Ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում կատարվող կարեւոր իրադարձություններին մեր թերթը պարբերաբար անդրադառնում է: «ՀՀ»-ն հետեւողական է նաեւ բարձրացրած հարցերը շարունակաբար քննարկելու խնդրում՝ կարեւորելով այն, որ հարկ է, ինչպես ընդունված է ասել, ձեռքը մշտապես ընթացող զարգացումների «զարկերակին պահել»:
Ահա այս տեսանկյունից մոտենալով խնդրո առարկային, «ՀՀ»-ն այսուհետ ամենամսյա յուրօրինակ ամփոփում կանի իր հրապարակումներից «ծաղկաքաղ» անելով: Այս, այսպես ասած, ամփոփման ամփոփումը նպատակ ունի մեկ անգամ եւս անդրադառնալ թերթում արծարծված հիմնական թեմաներին՝ ընդգծելով քաղաքական, սոցիալ-տնտեսական կարեւոր, օրախնդիր հարցադրումներն ու եզրահանգումները:
Այսպիսով` սեպտեմբեր ամսվա թեմատիկ, ոլորտային ամփոփումները՝ ըստ մեր հեղինակներ Լուսինե Մխիթարյանի, Իշխան Քիշմիրյանի, Արմեն Վարդանյանի եւ Արմենուհի Մելքոնյանի:
Արեւմուտքին այնքան էլ դուր չի գալիս Անկարայի ակտիվացումը
Եվրամիությունում գլոբալ փոփոխությունների գաղափարը քննարկվում է բավական երկար ժամանակ։ Այն օբյեկտիվ անհրաժեշտություն դարձավ հատկապես 2004 թ. ԵՄ-ի ընդլայնումից հետո, օրակարգում է հայտնվել նաեւ Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին։ Քննարկվող հարցերից մեկը ԵՄ-ում աստիճանաբար վետոյի իրավունքից հրաժարումն ու կոնսենսուսի միջոցով որոշումներ կայացնելուց դեպի պարզ մեծամասնական որոշումների կայացման համակարգին անցում կատարելն է։ Վետոյի իրավունքի վերացումը էական փոփոխություններ է առաջացնելու «եվրոպական ընտանիքում»։
* * *
Հույն-թուրքական հարաբերություններում հերթական սրացման ֆոնին առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի վարած քաղաքականությունը բալկանյան մյուս երկրներում։ Սեպտեմբերի 6-8-ը նախագահ Էրդողանը մեկնել է բալկանյան շրջագայության, որի շրջանակներում այցելել է Բոսնիա եւ Հերցեգովինա, Սերբիա եւ Խորվաթիա։ Բալկաններում ազդեցության լծակների ընդլայնմանը զուգընթաց՝ Թուրքիան շարունակում է ուժի սպառնալիքի լեզվով խոսել Հունաստանի հետ, միաժամանակ իրավական հիմքեր է փնտրում սպառնալիքից անմիջապես ուժի կիրառման դիմելու համար։
* * *
Սեպտեմբերի ընթացքում սրվեցին հարաբերությունները Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այդ երկրների միջեւ լարվածությունը, որը վերջին տարիներին պարբերաբար բռնկվում է «կայուն» հաճախականությամբ, թեւակոխեց նոր եւ վտանգավոր փուլ: Մինչ թուրքերն այդ լարվածության մեջ մեղադրում են Վաշինգտոնին, ԱՄՆ-ը Հունաստանին է առաջարկել F-35 ինքնաթիռները: Թուրքիան շարունակում է գործել «պատերազմի եզրին»՝ 2023 թ. կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ազգայնական շրջանակների քվեներն ապահովելու համար:
* * *
Տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին: Նրան չի հաջողվել հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ինչը զայրացրել է Էրդողանին: Բայդենը, սակայն, ժամանակ է գտել հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
* * *
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք է ժամանել նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Դա հույս է առաջացրել, որ Միջուկային գործարքի վերականգնմանը միտված բանակցությունները, որոնք վերջին շրջանում փակուղի էին մտել՝ կապված Իսլամական Հանրապետության պահանջած քաղաքական երաշխիքների հետ, հետագա ընթացք կստանան:
* * *
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի աշխատակազմը, ի վերջո, ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին՝ Հունաստանին եւ Թուրքիային, կոչ է արել խուսափել Էգեյան ծովի կղզիների շուրջ լարվածությանը միտված սցենարների զարգացումից: Վաշինգտոնը համոզված է, որ ՆԱՏՕ-ի անդամներն այժմ պետք է կենտրոնանան «կոլեկտիվ սպառնալիքի» չեզոքացման վրա:
* * *
Իրանը հայտարարեց Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ երկխոսության մեջ միջնորդի դեր կատարելու իր ցանկության մասին՝ էներգետիկ ճգնաժամը կարգավորելու համար: Իրանի միջնորդությունը կարեւոր է այնքանով, որքանով ոչ միայն փորձում է չեզոքացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերը՝ ստանձնելու միջնորդի դեր ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, այլեւ փաստացի հայտարարություն է այն մասին, որ Թեհրանն առնվազն ոչ պակաս տարածաշրջանային խաղացող է: Իսկ այն, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին միջնորդական ջանքեր գործադրելու մասին խնդրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, վկայում է այն մասին, որ Արեւմուտքին նվազագույնը դուր չի գալիս Անկարայի ակտիվացումը կամ, այլ կերպ ասած, տարածաշրջանային դերի բարձրացումը: Մակրոնի առաջարկը փոխանցելու համար Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մեկնել է Մոսկվա:
* * *
Սեպտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց նախկին ԱԳ նախարար Լիզ Թրասը` ավտոմատ կերպով դառնալով նաեւ երկրի վարչապետ։
Տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգները
Սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների հանդիպումը, որը նշանակալից իրադարձություն կարելի է համարել աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Միջազգային անվտանգային համակարգի վերափոխման ներկա գործընթացներում նոր կշիռ են ձեռք բերում Կենտրոնական Ասիան եւ տարածաշրջանային երկրների ներուժը միավորող կազմակերպությունները։ Տարածաշրջանային մակարդակներում համագործակցային նման հարթակները թույլ են տալիս հակակշռումների մեխանիզմ ստեղծել անվտանգության եւ քաղաքականության ոլորտում համաշխարհային գործընթացները որոշող այլ կենտրոնների՝ դրանով իսկ ազդելով աշխարհի ապագա ճարտարապետության վրա։
* * *
2021 թ. հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» իրավական առումով մեկնարկային կետ դարձավ Թուրքիայի եւ Ադրբեջանի սերտ ինտեգրման համար։ Միաժամանակ այն մարտահրավերների մի ամբողջ փաթեթ առաջացրեց հայկական աշխարհի համար, որոնք առնչվում են նախեւառաջ անվտանգային հարցերին։ Դրա ապացույցներից են խիստ հաճախակի անցկացվող համատեղ զորավարժությունները։ Ակտիվորեն ներդաշնակեցվում են երկու պետությունների պետական, կրթական համակարգերը։ Օրինակ` այս տարվա սեպտեմբերի 1-ից ինտեգրվել են թուրքական «e-devlet» էլեկտրոնային կառավարման եւ ադրբեջանական «e-gov» պորտալները։ Մինչ այդ միասնականացվել էին երկու երկրների վարորդական վկայականները: Վերջերս Ադրբեջանում բացվել է թուրք-ադրբեջանական ռազմական համալսարան։ Որոշակի զգուշավորությամբ, սակայն խոսվում է «թյուրքական միասնական բանակ» ունենալու մասին։ Ակտիվ աշխատանքներ են տարվում կրթական միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ։ Ադրբեջանում նոր ուսումնական տարվանից գործում են Թուրքիայի «միջազգային լուսավորչական դպրոցներ»։
* * *
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքը սպասելի էր՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ից սկսած ապատեղեկատվության տարածմամբ ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստվում հարձակման համար։ Ներկայումս էլ Ադրբեջանը փորձում է լայնածավալ սադրանքի պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններից պարզ է դառնում, որ ռազմական ագրեսիայի հիմնական նպատակները շարունակում են մնալ «խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրման պարտադրանքը՝ ներառելով Արցախի վերջնական բռնակցումը, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին «անվտանգային գոտու» ստեղծումը։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նպատակն է ՀՀ տարածքի հաշվին սահմանային կապ հաստատել Նախիջեւանի հետ։ Միաժամանակ, երբ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները ներկայացվում եւ ընկալվում են որպես «սահմանային լարվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», դրանով իսկ միջազգային հանրությունը խուսափում է գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
* * *
Մեր տարածաշրջանում ենթակառուցվածքների եւ ճանապարհների ապաշրջափակումն առաջնային հետաքրքրություն ներկայացնող հարցերից է։ Հայաստանն այսօր փաստացի ագրեսիայի է ենթարկվում այն պետության կողմից, որի հետ պետք է հասնի հաղորդակցությունների բացման: Սա փաստում է, որ պետք է այլ ուղիներ փնտրենք, նաեւ մեր ունեցած հնարավորություններն օգտագործենք: Նման տարբերակ կարող է դառնալ աբխազական երկաթուղու բացումը, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն։
* * *
Սուրեն Սարգսյանի խոսքով` Միացյալ Նահանգներն առավելապես կենտրոնացած են ոչ թե տարածաշրջանի պետությունների հետ առանձին-առանձին հարաբերություններ խորացնելու, այլ մեր տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու վրա, որի նպատակը, սկսած 1990-ականների սկզբից, Ռուսաստանի ազդեցության կրճատումն է։ ԱՄՆ-ը երկու կարեւոր բան է շեշտում, մեկը՝ իրենք հարգում են մեր՝ որպես ժողովրդավար պետության` ՀԱՊԿ-ին անդամակցելու եւ Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ ունենալու ընտրությունը, բայց պետք է կողմնորոշվենք, թե ինչի կարիք ունենք, որից հետո դա կարող ենք քննարկել ամերիկյան կողմի հետ։ Նրանք ոչ թե ասում են՝ ինչ էլ ուզեք, մենք ձեզ կտանք, այլ որոշեք, եկեք քննարկենք եւ հասկանանք, թե ինչ կարող ենք ձեզ համար անել։ Դա է այն կարմիր թելը, որն անընդհատ անցնում է այս թեմայի շրջանակներում։
Սպասելիքները, ցավոք, չարդարացան…
Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նշել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, իսկ կազմակերպությունն էլ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հույս ունի։
* * *
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան իրականացրեց Հայաստանի դեմ։ Մեր երկիրը պաշտոնապես դիմեց ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Հանրության շրջանում բավական մեծ սպասելիքներ կային Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից, մասնավորապես ռազմական օգնություն ստանալու առումով, սակայն կարծես թե այդ մասով սպասելիքները չարդարացան։ Ալեքսանդր Մարգարովի խոսքով` յուրաքանչյուր երկրի անվտանգությունն առաջին հերթին փորձում է ապահովել հենց տվյալ երկիրը, մնացած տարրերը կրում են լրացուցիչ, օժանդակ, անհրաժեշտ, բայց երկրորդական բնույթ։
* * *
ՌԴ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի սկզբին, Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությանը զուգահեռ, Արկտիկայում ու Հեռավոր Արեւելքում մի շարք զորավարժություններ անցկացրեց, որոնք այս կամ այն կերպ կապված էին ինչպես իրականացվող ռազմական հատուկ գործողության, այնպես էլ ՌԴ-ի սահմանների մոտ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դրսեւորած ակտիվության հետ: Միեւնույն ժամանակ օգոստոսի 29-ին Ֆինլանդիայում մեկնարկեցին «Vigilant Knife» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցել են Շվեդիայի ու Բրիտանիայի զինվորականները: Լիտվայի ու Էստոնիայի «Շյաուլյայ» եւ «Էմարի» ավիաբազաներում ամառային մարտավարական մանեւրներ են իրականացրել Գերմանիայի եւ Իսպանիայի ռազմաօդային ուժերի «Eurofighter Typhoon» կործանիչները: Իսկ Վրաստանում 21 պետությունների ավելի քան 2400 զինվորականներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի երկրներն ու դրանց գործընկերներին, մասնակցել են «Noble Partner-2022» մանեւրներին:
* * *
Հարավային Կովկասում Ադրբեջանը սեպտեմբերին սկսեց ավելի բացահայտ հակադրվել Իրանին եւ հավակնություններ դրսեւորել երկրի հյուսիսում գտնվող Ատրպատականի նկատմամբ: Բաքվի կիսապաշտոնական աղբյուրները բացահայտ կոչ էին անում իրանական «ադրբեջանցիներին» դուրս գալ Իրանի կազմից ու միանալ Ադրբեջանին: Ինչպես պարզվեց, Թեհրանի դեմ նման գործողությունները պայմանավորված են հայկական Սյունիքի հարցում նրա դիրքորոշմամբ: Անհրաժեշտ է վերականգնել պատմական ճշմարտությունը այն հարցում, թե ատրպատականցիներն ու ժամանակակից «ադրբեջանցիները» որքանով են «հարազատներ», այլապես Բաքուն կշարունակի լարվածություն ստեղծել Իրանում՝ օգտագործելով ատրպատականցիների գործոնը:
* * *
Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, պաշտոնական Երեւանը, համաձայն ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածի, դիմեց կազմակերպությանը՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ադրբեջանական զորքերի հետմղումն ապահովելու համար: Պայմանագրի այդ կետը ենթադրում է ռազմական օգնության ցուցադրում:
ՀԱՊԿ-ում, սակայն, համարեցին, որ մոտ ապագայում այդ մասին խոսք լինել չի կարող. կազմակերպությունն առայժմ չի դիտարկում Հայաստան զորք ուղարկելու հնարավորության հարցը: ՀԱՊԿ-ն չկատարեց իր պարտականությունները, ինչը ենթադրությունների տեղիք տվեց, որ ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը կրկնում է բյուզանդականի սխալները: Մի օր Ռուսաստանին անհրաժեշտ կլինի բերդ ունենալ Հարավային Կովկասում՝ ընդդեմ թուրք նվաճողների, բայց այն անհնար կլինի ստեղծել:
* * *
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերական անդորրի հաստատումից հետո բախումներ սկսվեցին ՀԱՊԿ-ի անդամներ Տաջիկստանի ու Ղրղզստանի միջեւ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսային բանակցություններ է վարել այդ երկրների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հետ:
Սեպտեմբերի 16-ին Թեհրանում մահացել է երիտասարդ քրդուհի Մահս Ամինին: Նրան ձերբակալել էր հասարակական կյանքի սովորությունների պահպանման գծով ոստիկանությունը՝ ոչ բավարար չափով փակ հիջաբի համար: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ամինին ոստիկանական բաժանմունքում կաթված է ստացել, որից հետո հայտնվել է կոմայի մեջ եւ մահացել: Իրանական պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ բռնկված անկարգությունների մեջ արտաքին միջամտություն են տեսնում:
Փոթորկվող աշխարհի ծանր ալեբախումները
Սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած՝ ադրբեջանական զորքերն ականանետների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության բնույթի փոփոխության եւ երկրում մասնակի մոբիլիզացիայի անցկացման մասին: Նախագահի հրամանագրի համաձայն՝ մոտ 300 հազար մարդ կհամալրի բանակը, եւ այդ գործընթացն արդեն սկսվել է: Իր դիմումում ՌԴ նախագահը նաեւ աջակցություն է հայտնել Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ հանրաքվեի միջոցով, որպես առանձին սուբյեկտ, ՌԴ կազմ մտնելու ծրագրերին: Այդ տարածքներում քվեարկությունն անցկացվել է սեպտեմբերի 23-27-ը:
* * *
«Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի առաջին իսկ անհաջողությունը բավական էր, որպեսզի Արդրբեջանը պաշտպանության նախարարի մակարդակով սադրանքների դիմի ՀՀ-ի եւ Արցախի դեմ: Խարկովի շրջանում ռուսական զորքերի հետքաշմանը զուգահեռ պաշտոնական Բաքուն սկսեց դիմել իր ավանդական կեղծիքների քաղաքականությանը եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը:
* * *
ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն տարածելուց բացի՝ Ադրբեջանն անցավ գործնական սադրանքի՝ ՀՀ սահմանի արեւելյան հատվածում նշանառու կրակոցով սպանելով դիրքապահ հայ զինվորին: Ողջ գործիքակազմով հայ-ադրբեջանական սահմանին լարում հրահրելուց հետո գործի անցավ Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
Վերջինս խորհրդակցություն հրավիրեց բոլոր բանակային ստորաբաժանումների, այդ թվում նաեւ Արցախի օկուպացված տարածքներում տեղակայվածների հրամանատարիների մասնակցությամբ, որի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանի բանակին հրամայվել է մշտապես պատրաստ լինել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին «հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների» կանխմանը…
* * *
«Ուկրաինայում որոշակի խնդիրների հանդիպելու առաջին իսկ դեպքում պաշտոնական Բաքվի նման պահվածքն այլ կերպ, քան իր հյուսիսային «ռազմավարական գործընկերոջը» մեջքից հարվածելու փորձ, հնարավոր չէ անվանել: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»,- կանխատեսվել էր հովածում:
* * *
Բուն պատերազմական գործողությունների օրերին հրապարակված հոդվածում, դրան հաջորդող մի քանի հոդվածներում մատուցվեց այն իրողությունը, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի նախաձեռնած հրադադարի լայնամասշտաբ խախտման դեպքն առաջին հերթին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ իրականացրած ագրեսիային միջազգային կառույցների եւ հանրության ոչ ադեկվատ արձագանքի հետեւանք է: Այն ժամանակ աշխարհն աչք փակեց արցախյան խնդիրը քաղաքական բանակցությունների փոխարեն պատերազմով լուծելու ադրբեջանաթուրքական գործողությունների առաջ, ինչը կանաչ լույս էր ադրբեջանական նոր ագրեսիայի համար: Ռազմական գործողություններից հետո հրապարակված հոդվածներում հիմնական թեզը վերաբերում էր ադրբեջանական ագրեսիային համարժեք միջազգային արձագանք տալու հարցին: Հոդվածների հիմնական նպատակներն են եղել իրազեկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին եւ լսարանին հասցնել այն իրողությունը, որ Բաքուն ոտնահարում է համաշխարհային հանրության կարծիքը եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերը:
* * *
Հետագա հոդվածներում էլ առաջնայնություն է տրվելու Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների փաստերի ներկայացմանը: Անհրաժեշտ հանրայնացում ապահովելով եւ իրողությունը միջազգային հանրությանը հասցնելով՝ կապահովվի Բաքվի գործողությունները քննադատող միջազգային արձագանք, որն էլ իր հերթին զսպող դեր կունենա Ադրբեջանի համար: Հոդվածներում պարբերաբար պետք է հիշատակվի Իրանի պահվածքի մասին, որը բացահայտ հայտարարել է, որ թույլ չի տա տարածաշրջանի սահմանների խախտում: Այս փուլում Իրանը միակ երկիրն է, որը ոչ միայն հայտարարում է, այլեւ գործնականորեն զորքեր է կուտակել Հայաստանի, Ադրբեջանի, Նախիջեւանի եւ Թուրքիայի սահմաններին: Իրանի գործոնը պարբերաբար շեշտելով՝ Արեւմտյան երկրների մոտ Իրանի հակազդմանը մղող քայլեր կարվեն: Արեւմուտքը կձգտի Իրանին դուրս թողնել հիմնախնդրում որոշիչ դերակատարությունից, իսկ դա հնարավոր է միայն տարածաշրջանի սահմանների անխախտելիության թեզը ԻԻՀ-ից վերցնելու եւ առաջ տանելու միջոցով: Հոդվածներում պետք է զարգացվեն այս հարցում Իրան-Արեւմուտք մրցակցության մեծացմանը խթանող դրույթներ եւ թեզեր: Հայաստանն իր անվտանգության համար այս մրցակցությունից կարող է քաղել առավելագույնը՝ տվյալ բարդ իրավիճակում կայունություն ապահովելու եւ Ադրբեջանի ակնհայտ ռազմատենչ գործողությունները կանխելու համար:
Խաղաղության գործընթացի խոչուխութերը
Հայաստանյան մամուլում եւ սոցիալական ցանցերի տիրույթում ակտիվորեն քննարկվում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Բաքվի ներկայացրած ենթադրյալ 5 պահանջները: Դատելով Ադրբեջանի գործողություններից՝ հավանականությունը մեծ է, որ հրապարակված կետերը վերջինս իրոք ներկայացրել է որպես բանակցությունների հիմք: Դրանցում, թերեւս, նորությունն այն կետն է, որով առաջարկվում է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն իրականացնել 1919, 1920 թթ. քարտեզներով:
Ստացվում է, որ Ադրբեջանն առաջարկում է սահմանազատում իրականացնել այնպիսի փաստաթղթերով, որոնք չունեն իրավական որեւէ ուժ: Ըստ էության, այս մասին էին ՀՀ բարձրաստիճան քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների պարբերաբար արված հայտարարությունները, որ սահմանազատումը պետք է իրականացվի իրավական հիմքերի վրա, այսինքն՝ միջազգային որեւէ ձեւաչափով հաստատված քարտեզներով: Վերջին պահանջը միայն Հայաստանինը չէ, այն թելադրված է միջազգային իրավունքով եւ պրակտիկայով: Եթե պետությունների միջեւ արդեն կան միջազգայնորեն ընդունված որոշակի սահմաններ, ապա սահմանագծումը պետք է արվի բացառապես դրա հիման վրա՝ որոշակի շտկումներ իրականացնելու նպատակով:
Այս ամենին հակառակ ի՞նչ է առաջարկում պաշտոնական Բաքուն: Մեծ հավանականությամբ՝ առաջարկվում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հիմքում դնել 1918-1920 թթ. մուսաֆաթական Ադրբեջանի ենթադրյալ քարտեզը, որը գծել էր այդ նորաստեղծ միավորման այն ժամանակվա ղեկավարությունը: Այդ քարտեզով Ադրբեջանի տարածքում ընդգրկված են ոչ միայն ՀՀ-ի, այլեւ Վրաստանի, ՌԴ-ի եւ Իրանի տարածքներ, ինչն աբսուրդային էին գնահատել դեռ այն ժամանակ գործող միջազգային կառույցները:
* * *
Սա է պատճառը, որ 20-րդ դարի սկզբում ՄԱԿ-ի իրավանախորդը՝ Ազգերի լիգան, չընդունեց Ադրբեջանի ներկայացրած քարտեզը, ասել է թե՝ դե-ֆակտո ճանաչեց Մուսաֆաթական Ադրբեջանը, որն անվանվում էր Դեմոկարտական, բայց դե-յուրե՝ սահմաններով, չճանաչեց այդ միավորը՝ ներկայացված քարտեզների աբսուրդային մեծ անճշտությունների պատճառով: Այն տարիներին Ադրբեջանն իր տարածքի մեջ էր ընդգրկել բոլոր այն շրջանները, որտեղ ապրել են որոշակի քանակով մահմեդականներ՝ անկախ նրանց ազգությունից: Ներկայացված քարտեզը օրինաչափորեն մերժվել էր Ազգերի լիգայի կողմից, որից հետո արդեն խորհրդայնացված Անդրկովկասում իրավաբանորեն հաստատվել էին այն ժամանակ միջազգայնորեն ճանաչված ԽՍՀՄ ներքին վարչական միութենական քարտեզները: Ավելորդ է հիշեցնելը, որ 1991 թ. փլուզված ԽՍՀՄ սուբյեկտներին ՄԱԿ-ը ճանաչել է հենց այդ քարտեզների հիման վրա:
Կարծել, թե Ադրբեջանը չգիտի այս ճշմարտությունը՝ ճիշտ չէր լինի, հետեւաբար՝ նման առաջարկ ներկայացնելը կամ այդ երկրի եւ նրա «ավագ եղբոր»՝ Թուրքիայի մաքսիմալիստական, ծավալապաշտական ձգտումների արգասիք է, կամ խաղաղության գործընթացը փակուղի տանելու ձգտում: Այլ կերպ հնարավոր չէ ձեւակերպել նման առանցքային բանակցությունների հիմք իրավական ուժ չունեցող փաստաթղթի բերումը, որը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ զավեշտի է վերածում բանակցային ողջ գործընթացը:
* * *
Ներկայում գնում է երկու երկրների միջեւ խաղաղության փաստաթղթի նախապատրաստման եւ ստորագրման գործընթաց՝ միջազգային հանրահայտ նորմերին համապատասխան, հետեւաբար, այն պետք է ընթանա հիմնավոր փաստարկների, այն է՝ իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա, ինչը պարտադիր պայման է միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգային հարաբերությունների համար: Այսպիսով, խաղաղության գործընթացում արդյունք նախանշելու համար անհրաժեշտ է իջնել գետնի վրա եւ հրաժարվել իդեալիստական մոտեցումներից, առավել եւս, երբ խոսքը երկու միջազգային սուբյեկտ հանդիսացող պետությունների հարաբերությունների եւ հետպատերազմյան բարձր զգայուն իրավիճակի մասին է:
Ժամանակաշրջանի «տնտեսական դասերն» ու մարտահրավերները
Սեպտեմբերին տպագրված նյութերը բազմազան են։ Դրանք վերաբերել են Սեւանա լճի խնդրին, սիգի որսի թույլատրելի չափի ավելացման պատճառներին, կրիպտոարժույթներին եւ դրանց շրջանառությանը Հայաստանում, ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում մեր էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակի ապահովմանը, ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի տեղի ընտրությանը, ատոմակայանի միջազգային կապերին, վաղվա տնտեսությունը սպասարկող էներգահամակարգ ունենալուն, ոչ թե սպասարկող, այլ արդյունաբերական տնտեսություն ունենալու խիստ կարիքին, պաշտպանական ու հոգեբանական մարտահրավերներին դիմակայելու համար տնտեսություն-բանակ շղթան աշխատեցնելու հրամայականին, մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնությունների պատճառներին, հիդրոահաբեկչության ակնհայտ դրսեւորումներին, պատերազմի «տնտեսական դասերին», նոր պատերազմի վտանգ բերող խաղաղության հայցին, տնտեսությունն անվտանգությանը ծառայեցնելու կենսական խնդրին, գյուղացուն աջակցության պետական քաղաքականության փոփոխությանը, աղքատ խավի շարքերը չխտացնելու համար պետության սոցիալական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությանը, խաղալիքների վտանգավոր աշխարհին։
* * *
Հոգսաշատ մեր երկրում խնդիրներն այնքան շատ են, եւ ուշադրությունը, հասկանալի պատճառներով, այնքան է ուղղված անվտանգության ու պաշտպանական խնդիրներին, որ հաճախ «մոռանում» ենք շատ կարեւոր հարցերից խոսել։ Օրինակ՝ շուկայում առկա խաղալիքների որակից։ «Խաղալիքների վտանգավոր աշխարհը» հոդվածով փորձ է արվում պարզել խնդիրը որակական եւ հոգեբանական տեսանկյունից։ Ընթերցողները կարող են նաեւ հասկանալ՝ ինչպես ստուգել խաղալիքի որակը՝ երեխայի առողջությունը չվտանգելու համար։
* * *
Կարեւոր մեկ այլ հարց էլ կրիպտոարժույթներին վերաբերող թեման է՝ ինչ է կատարվում այդ դաշտում աշխարհում եւ Հայաստանում եւ, ի վերջո, այս ծածուկ արժույթը ծածուկ հարստանալու ձե՞ւ է, փողի լվացման միջո՞ց, թե՞ սպեկուլյատիվ փուչիկ։ Նշվում է, որ Հայաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կանոնակարգող օրենսդրությունը բացակայում է: Դրանք շրջանառվում են, սակայն որեւէ իրավական կարգավորման չեն ենթարկվում: Մեզ մոտ օրինական վճարամիջոց չեն, սակայն գործարքների կողմերի համաձայնությամբ վճարումները միմյանց միջեւ կարող են իրականացվել կրիպտոարժույթներով: Մեր ԿԲ-ն զգուշավորություն է ցուցաբերում կրիպտոարժույթների նկատմամբ, քանզի դրանց տարածումը էական սպառնալիք է ներկայացնում ֆինանսական համակարգի կայունության համար։
* * *
Ատոմակայանի խնդիրը նույնպես պարբերաբար քննարկվում է. այս անգամ խոսել ենք նոր ԱԷԿ-ի տեղի ընտրությունից։ 1993-1995 թթ. ՀԱԷԿ-ի աշխատանքի վերագործարկումը նախապատրաստելու ընթացքում «Ատոմէներգոսեյսմոպրոյեկտ» ՓԲԸ-ն ուսումնասիրեց կայանի տարածքի սեյսմիկ պայմանները` ատոմակայանի հնարավոր վերագործարկման եւ հետագա շահագործման բոլոր հարցերը լուծելու ու հիմնավորելու համար: Այդ աշխատանքներին, ի դեպ, անմիջականորեն մասնակցում էին մեր հանրապետության, ԱՊՀ-ի եւ արտերկրի կազմակերպությունները: Աշխատանքի ամբողջ ընթացքը եւ եզրահանգիչ հաշվետվությունն ուսումնասիրել եւ քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի (ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) փորձագետները:
* * *
Հաստատվեց՝ ատոմակայանը կարելի է վերագործարկել։ Կատարված հետազոտությունների հիմնական արդյունքներից մեկը այն փաստի ապացույցն էր, որ «ՀԱԷԿ-ը կառուցվել է ամբողջական (չքանդված) բազալտե բլոկի վրա, այսինքն` ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը»: Այս ամենագլխավոր պատճառներից է նաեւ նոր բլոկը գործող բլոկի տարածքում կառուցելու նպատակահարմարությունը։ Բացի դա՝ գործող ատոմակայանում արդեն կան որոշ ենթակառուցվածքներ, որոնք կրկին կառուցելու կարիքը չի լինի։ Այդպիսով՝ հավելյալ որոշ ծախսերից խուսափելու հնարավորություն կունենանք։
* * *
Գյուղատնտեսական եւ սոցիալական թեմաներում շեշտադրվել է երկու հանգամանք` գյուղացուն աջակցության պետական քաղաքականությունը պետք է փոխվի եւ ավելի համակարգված պետք է դառնա սոցքաղաքականությունը, որպեսզի սոցիալապես անապահովների խավը չխտանա։
* * *
Էներգետիկ հարցերը դիտարկվել են անվտանգության համապատկերում։ էներգետիկ անվտանգությունը մի խնդիր է, որի մասին մտածելը օրակարգային է նաեւ մեզ համար՝ զարգացած Եվրոպայի օրինակն աչքներիս առաջ ունենալով։ Էներգետիկ անվտանգության ապահովման համար թե մեզ ինչ է անհրաժեշտ, մեկ անգամ չէ, որ նշել ենք։ Բայց ճիշտ ուղղորդվելու համար անպայման պետք է հետեւենք եւ հասկանանք մասնագիտորեն ու նաեւ քաղաքական առումով իրատեսորեն հասկանանք Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքային տրամաբանությունը, հնարավորությունները՝ արտահանման, տարանցման եւ զարգացման մասով, Ադրբեջան-Եվրոպա էներգետիկ խաղերը, դրա այս կամ այն կողմ տրանսֆորմացվելու հնարավորությունները եւ, իբրեւ դրա հետեւանք, Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխությունները, Թուրքիայի էներգետիկ ռազմավարական գծերը։ Եվ այս ամենի համապատկերում՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության մասին մտածել ոչ թե այսօրվա տնտեսական փաստացի, այլ՝ վաղվա՛ ցուցանիշներից ելնելով։ Այսինքն՝ այսօր պետք է պահպանենք եւ զարգացնենք այնպիսի էներգահամակարգ, որը կկարողանա սպասարկել մեր վաղվա զարգացած (այլ ելք չունենք) տնտեսությունն ու դիմակայել հնարավոր մարտահրավերներին։
* * *
Երկրի առջեւ ծառացած պաշտպանական խնդիրների լուծման բանալին՝ գիտություն-տնտեսություն-բանակ շղթան աշխատեցնելու գծում, ինչը նաեւ մեր հնարավորությունն է ոչ թե սպասարկող, այլ արդյունաբերական տնտեսություն ունենալու։ Պետք է, ի վերջո, հասկանանք, որ, այո, զբոսաշրջության ու սպասարկման ոլորտներում առաջընթացը լավ բան է (թեեւ թյուրքական կողմից մեզ վրա պարբերաբար հարձակումները այս վիճակն էլ փոխեցին), բայց տնտեսությունը դրա հույսին պահելը՝ աղետաբեր։ Մեզ պետք է արդյունաբերական տնտեսություն, ռազմարդյունաբերություն, այնպիսի կուռ համակարգային տնտեսություն, որն իր բոլոր հնարավորություններով կծառայի մեր անվտանգության ապահովմանը։ Որովհետեւ թյուրքական քաղաքականությունը չի փոխվել, եւ դրա վկայությունը մեր իրականությունն է. թշնամին մեր սահմանից ներս է։ Մտքի ծայրով անգամ անցկացնել, որ նա խաղաղություն է ուզում եւ մի պահի կանգ կառնի, առնվազն միամտություն է մեր կողմից։ Խաղաղությունը միակողմանի չի լինում, հետեւաբար՝ մեր կողմից ներկայացվող խաղաղության հայցն իրականում թշնամու կողմից մեր հանդեպ պատերազմի նոր վտանգ է։ Մենք պարտավոր ենք պատրաստվել հաջորդող իրադարձություններին եւ դրա համար պետք է ներդնենք համազգային մեր բոլոր ջանքերը եւ բոլոր ոլորտներում՝ կրթականից սկսած մինչեւ տնտեսական ու քաղաքական։