Պատմության նենգափոխումները մեծ վտանգ են ներկայացնում մարդկության, այդ թվում՝ հայերիս համար։ Ներկայումս առավել ագրեսիվ եւ լայնամասշտաբ բնույթ է ստացել հայոց պատմության, մշակույթի եւ ինքնության դեմ տարվող նենգափոխումների քաղաքականությունը։ Հետեւաբար, այսօրվա հրամայականն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված բոլոր գիտակից եւ կարող ուժերի համախմբումն ու միասնական քաղաքականության մշակումը։ Նկատենք, որ հայկական պատմամշակութային ժառանգությանն ուղղված նենգափոխումները, հարձակումները տեղի են ունենում թե հուշարձանների ու պատմական նշանավոր անհատների, թե պատմական իրադարձությունների ու հայ ազգի հաղթանակների վիճարկման ուղղությամբ։
Երեւանի պետական համալսարանը՝ պատմության, աստվածաբանության ֆակուլտետները, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի հետ համատեղ, ինչպես նաեւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական գիտական կենտրոնի աջակցությամբ նախօրեին հրավիրել էր «Մեծ հաղթանակը եւ պատմության նենգափոխումները» խորագրով միջազգային գիտաժողով։ «ՀՀ»-ի հետ զրույցում ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը նշեց, որ գիտաժողովի շրջանակներում ընդունված բանաձեւի հիման վրա որոշվել է ստեղծել խորհուրդ, որը հնարավորություն կտա մոնիտորինգ իրականացնել՝ ներգրավելով համալսարանականների, ակադեմիայի ներկայացուցիչների, անկախ փորձագետների, եւ պատասխանել բոլոր այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք տեղեկատվական ոլորտում մեր դեմ վերածվել են հսկայական ալիքի։
Խաչատրյանի խոսքով՝ մեր հակառակորդը կեղծարարությամբ է զբաղվում շատ վաղուց, արդեն 18 տարի է՝ նրանց ակադեմիայում գործում է Զիա Բունիաթովի անվան հատուկ բաժին. «Բունիաթովն իր ամբողջ կյանքը ծառայեցրել է հայկական ինքնության ոչնչացմանն ուղղված աշխատանքներին, եւ հիմա նրա հետեւորդները հայտարարում են, որ վերջապես նրանց հաջողվել է ճշգրիտ իրականացնել կարեւորագույն նվաճումներից մեկը՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքները տեղափոխել ամենաքիչը հազար կմ-ով, այսինքն՝ դուրս բերել հայկական բնօրրանից։ Աբսուրդի է հասնում այն, որ այդ կեղծ թեզերի հիման վրա նրանք անգամ դատավարություն են փորձել սկսել Չիկագոյի համալսարանում գործող քարտեզներ տպագրող խոշորագույն կենտրոններից մեկի դեմ՝ դժգոհելով, թե ինչու աղվանական տարածքը 18 դար չպետք է պահպանվի այսօր պատկերացվող սահմաններում»։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը կարեւորում է մեր պատմությունը կեղծելու Ադրբեջանի բոլոր փորձերի բացահայտումը, ընդ որում՝ ցույց տալով դրանց միտումնավոր բնույթը եւ շարունակականությունը։ Նորություն չէ, որ այդ պետությունը, իր ձեւավորման առաջին օրերից սկսած, պետական մակարդակով փորձել է յուրացնել կամ խեղաթյուրել հայոց դարավոր պատմությունը՝ սկսած հայ ժողովրդի կազմավորումից մինչեւ մերօրյա պատմական իրադարձությունները։ «Բռնագրավելով եւ յուրացնելով հայկական տարածքները, նրանք ոչ միայն վերացնում են հայկական հետք հիշեցնող պատմական հուշարձանները, այդ թվում՝ գերեզմանաքարերն ու խաչքարերը, այլեւ օտարերկրյա տարբեր գրչակներին կաշառելով՝ փորձում են նրանց օգտագործել մեր հերոսական պատմությունները, հայ ժողովրդի ձեռք բերած հաղթանակները նսեմացնելու համար»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է վեր հանել մշակույթի այն բոլոր ձեռքբերումները, որոնք կեղծվում են Ադրբեջանի եւ օտարերկրյա «գիտնականների» կողմից։
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն անդրադարձավ ադրբեջանական ինքնության փնտրտուքների պատմությանը եւ կեղծարարությունների շղթային, որոնք վերաբերում են նաեւ կրոնադավանական ուղղությանը, երբ Արցախի հայությանը ներկայացնում են աղվաններ, որոնք, իբր, հայացվել են հայկական եկեղեցական կառույցների կողմից։ Այս քաղաքականությունը նա համարում է երկդիմի. մի կողմից՝ Ադրբեջանն այդ ամենը հայտարարում է աղվանական, սակայն մյուս կողմից՝ փորձում է ոչնչացնել տեսադաշտից դուրս մնացած հայկական ժառանգությունը։ «Ամենակարեւորն այն է, որ հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը պետական քաղաքականություն է։ Արցախի տարածքում կան նշանային հուշարձաններ, որոնք 19-րդ դարի վերջից հայտնի էին արեւմտյան գիտությանը, նրանց ուշադրության կենտրոնում էին, եւ այս մասով Ադրբեջանը խնդիր ունի, թե ինչպես վարվել այդպիսի հայտնի նշանային հուշարձանների հետ։ Ադրբեջանական քաղաքականության ամենամեծ խոչընդոտն այս ասպարեզում Տիգրանակերտն է, որովհետեւ քաղաքը ստեղծված է հելենիստական հենքի վրա, եւ Ադրբեջանի նենգափոխման քաղաքականության շրջանակներում հնարավոր չէ այն անվանել աղվանական»,- մանրամասնեց Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ արբանյակների միջոցով հետեւում են, եւ առայժմ կարծես թե տիգրանակերտյան կառույցները որեւէ փոփոխության չեն ենթարկվել։
Մի խումբ մասնագետներով ստեղծել են ակադեմիական հարթակ՝ ուղղված աշխարհի գիտական հանրույթին։ Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Հայկուհի Մուրադյանը նշեց, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանության նպատակով ստեղծել են https://monumentwatch.org/ կայքէջը, որն անկախ ակադեմիական հարթակ է եւ կոչված է արձանագրելու, ներկայացնելու եւ մեկնաբանելու Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները։ «Ադրբեջանական պետական քաղաքականությունը միտված է առաջին՝ ֆիզիկապես ոչնչացնելու այն ժառանգությունը, որը չի ներկայացնում նշանային հուշարձաններ եւ միջազգային ճանաչում, երկրորդ՝ փորձում է ջնջել նշանային հուշարձաններից հայկական ինքնությունը»,-ասաց մշակութաբանը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության թիրախավորման արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ հետո։
Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովն ընդգծեց, որ վերջին տարիներին շատ ակտիվ զարգանում է պատմության նենգափոխումը, այսինքն՝ մոտեցումները դառնում են ընտրողական, եւ ամեն ինչ հարմարեցվում է նպատակներին։ «Պատմությունը քաղաքականացված ոլորտ է, այն գիտելիքների համախումբ է, որը պատմում է, թե ինչպիսի տեսք ուներ անցյալը՝ հենվելով հնագիտական նյութերի կամ այլ փաստերի վրա։ Իրականում պատմության նենգափոխումն անհարգալից եւ բազմաշերտ մոտեցում է։ Կան հեղինակներ, որոնք իրենց կյանքն են նվիրել այդ փաստերն ուսումնասիրելուն, մինչդեռ նենգափոխողները թեթեւությամբ ջնջում են այն ամենը, ինչ իրենց դուր չի գալիս»,- ասաց ռուս դիվանագետը։
Քաղաքական գիտությունների դոկտոր, գլոբալացման շահերի աշխարհառազմավարական հավասարակշռության եւ հումանիտար ասպեկտների գծով վերլուծաբան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների եւ արտաքին քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, արտակարգ եւ լիազոր բանագնաց, Ռուսաստանի խորհրդի միջազգային գործերի գծով փորձագետ Վլադիմիր Պրյախինի գնահատմամբ՝ այսպիսի գիտաժողովների կարեւորությունը այն է, որ մեկ անգամ եւս հնարավորություն է տալիս բարձրաձայնելու եւ ներկայացնելու Համաշխարհային երկրորդ պատերազմը եւ, ընդհանրապես, պատերազմը իմացողների հիշողությունները։ Դա առավել կարեւոր է դառնում այն պատճառով, որ ինֆորմացիոն դաշտում ավելի մեծ տեղ են սկսում զբաղեցնել մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է պատերազմը, բայց ցանկանում են դատել պատերազմի մասին՝ չխորշելով պատմության նենգափոխումներից։
Չորս տարի շարունակ աշխատելով Հայաստանում՝ Պրյախինը սիրել է հայերին եւ Հայաստանը, քանի որ «լինելով համեմատաբար փոքրաքանակ ազգ, հայերն ունեն գլոբալ մտածողություն»։ «Հայերի մոտ պահպանվել է այն մակրոհայացքը համաշխարհային գործընթացների վրա, որոնք ունեցել եք այն ժամանակ, երբ գերտերություն էիք, ինչպիսին եղել է Ուրարտուի, Կիլիկյան թագավորությունների ժամանակ»,-շեշտեց Պրյախինը։
ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Վարդգես Արծրունու անվան Սեւ եւ Կասպից ծովերի տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաեւսկին հայերի եւ Հայաստանի դեմ ուղղված քաղաքականությունը բացատրում է նրանով, որ մենք, որպես ազգ եւ պետություն, խոչընդոտում ենք պանթուրանական ծրագրերի իրականացմանը։ Առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Թուրքիայի պարտությամբ պանթուրքիզմի ու պանթուրանիզմի կյանքի կոչումը ոչ թե չեղարկվեց, այլ ընդամենը հետաձգվեց։ «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի կողմից ստեղծվեց գաղափարախոսություն, որը նման էր ֆաշիստականին, երբ դրված էր թուրքի գերազանցության գաղափարը։ Մենք վկան ենք, որ «Գորշ գայլերն» այսօր էլ գործում են: Արցախյան հակամարտության սկզբից ի վեր նրանք իրենց դրսեւորել են եւ Ադրբեջանի հետ անմիջական առնչություն ունեն հայ ազգաբնակչության հանդեպ գործած հանցագործություններում։ Ցեղասպան գործողությունների հիմքում նաեւ նրանք են կանգնած եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան իր ծրագրերն է իրականացնում նաեւ Ուկրաինայում ոչ միայն բայրաքթարներ, այլեւ, ըստ որոշ տվյալների, ուղարկելով «Գորշ գայլերի» շուրջ 3000 զինյալների։
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ այսօրվա գլոբալ գործընթացներն ունեն որոշակի հատկանիշներ, որոնցից է բռնության լեգալացումը, միջազգային իրավունքի այլասերումն ու արժեզրկումը. «Ուկրաինական դեպքերի կապակցությամբ Արեւմուտքը Ռուսաստանին է մեղադրում, իսկ Ռուսաստանը՝ Արեւմուտքին, մինչդեռ Արցախում թուրքերի իրականացրած ցեղասպանական գործողությունների մասին բոլորը լռում են։ Մեր խնդիրն ու անելիքը երեւույթների խորքային գործընթացների բացահայտումն եւ գնահատումն են»։
«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանն ընդգծեց, որ անպատիժ մնալը նորանոր հանցագործությունների խթան է դառնում. եթե ժամանակին ՄԱԿ-ը, ԽՍՀՄ իրավասուբյեկտայնության ժառանգորդ Ռուսաստանը, հետագայում նաեւ՝ Մինսկի խմբի համանախագահները դատապարտեին խորհրդային Սումգայիթում իրականացված ցեղասպանությունը, ապա միգուցե հնարավոր կլիներ կանխել 2020 թ. արմենոցիդով շաղախված պատերազմն ընդդեմ Արցախի։ «Բանը հասավ նրան, որ Շուշիում որսացին Սումգայիթից փախած Ջոնիկ պապիկին եւ գլխատեցին, իսկ Հադրութում էլ հայտնաբերեցին եւ խոշտանգումների ենթարկելով՝ դաժանաբար սպանեցին 1990 թ. Բաքվից փախած Բենիկին եւ նրա կնոջը»,- ընդգծեց Ավագյանը։
Միջազգային հանրությունը կարճ հիշողություն ունի։ Իլհամ Ալիեւը 2006-ին ծանր հարված հասցրեց Նախիջեւանի հայկական ժառանգությանը, ոչնչացրեց, հողին հավասարեցրեց Ջուղայի գերեզմանոցը, եւ ՄԱԿ-ը որեւէ գնահատական չտվեց այդ ամենին, իսկ այսօր դրան ավելացան արդեն Արցախի հուշարձանները։ «Հանգիստ, առանց որեւէ խոչընդոտի ավերում եւ ոչնչացնում են իրենց վերահսկողության տակ անցած տարածքների հայկական պատմամշակութային հետքը։ Արցախում հայը տվեց հազարավոր կյանքեր, հայրենիքի կորուստ, սեփականության, անցյալի նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների կորուստ, դեռ երկար կրելու է որբացած, դաժան մանկության եւ որդեկորույս ծնողների ցավը, փախստականների, հաշմանդամ դարձած մի ամբողջ սերնդի խնդիրները, իսկ թուրքը կրկին ձեռք բերեց հայերից ազատված տարածքներ, սեփականություն, հայերի հանդեպ նոր ցեղասպանական գործողություններ տանելու անհագ մոլուցքի բազմապատկում, ինչը հենվում է Հայոց ցեղասպանության անպատժելիության գիտակցության վրա»,- ասաց նա՝ շեշտելով, որ հայկական մշակութային ժառանգությունը կփրկվի միայն այն տարածքներում, որոնք կլինեն հայկական վերահսկողության ներքո, հայկական պետականության սահմաններում։
Ռեժիսոր, բեմադրիչ Խաչիկ Չալիկյանի խոսքով՝ մեր դեմ ուղղված կեղծիքն աներեւակայելի չափերի է հասնում, ինչն անընդունելի է, սակայն նույնքան անընդունելի է մեր հանդուրժողականությունը։ «Ցավոք, մենք դուրս ենք մղվել ժամանակի օրակարգից։ Հայի իրական ինքնությունն արթանանում է միայն ճշմարիտ ոգու, ճշմարտության, ժամանակի հետ ճիշտ հաղորդակցման պայմաններում»,-ասաց Չալիկյանը՝ միաժամանակ կարեւորելով այսպիսի գիտաժողովների միջոցով գործնական քայլերի իրականացումը։
Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահան Բաբախանյանի կարծիքով՝ նենգափոխման ձեւերից է նաեւ լռությունը։ Նրա խոսքով՝ Նյուրնբերգի դատավարությունը, որը տեւեց 360 օր եւ փաստագրվեց 40 հատորներում, ունի նաեւ «սպիտակ հետքեր», այն էլ՝ բավական սկզբունքային։ Առաջնային նպատակներից է եղել հանցագործությունների հետագա կրկնությունների բացառումը, սակայն դրանք տեղի ունեցան աշխարհի տարբեր անկյուններում, ավելին՝ հանցագործները հերոսացվում են, մարդատյաց գաղափարախոսությունները՝ կատարելագործվում, իսկ ցեղասպանական գործողությունները՝ շարունակվում։ «Արեւմուտքն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են ցեղասպան գործողությունների մեջ, մինչդեռ նման առաջին ոճիր գործած պետությունը՝ Թուրքիան, փորձում է հանդես գալ միջնորդի դերում։ Հանցագործություններ կատարած անհատներին պատժելուց առավել կարեւոր է դառնում ոճրագործ պետությանը պատասխանատվության ենթարկելը»,- նշեց Բաբախանյանը։