ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ երեկ Երեւանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ նեղ, ապա նաեւ ընդլայնված կազմով։ Նիստի քննարկման հիմնական օրակարգը վերաբերում էր ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում իրադրության զարգացման միտումներին եւ դրանց ազդեցությանը կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա։
Խորհրդի նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն՝ միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ծրագիրը առաջիկա երեք տարվա ընթացքում արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ: Նշենք, որ այս տարի նշվում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30 եւ ՀԱՊԿ ստեղծման 20-ամյակները։
ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ նշեց, որ անդրադարձել են նաեւ կազմակերպության ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցերին, ինչը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է։ «Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցած դեպքերին, սակայն առայսօր բաց է մնում Հայաստանի ինքնիշխան տարածք 2021 թ. մայիսից սկսված՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հարցը»,- շեշտեց Միրզոյանը։ Նա հավելեց, որ նիստի ժամանակ նաեւ դիտարկել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը, Հավաքական անվտանգության խորհրդի նիստի որոշումների իրականացումը, որոնք ընդունվել են անցած տարվա սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի շրջանակներում ակտիվ եւ նախաձեռնողական փոխազդեցության կողմնակիցը, որն ուղղված կլինի կազմակերպության անդամ պետությունների միջեւ համագործակցության մեծացմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքականության համաձայնեցման զարգացմանը եւ կազմակերպության դերի ակտիվացմանը միջազգային ասպարեզում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի խոսքով՝ աշխատանքներն ընթացել են կառուցողական, բարիդրացիական մթնոլորտում։ Նա եւս նշեց, որ ԱԳ նախարարները մեծ ուշադրություն են դարձրել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ պայմանավորված առկա զարգացումներով։ «Իրավիճակն իսկապես հեշտ չէ կազմակերպության բոլոր երեք տարածաշրջաններում։ Ինչ վերաբերում է արեւելաեվրոպական տարածաշրջանին, ապա իրադրությունը գնալով վատթարանում է»,- ասաց նա՝ հավելելով, որ ԱԳ նախարարները խոր մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության շարունակական վատթարացման վերաբերյալ։ ԱԳ նախարարների ընդունած փաստաթղթում արտահայտվել է անդամ պետությունների դիրքորոշումը հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման եւ մեկ պետությունների անվտանգությունը մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին: Ընդունված հայտարարությամբ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները նաեւ իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարման ամրապնդմանը:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաեւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման՝ մեխանիզմների կատարելագործման հարցը։ Անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած հունվարյան դեպքերին եւ դրանց կազմակերպության արձագանքին՝ Զասը նշեց, որ այն, ըստ էության, խաղաղապահ գործողության առաջին փորձն էր, երբ գործարկվեց ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգը. «Դա լավ հող նախապատրաստեց այս ոլորտում մեր գործունեության կատարելագործման համար: Արտգործնախարարները տեղեկացրել են ինձ այն աշխատանքների մասին, որոնք արդեն իսկ իրագործվել են ՀԱՊԿ-ի աշխատանքային մարմիններում, եւ մենք մտադիր ենք մոտակա ամիսներին մշակել փաստաթղթի նախագիծ այդ հարցի վերաբերյալ»:
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Միրզոյանը նշեց, որ անդամ պետությունները 30 տարի առաջ պատմական ընտրություն են կատարել՝ հօգուտ խաղաղության ու անվտանգության ապահովման։ «Այդ քայլի ճշմարտացիության վստահությունն ու վստահ աշխատանքը հանգեցրին ՀԱՊԿ-ի ստեղծման, որը քայլ առ քայլ դառնում է ավելի նշանակալի խաղացող մեր երկրների ու ընդհանուր Եվրասիայի տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,- ասաց նա՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը, որպես անվտանգության դոնորի, դեռ աճելու եւ դուրս է գալու Եվրասիական տարածաշրջանի սահմաններից։ Միաժամանակ, նախարարը նկատեց, որ կազմակերպության առջեւ բարդ խնդիր է դրված, քանի որ յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր յուրահատկությունը, տեղային խնդիրները, կարիքները, պահանջներն ու առաջնահերթությունները։
Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կրկին անցկացնել Երեւանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում: Խորհրդի նիստի ավարտից հետո ՀՀ ԱԳ նախարարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ Հայաստանի ազգային փոստային օպերատորի գլխավոր տնօրենը մարել են փոստային նամականիշ՝ նվիրված ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը։
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն ու կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։