Հայոց երկրում շատ են լեռնագագաթներն ու բարձունքները, որոնք տարբեր ժամանակներում ծառայել են որպես ամրոցատեղի ու բնակատեղի: Տարածքի բնիկներն ստիպված են եղել բարձրանալ լեռները՝ պաշտպանվելու անընդհատ ասպատակող թշնամիներից:
Կոտայքի մարզում՝ Կոտայքի սարավանդի հյուսիս-արեւելքում է 2528 մ բարձրությամբ Հատիս լեռնագագաթը՝ Կապուտան գյուղից մոտ 2.5 կմ հարավ-արեւելք: Ամբողջ սարավանդում հեռվից երեւում է կոնաձեւ լեռը, որի լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Մայիսի կեսին, երբ բարձրանում էինք, նույն ձորակներում դեռ ձյուն կար, լանջերին՝ գեղեցիկ զանգակներ ու դրանց նման ծաղիկներ, որոնց Մարտունու շրջանում «Ուլի ականջ» ենք անվանում։ Լեռան արեւելյան հատվածում հատկապես կան ժայռոտ ելուստներ, իսկ հարավային ստորոտից սկիզբ են առնում, ինչպես կոչում են, «Քառասունակն» աղբյուրները։ Լեռան գագաթին շատ վաղուց մեր նախնիները հզոր ամրոց են հիմնել, որի ավերակներն ու պարիսպները պահպանվել են եւ պատմում են մեր քաջակորով ու ուժեղ պապերի մասին: Հատիսի գագաթ բարձրացել էի մոտ 30 տարի առաջ, այն ժամանակ շուտ ցած իջանք, եւ չհասցրեցի ուսումնասիրել տարածքը: Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու եւ Լեւոն Մկրտչյանի հետ հասանք լեռան գագաթ: Հմայվեցի մեր աշխարհի հերթական հրաշալիքով: Մինչ այդ եղել էինք նաեւ Իլկասարում, որի գագաթին նույնպես ժամանակին հզոր ամրոց է եղել, Թղիթ ամրոցում, որի հզոր պարիսպները մինչ օրս էլ են անառիկ: Նույն հնագետների հետ շատ ամրոցներ ենք հայտնաբերել եւ ուսումնասիրել նաեւ Արցախում՝ Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Մարտակերտի շրջաններում: Այս տարածքներում նույնպես սարերի գագաթներին կան ամրոցներ՝ Սարիկի ամրոցը՝ Հադրութում, Հանդաբերդն ու Ծարի ամրոցները Քարվաճառում, Կաչաղակաբերդը Մարտակերտում, Միրիկի ու Եզնագոմերի, Որոտանի առափնյա բարձունքների ամրոցները, Խոժոռաբերդն ու այլ բերդեր Քաշաթաղում: Ամենուր նույն պատկերն է՝ մեր նախնիները հզոր են եղել, որ կարողացել են 1-2-3 հազար մետր բարձրություն ունեցող լեռնագագաթներին 3-5 մ հաստությամբ, մինչեւ 10 մ եւ ավելի բարձրությամբ պարիսպներով ամրոցներ հիմնել:
Հատիսի ամրոցը տեղացիներն անվանում են նաեւ Քյոռօղլու ամրոց, Շամիրամի բերդ, պարզապես՝ Բերդ: Թե ինչո՞ւ են կապել Քյոռօղլու հետ, չգիտեմ։ Այդ կիսահեքիաթային, կիսաիրական կերպարը, ըստ պատումների, ապրել է 17-րդ դարում։ Իսկ մեր նշած ամրոցը հազարամյակների պատմություն ունի։ Ընդհանրապես՝ Կոտայքի մարզում շատ տեղանուններ կապված են Հայոց մեռնող ու հարություն առնող թագավոր Արայի հետ: Օրինակները շատ են՝ Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ, Էլար, Արամուս եւ այլն։ Արա Գեղեցիկի եւ Շամիրամի առասպելը հենց այս տարածքում տեղի ունեցած պատմական դեպքերի հետ է կապված, եւ մեր ժողովուրդը Հատիս լեռան գլխի ամրոցը նաեւ Շամիրամի բերդ է անվանում: Կա կարծիք նաեւ, որ Հատիս լեռը խորհրդանշում է Արա գեղեցիկի անդրշիրիմյան կայանքը, որ արքան ողջ է: Միգուցե հենց այս լեռան գլխի ամրոցի աշտարակներից մեկի վրա է Շամիրամը դրել Արային, որ Արալեզները կենդանացնեն նրան։ Քանի որ ավանդույթը՝ Արայի ու Շամիրամի մասին, գալիս է շատ վաղուց։ Այդ մասին մեզ տեղեկացնում է նաեւ Քերթողահայրը՝ Մովսես Խորենացին, ուրեմն դրանք իրապատումներ են՝ նկարագրելով հայ-ասորական հակամարտությունները: Երբ Շամիրամը պատերազմ է հայտարարել Արային ու արշավել Հայաստանի վրա, հնարավոր է՝ սկզբում գրավել է Հատիսի ամրոցը եւ շարունակել արշավը դեպի Արա լեռ՝ Հրազդանի աջափնյակ, որտեղ Արան էր իր բանակով:
Հատիս լեռան վրա գտնվող ամրոցի պարիսպների կիկլոպյան շարվածքները նույնպես հուշում են, որ այն կառուցվել է Ք. ա. առաջին հազարամյակում: Ամրոցի պարիսպները ձգվում են լեռան գագաթով մեկ: Իսկ պարիսպների ներսում եղել են շինություններ, որոնց ավերակները նույնպես պահպանվել են: Հարավարեւմտյան կողմում ամրոցն ունի եռաշերտ պարիսպներ՝ կառուցված մեծամեծ քարերով, առանց շաղախի: Նույն կողմում պարսպի մի հատված իջնում է լեռան լանջով մոտ 200 մետր: Բավական լայն է այն, ունի նաեւ խցեր: Հարավարեւելյան կողմում պարիսպն ավելի ցածում է կառուցված: Հյուսիսային պարսպի սկզբնամասում կա քարանձավ, որի մուտքը վերեւից է: Երբ բարձրանում էինք լեռը, լանջին մոտակա գյուղերից կանայք բանջար էին հավաքում: Հպարտացան իրենց Հատիս սարով, որի վրա հզոր ամրոց է գործել, եւ կապված է Հայոց նվիրյալ արքա Արայի հետ: Սարի գլխից երեւում է Արարատյան դաշտը՝ Մասիսներով, Արագածոտնի մարզը՝ Արագած լեռով, Գեղամա լեռնաշղթան՝ Աժդահակով, Գութանասարը, այսինքն՝ ՀՀ մի հատվածը: Լեռան ստորոտում էլ գարնանային ցանքատարածքներ էին՝ հիացնելով իրենց գեղեցկությամբ: Լեռան գագաթին ուսումնասիրում ենք ամրոցը, լուսանկարում, կատարում դրոնային նկարահանումներ։ Գագաթին շատ էին նաեւ զբոսաշրջիկները։ Վերջացնելով մեր առաքելությունը՝ ցած ենք իջնում եւ շարունակում ճանապարհը դեպի Հատիս լեռան հարավային հատված։ Զառ-Ծար գյուղի մոտակայքում՝ ծովի մակերեւույթից մոտ 1700 մ բարձրության վրա պահպանվել են Բրոնզ-երկաթեդարյան սրբազան լանդշաֆտներ, այսպես ասած՝ մեգալիթյան աշտարակներ, որոնք կրոնածիսական նպատակով են կառուցվել։
Լեռան հարավային կողմում մի ոչ խոր ձորակի արեւելյան ափին բլրակի վրա պահպանվել է նման աշտարակ։ Բուն աշտարակն ունի մոտ 10 մ տրամագիծ եւ կառուցված է բավականին մեծ քարերով։ Բլրի ներքին հատվածում նույնպես պարիսպ է շարված։ Մինչ Լ. Մկրտչյանը դրոնային նկարահանումներ էր կատարում, Ա. Գնունու հետ շրջեցինք տարածքում։ Պարզվեց՝ հնադարյան բնակատեղի է, որտեղ շատ են նաեւ դամբարանները։ Դրանցից մեկի մոտ պահպանվել է նաեւ կուռքի քարե արձան՝ որոշակի քանդակով։ Առավել հետաքրքիր էր ձորակի ժայռոտ ափը։ Այս հատվածում հեռվից էլ նշմարվում էր, որ շրջանաձեւ շարված քարեր կան։ Փարախնե՞ր են, թե՞ այլ նպատակով… Իսկ ձորակի ժայռերից մեկին աստիճաններ էին քանդակել։ Ըստ հնագետների՝ հնարավոր է՝ որպես զոհասեղան է ծառայել։ Ավարտելով նկարահանումները՝ այցելեցինք Զառ-Ծար գյուղի Սուրբ Կարապետ եւ նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ։ Հաջորդ կանգառը Գեղաշեն գյուղում էր, որտեղ կանգուն է 10-րդ դարի Կանաչ խաչ մատուռը։ Սրբատան ներսում կան 2 միջնադարյան խաչքարեր, որոնցից մեկը կիսված է։ Մատուռի բակում՝ ձախ կողմում, 12-13-րդ դարերի ամբողջական խաչքար կա՝ պատվանդանի վրա։ Գյուղից մոտ 3 կմ հարավ՝ բարձր դիրքում, որտեղից երեւում է ողջ բնակավայրը՝ Հատիսի թիկունքում, գտնվում է 17-րդ դարի սրբատուն՝ Սուրբ Սարգիսը, որի ներսում իր չափերով (մոտ 3, 5 մ բարձրությամբ) բավական մեծ խաչքար կա՝ բաժանված կտորների։ Հայտնի հնագետ ու հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը գրում է. «13-րդ դարի ուշագրավ եւ հսկա խաչքարերից մեկն է: Հեծյալի քանդակը, ամենայն հավանականությամբ, ներկայացնում է Պռոշյան իշխաններից մեկին, այլ ոչ թե Սուրբ Սարգսին, ինչպես ժողովուրդն այսօր կոչում է այս խաչքարը: Մի քանի անգամ գնացել եմ, բայց միշտ դժգոհ եմ եղել նկարներից, այսօր ոնց որ թե ստացվել է: Խաչքարը երեք մասի է բաժանված` քիվի երկու բեկորները, որոնք ներկայացնում են Աստվածածնին քառակերպ գահին՝ մանուկ Հիսուսի հետ, ներդրված են 19-րդ դարում կառուցված եւ մեր օրերում վերանորոգված մատուռի արեւելյան պատի մեջ: Խաչքարն, անշուշտ, ժամանակին բացօթյա է եղել: Գեղաշենն իմ մեջ տարօրինակ ապրումներ է առաջացնում, բայց այդ մասին՝ մի ուրիշ առիթով: Շնորհակալություն Տատյանա Վարդանեսովային` ուղեկցելու եւ օգնելու համար»: Գեղաքանդակ խաչքարի ներքին հատվածը, որտեղ ձիավորի քանդակն է, տեղադրված է Սուրբ խորանում։ Ներքին մասն ագուցված է մատուռի արեւելյան պատի մեջ՝ ներսի կողմից։ Հարեւանությամբ նույն խաչքարի այլ քանդակ է՝ Սուրբ Աստվածածինը՝ Հիսուսը գրկում։
Գեղաշենի 2 մատուռները հիմնանորոգվել են վերջին տարիներին՝ պահպանված սրբությունների վրա։ Օրերս հայտարարվեց, որ Հատիսի գագաթին պետք է կանգնեցվի Հիսուսի արձանը։ Համացանցում արդեն լուսանկարներ կան, որոնցում երեւում է՝ արձանի հիմքերի փորման աշխատանքներ են կատարվում։ Բազում մեքենաներ են բարձրացել լեռան գագաթ։ Պարզ է՝ սա մեծ վնաս կհասցնի հատկապես պատմական ամրոցին։ Հնարավոր է՝ բացասական ազդեցություն կունենա նաեւ «Քառասունակն» աղբյուրների վրա։