ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հունիսի 6-8-ին մի քանի հանդիպումներ ունեցավ ԱՀ պետական այրերի հետ։ Հանդիպումների հիմնական թեման եղել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով Արցախից տեղահանված եւ մինչ օրս ՀՀ տարբեր մարզերում ու Երեւանում տեղավորված ընտանիքների բնակարանային հարցերի լուծումը։
Հունիսի 6-ին Մ. Վիրաբյանը եւ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը քննարկել են ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած՝ տեղահանված արցախցիներին բնակարաններ տրամադրելու գործընթացի, բնակարանների՝ ըստ առաջնահերթության տրամադրման հետ կապված հարցեր, ինչից հետո անդրադարձել նաեւ դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերին (փաստաթղթերի ընդունումից մինչեւ այլ կազմակերպչական հարցեր)։ Մ. Վիրաբյանը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին է փոխանցել տեղահանվածների մասին անհրաժեշտ տեղեկություններ։ Հաջորդ օրը՝ հունիսի 7-ին, Մ. Վիրաբյանն ընդունել է Արմեն Մանգասարյանին եւ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին։ Դարձյալ քննարկվել է տեղահանված եւ ՀՀ-ում տեղավորված արցախցի ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը, բայց՝ պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ընտանիքների։ Հանդիպմանը ներկա են եղել զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ծնողներ եւ ընտանիքների անդամներ, ովքեր հարցեր են ուղղել պետական այրերին, ստացել պատասխաններ եւ համոզվել, որ երկար սպասված ծրագրի գործարկումն արդեն իրականություն է դառնում:
Ա. Մանգասարյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն արդեն տեղափոխվում են առարկայական փուլ եւ շուտով հնարավոր կլինի տեսնել արդյունքը: Ըստ Ա. Մանգասարյանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքներին, բացի Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հավաստագրերից, ըստ հաջորդականության (բնակարանը ձեռք բերելուց հետո) կտրամադրվեն նաեւ բնակտարածքի կահավորման սերտիֆիկատներ (ծրագիրը կգործարկվի համապատասխան որոշմամբ հաստատվելուց հետո): ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացրեցին, որ առայժմ փաստաթղթերի ընդունման գործընթացը չի մեկնարկել. մանրամասները քննարկելուց եւ ամբողջացնելուց հետո համապատասխան գերատեսչությունները կտարածեն հայտերի ընդունման մասին հայտարարություն։ Նախատեսած է՝ պատերազմի ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների բնակտարածքի ձեռքբերման արժեքի պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կազմում է 20 մլն դրամ, երեք անձի դեպքում՝ 21 մլն դրամ, իսկ չորս եւ ավելի անձանց դեպքում՝ 22 մլն դրամ: Բնակտարածքի կահավորման համար պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կկազմի 1 300 000 ՀՀ դրամ, երեք կամ չորս անձի դեպքում՝ 1 600 000 ՀՀ դրամ, հինգ եւ ավելի անձանց դեպքում՝ մինչեւ 2 000 000 ՀՀ դրամ։
Հունիսի 8-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Միքայել Վիրաբյանն ԱՀ խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։ Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երեւանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի եւ օպերատիվ շտաբի մշտական կապը։
Հանդիպմանը ներկա էր օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։