Ինչու թյուրքական տարրը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Պատճառները գիտեն նրանք, ովքեր ճանաչում են մեր Հայրենիքն ու Հայրենիքի այս հատվածը, տեղյակ են աշխարհաքաղաքական մարտահրավերներին ու խորապես հասկանում են, թե ինչ վիճակում հայտնվեցինք Արցախի մեծ մասի կորստով։ 44-օրյայի օրերին պատերազմը դիտարկում էինք նաեւ հիդրոահաբեկչական եւ բնապահպանական պատերազմների շրջանակում։ Մի բան, որ մեր հանդեպ թշնամու կողմից կիրառվել է դեռ խորհրդային տարիներից։ Այն ժամանակ ընդդեմ մեզ այդ քաղաքականությանը «ահաբեկչություն» ասվածը չէր կցվի, բայց դրանից էությունը չէր փոխվի եւ ոչ էլ այսօր է փոխված։ Միջազգային կոնֆլիկտաբանները մշտապես խոսում են բուն ու չերեւացող` պատերազմների ժամանակ «կապույտ ու կանաչ տարածքների» վրա գրոհների մասին։ Եթե մենք Խորհրդային Հայաստանի տարբեր տարիների քարտեզներ ուսումնասիրենք, կտեսնենք, թե ինչպես են մեր «կապույտ» երակները Հայաստանի հաշվին նվիրվել Խորհրդային Ադրբեջանին։
Ընդհանրապես, մեզ թշնաբար տրամադրված երկու արհեստածին պետություններն էլ, որ ստեղծվել են հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհում, ջրային հարցերին շատ մեծ ուշադրություն են դարձնում՝ պատերազմներում չանտեսելով այդ բաղադրիչը։ Քարվաճառի տարածքին նրանց աչքը միշտ է տնկած եղել։ 1919 թ. դեռ նոր-նոր ստեղծված խորհրդային Ադրբեջանը պետական մակարդակով բացահայտ խոսել է Քարվաճառին տիրանալու մասին։ Այն ժամանակվա դրանց ղեկավարներից մեկը՝ Մահմեդ Էմիլ Ռասուլ Զադեն, անթաքույց խոսել էր այն մասին, որ այդ տարածքը պետք է վերցնեն, որովհետեւ այդ տարածքներում են ջրային ռեսուրսների, ավելին` Արփա եւ Որոտան գետերի ակունքները:
Ինչպես այսօր բացահայտ խոսում են Սեւանին տիրելու մասին։ Ավելին ասեմ՝ թյուրքական տարրի ադրբեջանական դեմքը երբեք չի թաքցրել մեր երկրի նկատմամբ իր հիդրոահաբեկչական դրսեւորումները։ Եթե մի փոքր հետ գնանք, կհիշենք, թե ինչպես 2020 թ. դեռ գարնանից ակտիվ արշավ էին սկսել իրենց ջրի սղության մասով հայերին մեղադրելով։ Սա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, ինչին տեղյակ է միջազգային մասնագիտական հարթակը, բայց դե թշնամին իր գործն անում է… նաեւ մեր օրերում։ Հիշում ենք, թե Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով ինչպես շեշտադրեցին Քարվաճառի հարցը։ Այն Քարվաճառի, որի նշանակությունը մեզանից շատերն այդպես էլ չգիտակցեցին։ Այն Քարվաճառի, որի տարածքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Այն Քարվաճառի, որտեղից այսօր թե՛ Սոթքի վրա են հարձակվում, թե՛ Ջերմուկի։ Ի դեպ, հիդրոահաբեկչության համատեքստում միանշանակ կարող ենք դիտարկել նաեւ Սեւ լճի խնդիրը, որն ավելի քան 9 մլն խմ ծավալ ունի, Ջերմուկի խնդիրը։
Տեսեք շղթայի տրամաբանությունը եւ կհասկանաք, թե ինչու է այն կրկնվում։ Արցախի ջրային պաշարները բավարար էին (ցավալիորեն գոնե առայժմ ստիպված ենք անցյալով խոսել)։ Բավարար ասելով՝ նկատի չունենք միայն ներքին պահանջները բավարարելը։ Խոսքը նաեւ արտահանման մասին էր։ Արցախն աշխարհի ջրային ռեսուրսների տեսանկյունից ամենաապահով երկրներից է (տարեկան կտրվածքով մեկ շնչին բաժին ընկնող ծավալով հաշվարկված՝ 70 հազ. խմ, եւ առիթով այս մասին «ՀՀ»-ն գրել է,- Ա.Մ.), որովհետեւ այդ ծավալները տալիս էին Քարվաճառն ու Քաշաթաղը, եւ Հայաստանն ու Արցախը կարող էին տարածաշրջանում ջրային դոնոր դառնալ՝ միաժամանակ հնարավորություն ստանալով միջազգային հարթակներում բոլորովին այլ դիրքեր ձեռք բերելու։ Մենք չհասկացանք Քարվաճառի այս նշանակությունը՝ հնարավորություն տալով թշնամուն իր օգտին ծառայեցնել մեր ամենամեծ խաղաքարտերից մեկը։ Այն Քարվաճառի, որ լեռնային գետերի, ջրվեժների, տաք հանքային աղբյուրների ու լճերի տարածք է։
Ընդհանրապես Հայրենիքը էժան ու թանկ տարածքներ չի ունենում։ Ամեն միլիմետրը սրբազան է հայի համար։ Պարզապես մենք Քարվաճառի օրինակին անդրադարձանք՝ ցույց տալու շղթայական կապերից մեկը՝ դեպի Սոթք ու Ջերմուկ ձգվող։ Ընդգծենք՝ կապերից մեկը։ Քարվաճառի օրինակով էլ կարող ենք հասկանալ, թե ինչու է թշնամին այսօր այդքան լկտիաբար խոսում Սեւանի մասին։ Բավական է միայն հասկանալ, որ Քարվաճառից են սկիզբ առնում Որոտանն ու Արփան։ Իսկ ինչո՞վ է սնվում տարածաշրջանի ամենամեծ՝ Սեւանա լիճը, ահա՛ եւ պատասխանը։
Գիտակցեցի՞նք, որ հայրենիքի մի հատվածի՝ Արցախի մեծ մասի կորստով, մյուս հատվածն անվտանգ չդարձավ, եւ խաղաղություն լինել չի կարող: Անվտանգ չդարձավ, նշանակում է՝ թշնամին շարունակելու է իր հայատյաց քաղաքականությունը բոլոր առումներով՝ կապույտ ու կանաչ տարածքների, բարձունքների, ենթակառուցվածքների, բնակավայրերի… Ապացույցը վերջին հարձակումն է եւ Էրդողանի` Ալիեւին աջակցության հայտարարությունը։ Մե՞ր գործը… մեր գործը մեր իսկ երկրին, մեր իսկ կենսատարածքին, մեր իսկ բնօրրանից մնացած այս փոքրիկ հատվածին տեր կանգնելն է։ Պետք է անենք անգամ մեր ուժերից վեր, անհնարինի սահմաններում։