Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին արձանագրվում են երեւույթներ, որոնք դուրս են երկու երկրների հասարակությունների քաղաքակիրթ եւ կառուցողական հարաբերությունների ուղղությամբ նախընտրելի քայլերի տրամաբանությունից: Բացարձակ ճշմարտություն է, որ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարության կամքից ու ցանկություններից զատ հարաբերությունների հաստատմանը պետք է պատրաստ լինեն առաջին հերթին այդ երկրների քաղաքացիները, իսկ դրա առաջնային պայմանը միմյանց արժեքները եւ սկզբունքները հարգելն է:
Վերջին օրերին հայկական սոցիալական ցանցերի տիրույթները հեղեղված են թուրք զբոսաշրջիկի տեսագրություններով, որը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղրում է 20-րդ դարի առաջին ոճրագործության զոհերի հիշատակը՝ ցուցադրելով այն իրականացնողների գաղափարական իրավահաջորդների՝ «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը եւ այլ անհարգալից ժեստեր: Կարծել, թե Թուրքիայի քաղաքացին չի գիտակցում, որ իր արարքով վիրավորում է մի ողջ ժողովրդի եւ պետության, որի հետ իր երկիրը փորձում է հարաբերություններ հաստատել՝ ճիշտ չէր լինի: Թուրքիայի հասարակության ներկայացուցիչը պետական վիրավորանքի առումով շատ խիստ է դաստիարակված եւ դեռ փոքրուց գիտի թյուրքական պետությանը եւ թյուրքականությունը վիրավորելու հետեւանքների մասին: Այդ երկրում 2005 թ. օրենքի ուժ տվեցին պետությանը վիրավորելու համար քրեորեն պատժելու ինստիտուտին, որը մինչ այդ այլ ձեւերով էր գործում:
Խոսքը վերաբերում է Թուրքիայի քրեական oրենսգրքի տխրահռչակ 301-րդ եւ 305-րդ հոդվածներին: 301-րդ հոդվածը սահմանում է. «Այն անձը, ով «հրապարակավ կվիրավորի թուրքական ազգը, հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), կբանտարկվի 0.5-3 տարով: Այն անձը, ով հրապարակավ կվիրավորի Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, պետական դատական հաստատությունները, զինված ուժերը կամ անվտանգության ուժերը, կբանտարկվի 0.5-2 տարով… Եթե թուրքական ազգի հասցեին հրապարակավ արված վիրավորանքը հասցվում է արտասահմանում գտնվող Թուրքիայի քաղաքացու կողմից, ապա դրա համար նախատեսված վերոնշյալ պատժաչափն ավելանում է 1/3-ով»:
305-րդ հոդվածով նախատեսված է, որ այն քաղաքացին, ով ուղղակիորեն կամ անուղղակիորեն անձնական շահ ունի օտարներից ու օտար կառույցներից եւ գործում է հիմնական ազգային շահերի դեմ, ազատազրկման է ենթարկվում 3-10 տարի ժամկետով: Թուրքիայի խորհրդարանը 2008 թ. ուղղումներ արեց 301-րդ հոդվածում, որով արդեն հանցագործություն է համարվում «թուրքական ազգին» հասցված վիրավորանքը: Նախկինում այն վերաբերում էր «թուրքականությանը» (թուրքական ինքնագիտակցությանը) հասցված վիրավորանքին: Չնայած կատարվեցին պատժաչափերի մեղմման որոշ փոփոխություններ, բայց քրեական օրենսգրքի բովանդակությունը մնաց անփոփոխ, հակառակը՝ ընդլայնվեցին թիրախի շրջանակները:
Այդ հոդվածների ընդունման առաջին 5 տարիներին Թուրքիայի 6745 քաղաքացու նկատմամբ գործ է հարուցվել, որոնցից 745-ը դատապարտվել են: Նրանց մի զգալի մասը, որոնք հիմնականում գրողներ էին, դատապարտվել են օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ արտահայտվելու համար, իբր թե նրանք կասկածի տակ են դրել թուրքական պատմության պաշտոնական տարբերակը: ՔՕ վերոնշյալ հոդվածով դատապարտվածների մեջ քիչ չեն նրանք, որոնք, ըստ դատարանի, վիրավորել էին Քեմալ Աթաթուրքին: Վերջիններս դատապարտվել էին այնպիսի անհեթեթ հիմքերով, ինչպիսին է, օրինակ, գրողի պատմական փաստագրումը, ըստ որի ժամանակին Աթաթուրքը կնոջ շոր էր հագել, որպեսզի փախչեր մարդասպաններից, կամ այն պնդման համար, որ նրա ժամանակ ստեղծված հանրապետությունը քաղաքական առումով այնքան առաջադեմ չէր, որքան ներկայացվում է:
Թուրքիայում վիրավորանքի եզրույթը բարձրացված է անտրամաբանական մակարդակի, եւ դատարանը պատիժներ է սահմանում նույնիսկ էրդողանին քննադատող ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդեպ: Այսպես՝ Թուրքիայում նախագահին վիրավորանքը քրեորեն պատժելի լինելու հիմքով դատարանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին ժամանակին պարտավորեցրել էր Էրդողանին վճարել ավելի քան 43 հազար թուրքական լիրա՝ Ազգային մեծ ժողովում նրա դեմ արված արտահայտությունների համար։
Նման իրականությունում ծնված ու մեծացած Թուրքիայի քաղաքացին այսօր Ծիծեռնակաբերդում անարգում է 1.5 մլն զոհերի հիշատակը եւ պատմական իրողությունը, այն էլ այն ժամանակ, երբ երկու պետությունների մեջ ընթանում է հարաբերությունների հաստատման գործընթաց՝ ցեղասպանության ճանաչման չլուծված հիմնահարցի պայմաններում: Հայոց եղեռնի ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է, հայ ժողովրդի ինքնության անբաժանելի ողբերգական տարրը: Ըստ պետական արարողակարգի՝ Հայաստան ժամանած ցանկացած այլ պետության բարձրաստիճան ներկայացուցիչ պետք է այցելի Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցի անմեղ զոհերի հիշատակին, երկրների ղեկավարները՝ նաեւ ծառ տնկեն հիշատակի պուրակում:
Պատմական այս շրջադարձային փուլում հայ ժողովրդին ուղղված նման անարգանքը չի կարող պատահական լինել, հետեւաբար չի կարելի, որ այն առանց հետեւանքների մնա, քանի որ առաջին հերթին արարքը պարունակում է իրավական նորմերով պատժելի տարրեր: Մյուս կողմից էլ այն անխուսափելիորեն կհրահրի պատասխան գործողություններ ցեղասպանության զոհերի կենդանի մնացած ժառանգների եւ հայրենասեր հայերի շրջանում՝ բոլոր կանխատեսելի եւ անկանխատեսելի հետեւանքներով:
Այս միջադեպը արդիական է դարձնում նաեւ ՀՀ օրենսդրությամբ ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելու եւ փաստը ժխտելու դեպքերն օրենքով արգելելու հարցը: Ըստ որոշ տեսակետների՝ ցեղասպանությունը կապված է պատմության հետ, եւ քանի որ պատմությունը չի ենթարկվում իրավական կարգավորման, հետեւաբար ցեղասպանության ժխտումը չի կարող դիտարկվել իրավական դաշտում, բայց այն ժխտման դեպքում դատարանի դերը պատմական ճշմարտությունը քաղաքական քարոզչությունից տարանջատելն է: Մյուս կողմից էլ ատելության սերմանումն արգելված է մարդու իրավունքների մասին տարբեր միջազգային կոնվենցիաներով: Այսօր մի շարք երկրներում ընդունված են օրենքներ, որոնք պատիժ են նախատեսում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Այդ երկրների թվում են Սլովակիան, Հունաստանը, Շվեյցարիան, Ուրուգվայը, Սլովենիան, եւ ժամանակն է, որ Հայաստանն էլ ընդունի նման օրենք՝ դիտարկելով նաեւ անմեղ զոհերի հիշատակի անարգման դեպքերը: Մյուս կողմից էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դեպքը լուրջ մտորելու տեղիք է տալիս՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի ֆոնին: