Աշխարհում չկա մի անկյուն, ուր մարդկություն լինի ու չլինի ապրելու աղբյուր։ Մարդկությանը չի սպառնում սովից մեռնելու հեռանկար, ինչպես փորձում են համոզել աշխարհի որոշ «գիտուններ», ովքեր մարդկությանը «փրկօղակ» են նետում՝ նրան ոչնչացնելու ջանք ու միջոցներ չխնայելով… Եվ դա անում են հատկապես նրանք, ում ոչ միայն սով չի սպառնում, այլեւ առհասարակ կուտակած միլիոններից ու միլիարդներից սնանկանալու խնդիր չունեն, ում ունեցվածքը կբավարարի անգամ մի պետության կարիքներ հոգալու…
Եթե գիտությունն ունակ է կործանիչներ ու բայրաքթարներ ստեղծելու, ունակ է նաեւ մոլորակի հարստությունները խելամտորեն շահագործելու եւ մարդկության համար իսկապե՛ս խաղաղ, ստեղծարար, երջանիկ կյանք ապահովելու, սակայն հարստությունից հղփացած, հավերժորեն արյան ծարավի, մարդկությունից շեղված որոշ արարածներ «միտք» կոչվածը վերածել են մարդկային մարմինների մսաղացի, իսկ մարմնի ցավն զգում են միայն այն դեպքում, երբ սեփական մարմինն է ցավում. այդ ժամանակ հոխորտացող գազանը վերածվում է խղճուկ անասունի եւ գութ աղերսում, հատկապես նրանք, ովքեր առանձնակի դաժան են վարվել իրենց զոհի հետ…
Կար ժամանակ, երբ զորքին առաջնորդում էր երկրի իշխանական վերնախավը՝ միապետի կամ թագավորի գլխավորությամբ, երբ երկրի ղեկավարը անմիջապես մարտի դաշտից էր հետեւում գործողություններին եւ կարող էր զոհվել որպես իր զինվորը, սակայն այսօր պատերազմ հրահրող ագրեսորները կռվին հետեւում են փափուկ բազկաթոռներում ընկղմված՝ մարմելադի ու չամիչի սկուտեղների առջեւ քիմքը քաղցրացնելով. նրանց համար միեւնույն է՝ ովքեր, որքան, ինչպես կզոհվեն, չեն խնայում անգամ սեփական ժողովրդին՝ ո՛չ նրա ֆիզիկական, ո՛չ բարոյահոգեբանական արժեքները՝ վայրենացնելով ու վայրենություն խրախուսելով. կարեւորը պատերազմից հերթական հարստություն դիզելն է՝ սուտ խոստումներով, մարդատյաց ծրագրերով։ Այդպես, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ալիեւ-Էրդողան զույգը՝ կեղծ պատճառաբանությամբ, րոպեների ընթացքում լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի սահմանների վրա՝ իբրեւ թե «օկուպացված» «ադրբեջանական տարածքը» «ազատագրելու» նպատակով՝ անտեսելով, չիմանալու տալով կամ խեղաթյուրելով իրական պատմությունը եւ իրականում այդ տարածքների պատկանելությունը։ Նրանք, իհարկե, չբավարարվեցին այսպես կոչված «օկուպացված» տարածքներ «ազատագրելով». ազատորեն կիրառեցին ոչ միայն արգելված զինատեսակներ, այլեւ բարբարոսաբար հարձակվեցին խաղաղ բնակչության, մարդասիրական գործունեություն ծավալող անհատների ու օբյեկտների վրա, ավերեցին դպրոցներ, հիվանդանոցներ, մշակույթի օջախներ, արտադրական ու բնակելի կառույցներ ու ոչ միայն «ազատագրեցին» իրենց մատնանշած՝ այսպես կոչված, «օկուպացված» տարածքները, այլեւ սկսեցին օկուպացնել Արցախի մնացյալ տարածքները՝ հայտարարելով իրենցը, ինչը նախապես չկար էլ իրենց ծրագրերում։ 44-օրյա բարբարոսական նախճիրից հետո, երբ հազարավոր անմարդկային զոհեր գրանցվեցին երկուստեք, թուրք-ադրբեջանական վերնախավը կապիտուլյացիա պարտադրեց հայկական կողմին՝ «խաղաղության» պայմանով, իսկ թե ինչպիսին է «խաղաղությունը» նրանց պատկերացմամբ, այս երկու տարվա ընթացքում աշխարհը զգաց դրա թուրքական սահմանումը՝ պատերազմ, պատերազմ եւ կրկին պատերազմ… Երբ պատերազմը դառնում է ապրելակերպ, «խաղաղության» քարոզչությունը դառնում է պատերազմի «փափուկ» գործիք…
Արցախի հարցը լուծելուց հետո Ալիեւ-Էրդողան զույգի գրգռված ախորժակը դրեց, այսպես կոչված, միջանցքի հարցը՝ արդեն Հայաստանից պատառ պոկելու ակնկալիքով, Հայաստանից՝ ինքնիշխան ու ճանաչված պետությունից, մինչդեռ Արցախի վրա հարձակումը պայմանավորում էին իբրեւ թե նրա՝ չճանաչված լինելու հանգամանքով, ասել է թե՝ եթե պետությունը ճանաչված չէ, այնտեղ ապրող բնակչությունը իրավունք չունի ապրելու, եւ ինչպես ուզեն՝ կվարվեն հետը՝ ֆիզիկապես ու գազանաբար ոչնչացնելով, սակայն Հայաստանի վրա հարձակումը վերջնականապես «ջրում» է այդ կարգի «բարոյականության» պատճառաբանությունը… Միջանցքի խնդիր չկա ու չի կարող լինել… Եթե թուրքը բարբարոս ու արնախում չէ, ինչն է խանգարում նրան անցնել Հայաստանի սահմանով այնպես, ինչպես քաղաքակիրթ ժողովուրդներն են անցնում միմյանց սահմաններով՝ առանց միմյանց վնասելու, առավել եւս՝ մորթելու, ինչն է խանգարում հաշվետու լինել այն պետության առջեւ, որի սահմանը հատելու խնդիր ունես… Բայց չէ, թուրքերն իրականում ճանապարհի խնդիր չունեն, նրանց խնդիրը իրենցից դուրս ամենքին ու ամեն ինչ ոչնչացնելն է, ինչը վկայում է Հայաստանի սահմանների ու տարածքի մեջ խորանալը, ոճրագործությունները թե՛ զինվորների, թե՛ խաղաղ բնակչության հանդեպ եւ աշխարհով մեկ դրանք ցինիկաբար ցուցադրելը… Պարզ է, որ, այսպես կոչված, միջանցքով Թուրքիան առեւտուր անելու կամ զբոսաշրջության խնդիր չունի. դա կարելի է անել բարիդրացիական ճանապարհով, իսկ Թուրքիայի նպատակը, որն ամենեւին էլ չի թաքցնում, այդ միջանցքով, որը լինելու է իր սեփականությունը եւ որը անցնելու է ուղղակի Հայաստանի միջով, զենքուզորք տեղափոխելն է…
Թուրքիային միջանցք տալ, նշանակում է դնել Հայաստանի կործանման հիմնաքարը, եւ դա տեղի կունենա ժամերի ընթացքում, այնուհետեւ ոչ միայն միջանցքի, այլեւ Հայաստանի ողջ տարածքով ագրեսորի առջեւ բաց են ճանապարհները դեպի Ռուսաստան, Միջին Ասիա, այլուր տեղափոխվելու, որտեղ որ բացվի արյուն հեղելու թուրքերի ախորժակը… Ու եթե Արցախը Հայաստանի՛ դարպասն է, Հայաստանը, տվյալ դեպքում, Ռուսաստանի, Միջին Ասիայի դարպասն է. այստեղից ուղղակիորեն սկսվելու է ռուս-թուրքական պատերազմը, որի համար պատասխանատու է ոչ միայն Հայաստանը, այլեւ այն պետությունները, որոնց սպառնում է Թուրքիայի աշխարհատիրական ու աշխարհակործան, արյունալի, մարդասպան ծրագիրը։ Այնպես, ինչպես Արցախի տարածքները նվաճելուց հետո թուրք-ադրբեջանական զույգը՝ չբավարարվելով հայտարարված ու չհայտարարված ցանկություններն իրականացնելով, անցավ հաջորդ քայլին՝ այս անգամ արդեն զինված թափանցելով ինքնիշխան Հայաստանի տարածք, նորանոր պահանջներ է դնում՝ «խաղաղության» քարոզչությամբ, այնպես էլ Հայաստանի տարածքները գրավելով՝ սպառնալու է ոտքի տակ հայտնված երկրներին։ Այս պարագայում ապշեցուցիչ է, որ այսօր էլ, ինչպես եւ նախկինում, աշխարհը ծափահարում է թուրքերին, զինում ու հրահրում նորանոր ոճիրների՝ մատների արանքով նայելով այն վտանգավոր ու բարբարոս քայլերին, որ ձեռնարկում ու իրականացնում է նա…
Ցավալիորեն պետք է արձանագրել, որ նույնիսկ քրիստոնյա աշխարհն է սեփական քաղաքակրթությունը կուրորեն ոչնչացնում նրանց ձեռքով՝ չգիտակցելով, որ փորում է սեփական գերեզմանը…