Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ագրեսիան հայտարարությունների մակարդակում դատապարտելուց բացի, միջազգային համապատասխան կառույցները դեռեւս գործնական՝ թեկուզ արձանագրության ընդունման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել: Ադրբեջանական զինուժի գործողություններին իրավական գնահատականներ տալու եւ հետագա նման գործողությունները կանխելու ուղղությամբ գործողություններ չկան, իսկ սեպտեմբերի 13-ին մի պետությունը ռազմական ագրեսիա էր իրականացրել մեկ այլ պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ կիրառելով բազմակի օգտագործման հրետանային միջոցներ, ԱԹՍ-ներ…
Բաքվի քաղաքական ղեկավարության այս գործողություններին համարժեք գնահատականներ չեն հնչել ինչպես Արեւմուտքից, այնպես էլ Հյուսիսից: Սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները միջազգային հնարավոր բոլոր հարթակներից աշխարհի հանրությանն ահազանգում են, որ Ադրբեջանը սահմաններին ունի կուտակած մեծաքանակ զինտեխնիկա եւ կենդանի ուժ: Բաքվի առաջնորդը հանդես է գալիս ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծայրահեղ վտանգավոր հայտարարություններով:
Այս համայնապատկերին միջազգային կառույցների եւ տարածաշրջանին հարակից երկրներից ադրբեջանական ագրեսիային համապատասխան գնահատականներ չտալը պարարտ հող է նախապատրաստում հերթական ռազմական ոտնձգության համար: Ադրբեջանը, ըստ էության, ներկայում սպասում է իր արարքի միջազգային գնահատականներին, իսկ դրանք առաժմ, ցավոք, հետագա հարձակումները զսպող չեն: Նոր սպառնալիքների վտանգը մեծանում է նաեւ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունն ապահովող երկու պետությունների՝ ՌԴ-ի եւ Իրանի ուշադրությունները հիմնականում սեւեռված են իրենց երկրների խնդիրների վրա: ՌԴ-ն բարդությունների է հանդիպել Ուկրաինայում, Իրանը՝ իր երկրի ներսում՝ բազմահազարանոց ցույցերի եւ անկարգությունների պատճառով: Իրանում, բնականաբար, գիտակցում են, որ հայ-իրանական սահմանն իրենց համար նույն անվտանգային նշանակությունն ունի, ինչ ներկայում ընթացող ներքին անհնազանդության մասսայական գործողությունները:
Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ին առաջին հերթին հարվածեց հայ-ադրբեջանական խաղաղության բանակցային գործընթացին, որն առաջ էին մղում ոչ միայն ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, այլեւ ՌԴ-ն՝ գոյություն ունեցող կարգավորման միակ՝ եռակողմ հայտարարությունների շրջանակներում: Այս իրողությունն էր ներկայացնում ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից:
«ՄԱԿ-ի իմ ելույթում ես մի պարզ հարց հնչեցրի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Եթե այո՝ մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքները։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու»,- սեպտեմբերի 25-ին «Twitter»-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նյու Յորքում էլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական եւ խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ հանդիպման ժամանակ անթույլատրելի էր համարել Ադրբեջանի ԶՈւ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները եւ պատերազմական հանցագործությունները՝ շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։ Նա առաջնային էր համարել միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական եւ հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար:
Բարձր մակարդակով հնչած վերոնշյալ հայտարարությունները խոսում են այն մասին, որ ներկայում կա ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող բարձր ռիսկ: Սա էլ իր հերթին ենթադրում է պետության անվտանգության համակարգի բոլոր լծակների պատրաստության բարձր աստիճանի բերում՝ դիտարկելու համար առանց բացառության բոլոր տարբերակները՝ հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար: Պետության անվտանգությունը բարձրագույն արժեք է, եւ այն ապահովելու հարցում բոլոր միջոցներն էլ ընդունելի են: