, թե «գոնե այս պահի դրությամբ թուրքական կողմը չի հրաժարվել հայկական էլէներգիայից»: Հետո այս թեմային նորից անդրադարձ եղավ նախարարության՝ 2009 թ. գործունեության ամփոփման ժամանակ, եւ Արմեն Մովսիսյանը նշեց, որ «Յունիթի» եւ հայկական ԲԷՑ-երի միջեւ պայմանագիրը ենթադրում է, որ էլէներգիան կարտահանվի ոչ թե երկրորդ կամ երրորդ երկրների միջոցով, այլ ուղիղ՝ Հայաստանից դեպի Թուրքիա՝ Կարսի միջոցով: 4-5 ամսում թուրքական ընկերությունը պետք է վերականգներ թուրքական մասում այն թերությունները, որոնք կային գծի վրա, տեղադրեր նոր ավտոտրանսֆորմատոր, որից հետո միայն Հայաստանը կսկսեր էլէներգիայի մատակարարումը: «Համենայնդեպս, ցայսօր չի արտահանում, պատճառը քաղաքակա՞ն է, թե՞ տեխնիկական»,- այդ ժամանակ ճշտեցի նախարարից։ Պատասխանը հստակ էր. «Տեխնիկական խնդիր չկա, քաղաքական է»։
Այսինքն՝ դեռ այն ժամանակ, երբ Թուրքիան ուներ էլէներգիայի կարիք, քաղաքական գործոնով պայմանավորված, չուզեց՝ չնայած համապատասխան փաստաթղթի առկայությանը։ Այդ պետության էներգետիկայի նախարարը պարզ ասել էր, թե իրենք «հայկական հոսանքի կարիքը չունեն»։
Իսկ հիմա ունե՞ն։ Հարցի պատասխանը թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական հարթակում միանգամից կգտնեն նրանք, ովքեր գոնե մոտավոր պատկերացում ունեն, թե այսօր ինչպիսին է Թուրքիայի էներգետիկ ոլորտը։ Մենք փորձենք հանրությանը հնարավորինս մատչելի ներկայացնել իրավիճակը՝ գալով մեր առաջադրած հարցադրումներին։ «ՀՀ»-ի դիտարկումներին ի պատասխան՝ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը շեշտեց, թե դիտարկել 2008-2010 թթ. ու այսօրվա ժամանակահատվածը մի հարթության վրա, առնվազն սխալ է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: «Դրանցից, թերեւս, ամենակարեւորն այն է,- ասաց նա,- որ երբ կնքվում էր համապատասխան փաստաթուղթը, Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգիայի պակաս, որը գնահատվում էր տարեկան մինչեւ 80 մլրդ կՎտ.ժ: Բայց այս տարիների ընթացքում թուրքական էներգետիկ համակարգը էական զարգացում է ապրել՝ հատկապես նոր հզորությունների ձեւավորման մասով: Բավական է նշել Աքքույու ԱԷԿ-ի նախագիծը՝ 4800 ՄՎտ հզորությամբ, եւս 2 կառուցվող ատոմակայաններ Ֆրակիայում ու Սինոպում, շուրջ 600 փոքր ՀԷԿ-երի վերազինումը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում հավակնոտ ծրագրերի իրականացումը: Մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի կշիռը Թուրքիայում այսօր կազմում է մոտ 15 տոկոս, իսկ հիդրոէներգետիկայի զարգացման մասով երկիրն այսօր մտնում է աշխարհի առաջին տասնյակի մեջ: Առաջիկա 2 տարվա ընթացքում Թուրքիայում նախատեսվում է իրականացնել շուրջ 240 նոր նախագիծ վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ ապահովելով մոտ 9200 ՄՎտ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ Թուրքիան նախատեսում է մինչեւ 2023 թ. ավարտը ամբողջությամբ հաղթահարել էլեկտրաէներգիայի պակասորդը ու, ինչն ամենակարեւորն է, 2025-ից ի վեր սկսել ակտիվորեն զարգացնել արտահանման ռազմավարությունը: Դա առավել քան հստակ նշված է Թուրքիայի՝ էներգետիկ ոլորտում հաստատված մի շարք ռազմավարական փաստաթղթերում»:
Մենք խնդրո առարկան պետք է դիտարկենք նաեւ մեկ այլ համապատկերում. ինչպես արդեն ասացինք՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, ու լիցենզավորված ընկերությունները հնարավորություն ունեն էլեկտրաէներգիա ներկրելու։ Վահե Դավթյանը չի բացառում, որ ունենանք ճիշտ հակառակ պատկերը, այսինքն՝ հանդես գանք ոչ թե որպես էլեկտրաէներգիա արտահանող, այլ ներկրող երկիր: Ու դա՝ երկրում առկա էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկի պայմաններում: «Այս սցենարը կարող է կյանքի կոչվել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան իր ինքնարժեքով ի վիճակի չի լինելու մրցել թուրքականի հետ, ինչպես այսօր, օրինակ, այլեւս մրցունակ չէ վրացականի համեմատ»,- ասաց մեր զրուցակիցը:
Հետեւաբար՝ ո՞րը պետք է լինի մեր լուծելիք խնդիրը։ «Տվյալ ոլորտում մեր առանցքային ռազմավարական խնդիրը պետք է լինի արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցումը ու դրան զուգահեռ՝ էներգետիկ դիվանագիտության զարգացումը, ինչը թույլ կտա մեզ ճիշտ դիրքավորվել արտաքին շուկաներում»,- եզրափակեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը: