Այս տարվա ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 73 օր տեւողությամբ: Հարց կարող է հնչել՝ ինչո՞ւ այսքան երկար (73 օր)՝ սովորաբար ընդունված 45 օրվա փոխարեն, մանավանդ որ 2021 թ. ՊՆՎ շրջանակներում ատոմակայանը մայիսի 15-ից աշխատանքը դադարեցրել էր 141 օրով, եւ այդ ընթացքում բավական լայնածավալ ու մանրակրկիտ աշխատանքներ էին արվել։ Թյուրընկալումներից խուսափելու համար (որպեսզի միջազգային հարթակներում հայկական ատոմային էներգետիկայի զարգացումը չուզող որոշ երկրների ոչ մասնագիտական, այլ քաղաքական հայտարարությունները մեր հանրության շրջանում չիրացվեն,- Ա. Մ.) դիմեցինք «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանին։
-73 օրը երկարատեւ ժամկետ չէ,- ասաց նա:- Հիմա բացատրեմ՝ ինչու։ Բայց որպեսզի ասածս ավելի հասկանալի լինի, նախ սկսեմ 141 օրից։ Հայկական ատոմակայանի գործող բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մասով հիշում եք, որ սկզբում 2015-2016 թթ. 10 տարվա հեռանկարով է եղել դա, այսինքն՝ մինչեւ 2026 թ.: Բայց հաշվի առնելով մյուս երկրների նմանատիպ բլոկների փորձը` պատրաստվեցինք կրկնակի երկարաձգել շահագործման ժամկետը՝ մինչեւ 2036 թ.։ Տեխնիկատնտեսական հիմնավորումները մեզ թույլ տվեցին այդ մասին մտածել: Եվ դեռ 2020 թ. ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից եւ վերաթողարկումից հետո լայնածավալ եւ մանրակրկիտ աշխատանքներ սկսվեցին՝ ուղղված ՀԱԷԿ-ի 2021 թ. վերազինմանը եւ վերանորոգման պլանավորմանը: Բացի այդ՝ ՀԱԷԿ-ի մոտակա տարիների արտադրական պլանները ձեւավորվել են դեռ 2017 թ.՝ հաշվի առնելով կայանի հետազոտության արդյունքները եւ Հայաստանի էներգաարտադրող ձեռնարկությունների միջեւ արտադրության ծավալների բաշխումը: Ամենամյա պլանավորված աշխատանքներից կախված էլ որոշվում է յուրաքանչյուր տարվա կանգի տեւողությունը: Այդ պլանները հաստատվել են կառավարության 2018 թ. մայիսի 3-ի որոշմամբ: Եվ հենց այդ որոշմամբ էլ նախատեսված էր ՀԱԷԿ-ի 141-օրյա կանգը։ Եվ այդ տեւողության ավելի քան կրկնապատկումը պայմանավորված էր վերանորոգման ստանդարտ աշխատանքներին աննախադեպ մեծ ծավալի լրացուցիչ աշխատանքների ավելացմամբ…
– Եվ, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ նաեւ տարբերակ կար, որ 141 օրվա փոխարեն 2-3 տարի կանգներ ատոմակայանը։
-Այո, այդպիսի տարբերակ կար։ Բայց մենք դա, հասկանալի պատճառներով, որի մասին հենց ձԵր թերթում հաճախ ենք խոսել, մեզ դա թույլ տալ չէինք կարող։ Որոշեցինք 2-3 տարվա փոխարեն ամեն տարի հերթական պլանային կանգը մի քիչ երկարացնել։ Սա ավելի արդյունավետ է։
-Ի՞նչ եք անելու այս 73 օրում։
-ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսում ենք ռեակտորի միջին վերանորոգում անել՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, նախատեսում ենք նաեւ հիմնանորոգել թիվ 4 եւ 5 գլխավոր շրջանառու պոմպերը, ընթացիկ վերանորոգել թիվ 1 եւ 6 գլխավոր շրջանառու պոմպերը, հիմնանորոգել թիվ 4 եւ 5 շոգեգեներատորները, նաեւ տուրբագեներատորների միջին վերանորոգում անել: Շարունակելու ենք նաեւ ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման եւ սպրինկլերային համակարգերի, ինչպես նաեւ տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները:
-Խնդրում եմ հստակեցնել նաեւ, թե ինչու ՊՆՎ-2022-ի ժամկետը կրճատվեց՝ 85 օրից դառնալով 73։
-Միանգամայն ճիշտ եք՝ մեր հայտը 85 օրվա կտրվածքով էր։ Անվտանգության համակարգերի հովացման համակարգը պետք է փոխեինք։ Այլ կերպ՝ համապատասխան խողովակները փոխեինք չժանգոտվող մետաղից (ներժ) խողովակների։ Եղած խողովակների ժամկետը չի անցել, բայց անհրաժեշտ է փոխել։ Այս տարի «Գնումների մասին» օրենքի որոշ գործոններով պայմանավորված՝ չհասցրեցինք գնումներ անել։ Դրա համար էլ 85 օրը կրճատվեց 73-ի։ Խողովակները մյուս տարի կփոխենք։
-Այս տարվա նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի այլ երկրների մասնագետներ ներգրավվա՞ծ են։
-Այո, Ռուսաստանի, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի եւ այլ երկրների մասնագետներ կան, որոնք ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Մեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետներն էլ են ներառված:
-Հերթական այս կանգից հետո ժամանակին կմիանա՞ք էներգացանցին։
-Աշխատանքն ըստ ժամանակացույցի է, եւ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հունիսի 28-ին: