Այս օրերին, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, անշուշտ, բոլորիս առաջին հերթին հետաքրքրում է անչափ կարեւոր մի հարց՝ ինչպե՞ս են կազմակերպվում բեռնափոխադրումները ՌԴ-ից դեպի Հայաստան, հատկապես՝ հացահատիկինը: Հացի պակաս մենք չե՞նք զգա:
«-Ոչ, հացի պակաս մենք չենք զգա: Հացահատիկի, ալյուրի մատակարարումները շարունակվում են, ընդհատվելու «ցանկություն» չունեն,-«ՀՀ»-ի հարցին պատասխանեց «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, պատվավոր երկաթուղային Ռաֆայել Սեխլեյանը:-Ուկրաինական պատերազմը խաղաթղթեր խառնեց, ընդհատվեցին Ուկրաինայից լաստանավով բեռնափոխադրումները դեպի Հայաստան: Բայց հայ գործարարների շնորհիվ հաջողությամբ շարունակվում է Ռուսաստանի Ռոստովի, Ստավրոպոլի, Կրասնոդարի մարզերից հացահատիկի, ալյուրի տեղափոխումը մեր երկիր՝ 22 տոննա բեռնատարողությամբ մոտ 100 բեռնատար մեքենաներով: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն եւս անմասն չէ այդ գործից: Շատ շուտով երկաթուղին ավելի կմեծացնի մեր երկիր հացահատիկի մատակարարման գործում իր ունեցած դերը: ՀՀ կառավարության առաջարկով ընկերությունը ձեռք կբերի լաստանավ, որով Ռուսաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ երթուղով բեռնափոխադրումները կիրականացվեն մեծ ծավալով. լաստանավը կգործի Նովոռոսիյսկ քաղաքից 12 կմ հեռավորությամբ գտնվող «Կովկաս» նավահանգստից Բաթումի նավահանգիստ երթուղով եւ հակառակ ուղղությամբ: Լաստանավից մեզ համար անհրաժեշտ ապրանքներով գնացքակազմերը Բաթումից Վրաստանի երկաթուղով կհասնեն Հայաստան: Այդուհետ հնարավորություն կունենանք ավելի արագ ու անվտանգ, քիչ ծախսերով եւ ընդամենը մի գնացքով Հայաստան տեղափոխել 65-70 ծանր մեքենաների ողջ բեռը»:
Տեղեկացանք, որ մեր երկիրը շաքարավազի պակաս էլ չի ունենա. օրերս Բրազիլիայից նավով ստացվեց 27 հազար տոննա շաքարի հումք (որից մոտ 80 տոկոս շաքարավազ կստացվի), շաքարի նույնաքանակ հումքով մի նավ էլ ճանապարհին է: Երկաթուղով կանոնավոր ներմուծվում են մեր երկրին անհրաժեշտ բոլոր ապրանքները, ինչպես նախկինում՝ նավթամթերք, բենզին, պարարտանյութեր, խտացված կերեր, թռչնակեր, ինքնաթիռի վառելանյութ: Երկաթուղով արտահանում ենք հանքարդյունաբերական խտանյութեր, խմիչք, հանքային ջրեր, պահածոներ, ալյումինի ֆոլգա, դեղորայք: Ի դեպ, Ռ. Սեխլեյանի վկայմամբ՝ Հայաստանում արտադրվող «Տաուֆոն» անունով աչքի համար նախատեսված դեղը շատ մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Բելառուսում:
Ռ. Սեխլեյանը կարեւոր մի հարցի մասին էլ խոսեց՝ կապված երկաթուղային տրանսպորտի տարածքում անվտանգության կանոնների խախտումների, արձանագրված գողության դեպքերի հետ: Դրանք մեծ հոգսեր են պատճառում հանրույթին, տուժում են նաեւ մեր քաղաքացիները: Վերջերս Սպիտակ քաղաքի երկաթուղային գծանցում աղետալի դեպք է պատահել. մի վարորդ, անտեսելով ավտոմոբիլային երթեւեկության պարտադիր կանոնը, շրջանցել է ուղեփակոցը, հայտնվել գծերի վրա այն պահին, երբ բավականին մոտ էր գնացքը: Կարճ հատվածում անհնար է գնացքի կտրուկ արգելակմամբ կանգառը, ահա թե ինչու հնարավոր չի եղել կանխել աղետը. ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել վարորդը, կինը եւ երեխան: Բժիշկները նրանց կյանքը հազիվ են փրկել, վնասվել են մեքենան, գնացքը:
Ավելի ծանր է եղել կանոնների անտեսումը Բայանդուր կայարանի մոտակայքում: Մի ուսանող, ականջակալներով երգ լսող մի ուսանող չի լսել ժամում 80 կմ արագությամբ ընթացող գնացքի ազդանշանները, հայտնվել է գծերին եւ՝ ողբերգական վախճան:
Պակաս անհանգստացնող չեն գողությունները: Հաղպատ, Վանաձոր, Ալավերդի հատվածներում արձանագրվել են ռելսերում էլեկտրականության հաղորդումն ապահովող լարերի, էլեկտրասնուցման կարգավորող արկղերից կարեւոր դետալների գողության դեպքեր: Դրանք մեծ օգուտ չեն բերում գողացող մարդկանց, բայց տասնապատիկ անգամ ավելի մեծ վնասներ են հասցնում ընկերությանը: Պատկերացնենք՝ ընդհատվում է էլեկտրամատակարարումը, գնացքը կանգ է առնում 4-ժամ, մինչ մասնագետները տեղ կհասնեն եւ կնորոգեն վնասված հատվածը: Լավ է, որ անցյալ տարվա նույն առաջին չորս ամիսների կտրվածքով կանոնների խախտման եւ գողությունների դեպքերը կրկնակի նվազել են: Դրանում դեր է խաղացել ոստիկանության հետ համագործակցված աշխատանքը, դպրոցներում, ուսումնական հաստատություններում երկաթուղու աշխատակիցների կազմակերպած դասախոսությունները , հսկողության ուժեղացումը, կանխարգելիչ այլ միջոցառումները: Այնուամենայնիվ, հարկավոր է առավել զգոն ու կարգապահ լինել, հոգատար լինել մեր կյանքում անչափ կարեւոր դեր ունեցող երկաթուղու նկատմամբ:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի