Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքները վերացնելու հարցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն էլ նշում են, որ Ադրբեջանը պետք է զորքերը վերադարձնի ելման դիրքեր։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, թե «հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր», ըստ նրա՝ «սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք»: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ Միացյալ Նահանգները նույնպես կոչ է արել Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել ելման դիրքեր։ Նախօրեին էլ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր նշել, որ «ուժերի դուրսբերումն իրենց սկզբնական դիրքեր միակ հուսալի հիմքն է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին խնդիրների կարգավորման եւ լուծման համար»։
Նկատենք, որ սա եզակի հարցերից է, երբ այլ ուղղություններով առճակատման մեջ գտնվող պետությունները կարող են ընդհանուր հայտարարի գալ։ Չնայած դրան, այստեղ եւս կա մրցակցություն. առանցքային խնդիրն այն է, թե ո՞ր ուժային կենտրոնի հովանավորությամբ մեր տարածաշրջանում «խաղաղություն» կհաստատվի։ Ռուսական կողմը «խաղաղության» հաստատումը տեսնում է միանձնյա վերահսկողության տիրույթում՝ մշտապես հիշեցնելով, որ քաղաքական կարգավորման գործընթացը սկսվել է Ռուսաստանի միջնորդությամբ կնքված եռակողմ հայտարարությամբ։ Արեւմուտքի համար ընդունելի չէ ռուսական հովանավորությամբ խաղաղությունը։ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան առաջ են քաշում հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու հարցը։ Այդ տարբերակին արձագանքել է ռուսական կողմը. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է, որ քննարկվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ համաձայնագրերի իրականացման համար»։
Ռուսաստանը ի վերջո, հստակեցրել է իր մոտեցումները ենթակառուցվածքների եւ ճանապարհների ապաշրջափակման դեպքում դրանց նկատմամբ վերահսկողության մասով, մասնավորապես ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ ճանապարհները բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կորոշեն երկրների միջեւ սահմանի հատման իրավական ռեժիմը, ինչպես նաեւ այդ ճանապարհներով երթեւեկության կարգը։ «Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն այսպես է հնչում. «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհն անցնում է»։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական ճանապարհով՝ ադրբեջանական»,- ասել է նա, ապա հավելել, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա եւ չի կարող լինել ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որեւէ կերպ կխախտի կողմերից որեւէ մեկի ինքնիշխանությունը։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մասին՝ Նեդ Փրայսն ընդգծել էր, որ դա որոշելու են երկու երկրները՝ միաժամանակ մատնանշելով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի փոխգործակցության շարունակումը» համապատասխանում է ոչ միայն երկու երկրների, այլեւ՝ տարածաշրջանի շահերին, ինչպես նաեւ՝ դրա սահմաններից դուրս: Այդպիսով՝ ամերիկյան կողմն առաջարկում է սեփական օգնությունը՝ երկկողմ, եռակողմ, բազմակողմ հիմունքներով։ Ի դեպ, ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի եւ Աննա Էշուի հետ պաշտոնապես Կոնգրեսին է ներկայացրել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձեւ: Անդրադարձ է կատարվել նաեւ 2020 թ. Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային՝ ընդգծելով, որ այժմ այդ նույն գործողությունները շարունակվում են Հայաստանի տարածքում: Բանաձեւում ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արվում դիտարկել Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցումը:
«Խաղաղության օրակարգում» հայտ է ներկայացրել նաեւ ԵՄ-ն։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան էջում գրել էր. «Այսօր (սեպտեմբերի 29-ին.- խմբ.) կրկին տեղեկություններ ստացանք երեք հայ զինվորի մահվան եւ մեկ ադրբեջանցի զինվորի՝ վիրավորում ստանալու մասին: Այս եւ շատ այլ չարդարացված զոհերի առկայությունը սնում է ատելություն ու անկայունություն: Գործողությունների անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը մոտ տարածքում չեն բախվում միմյանց: Խաղաղությունը չի կարող պարտադրվել»։
Հայաստանի կամ, այլ կերպ ասած, տարածաշրջանում գերիշխող դիրքեր ունենալու համար քաղաքական-դիվանագիտական հարթությունում շարունակվում է անզիջում պայքարը, որտեղ հայկական կողմը կարծես թե սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով փաստացի խախտվեց մեր տարածաշրջանում գոյություն ունեցող ստատուս քվոն, որն ապահովել էր, թեեւ փխրուն, սակայն երկարատեւ խաղաղություն եւ կայունություն։ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումն ու առավելապաշտական ծրագրերն իրականացնելու քաղաքականությունը, այն է՝ հայկական գործոնը արմատապես վերացնելու նպատակը։ Իրողությունը հուշում է, որ խաղաղությունն ու Արցախի հարցի լուծումն ի սկզբանե պարտադրել է եւ հետագայում եւս կարող է պարտադրել միայն Հայոց բանակի զինվորը։