Քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից, վերջինիս հետ կապված շարժերին ուշադրություն չդարձնել չենք կարող։ Հայաստանյան արտահանման էական մասը հենց Ռուսաստանում է իրացվում, եւ ռուսական արժույթի տատանումներն ուղղակիորեն արտահայտվում են հենց մեր տնտեսությունում։ Նաեւ՝ տրանսֆերտների գործոնը կա. ՌԴ-ից դեպի ՀՀ բանկային համակարգով փոխանցված տրանսֆերտների գումարը դոլարային արտահայտությամբ տարեկան միջին հաշվով 1 մլրդ ԱՄՆ դոլար է։ Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ռուբլին կտրուկ անկումից հետո հիմա նորից արժեւորվում է։
Հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ամենատարբեր փաթեթների առկայությունը՝ փորձենք հասկանալ՝ այնուամենայնիվ, ինչի՞ արդյունք է այդ արժեւորումը։ Արդյոք դրա շնորհիվ ԵԱՏՄ առեւտրային փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը կընդլայնվի՞, եւ ի վերջո, ի՞նչ կտա դա Հայաստանին։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանին։
-Արեւմտյան երկրների ֆինանսական պատժամիջոցների հետեւանքով ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ արժեզրկվեց համաշխարհային առաջատար արժույթների նկատմամբ, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանի բանկն անմիջապես արժութային ինտերվենցիաներ իրականացնելով ֆինանսական շուկայում՝ փորձեց թույլ չտալ ռուբլու փոխարժեքի ավելի խոր անկում: Նշված միջոցառումը նպաստեց ռուբլու փոխարժեքի որոշակի կայունացմանը կարճաժամկետ հատվածում, սակայն սրան հաջորդած արեւմտյան երկրների նոր ֆինանսական պատժամիջոցները, մասնավորապես, Ռուսաստանի բանկի արտարժութային հաշիվների սառեցումը արտասահմանյան բանկերում, ռուբլու փոխարժեքը կրկին մղեցին կտրուկ անկման: Սա միանգամայն տրամաբանական էր, քանի որ խոսքը ՌԴ արժութային պաշարների շուրջ 50 տոկոսի սառեցման մասին էր, ինչը կենտրոնական բանկին զրկում էր դրամավարկային քաղաքականության ճկունությունից եւ արժութային ինտերվենցիաների իրականացման հնարավորությունից: Ռուսաստանի բանկն իրավիճակը կայունացնելու նպատակով դիմեց դրամավարկային քաղաքականության մեկ այլ գործիքի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման: Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ 2022 թ. փետրվարի 28-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց մինչեւ տարեկան 20 տոկոսի։
-Եվ բանկի պաշտոնական հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր, որ Ռուսաստանի տնտեսության արտաքին պայմանները կտրուկ փոխվել են, եւ բազային տոկոսադրույքի բարձրացումը հնարավորություն կտա ապահովել ավանդների տոկոսադրույքների բարձրացում այն մակարդակով, որն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու աճող արժեզրկման եւ գնաճային ռիսկերը, ինչը կօգնի պահպանել եւ՛ գների կայունությունը, եւ՛ պաշտպանել քաղաքացիների խնայողություններն արժեզրկումից:
-Պետք է շեշտեմ, որ Ռուսաստանի բանկի կողմից բազային տոկոսադրույքի բարձրացումը տեղի է ունեցել չեզոք ազդակով, այլ կերպ՝ բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումներ կայացնելու է՝ հիմնվելով արտաքին եւ ներքին պայմանների ռիսկերի գնահատման ու դրանց նկատմամբ ֆինանսական շուկաների արձագանքի վրա՝ հաշվի առնելով գնաճի իրական եւ սպասվող դինամիկան, ինչպես նաեւ նպատակային կանխատեսվող հորիզոնում տնտեսական զարգացման տեմպը:
-Բանկն իրավիճակից բխող կտրուկ այլ քայլեր էլ ձեռնարկեց։
-Կարեւոր քայլեր։ ՌԴ ֆինանսների նախարարության եւ Ռուսաստանի բանկի առաջարկների հիման վրա որոշում կայացվեց 2022 թ. փետրվարի 28-ից օտարերկրյա տնտեսական գործունեության մասնակից ռեզիդենտների համար արտարժույթի պարտադիր վաճառքի մասին՝ արտաքին առեւտրի բոլոր պայմանագրերով ստացվելիք հասույթի 80 տոկոսի չափով։ Բացի այդ, առեւտրային բանկերի եւ այլ վարկային հաստատությունների իրացվելիության մակարդակի ապահովման նպատակից ելնելով՝ Ռուսաստանի բանկի որոշմամբ 2022 թ. փետրվարի 27-ից ընդլայնվել է վարկային պայմանագրերով պարտավորված կողմեր կամ փոխառու հանդիսացող իրավաբանական անձանց հիմնական գործունեության ցանկը, որոնց պահանջի իրավունքներն ընդունվում են որպես գրավ Ռուսաստանի բանկի վարկերի համար (այսպես կոչված՝ ոչ շուկայական ակտիվներ)։ Միաժամանակ ՌԴ բանկի կողմից այս տարվա փետրվարի 27-ից ավելացվել էր նաեւ ոչ շուկայական ակտիվների արժեքի ճշգրտման համար օգտագործվող ճշգրտման գործակիցների չափը։ Փետրվարի 28-ից սկսած՝ Ռուսաստանի բանկը ռեպո եւ վարկավորման գործարքներում օգտագործելու է դրանց շուկայական արժեքը՝ 2022 թ. փետրվարի 18-ի դրությամբ:
Միաժամանակ այս տարվա մարտի 3-ից ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի, եվրոյի եւ ֆունտ ստեռլինգի գնման համար սահմանեց միջնորդավճար՝ գործարքի գումարի առնվազն 30 տոկոսի չափով, ինչը նպատակ էր հետապնդում զսպել բնակչության՝ արտարժույթ գնելու մեծ պահանջարկը։ Միջնորդավճարի նման բարձր չափը, ինչ խոսք, վկայում էր, ըստ էության, ռուսական արժութային շուկայում մեծ անհավասարակշռության առկայության մասին, երբ կիրառված գործիքները, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում թույլ չեն տալիս պատշաճ կերպով կայունացնել փոխարժեքը։ Այնուհետ՝ արդեն մարտի 9-ից Ռուսաստանի բանկը վեց ամիս ժամկետով արգելեց առեւտրային բանկերի կողմից արտարժույթի առքուվաճառքը երկրի քաղաքացիների համար։ Բոլոր այս միջոցառումները, ինչպես նաեւ էներգակիրների դիմաց ոչ բարեկամ երկրների համար ռուբլով վճարելու պահանջի ներկայացումը, բնականաբար, զգալիորեն նպաստելու էին ռուսական արժույթի արժեւորմանը, ինչին եւ ականատես ենք:
-ԵԱՏՄ առեւտրային փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը կընդլայնվի՞, թե՞ դեռ շուտ է կանխատեսումներ անելը։
-Անկախ ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ ՌԴ հանդեպ պատժամիջոցների սահմանումից, ԵԱՏՄ շրջանակներում, ըստ նախատեսված ռազմավարության աստիճանաբար անցում էր կատարվելու ազգային արժույթների կիրառման, ինչը միանգամայն բնական է տնտեսական ինտեգրման նման պայմաններում: Ուստի աստիճանաբար ԵԱՏՄ երկրներն ակտիվացնում են փոխադարձ հաշվարկներում միջազգային հիմնական արժույթ համարվող ԱՄՆ դոլարի մասնաբաժնի կրճատման աշխատանքները։ Նշեմ, որ այս աշխատանքները սկսվել են դեռ մեկ տարի առաջ, եւ պատերազմական գործողություններն ընդամենը արագացրեցին այն: Ներկա դրությամբ ԵԱՏՄ տարածքում հաշվարկների մեծ մասն իրականացվում է ազգային արժույթներով։ Համեմատության համար պետք է նշել, որ 2021 թ. ազգային արժույթներով հաշվարկների տեսակարար կշիռը կազմել է 74 տոկոս, ինչը 2013 թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11 տոկոսով: Ավելին՝ 2022 թ. մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրները քննարկել են փոխադարձ համաձայնությամբ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման եւ բաշխման շրջանակներում հաշվարկների իրականացման հնարավորությունը նաեւ ռուսական ռուբլիով: Այս պահին ռուսական ռուբլին գերակշիռ մասնաբաժին ունի փոխադարձ առեւտրում, ինչը բնական է: Սակայն աստիճանաբար մյուս երկրների արժույթների տեսակարար կշիռը կմեծանա: Այդ նպատակով պետք է մշակվեն գնագոյացման միասնական մեխանիզմներ՝ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներն ավելի հեշտացնելու համար:
-Ի՞նչ կտա սա Հայաստանին։
-Հայաստանի համար սա, բնականաբար, դրական ազդեցություն կունենա, քանի որ մինչ այժմ հիմնական ապրանքների՝ այդ թվում բնական գազի դիմաց վճարումներն իրականացվել են դոլարով, իսկ վերջինս արժութային պաշարների կարեւոր բաղադրիչ է: Փոխարենը այժմ հնարավոր կլինի այդ հաշվարկներում կիրառել մեր տնտեսություն մուտք եղած ռուսական ռուբլին, իսկ այնուհետ նաեւ՝ մեր ազգային վճարամիջոցով հաշվարկներն իրականացնել, ինչը եւս կնպաստի մեր տնտեսության մեջ դրական միտումների ձեւավորմանը: