Հայաստանում մարդկային կապիտալի կառավարման հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետությունը» զրուցել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, հանրային քաղաքականության մասնագետ Մասիս Պողոյանի հետ:
-Ինչպիսի՞ն է մարդկային կապիտալի վիճակը Հայաստանում:
-Միջազգային կառույցներում մի այսպիսի ցուցանիշ կա՝ «Մարդկային կապիտալի տեսանկյունից ձախողված երկրների ցանկ»: Նման հետազոտություն կա, եւ Հայաստանը հայտնվել է այդ ցանկում: Սրանից կարող ենք պատկերացնել, թե որքան անարդյունավետ է Հայաստանում մարդկային կապիտալն օգտագործվում: Բայց միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի կողմից հետազոտություն կա, որով Հայաստանի եւ բոլոր երկրների մարդկային կապիտալը 4 հիմնական բաղադրիչի է բաժանվել, որոնցից երկրորդը մարդկանց մասնագիտական որակավորման աստիճանն է: Ըստ որակավորման աստիճանի, որքան էլ զարմանալի լինի, Հայաստանը 130 երկրի մեջ գրավում է 3-րդ տեղը: Որակավորման աստիճանը որոշում են ըստ բնակչության կրթության մակարդակի: Բայց երբ նայում ենք մյուս ցուցանիշները, թե որքանով են այդ որակավորված մարդիկ կիրառում իրենց գիտելիքները, ըստ մասնագիտության աշխատում եւ դրա դիմաց իրականում վճարվում, ապա այդ ցուցանիշներով Հայաստանը 80-ից կամ 100-ից բարձր մակարդակներում է: Ստացվում է, որ կրթության մակարդակը Հայաստանում բավական բարձր է, բայց այն բավարար արժեք չի ստեղծում կամ համարժեք արժեք չի ստեղծում համեմատած ստացած կրթության մակարդակի:
-Ո՞րն է մարդկային կապիտալի սահմանումը, եւ ե՞րբ է այն գիտական ուղղություն դարձել:
-Մարդկային կապիտալ եզրույթն առաջին անգամ կարելի է տեսնել Ադամ Սմիթի աշխատություններում, սակայն այն տարածվել եւ սկսել է կիրառվել 1950-ականներին, երբ Ջեկոբ Մինսերը գրեց «Ներդրումները մարդկային կապիտալում» աշխատությունը: Տնտեսագիտական մոտեցումը շատ նեղ է դիտարկում մարդկային կապիտալը: Պետք է ասել, որ Օքսֆորդի տնտեսագիտական բառարանում մարդկային կապիտալը բնորոշվել է անձի կամ մարդկանց խմբի գիտելիք, փորձ կամ հմտություն, որը կարող է արժեք համարվել եւ օգտագործվել պետության կողմից: Միջգիտական սահմանումներում կամ սոցիոլոգիայում մարդկային կապիտալը ներառում է շատ այլ ասպեկտներ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության ռազմավարությունում կարելի է տեսնել մարդկային կապիտալի ավելի մեծ ընկալումը, որտեղ մարդկային կապիտալի ձեւավորման բաղադրիչներում դիտարկվում են ծնելիությունը, առողջապահությունը, երկրից միգրացիոն շարժերը եւ միգրացիայի կառուցվածքը, կրթությունը ու այլ հատկանիշներ, որոնք մարդուն հնարավորություն են տալիս տվյալ հասարակության համար արժեք ստեղծել, եւ դրանք կարելի է դասել մարդկային կապիտալի շարքին: Մարդկային կապիտալի բարձրագույն դրսեւորում կարելի է համարել սոցիալական կապիտալը, որն ուսումնասիրվում է սոցիոլոգիայի կողմից:
-Ինչպե՞ս է գնահատվում եւ օգտագործվում մարդկային կապիտալը ընդհանրապես զարգացած երկրներում եւ Հայաստանում՝ մասնավորապես:
-Զարգացած երկրներում մարդկային կապիտալը համարվում է տվյալ երկրի հարստության ամենակարեւոր բաղադրիչը: Օրինակ՝ ԱՄՆ-ում ազգային հարստության 70 տոկոսը համարվում է մարդկային կապիտալը: Դրա մեջ են մտնում մարդկային, մասնագիտական՝ հիմնականում բարձր որակավորման մասնագետները, տաղանդները, լիդերության կարողությամբ բացառիկ մարդիկ, ինչպես նաեւ հասարակության ընդհանուր քանակը, որոնք որոշակի արժեք ստեղծելուց կարեւոր դեր են խաղում այդ պետություններում: Որքան պետությունը զարգացած է, այնքան ազգային հարստության մեջ մարդկային կապիտալի տոկոսն ավելի բարձր է: Օրինակ, ազգային հարստության մեջ ԱՄՆ-ից մի փոքր քիչ տոկոս է կազմում Չինաստանի, դրանից մի քիչ պակաս էլ՝ ՌԴ-ի մարդկային կապիտալի չափաբաժինը: Բայց վերջին երկուսի դեպքում էլ մարդկային կապիտալը գերազանցում է ազգային հարստության 50 տոկոսը: Որպեսզի թյուրիմացություն չլինի, ասեմ, որ այս դեպքում մարդկային կապիտալի արժեքը գնահատված է այդ կապիտալի վրա ծախսված ռեսուրսի հաշվարկի հիման վրա, այսինքն, ծախսերի մեթոդն է կիրառված: Այլ մոտեցմամբ՝ մարդկային կապիտալի արժեքը կարելի է հաշվել ոչ ըստ նրա, թե ինչքան է ծախսվել այդ կապիտալը ձեւավորելու համար, այսինքն՝ մարդու ծնվելու, մեծացնելու, առողջությունն ապահովելու, կրթելու, սոցիալական որակներ հաղորդելու եւ այսպես շարունակ, այլ թե վերջնարդյունքում ինքը՝ մարդը, այսպես ասած՝ ձեւավորված կապիտալը որքան արժեք է կարողանում ստեղծել ինչ-որ միավոր ժամանակահատվածում եւ կախված կյանքի տեւողությունից, մինչեւ իր մահը որքան արժեք կարող է ստեղծել: Մարդկային կապիտալը մարդու արժեք ստեղծելու կարողությունն է:
-Հայաստանում այս ուղղությամբ ի՞նչ քաղաքականություն է տարվում:
-Քանի որ Հայաստանը միջազգային կառույցների գնահատմամբ համարվում է մարդկային կապիտալի առումով հեռանկարային երկիր, ապա ՀՀ-ի զարգացման 2021-26 թթ. ռազմավարության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվել մարդկային կապիտալի զարգացմանը: 2018 թ., երբ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին նոր ձեւավորված կառավարության ներկայացուցիչների եւ ՀՀ 2021-26 թթ. ռազմավարության մեջ մարդկային կապիտալի կարեւոր բաղադրիչ ապահովող ոլորտների պատասխանատու նախարարությունների ղեկավարների տեղակալների հետ: Այդ հանդիպման ժամանակ ՀԲ-ն հայտնեց, որ ըստ իրենց հետազոտությունների, Հայաստանը մարդկային կապիտալի շատ մեծ պոտենցիալ ունի, եւ պայմանավորվեցին, որ մեր երկիրը ներառվում է ՀԲ-ի կողմից իրականացվող Մարդկային կապիտալի զարգացման ծրագրի մեջ, որի շրջանակներում գումարներ են հատկացվում այն ոլոտներին, որոնք նպաստում են մարդկային կապիտալի ձեւավորմանը: Բայց այդ ոլորտները շատ են, որոնք ընդգրկված են նաեւ Հայաստանի ռազմավարության մեջ: Կառավարության 2021-26 թթ. ռազմավարության վրա պետք է մշակվեն մնացած ոլորտների եւ բուհերի ռազմավարությունները, բայց, ցավոք, այնպես չի արվում, ինչպես հարկն է: ՀՀ ռազմավարության մեջ մարդկային կապիտալին վերագրել են վերոհիշյալ 10 բաղադրիչները՝ ժողովրդագրությունը (ծնելիություն), միգրացիան, որի շրջանակներում, կախված միգրացիոն սալտոյից, երկրում մարդկանց քանակը կա՛մ ավելանում է, կա՛մ քչանում, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, աշխատանքն ու սոցիալական պաշտպանվածությունը, երիտասարդությունը, սպորտը, մշակույթը եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտները: Այստեղ շատ կարեւոր է, թե ինչ որակի մարդիկ են լքում Հայաստանը կամ վերադառնում: Վերեւում թվարկածս 10 բաղադրիչների մեջ կան այնպիսիները, որոնք այնքան էլ կարեւոր չեն եւ նույնիսկ անակնկալ էր դրանց հայտնվելը այստեղ, եւ կան բաղադրիչներ, որոնք հիմնական են մարդկային կապիտալի առումով:
-Ի՞նչ ենք հասկանում ժողովրդագրություն ասելով:
-Ժողովրդավարության առումով, ինչքան ծնելիությունը բարձր է, այնքան մարդկային կապիտալը մեր երկրում շատանում է: Մուսուլմանական երկրներում ծնելիության գործակիցը 8 է, այսինքը՝ մեկ ընտանիքում ծնվում է միջինը 8 երեխա: Օրինակ՝ Ֆրանսիայում մուսուլմանների մասով այդ գործակիցը 8.1 է, բայց նույն այդ երկրում ֆրանսիացիների գործակիցը ճիշտ հակառակն է՝ 1.8: Էթնիկ ֆրանսիացիների դեպքում մեկ ընտանիքում ծնվում է մեկ զույգից պակաս երեխա: Ընդ որում, այդ 1.8-ը մինչեւ վերջ չի գնա հասնի զույգավորման, որովհետեւ նրանց մի մասը կմահանա ինչ-որ պատճառներով, մի մասն էլ ընդհանրապես չի ամուսնանա: Այս դեպքում մուսուլմանների մոտ կրոնն ազդում է ժողովրդագրության վրա, նաեւ այլ գործոններ են ազդում: Արեւմտյան արժեքները, ինդիվիդուալիզմը Հայաստանում շատ են տարածված, քան Ադրբեջանում կամ Թուրքիայում: Այս առումով էլ մենք ոչ բարենպաստ վիճակում ենք: Ժողովրդագրությունը մեր թույլ տեղերից մեկն է: Մարդիկ ֆինանսական պատճառներով չեն ուզում ամուսնանալ, ինդիվիդուալիզմի արժեքներն այն ընտանիքներում, որտեղ ուժեղ են, նոր սերունդը հակված չէ ամուսնանալ կամ ամուսնանալուց հետո էլ շատ երեխաներ չեն ունենում: Նաեւ գործոն կա, որ եթե կրթությունը բաձր է, ապա նման ընտանիքներում էլ շատ երեխա չեն ունենում՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով մասնագիտական գործունեության, կարիերայի եւ այլ տարրերի վրա: Ժողովրդագրական գործոնի, ծնելիության հիմնական բեռն ընկնում է միջին շերտի վրա, որովհետեւ աղքատները շատ երեխա չեն ունենում՝ հիմնականում ֆինանսական պատճառով, շատ հարուստներ էլ՝ արժեքային, աշխարհայացքային պատճառներով: Մեր պետությունը պետք է հստակ քաղաքականություն մշակի, որպեսզի պարզի, թե ի՞նչ գնով եւ ծնելիության ի՞նչ մակարդակ է ապահովելու: Մյուս կողմից էլ խորքային ուսումնասիրություններ չկան, թե աղքատ ընտանիքներում շատ երեխաներ ունենալը պետության ռեսուրսների վատնում է, թե ամեն դեպքում այն ավելի մեծ ռեսուրս է: Այսինքն՝ պետք է հստակեցվի, թե ավելի լավ է ունենալ մեկ երեխա եւ նրան մեծացնել, հասցնել տաղանդավոր դեմքի, թե ունենալ երեք երեխա, որոնց ֆինանսավորումը լավ չի լինի, եւ նրանք կդառնան ավելի հասարակ մասնագիտությունների տեր մարդիկ: Այստեղ կա խորքային հետազոտությունների կարիք: Եթե մենք իրոք ուզում ենք հասարակության առավելագույն պոտենցիալն ապահովել, ապա անհրաժեշտ է հետազոտել եւ ժողովրդագրության համար ճիշտ ցանկալի սցենարներ մշակել, հետո այդ սցենարների արդյունքը ստանալու համար քաղաքականություն իրականացնել: Ժողովրդագրությունը նաեւ կախված է ընտանիքի ձեւավորման ինստիտուտից, իսկ Հայաստանում նորմաարժեքային համակարգն այնքան բարենպաստ չէ դրա համար: Վերջին տարիներին մարդկանց ամուսնության միջին տարիքը բավականին բարձրացել է, այսինքն՝ մարդիկ շատ ավելի ուշ են ամուսնանում, քան նախկինում էր, սա նշանակում է, որ ուշ են երեխա ունենում, վերջիններս էլ իրենց հերթին են ուշ երեխա ունենում, եւ սերունդների հաղորդակցությունը քանակական եւ բոլոր առումներով ազդում է դրանց վրա: Կան նաեւ ռիսկեր, որ կարող են ընդհանրապես չամուսնանալ կամ ամուսնալուծություններն ավելանան: Նորմաարժեքային համակարգը, զույգերին ընտրության ինստիտուտների բացակայությունը խանգարում է սրան: Օրինակ, եկեղեցին կարող էր այստեղ լուրջ դերակատարություն ունենալ, շատ մարդիկ կան, որոնք ուղղակի չեն կարողանում իրենց երկրորդ կեսին գտնել՝ հասարակության նորմաարժեքային համակարգի վնասակար նորմերի պատճառով: Հայաստանում չեն աշխատում այն ինստիտուտները, որոնք Եվրոպայում աշխատում են: Այստեղ եկեղեցու դերի, սոցիալական տարբեր ինստիտուտները զարգացնելու շատ լուրջ անհրաժեշտություն կա: Ես 2008-2009 թթ. Հարվարդի համալսարանից ղեկավարել եմ մի խումբ, որը Հայաստանի ոչ ստանդարտ՝ թռիչքային զարգացման ռազմավարություն էր մշակում, որի մեջ թիրախ էր դրված, թե ինչպես կարելի է առավելագույնս ապահովել երկրի տնտեսության եւ մնացած կարողությունների հզորացումը, եւ այնտեղ մեծ տեղ էր հատկացված մարդկային կապիտալին: