Դեռ երեք ամիս առաջ Համաշխարհային տնտեսության եւ բիզնեսի ինստիտուտի «Միջազգային տնտեսական անվտանգություն» ծրագրի դոցենտ Հաջիմուրադ Բելհարոեւը ասել էր, որ այս տարի Ռուսաստանում հացահատիկի ռեկորդային բերք է սպասվում։ Նշել էր նաեւ, որ եթե Ռուսաստանին չհաջողվի վերսկսել հացի եւ պարարտանյութի արտահանումը սովորական աշխատանքային կարգով, ապա աշխարհում պարենամթերքի իրական դեֆիցիտ կառաջանա։ Որովհետեւ «ոչ ոք չի կարող փոխարինել 20 տոկոս հացահատիկի եւ 13 տոկոս պարարտանյութի մատակարարին»։
Ուկրաինական հացահատիկի արտահանման պայմանագրի համապատկերում փորձագետները խորհուրդ էին տալիս չհանգստանալ, քանզի ռուս-ուկրաինական դեպքերի ծավալման ընթացքն է անհայտ։ Եվ ահա՝ «abnews.ru»-ն (բիզնես լուրերի գործակալություն) նախօրեին հաղորդեց, որ ցորենի համաշխարհային գնաճը 5 տոկոս է, դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելի քան 4.8 տոկոսով ավելացել է։ Չիկագոյի ապրանքային բորսայի տվյալներով՝ ցորենը թանկացել է մինչեւ 9.1925 դոլար մեկ բուշելի դիմաց (միջազգային առեւտրում բուշել ընդունված է անվանել 38.691 կգ տարողությամբ արկղը,- Ա. Մ.)։ Ընդհանուր առմամբ՝ 19 տոկոսով են այս տարի գներն ավելացել։ Մեկ տոկոսով էլ ավելացել են եգիպտացորենի ու սոյայի գները։
Ըստ հիշյալ գործակալության՝ գներն աճում են Ռուսաստանից եւ Ուկրաինայից Սեւ ծովով հացահատիկի մատակարարման հետ կապված մտահոգությունների ֆոնին։ Այսպիսով՝ հակամարտության սրումը կասկածի տակ է դնում ուկրաինական հացահատիկի արտահանման պայմանագրի երկարաձգումը։ Եվ արտերկրում դրա վաճառքի ցանկացած դանդաղում կհանգեցնի հիմնական պարենային ապրանքների գների բարձրացմանն աշխարհի բոլոր երկրներում։ «Երկարաժամկետ հեռանկարում հացահատիկի շուկայում գների դինամիկան դեռ կասկածի տակ է, ցորենի ֆյուչերսների կտրուկ աճը ռեզոնանսային պատճառ է միայն բաժնետոմսերի խաղացողների համար»,- «Ռիա նովոստիին» մեկնաբանել է Հացահատիկ արտահանողների ռուսական միության խորհրդի նախագահ Էդուարդ Զերնինը. այս մասին գրում է «Փրայմ» գործակալությունը։ Երկուշաբթի Չիկագոյի բորսայում ցորենի գինն ավելացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին, եւ աշխարհաքաղաքական իրավիճակի սրումը ներդրողներին դրդել է կասկածի տակ առնել Ուկրաինայից ցորենի արտահանման հեռանկարները։ «Բորսայական հացահատիկի շուկան ղեկավարում են ֆոնդերն ու սպեկուլյանտները: Այս կատեգորիայի խաղացողներն օգտագործում են ամեն հնարավորություն շուկան ցնցելու համար, հատկապես այնպիսի ռեզոնանսային առիթներով, ինչպիսիք են վերջին օրերի իրադարձությունները: Արդյոք այդ իրադարձությունները երկարաժամկետ ազդեցություն կունենա՞ն հացահատիկի շուկայի վրա, կիմանանք մոտ ապագայում»,- ասել է Զերնինը։
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) նախորդ ուրբաթ օրը հրապարակած նյութերի համաձայն՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ հացահատիկի գների ինդեքսն աճել է 1.5 տոկոսով։ «Bloomberg»-ը ցորենի համաշխարհային վերջին գնաճը պայմանավորում է Սեւ ծովի ավազանում լարվածության աճի ռիսկով։ Ուկրաինայում հակամարտության սրմամբ միջազգային շուկան խնդրի առաջ է կանգնած. արդյոք Կիեւն ու Մոսկվան կհամաձայնե՞ն երկարաձգել Ուկրաինայից հացահատիկի արտահանման պայմանագիրը։ Ի դեպ, գործարքի ժամկետը լրանում է մոտ մեկ ամսից։
Համաշխարհային շուկայում ցորենի գնաճի ու դրա հետեւանքների ռիսկն առնչվում է հատկապես այն երկրներին, որոնք ոչ միայն հացահատիկով ինքնաբավ չեն, այլեւ մեծամասամբ ներկրող են։ Հայաստանն այդ երկրների շարքում է։ 2021 թ. մեր ինքնաբավության ցուցանիշը 30 տոկոսից ցածր է եղել։ Մենք, միջին հաշվարկներով, տարեկան 450-500 հազ. տ ցորեն ենք սպառում։ Մինչ 44-օրյա պատերազմը տարեկան 100 հազ. տ-ի չափով ներկրել ենք նաեւ Արցախից։ Հիմա արդեն ներկրում ենք նաեւ Արցախից չեկող բաժինը։ Ու ներկրումն էլ գլխավորապես Ռուսաստանից ենք անում։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, այս պահի դրությամբ ցորենի պակասի սուր ռիսկի առաջ կանգնած չենք, բայց այս գնաճային ռիսկերում ամբողջապես տեղավորվում ենք։
Հարցն այն է, սակայն, թե արդյոք վաղը ցորենի պակասի ռիսկ չենք ունենա։ Չմոռանանք. նախ՝ չգիտենք, թե ինչ ծավալումներ կստանան ռուս-ուկրաինական իրադարձությունները, եւ սեփական երկրում գնաճ թույլ չտալու համար արտահանման ինչ սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանը, կամ աշխարհաքաղաքական ինչ ծավալումներ կլինեն մեր տարածաշրջանում, եւ դրանք ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ Եվ հետո՝ ցորենի կանխատեսվող գնաճը մեր տնտեսությունում անմիջապես կերեւակվի՝ շղթայական հետեւանքներով հանդերձ։ Լոգիստիկ գնաճն էլ հավելած։
Բնականաբար, նշյալ ռիսկերից հնարավորինս քիչ ազդվելու համար հարկ է մտածել ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու մասին։ Վերջին տասը տարվա կտրվածքով ցորենի արտադրության՝ 2021 թ. նվազագույն ցուցանիշ արձանագրած մեր երկրում իրավիճակը կարելի է փոխել, եւ այդ մասին մասնագետները խոսել են՝ նշելով նաեւ ուղիները։ Ի վերջո, մենք ունեցել ենք հաջողված օրինակներ, երբ ինքնաբավության մակարդակը 53 տոկոսի ենք հասցրել (2013-2016 թթ.)։ Այսինքն՝ նորից կարող ենք։ Եվ այս պարագայում մեր իսկ պարենային ապահովության մասին չմտածելը բացատրություն չի ունենա։