Երեկ, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Բավրայից 13 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել նաեւ մայիսի 2-ին։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրափի եւ Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժ էր գրանցվել նաեւ մայիսի 1-ին, եւ այն զգացվել էր Շիրակի եւ Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, ինչպեսեւ՝ Երեւանում, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: Այս լուրերը օրվա լրահոսով անցնում գնում են, մինչդեռ դրա տակ թաքնված հետեւանքները կարեւոր խնդիրներ են, որոնք չլուծելը, աստված մի արասցե, ուժեղ երկրաշարժի դեպքում կարող է հանգեցնել տնտեսական ու ժողովրդագրական լրջագույն կորուստների։
Եթե պատկերը հակիրճ նկարագրենք, ապա այսօր մեր ամբողջ երկրի համար սեյսմակայունության խնդրի լուծումն առաջնահերթներից է՝ եւ՛ բնակֆոնդի, եւ՛ դպրոցների, եւ՛ մանկապարտեզների մասով (ու ոչ միայն)։ Խնդիր, որ այդպես էլ վերջնական լուծում չի ստանում։ Այո, այսօր շենքերի սեյսմակայունության բարձրացումը դարձել է կենսական անհրաժեշտություն։
Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն աշխարհի առավել բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում է։ Եվ մեր երկրի տարածքում հնարավոր են ավելի քան 7.0 մագնիտուդով երկրաշարժեր։ Այս փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Խուսափել չենք կարող։ Բայցեւ չպետք է խուճապի մատնվենք։ Կարելի է ապրել այս իրականության հետ։ Դե ասենք՝ ինչպես Ճապոնիան։ Բայց դրա համար նախ պետք է սեյսմակայունության խնդիրը լուծենք։ Զուգահեռ՝ նախադպրոցական տարիքից բոլորին պետք է սովորեցնել, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել երկրաշարժերի դեպքում։ Մշտապե՛ս սովորեցնել, ոչ թե ցնցումից ցնցում։
1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո (ավերիչը մասնագիտական եզրակացությունն է նաեւ) վերանայվեցին մեր երկրի տարածքի սեյսմիկ պայմանները, կազմվեցին սեյսմիկ վտանգի նոր քարտեզներ, որոնցում տրվեց սեյսմիկ վտանգի իրական մակարդակը: Քաղաքաշինության նախարարությունը հավաստեց (2000-ականների սկիզբ), որ մինչեւ հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանների վերանայումը (1989 թ.) նախագծված եւ կառուցված շենքերը, մասնավորապես բազմաբնակարան շենքերը, չեն բավարարում արդի սեյսմակայունության պահանջներին: Նախարարությունը հանրապետությունում սեյսմիկ ռիսկը համարեց «զգալիորեն մեծ»։ 2014 թ. քաղաքաշինության նախարարությունը գործադիրին մանրամասն ներկայացրեց, թե ինչ վիճակ է մեր շենքերի սեյսմակայունության ոլորտում։ Դրանից հետո որոշվեց՝ օրենսդրական դաշտում շատ բան պետք է փոխվի՝ շինարարական նորմատիվներից սկսած:
Հետո երբ նախարարությունը վերափոխվեց քաղշինպետկոմիտեի, հաստատվեց ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը։ Գործադիրն այդ ժամանակ պնդեց այն, ինչ մենք տարիներ շարունակ ասում էինք՝ այո, հարցի լուծումը ֆինանսական ծանր խնդիր է, բայց հետեւանքների վերացումն ավելի ծախսատար է։
Փորձագիտական գնահատականների համաձայն՝ մեր երկրում կան տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր եւ շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք եւ 98 հազար տարբեր նշանակության շենքեր ու շինություններ (այդ թվում` պատմամշակութային հուշարձաններ): Սրանց գերակշիռ մասը կառուցվել է մինչեւ 1988 թ.: Դարձյալ ըստ փորձագիտական գնահատականների՝ ներկայումս գոյություն ունեցող շենքերի 70 տոկոսը խոցելի է եւ կարող է վտանգ ներկայացնել ընդունված նորմատիվային ուժգնության երկրաշարժերի դեպքում: Փաստ է՝ մեր շենքերի տեխնիկական վիճակի համակարգված հետազոտություններ եւ եզրակացություններին համապատասխան անհրաժեշտ միջոցառումները չանելու կամ թերի անելու հետեւանքով շենքերի զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում եւ «սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չլինելու պատճառով չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը»: Սա մասնագիտական գնահատական է (քաղշինպետկոմի):
Ինչեւէ։ Շարունակենք որոշված քայլերի ներկայացումը։ Սեյսմակայունության բարձրացման ծրագիրը 3 փուլով պետք է արվեր։ Առաջին փուլը պետք է ներառեր 2018-2020 թթ.՝ շենքերի գույքագրում, շենքերի սեյսմակայունության բարձրացման նոր տեխնոլոգիաների մշակում։ Երկրորդ փուլը 2020-2022 թթ. կտրվածքով էր: Հենց այս ժամանակահատվածում էլ կորոշվեն սեյսմակայունության բարձրացման տեխնիկատնտեսապես արդյունավետ լուծումները: Երրորդ փուլի սկիզբը նախատեսվում էր 2023-ից: Պատերազմն ու քովիդյան շրջանը, անշուշտ, շատ բան փոխեցին։ Դա մեղմացուցիչ, բայց արդարացնող հանգամանք չէ, եթե հաշվի առնենք այս գործի կարեւորությունը…
2021 թ. հաստատվեց տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը։ Ըստ դրա՝ շենքերի տեխնիկական վիճակի գնահատականը ըստ վնասվածության մակարդակի, դասակարգվում է 5 աստիճանի. ա) 1-ին աստիճանի վնասվածության (ոչ կրող տարրերի թեթեւ վնասվածքներ): Նախատեսվում է շենքի հարդարանքի նորոգում, բ) 2-րդ աստիճանի վնասվածության (կոնստրուկցիաների չափավոր վնասվածքներ): Նախատեսվում է շենքի հարդարանքի նորոգում` վերականգնելով վնասված տարրերը, գ) 3-րդ աստիճանի վնասվածության (կոնստրուկցիաների զգալի վնասվածքներ): Նախատեսվում է շահագործման ժամանակավոր դադարեցմամբ շենքի վերականգնում, ուժեղացում կամ ուժեղացմամբ վերականգնում ու նորոգում, դ) 4-րդ աստիճանի վնասվածության (կոնստրուկցիաների ուժեղ վնասվածքներ): Չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքի կամ շինության կոնստրուկցիաների վիճակը գնահատվում է վթարային եւ վտանգավոր հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչները կամ շահագործողները ենթակա են տարհանման: 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերն ու շինությունները` պայմանավորված ուժեղացման-վերականգնման աշխատանքների տեխնիկատնտեսական ցուցանիշներով, ենթակա են քանդման` բացառությամբ ճարտարապետական եւ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում, ե) 5-րդ աստիճանի վնասվածության (փլուզում): Նախատեսվում է շենքի ամբողջական քանդում, բացառությամբ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների: Ըստ վնասվածության աստիճանի՝ թիրախային են համարվում հատկապես 3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերն ու շինությունները, որոնք պետք է ունենան առաջնահերթության կարգավիճակ:
Այսինքն՝ մենք ունենք ոլորտի ընդհանուր վիճակի գնահատականը, համապատասխան փաստաթղթերը, շիննորմերը, հայեցակարգը, ծրագիրը։ Մնում է սկսել գործել՝ չգործելու պատճառ միջոցների սղությունը չմեջբերելով։ Հիշենք՝ բնակարանային ֆոնդը երկրի առանցքային ակտիվներից է։ Իսկ եթե նաեւ նկատի ունենանք, որ այդ ակտիվի լավ պահպանումից մարդկանց կյանքն է ուղղակիորեն կախված, ապա բնակֆոնդը դառնում է հիմնական ակտիվը: