ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (այս տարվա ապրիլը նախորդ ապրիլի նկատմամբ) կազմել է 8.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.3 տոկոս: 2022 թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.9 տոկոս։
Պարենային նվազագույն զամբյուղը շարքային սպառողի համար գնալով թեթեւանում է, որովհետեւ օրեցօր ավելի ու ավելի է թանկանում։ Մեկ տարվա կտրվածքով (2022 թ. ապրիլը 2021 թ. ապրիլի համեմատ) հացի, ալյուրի եւ մակարոնեղենի գներն աճել են համապատասխանաբար 14.1, 14.3 եւ 26.5 տոկոսով, իսկ այս մարտի համեմատ՝ 1.7, 2.9 եւ 7.3 տոկոսով: Հաճարը, բրինձը, ոսպն ու հնդկացորենն էլ են թանկացել՝ համապատասխանաբար 19.8, 17.7, 34.3 եւ 46.3 տոկոսով (ապրիլը՝ ապրիլի համեմատ)։ Այս տարվա մարտի համեմատ նույն ապրանքների գնաճի թվերը հետեւյալն են՝ 3.1, 2.7, 7.4 եւ 8.9 տոկոս:
Տնտեսագետները գնաճային այս ճնշումները «շատ մեծ» են համարում, նույնիսկ կանխատեսվածից բարձր։ Չեն հերքում, որ գնաճին նպաստող արտաքին բազմաթիվ գործոններ կան։ Օրերս ԿԲ նախագահը հրավիրած մամլո ասուլիսում խոսել էր այդպիսի մի պատճառի մասին՝ ռուս-ուկրաինական հակամարտության, որը շարունակվում է, եւ պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները, ինչն էլ բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական եւ ֆինանսական շուկայի զարգացումների վրա: «Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի»,- նշել էր նա։
Գնաճի այլ պատճառներ էլ կան. օրինակ՝ վառելիքահումքային շուկաներում անբարենպաստ զարգացումները։ Կամ՝ արտաքին շուկաներում պարենի գները՝ պայմանավորված եւ՛ ռուս-ուկրաինական հակամարտությամբ, եւ՛ ռուսական կողմի դեմ կիրառվող ամենատարբեր պատժամիջոցներով եւ՛ ռուսական կողմից դրվող պարենի արտահանման արգելքով ու սահմանափակումներով։ Մեկ այլ պատճառ է ներմուծվող ապրանքի բեռնափոխադրումների ծախսերի աճը։ Քանի որ մենք ներկրող երկիր ենք, արտաքին շուկաներում գնաճն ինքնաբերաբար եւ ուղղակիորեն մեզ վրա է անդրադառնում։ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Բնականաբար՝ գնաճային ռիսկերը՝ նույնպես։
Բայց սա արձանագրել ու սպասել մինչեւ արտաքին ազդակները հօգուտ մեզ կլինեն, մեղմ ասած, ճիշտ չէ։ Պետք է փորձենք ինքներս մեր ոտքի կանգնելու հարցը լուծել։ Դրա համար նախաքայլը տնտեսության վերականգնումն է։ Արա՛գ վերականգնումը։ Քայլերը կան, մասնագետները նշում են։ Եվ ամենակարեւոր քայլերը, որոնց կարեւորության մասին խոսում են, առաջին հերթին տնտեսության որակի ու մոդելի փոփոխությունն է, երբ զարգացման ուղիներ ինքներս կմտածենք ու առաջարկի մոդելով հանդես կգանք։ Մյուսը իրական շահույթներին հետեւող եկամտային քաղաքականությունն է։ Պետք է մասնագիտորեն հստակ հաշվարկված ծրագրեր իրականացնենք այն ոլորտներում, որտեղ ներուժ կա։ Գյուղատնտեսությանը պետք է իրակա՛ն աջակցություն ցուցաբերենք՝ ձեռնտու վարկավորումից սկսած մինչեւ տեխնիկական ու տեխնոլոգիական օժանդակություն։ Միայն այսպես կկարողանանք բարձրացնել մեր տնտեսության դիմադրողունակության մակարդակը թե՛ արտաքին շոկերի ու թե՛ ազդեցությունների նկատմամբ։