Ռուսաստանի բանկը ապրիլին երկու անգամ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Երեկ Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը նիստում որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25 տոկոս: Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ ԿԲ-ի՝ տոկոսադրույքը չնվազեցնելու քայլը։ Եվ թե ինչու Ռուսաստանի բանկը կարողացավ մեկ ամսում երկու անգամ նվազեցնել տոկոսադրույքը։
Բանն այն է, որ Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության կոշտացման եւ սահմանափակող միջոցառումների արդյունքում ռուսական ռուբլին արժեւորման միտումներ է ցուցաբերում վերջին շրջանում՝ այս տարվա մարտին արեւմտյան երկրների ֆինանսական պատժամիջոցների արդյունքում առաջատար արժույթների նկատմամբ զգալի արժեզրկումից հետո։ Ռուսաստանի բանկը ռուբլու փոխարժեքի ավելի խոր անկումը կանխելու նպատակով, ի թիվս այլ միջոցառումների, դիմեց նաեւ դրամավարկային քաղաքականության ամենաազդեցիկ գործիքներից մեկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը: Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ 2022 թ. փետրվարի 28-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց մինչեւ տարեկան 20 տոկոս: Բանկը դա պայմանավորեց այն հանգամանքով, որ ՌԴ տնտեսության արտաքին պայմանները կտրուկ փոխվել են, եւ բազային տոկոսադրույքի բարձրացումը հնարավորություն կտա ապահովել ավանդների տոկոսադրույքների բարձրացում այն մակարդակով, որն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու աճող արժեզրկման եւ գնաճային ռիսկերը։
Տնտեսագետ Կարեն Սարգսյանը երեկ «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումներ կայացնելու է՝ հիմնվելով արտաքին ու ներքին պայմանների ռիսկերի գնահատման եւ դրանց նկատմամբ ֆինանսական շուկաների արձագանքի վրա։ «Եվ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ռուսական ռուբլու կայունացման միտումները՝ Ռուսաստանի բանկը նախ այս տարվա ապրիլի 11-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց մինչեւ 17 տոկոս, իսկ արդեն ապրիլի 29-ին՝ կրկին նվազեցրեց այն մինչեւ 14 տոկոս»,- ասաց մասնագետը։
Նա հավելեց, թե արտաքին պայմանները դեռեւս մնում են բարդ եւ զգալիորեն սահմանափակում են տնտեսական գործունեությունը։ Բայց միաժամանակ գնային եւ ֆինանսական կայունության համար ռիսկերը դադարել են աճել ներկա պահին, եւ այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին շաբաթների տվյալների վերլուծությունը վկայում է գնաճի ընթացիկ տեմպերի նվազման մասին՝ ռուբլու արժեւորման եւ սպառողական պահանջարկի կրճատման հաշվին։
Կարեն Սարգսյանը հորդորեց ուշադրություն դարձնել բանկի հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ գնաճի հետագա շարժընթացի վրա ազդող կարեւոր գործոններ կլինեն ներմուծման փոխարինման տեմպերը, ինչպես նաեւ պատրաստի արտադրանքի, հումքի եւ կոմպլեկտավորող դետալների ներմուծման վերականգնման արագությունն ու մասշտաբները։ Ռուսաստանի բանկի որդեգրած դրամավարկային քաղաքականությունը հաշվի է առնելու ռուսական տնտեսության կառուցվածքային վերափոխումը եւ գնաճը միջնաժամկետ հատվածում նպատակային միջակայք վերադարձնելը։ Բանկը հետագա որոշումները կայացնելու է՝ ելնելով նախանշված նպատակային ցուցանիշի հանդեպ գնաճի սպասվող եւ ընթացիկ տեմպերից, տնտեսության վերակառուցման ընթացքից, ինչպեսեւ արտաքին ու ներքին ռիսկերի գնահատականներից, դրանց հանդեպ ֆինանսական շուկայի ունեցած արձագանքից։
Հիմա գանք Հայաստանին։ Վերոնշյալը մեզ որոշակիորեն թույլ կտա հասկանալ մեր՝ չնվազեցված տոկոսադրույքի հանգամանքները։ Կ. Սարգսյանն այն կարծիքին է, որ «ՀՀ ԿԲ կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25 տոկոս, ներկա պահին հարաբերականորեն շատ բարձր չէ՝ հաշվի առնելով արտաքին եւ ներքին միջավայրում առկա գնաճային բարձր ռիսկերը։ Ուստի ներկա պահին վերջինիս նվազեցման համար դեռեւս առկա չեն օբյեկտիվ հիմքեր, ինչը չի բացառում դրա իրականացումը հետագայում»։
Համեմատության համար մեր զրուցակիցը նշեց, որ Վրաստանում ներկա պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 11, Մոլդովայում՝ 12, Թուքիայում՝ 14 տոկոս։ Հետքովիդյան ժամանակահատվածում աշխարհում աստիճանաբար անցում էր կատարվում բարձր տոկոսադրույքների դրամավարկային քաղաքականության՝ պայմանավորված բարձր գնաճի տեմպերը զսպելու եւ համավարակի ազդեցությունների հաղթահարման նպատակով տնտեսության մեջ ներարկված հսկայածավալ դրամական զանգվածի ստերիլիզացման անհրաժեշտությամբ, իսկ 2022 թ. փետրվարի 24-ից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտությունը միայն արագացրեց այս գործընթացը։