«ՀԱԷԿ» ՓԲԸ եւ «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԸ ընկերությունների միջեւ կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը:
Ի դեպ, այս տարեսկզբին, ԱՄԷ Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «ЭКСПО-2020» ցուցահանդեսի շրջանակներում, հունվարի 20-ին է ստորագրվել այս Փոխըմբռնման հուշագիրը՝ «Ռուսատոմ Օվերսիզ» ընկերության՝ ի դեմս նախագահ Եվգենի Պակերմանովի, եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ընկերության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի միջեւ: Եվ այս հուշագրով ՀՀ-ում՝ Հայկական ատոմային գործող էլեկտրակայանի հրապարակում, նոր էներգաբլոկների կառուցման շրջանակներում հնարավոր համագործակցության վերաբերյալ ուսումնասիրությունների եւ դիտարկումների սկիզբ է դրվել: Հուշագրի համաձայն՝ պետք է համատեղ աշխատանքային խումբ ստեղծվեր, որն էլ պետք է զբաղվի փոխանակված տեղեկատվության գնահատմամբ, նախագծի շուրջ կողմերի համագործակցության առավել օպտիմալ տարբերակների եւ նախագծի իրագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակմամբ:
Աշխատանքային խումբը ստեղծվեց, եւ հունիսի 23-ին հերթական նիստ եղավ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի գլխավորությամբ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։ Դեռ առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգում էր մեծ հզորության ՋՋԷՌ տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կառուցվածքի, այդ հիմնավորման կատարման տեխնիկական առաջադրանքի եւ կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:
Բազմիցս նշել ենք, որ Հայաստանն էներգետիկան չպետք է դիտարկի միայն սպառողական տիրույթում եւ միայն այս պահի դրությամբ։ Մենք պարտավոր ենք էներգետիկ ոլորտը դիտարկել աշխարհաքաղաքականության տեսանկյունից՝ հաշվի առնելով միջազգային շուկայում դիվանագիտական տեղաշարժերը, ռիսկերը, հեռանկարները։ Ռուս-ուկրաինական ճգնաժամը եւ, իբրեւ հետեւանք, Ռուսաստան-Արեւմուտք ծավալումները լավագույնս են ապացուցում էներգետիկ քաղաքականության կարեւորությունը։ Հայաստանը հետանկախական շրջանում մշտապես կարեւորել է էներգետիկ անվտանգությունը, այսինքն՝ ոլորտի հանդեպ վերաբերմունքը միայն սպառողական դիտանկյունից չի եղել, եւ հարկ է, որ այսօր էլ այդ անվտանգությունը կարեւորվի եւ մշտապես մնա օրակարգում։
Հատկապես այն պարագայում, երբ` 1. Ըստ Միջազգային էներգետիկ խորհրդի ինդեքսավորման՝ 2021 թ. ՀՀ-ն գրանցել է էներգետիկ անվտանգության ամենացածր ցուցանիշը վերջին 20 տարիների ընթացքում։ 2. 2022 թ. փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի. եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում կա այլընտրանք. էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաեւ մատակարար կազմակերպությունները։ Ազատականացումը ենթադրում է, որ կառավարության կողմից լիցենզավորված ընկերությունները նաեւ իրավունք են ունենալու ավելի էժան էլեկտրաէներգիա ներկրելու արտաքին շուկաներից: 3. Ադրբեջանից եկող ռիսկեը («միջանցքային» տրամաբանությամբ էլեկտրաէներգիայի արտահանում Թուրքիա եւ Եվրոպա) մի կողմ թողած, այս մասին խոսել ենք, ռիսկեր ունենք նաեւ Թուրքիայից։ Այս պետությունը էներգետիկ հսկայածավալ ծրագրեր է իրականացնում եւ 2025թ. նախատեսում է անցնել էլէներգիայի արտահանման ռազմավարության։ Այսինքն՝ մեր ազատականացված շուկան մեզ ակամա դարձնելու է էլէներգիա ներկրող երկիր, եթե մենք չմտածենք մեր էներգետիկ անվտանգության եւ էլէներգիայի արտահանման ուղղվածության մասին։
Ահա այս համապատկերում են կարեւորվում վերոնշյալ աշխատանքային խմբի նիստերը, որտեղ քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ: Խորհրդակցությանը ներկա ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, նախապես ուսումնասիրելով ռուսական կողմի առաջարկները, ներկայացրել են միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման եւ անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը: Ամենակարեւորը՝ քննարկումների եւ տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծել են հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի ու զգալի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում:
Ինչու է կարեւոր նոր ատոմային բլոկ ունենալը։ Մեկ անգամ չէ, որ բացատրել ենք, բայց այս նյութի շրջանակում եթե հակիրճ, ապա՝ հենց մեր երկրի համար հույժ կարեւոր, կենսական էներգետիկ անվտանգության անհրաժեշտությունից ելնելով։ Նրանք, ովքեր հարցը այս տեսանկյունից չեն քննարկում, պարզագույն տեսակետ կներկայացնեն թե՝ որտեղ ենք «տեղավորելու» այդ արտադրանքը, երբ մեր տնտեսությունը հզոր չէ։ Ընթերցողին ընկալելի լինելու համար պարզ պատասխան կարող ենք հնչեցնել. այսինքն՝ հուսով ենք, որ մեր տնտեսությունը երբեք չի՞ հզորանալու, հզորացման ծրագրեր չե՞նք մշակելու, մնալու ենք իբրեւ սպառող երկիր եւ կորցնելու ենք մեր դրական՝ արտահանման հեռանկա՞րը։
Ինչեւէ, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում երեկ ընդգծեց նոր բլոկի կառուցման անհրաժեշտությունը. «Տեխնիկատնտեսական հիմնավորման պարամետրերը, ամենատարբեր գնահատումները կտան բոլոր հարցերի պատասխանները, կբացեն փակագծերը»։
Ընդհանրապես ատոմային ոլորտի մասնագետները ուշագրավ մի բան են բացատրում. որպեսզի նոր ատոմակայանի գինը ձեռնտու լինի, առնվազն երկու բլոկ պետք է լինի։ Դա են վկայում նաեւ իմ բազմաթիվ ուսումնասիրությունները՝ ամենատարբեր երկրների ու ատոմակայանների մասով։ Հեռուն չգնանք. ռուսական կողմից Թուրքիայում կառուցվող ատոմային բլոկների քննարկումներին հետեւենք։ Այդպե՞ս է։ Դիտարկմանս ի պատասխան՝ Մովսես Վարդանյանն ընդգծեց. «Այո, միանշանակ այդպես է։ Օրինակ՝ ընդհանուր կայանային սարքավորումներ կան, որոնք մի բլոկի վրա դրվելով, ավելի թանկ են արժենում, բոլորովին այլ պատկեր է երկու բլոկի պարագայում՝ եւ՛ ձեռնտու է, եւ՛ արդյունավետ, ե՛ւ տնտեսապես հիմնավորված»։
Մասնագիտական մանրամասներով չծանրաբեռնելով՝ կարեւոր մեկ փաստ շեշտենք. այս տիպի ատոմակայանները, որ նաեւ մենք ենք ուզում ունենալ, շուկայում «բլոկներ՝ 100 տարվա համար» են կոչվում՝ նախագծայինով եւ շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությամբ։ Այն թույլ կտա ոչ միայն էներգետիկ համակարգի անվտանգության մասին մտածել, այլեւ, ինչու ոչ, էժան էլէներգիա ունենալ՝ դրական բոլոր՝ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հետեւանքներով հանդերձ։ Հասկանալի է, որ միջազգային հարթակում սա շատերին ձեռք չի տա, ուստի՝ մենք պետք է դիվանագիտական լուրջ աշխատանք տանենք։ 2000-ականների փորձը, երբ եվրոպական ուղղությունը մեզ ստիպում էր փակել ԱԷԿ-ը, ցույց է տվել, որ երբ ամուր ենք մնում մեր դիրքորոշման մեջ, նաեւ հաջողում ենք։ Մեզ մնում է որոշել՝ ուզո՞ւմ ենք էներգետիկ անվտանգություն եւ անկախություն։ Եթե այո, ապա պետք է գործենք։