«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության եւ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական եւ տնտեսական համակարգերի արդիականացման հիմնախնդիրների կենտրոնի տնօրեն Վիլեն Վարդապետյանի հետ
Վիլեն Վարդապետյան.- 2006 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան՝ ձեռք բերելով մաթեմատիկոս-տնտեսագետի մասնագիտություն: Աշխատանքային գործունեությունն սկսել է 2005 թ. Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունում, որտեղ աշխատել է մինչեւ 2009 թ.։ Աշխատել է տարբեր գերատեսչություններում, որտեղ զբաղվել է նորմատիվ իրավական կարգավորումների գործունեությամբ, մակրոտնտեսական կանխատեսումներով եւ առկա տնտեսական վիճակի գնահատմամբ, տարածաշրջանային տնտեսական զարգացման հարցերով։ 2009-2012 թթ. աշխատել է ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության եւ պետական կառավարման ակադեմիայում՝ կենտրոնի ղեկավար, որտեղ զբաղվել է տարածաշրջանային զարգացման ռազմավարությունների եւ բիզնեսի համար նոր կրթական ծրագրերի մշակմամբ։ 2010 թ. պաշտպանել է տնտեսական գիտությունների թեկնածուական թեզը՝ «Ռուսաստանում կլաստերների զարգացման կազմակերպչական եւ տնտեսական գործոնները» թեմայով։ 2012-2014 թթ. աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչությունում՝ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար։ 2014-ից զբաղվում է բիզնեսով՝ գիտական, կրթական սարքավորումների եւ էլեկտրոնիկայի ոլորտում, միաժամանակ ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության եւ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական եւ տնտեսական համակարգերի արդիականացման հիմնախնդիրների կենտրոնի տնօրենն է:
-Պարոն Վարդապետյան, այս տարի լրացավ ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին եւ համագործակցության, փոխօգնության մասին միջպետական պայմանագրի 25-ամյակը։ Ինչպե՞ս կգնահատեիք անցած ժամանակահատվածում միջպետական տնտեսական հարաբերությունների ընթացքը։
-Ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների 30-ամյակը կարելի է բաժանել 3 փուլի՝ Խորհրդային Միության տարիներին ստեղծված տնտեսական եւ արդյունաբերական կապերի վերացում (1992-1999), Ռուսաստանի հետ տնտեսական եւ արդյունաբերական կապերի, երկկողմ տնտեսական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության գիտակցում, ինչը խթանեց Հայաստանի տնտեսության արագ աճին (1999-2015 թթ.), 2015 թ. Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցում, որտեղ Ռուսաստանից բացի նաեւ 3 գործընկեր պետություններ են նախկին ԽՍՀՄ-ից (Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան)։ ԵԱՏՄ-ն երկրների տնտեսական ինտեգրացիոն ասոցիացիա է ապրանքների եւ ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի հարցերում, որը հսկայական շուկա է բացում հայ արտադրողների՝ իրենց արտադրանքը առաջ մղելու համար:
-Ի՞նչ մակարդակի վրա են այսօր մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները, եւ ի՞նչ հեռանկարներ կան։
-Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը ավելի քան 30 տոկոս է եւ անընդհատ աճում է։ 2021 թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2 602 985 885 դոլար՝ 2020-ի համեմատ ավելանալով 12,95 տոկոսով (298 505 672 դոլար)։ Ռուսաստանից Հայաստան արտահանումը 2021 թ. կազմել է 1 892 961 097 դոլար՝ 2020-ի համեմատ աճելով 14,19 տոկոսով (235 245 842 դոլար)։ Հայաստանից Ռուսաստան ներմուծումը 2021 թ. կազմել է 710,024,788 ԱՄՆ դոլար՝ 2020-ի համեմատ աճելով 9,78 տոկոսով (63,259,830 դոլար)։ Ռուսաստանից Հայաստան արտահանման կառուցվածքում 2021 թ. (նաեւ 2020 թ.) մատակարարումների հիմնական բաժինը կազմել են հետեւյալ ապրանքատեսակները.
*հանքային ապրանքներ (ԱՏԳ կոդեր 25-27) Ռուսաստանից Հայաստան արտահանման ընդհանուր ծավալի 35,33 տոկոսը (2020 թ.՝ 32,50 տոկոս),
*պարենային ապրանքներ եւ գյուղատնտեսական հումք (ԱՏԳ կոդեր 01-24)՝ դեպի Հայաստան Ռուսաստանի արտահանման ընդհանուր ծավալի 18,14 տոկոսը (2020 թ.՝ 17,78 տոկոս),
*մեքենաներ, սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ (ԱՏԳ կոդեր 84-90)՝ դեպի Հայաստան Ռուսաստանի արտահանման ընդհանուր ծավալի 17.01 տոկոսը (2020 թ.՝ 15.40 տոկոս),
*քիմիական արդյունաբերության արտադրանք (ԱՏԳ կոդեր 28-40)՝ դեպի Հայաստան Ռուսաստանի արտահանման ընդհանուր ծավալի 9,32 տոկոսը (2020 թ.՝ 7,95 տոկոս),
*մետաղներ եւ դրանցից արտադրանք (ԱՏԳ կոդեր 72-83)՝ դեպի Հայաստան ռուսական արտահանման ընդհանուր ծավալի 8,49 տոկոսը (2020 թ.՝ 9,79 տոկոս),
*թանկարժեք մետաղներ եւ քարեր (ԱՏԳ կոդ 71)՝ դեպի Հայաստան ռուսական արտահանման ընդհանուր ծավալի 3,19 տոկոսը (2020 թ.՝ 0,10 տոկոս),
*փայտանյութ, ցելյուլոզ եւ թղթե արտադրանք (ԱՏԳ կոդեր 44-49)՝ Ռուսաստանից Հայաստան արտահանման ընդհանուր ծավալի 2,96 տոկոսը (2,41 տոկոս 2020 թ.),
*տեքստիլ եւ կոշկեղեն (ԱՏԳ կոդեր 50-67)՝ դեպի Հայաստան Ռուսաստանի արտահանման ընդհանուր ծավալի 1,95 տոկոսը (2020 թ.՝ 1,88 տոկոս)։
Հայաստանից Ռուսաստան ներմուծման կառուցվածքում 2021 թ. (եւ 2020-ին) ներմուծվել են հիմնականում հետեւյալ ապրանքատեսակները.
*պարենային ապրանքներ եւ գյուղատնտեսական հումք (ԱՏԳ կոդեր 01-24)՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման ընդհանուր ծավալի 61,19 տոկոսը (2020 թ.՝ 58,37 տոկոս),
*տեքստիլ եւ կոշկեղեն (ԱՏԳ կոդեր 50-67)՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման ընդհանուր ծավալի 12,55 տոկոսը (2020 թ.՝ 11,01 տոկոս),
*թանկարժեք մետաղներ եւ քարեր (ԱՏԳ կոդ 71)՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման ընդհանուր ծավալի 11,24 տոկոսը (2020 թ.՝ 12,47 տոկոս),
*մեքենաներ, սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ (ԱՏԳ կոդեր 84-90)՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման ընդհանուր ծավալի 5,29 տոկոսը (2020 թ.՝ 6,50 տոկոս),
*քիմիական արդյունաբերության արտադրանք (ԱՏԳ կոդեր 28-40)՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման ընդհանուր ծավալի 3,10 տոկոսը (2020 թ.՝ 3,24 տոկոս),
*մետաղներ եւ դրանցից արտադրանք (ԱՏԳ կոդեր 72-83)՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման ընդհանուր ծավալի 2,65 տոկոսը (2,56 տոկոս 2020 թ.),
*հանքային ապրանքներ (ԱՏԳ կոդեր 25-27)՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման ընդհանուր ծավալի 1,60 տոկոսը (2020 թ.՝ 1,49 տոկոս)։
Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության զարգացման համար Հայաստանի հիմնական խնդիրն է նվազեցնել առեւտրի բացասական հաշվեկշիռը, ինչը հնարավոր է միայն բարձր ավելացված արժեքով ապրանքների արտահանման ավելացմամբ, ինչպիսիք են մեքենաների եւ սարքավորումների (օրինակ՝ Հայաստանում արտադրվող էլեկտրոնիկայի), ոսկերչական իրերի, քիմիական արդյունաբերության արտադրանքները։
-Որքանո՞վ ենք կարողանում օգտվել միության ընձեռած օրենսդրական հնարավորություններից՝ տնտեսական հարաբերություններն արդյունավետ կազմակերպելու առումով։
-Ներկայումս Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է, մասնավորապես՝
*Հայաստանի քաղաքացիները ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատելու անխոչընդոտ հնարավորություն ունեն,
*կապիտալի ազատ տեղաշարժը թույլ է տալիս առանց խոչընդոտի դրամական փոխանցումներ կատարել ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի քաղաքացիներին,
*հայկական ապրանքներն ազատ վաճառվում են ԵԱՏՄ շուկաներում,
*էներգետիկ ոլորտում պայմանավորվածությունները Հայաստանին թույլ են տալիս շատ ավելի էժան էներգառեսուրսներ ստանալ:
Նաեւ մի շարք այլ տնտեսական առավելություններ, որոնք դարձել են մեզ համար միասնական։
Միաժամանակ, Հայաստանը չի օգտագործում եվրասիական ինտեգրման բոլոր հնարավորությունները, այն է՝
*համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, ինչպես նաեւ մի շարք այլ կարգավորող իրավական ակտերի՝ հայ մատակարարները ԵԱՏՄ այլ երկրների մատակարարների հետ հավասար հիմունքներով իրավունք ունեն ինքնուրույն մասնակցել պետական եւ քաղաքային գնումներին։ Այս առավելությունը հայ գործարարների համար բացում է ԵԱՏՄ անդամ երկրների հսկայական շուկաները, սակայն ոչ բոլոր ընկերությունները գիտեն այս հնարավորության մասին, եւ միայն քչերն են հասկանում, թե ինչպես է հնարավոր Հայաստանից մասնակցել ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում պետական եւ քաղաքային գնումներին,
*հայ արտադրողները հնարավորություն ունեն պետական եւ մունիցիպալ գնումներում օգտագործել ԵԱՏՄ անդամ ցանկացած երկրի ազգային արտադրողի համար նախատեսված արտոնությունները, ինչը խոր վերլուծության արդյունքում հայ գործարարներին կարող է թույլ տալ համալրել այլ անդամ երկրների շուկան՝ դեֆիցիտ ապրանքատեսակներով։
Եզակի արտադրողներ եւ գործարարներ են տեղեկացված այս առավելությունների մասին, եւ նույնիսկ եթե տեղյակ են, ապա չունեն համապատասխան վերլուծություն կատարելու եւ դեֆիցիտ ապրանքատեսակները բացահայտելու հնարավորություն:
-Ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է կատարի Հայաստանը՝ ներդրումային դաշտը գրավիչ ու շահեկան դարձնելու համար։
-Ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար պետք է պահպանվեն մի շարք պայմաններ, օրինակ`
*քաղաքական, նորմատիվ եւ իրավական կայունություն,
*կառավարության բոլոր մակարդակներում որոշումների կայացման թափանցիկություն,
*տեղեկատվության թափանցիկություն,
*ենթակառուցվածքային ապահովում,
*պետության ակտիվ մասնակցություն խոշոր ներդրումային ծրագրերին, այդ թվում՝ պետական շնորհների միջոցով,
*օտարերկրյա ներդրողներին աջակցություն՝ ներդրումների սկզբում եւ հետագա գործողություններում,
*ժամանակակից ֆինանսական հաստատությունների առկայություն,
*աշխատանքային ռեսուրսների բազայի առկայություն՝ ինչպես տեղեկատվական, այնպես էլ կրթական,
*տնտեսության մեջ արդյունաբերական կլաստերների առկայություն։
Վերոնշյալ կետերից մի քանիսը Հայաստանում բավականին բարձր մակարդակի վրա են, օրինակ՝ աջակցությունն օտարերկրյա ներդրողներին ներդրումների մեկնարկի պահից եւ հետագա գործողություններում, կառավարման բոլոր մակարդակներում որոշումների կայացման թափանցիկությունը, սակայն որոշ այլ պայմաններ հարկ կլինի ստեղծել կամ զարգացնել հիմքից։ Նշենք, որ այժմ իրադարձություններն այնպես են դասավորվել, որ ճիշտ որոշումների, շարժունակության, հաղորդակցման հմտությունների շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ ներդրումների ներգրավման կենտրոն՝ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ արեւմտյան երկրներից, Մերձավոր Արեւելքից եւ Չինաստանից։
-Կարողանո՞ւմ ենք, արդյոք, ճիշտ օգտվել Ռուսաստանի Դաշնության պետգնումների համակարգից, եւ ի՞նչ պետք է անել արտահանման այդ կարեւոր ուղղությունն արդյունավետ դարձնելու համար։ Եվ, ապա, ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների ֆոնին բավականին թվով ռուսաստանցիներ ժամանեցին Հայաստան։ Հատկապես մեծ է նոր տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետների հոսքը։ Արդյոք դա կարո՞ղ է նպաստել Հայաստանում այս ոլորտի զարգացմանը։ Ընդհանրապես, ի՞նչ պետք է անել, որպեսզի այս կամ այն ոլորտը համարվի զարգացած կամ զարգացող։
-Հայաստանի տնտեսությունում նոր բացված հնարավորությունները՝ բիզնեսների տեղափոխման հետ կապված, հաջողությամբ օգտագործելու համար անհրաժեշտ է մինչեւ տարեվերջ իրականացնել նորաբաց ընկերությունների գույքագրում։ Անհրաժեշտ է կազմել երկրում բիզնես վարելու վերաբերյալ մի շարք հարցերով հարցաթերթիկ եւ տեղեկատվություն հավաքելու համար ուղարկել ընկերություններին՝ Կենտրոնական բանկի միջոցով: Դա հնարավորություն կտա ունենալ օտարերկրյա մասնակցությամբ ակտիվորեն գործող ընկերությունների տվյալների բազա, կբացի ազգային տնտեսության մեջ նրանց ինտեգրման հնարավորություն եւ թույլ կտա նաեւ կարգավորել փողերի լվացման հետ կապված զգայուն հարցը։ Բացի այդ, գաղափար կկազմվի երկիր տեղափոխված մասնագետների թիվի մասին, որոնք համարվում են տնտեսապես ակտիվ բնակչություն։ Գույքագրում անցկացնելուց հետո հնարավոր է մշակել տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր՝ ժամանած մասնագետներին իրենց ընտանիքների հետ երկրի կյանքին ինտեգրելու, նրանց համար հարմարավետ կենցաղային պայմաններ ստեղծելու վերաբերյալ, այդ թվում՝ բնակարանների վարձակալություն, դպրոցների, մանկապարտեզների հաճախելիության ապահովում, բուհերում եւ քոլեջներում ռուսաց լեզվի բաժինների զարգացում: Սա թույլ կտա Հայաստանին պահպանել բարձր որակավորում ունեցող կադրեր, ստեղծել երկրի բրենդ՝ որպես ՏՏ պետություն, եւ արագացնել ՀՆԱ-ի աճը։