Փորձը ցույց է տվել, որ երբ Սեւանի մակարդակը բարձրանում է, լիճը համեմատաբար ինքնամաքրվում է՝ կեղտաջրերով հանդերձ նույնիսկ: Ապացույցը կա. 2000-ականներին մի քանի տարի անընդմեջ լճի մակարդակի բարձրացումը դա ակնառու ցույց տվեց։ Այդ մակարդակի բարձրացումն անհրաժեշտ է նաեւ էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից։ Կարմիր գրքի (2010 թ.) մեջ են գրանցվել Սեւանի իշխանը, Սեւանի կողակը եւ Սեւանի բեղլուն: Ձկնատեսակների թվաքանակի կրճատման հետեւանքով (ռազմավարական պաշարի մասին է խոսքը) լճային էկոհամակարգում տեղի են ունենում օրգանական նյութերի ինտենսիվ կուտակում եւ ճահճացմանը հանգեցնող գործընթացների արագացում, ինչը եւս բացասաբար է անդրադառնում Սեւանի ջրային էկոհամակարգի վրա: Լճի մակարդակի բարձրացումը քիչ թե շատ գալիս է փրկելու այս վիճակը (քիչ թե շատ ենք ասում, քանզի հարկ է նաեւ ջրի որակական խնդրի մասին մտածել)։
Զուր չէ, որ մասնագետները նույնպես պնդում են Սեւանի մակարդակի բարձրացման հույժ կարեւորությունը։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Երեւանում տեղի ունեցավ «Սեւանա լճի ավազանում առաջնահերթ նյութերի եւ որոշ այլ աղտոտիչների պարբերական մոնիթորինգի բարելավման կարիքների գնահատում» աշխատաժողովը: ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, ներկայացնելով Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ անելիքները, շեշտել է, որ սահմանված նշաձողը՝ Սեւանա լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1903,5 մ նիշը, բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար: Լճի մակարդակը պետք բարձրացվի մինչեւ 1909 մ նիշը, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա: Ընդ որում, Ս. Մինասյանն ասել է այն, ինչ հունիսի սկզբի հրապարկումում «ՀՀ»-ն էր պնդում. այն է՝ խնդիրներին պետք է ամբողջական ու համալիր լուծում տրվի։ «Սեւանա լճի էկոհամակարգի էկոլոգիական վիճակի համալիր մոնիթորինգի, գնահատման եւ կանխատեսումների աշխատանքային ծրագիր պետք է մշակվի եւ գործարկվի: Պետք է մոդելավորվի Սեւանը, որի հիման վրա կառավարման ինտեգրալ պլան մշակվի եւ իրականացվի: Եվ դա չպետք է վերաբերի միայն Սեւանա լճի ջրին, ներհոսող գետերին, այլ պետք է առնչվի նաեւ Արարատյան դաշտին, գյուղատնտեսությանը, ոռոգման համակարգին»,- ասել էր ինստիտուտի տնօրենը։
Էկոհամակարգի մասին խոսելիս մի խնդրի մասին էլ չմոռանանք։ Բանն այն է, որ 2016-2018 թթ. հիշյալ ինստիտուտը լճի ավազանում ուսումնասիրությունների ընթացքում ինչպես լճում, այնպես էլ գետերի նստվածքներում հայտնաբերել է Հայաստանում կիրառության համար արգելված պեստիցիդներ կամ դրանց մնացորդներ: Թերեւս միակ հանգստացնող փաստն այն է, որ բացահայտված պեստիցիդներից դեռեւս ոչ մեկը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի արժեքը։ Նաեւ այն, որ ուսումնասիրությունները ձկների օրգանիզմում պեստիցիդներ չեն հայտնաբերել:
Սեւանի մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին խոսելիս «ծաղկման» խնդիրն էլ չմոռանանք։ Այո, ինչպես պնդում են մասնագետները, այս տարի այս պահի դրությամբ դեռ «ծաղկում» չի նկատվել, բայց, ինչպես եւ հավելում են, մտահոգությունը չի վերացել, եւ ճահճացման պրոցեսից լիճն այս տարի էլ չի խուսափի։
Այսինքն՝ ինչ է ստացվում, Սեւանա լճի շատ խնդիրներ (թեկուզ հենց «ծաղկումը», կանաչումը կանխելը, էկոհամակարգը վերականգնելը) կարող են լուծվել լճի մակարդակի բարձրացմամբ։ Տարիներ շարունակ գերշահագործվելով՝ Սեւանը մեզնից մի բան է ուզում… Մինչդեռ պետք է հասկանանք հստակ մի բան. Սեւանը միշտ իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվել է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար: Չպետք է թույլ տանք, որ դա փոխվի: Եվ ի վերջո՝ լիճը մեր ազգային անվտանգության եւ ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է: