Ադրբեջանական պատերազմական հանցանքներն օրեցօր ավելի են շատանում։ Թշնամու հարձակումները թիրախային են՝ գյուղերի ու քաղաքների՝ քաղաքացիական եւ ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ։ Վերջինիս մասով վերջին օրինակը Կեչուտի ջրամբարն էր, երբ այս կառույցի վրա երկու արկ էր ընկել (չմոռանանք բարձրավոլտերի ու էլեկտրամատակարարման գծերի վրա հարձակումները)։ Միշտ ասել ենք՝ թշնամուն գերագնահատել պետք չէ, բայցեւ՝ թերագնահատելու կարիք էլ չկա։ Թշնամուն ճանաչել է հարկավոր։
Եվ թշնամու «առանձին հարձակումներ» կոչվածը երբեք առանձին արարքներ չեն, դրանք հայատյաց քաղաքականության շղթաներ են, որոնք թշնամին գործարկում է մտածված։ Ինչու է նա հարձակվում տների, հողատարածքների ուղղությամբ, հասկանալի է՝ մարդկային եւ ապրուստի կորուստ։ Հասկանալու համար, թե ինչու Կեչուտի ջրամբարը թիրախ եղավ, պետք է պատկերացնենք՝ ինչ նշանակություն ունի այս կառույցը։
Այս ջրամբարը Ջերմուկ քաղաքի եւ Կեչուտ գյուղի մոտ է՝ Արփա գետի վրա։ Ջրամբարի կառուցումն սկսվել է 1967-ից, պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ։ Ընդհանուր ծավալը, հանրագիտարանային տվյալով, 22.5 միլիոն խմ է (ջրային կոմիտեի տվյալը 23.5 մլն խմ է), օգտակար ծավալը՝ 3.5 միլիոն խմ, հայելու մակերեսը՝ 1.2 քառ/կմ։ Սնվում է Արփա գետից եւ մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սեւան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։
Հիմա՝ 44-օրյա պատերազմից հետո, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի որոշ գետերի ակունքներ անցնում են ադրբեջանական հսկողությանն անցած տարածքներով։ Հասկանալի է, որ սա էական ռիսկեր է ստեղծում մեզ համար, եւ այդ ռիսկը պահանջում է, որ եւ՛ մշտադիտարկում իրականացվի, եւ՛ խիստ հսկողություն սահմանվի տեղերում։ Դեռ նախորդ տարի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը շեշտել էր, որ վտանգն Արփա գետից է եւ Մասրիկ գետի որոշ վտակներից։ Ընդ որում, երբ ասում ենք մշտադիտարկում, խոսքը ոչ միայն ֆիզիկա-քիմիական ու հիդրոկենսաբանական, այլեւ թունաբանական դիտարկման մասին է։ Գիտենք, որ Արփան լցվում է Սեւան։ Այսինքն՝ դատելով մեր հանդեպ թշնամու գործողություններից՝ մեր խմելու ջրի բնական շտեմարանը նույնպես վտանգված է։
Հիմա գանք գլխավորին։ Բանն այն է, որ Արփան միանգամից Սեւանա լիճ չի լցվում, այն նախ մտնում է Կեչուտի ջրամբար, որը հիմա, փաստորեն, Սեւանա լճի համար դառնում է պաշտպանական նշանակության կառույց։ Այն է՝ վտանգի պարագայում կարող ենք փակել Արփա-Սեւան ջրատարը եւ փրկել Սեւանը։
Երկու արկի ընկնելու հետեւանքով լավ է, որ Կեչուտի ջրամբարի ջրի բացթողնման պատվարը, ջրատեխնիկական կառույցները չեն վնասվել։ Լաբորատոր փորձաքննության ուղարկված՝ ջրից վերցված նմուշներն էլ ցույց են տվել, որ ջրի որակական փոփոխություն չի եղել։ Կեչուտի ջրամբարը հիմա բնականոն գործում է՝ ամենօրյա սպասարկման ռեժիմով։