Մոսկվայում ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի պաշտոնական հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարությունը պատասխանեց վերջին շրջանում Հայաստանի եւ Արցախի համար առաջնային նշանակության մի շարք հարցերի: Հայտարարությամբ, մասնավորապես, հստակ պատասխան տրվեց Ալիեւի՝ վերջերս արած հերթական ցնորամիտ ձեւակերպմանը, ըստ որի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պետք է դադարեցնել զինել Հայաստանին: Վերջինս նաեւ հայտարարել էր, թե Հայաստանը երբեք զենքի համար գումար չի ունեցել եւ չի ունենալու:
Ակնհայտ է, որ վերոնշյալ հայտարարությունն իր բաց ու ենթատեքստային ակնարկներով ուղղված էր Ռուսաստանին, քանի որ հայտնի փաստ է՝ Հայաստանի հիմնական սպառազինությունը ռուսական է, եւ, որպես ռազմավարական դաշնակից ու ՀԱՊԿ անդամ, զենքի զգալի մասը ստանում է արտոնյալ պայմաններով: Ալիեւի այդ հայտարարությանը լիարժեք պատասխան է տրվել ՀՀ եւ ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության 22-րդ կետում, որտեղ ասվում է. «Կողմերը ելնում են այն բանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չի կարող եւ չպետք է ապահովի իր անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման եւ ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիությունը, ինչը խաթարում է իրավահավասար եւ անքակտելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների եւ առճակատման»:
Այլ կերպ ասած՝ այս կետով անհեթեթ է որակվում Ալիեւի մոգոնած անվտանգային նոր ճարտարապետությունը, ըստ որի՝ երկրների միջեւ կայունություն ապահովելու համար ոչ թե պետք է ապահովել հավասարակշռություն, ինչը փաստում է մարդկության ողջ պատմությունը եւ առաջին հերթին այս դեպքում Արցախյան պատերազմը, այլ կողմերի ուժերի անհավասարակշռությունը: Ակնառու փաստ է, որ Արցախի հիմնահարցը քաղաքական ճանապարհով լուծելու փոխարեն Բաքուն ռազմական ագրեսիայի դիմեց միայն այն ժամանակ, երբ էականորեն խախտել էր պետությունների միջեւ սպառազինության հավասարակշռությունը եւ հնարավորություն ստացել վարձու ջիհադիստ զինյալներ եւ դաշնակից պետությունների զինված ուժեր ներգրավել Արցախի դեմ հրահրվելիք ագրեսիային:
Համատեղ հայտարարության մեջ հստակ ընդգծվել է աքսիոմատիկ ճշմարտությունը, որ կայունությունը հնարավոր է միայն ուժերի հավասարակշռության միջոցով: Այդ բացարձակ ճշմարտության մասին է խոսում նաեւ այն վարքագիծը, որը դրսեւորում է Ադրբեջանը հրադադարի հաստատումից ի վեր՝ խախտելով ՀՀ սահմանները, Արցախում էլ՝ շփման գիծը, ինչը պայմանավորված է բացառապես այն բանով, որ վերջինս այսօր զինտեխնիկայով եւ կենդանի ուժով ժամանակավորապես գերազանցում է ՀՀ զինված ուժերին եւ ԱՀ պաշտպանության բանակին:
Այստեղ պետք է արձանագրել, որ Ադրբեջանը բոլոր երեք պատերազմներում էլ սպառազինությամբ եւ կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցել է Արցախի զինված ուժերին, սակայն առաջին երկու պատերազմներում պարտվել է, իսկ երրորդում հաջողության հասել միայն դաշնակից երեք երկրների եւ ջիհադիստ ծայրահեղականների աջակցության շնորհիվ: Այսօր հայկական կողմը սահմանին ադրբեջանական սադրանքներին համարժեք չի արձագանքում ոչ թե այն պատճառով, որ ավելի քիչ սպառազինություն ունի, այլ՝ բացառապես տարածաշրջանում խաղաղության պահպանմանն առաջնահերթություն տալով: Միանշանակ է, որ Ադրբեջանի նման պահվածքի շարունակության եւ սահմանային իրավիճակի ծայրահեղ վատթարացման դեպքում հայկական կողմերը կարող են նաեւ այլեւս խաղաղության հաստատման միակ ուղին տեսնել համարժեք պատասխանի մեջ:
Այլ կերպ ասած՝ ՀՀ-ն շարունակելու է իրականացնել իր պետության անվտանգության ապահովման գործողությունները, առավել եւս, որ այն պարտադրվում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքով: Հայաստանին ոչինչ չի կարող խանգարել իրացնելու իր բոլոր իրավունքները՝ որպես ինքնիշխան պետություն: Իսկ Ալիեւն ընդամենը փորձում է առաջին հերթին իրեն, ապա նաեւ իր քաղաքացիներին համոզել, որ հաղթող կողմ է՝ մոռացության տալով դաշնակից երկրների եւ ջիհադիստների որոշիչ աջակցությունը: Ավելորդ չէ արձանագրելը, որ Բաքուն արդեն վերջին սահմանային սադրանքներին ստացել է շատ ցավոտ պատասխաններ, որոնք ցանկացած բանական էակի մտորելու առիթ կտային:
Համատեղ հայտարարության մյուս կարեւոր ուղերձը վերաբերում է ՀԱՊԿ-ի գործառույթների կատարելագործմանը, որն այսօր Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչն է: ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Կողմերն, ընդունելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության առանցքային դերը, հաշվի առնելով Կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը, հաստատեցին պատրաստակամությունն ակտիվացնել ջանքերը հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների ներուժի մեծացման, այդ թվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի, Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ամրապնդել համակարգումը եւ աջակցել ՀԱՊԿ գործընկերային կապերի ընդլայնմանը»:
Վերեւում շարադրված երկու առանցքային ամրագրումներն այսօր Հայաստանի եւ Արցախի օրակարգային առաջնահերթ հարցերի պատասխաններն են, որոնք նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ամրապնդման գործուն միջոցներ են, առանց որոնց անհնար է ցանկացած բանակցային գործընթացի վարումը: