Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, դոլարի ներկայիս դիրքերի եւ Հայաստանի տնտեսության վրա այդ ամենի ազդեցության մասին հակիրճ խոսել ենք տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ։
-Եվրոպան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8 փաթեթ ունի արդեն հաստատած, 9-րդն էլ մշակվում է, բայց դրանից եվրոպական էներգետիկ ճգնաժամը չի թուլանում, ավելին՝ փորձագետները սոցիալական բողոքի ալիքներ են կանխատեսում եվրոպական տարբեր երկրներում։ Ով է ավելի շատ տուժում՝ պատժո՞ղը, թե՞ պատժվողը։ Եվ ի՞նչ նոր սահմանափակումներ են լինելու, կարծես պատժի որեւէ ուղղություն բաց չի մնացել։
-Այո, այժմ ԵՄ կողմից քննարկվում է ՌԴ հանդեպ կիրառվելիք պատժամիջոցների իններորդ փաթեթը, որը ամենայն հավանականությամբ, բաղկացած կլինի նոր անձնական սահմանափակումներից, քանի որ ԵՄ-ն արդեն կիրառել է ճնշման գրեթե բոլոր հնարավոր լծակները։ Կարող է թվալ, թե իշխանությանը մոտ կանգնած բոլոր մարդիկ արդեն իսկ պատժամիջոցների տակ են, բայց միշտ էլ կարելի է տասնյակ նոր անուններ գտնել։ Բացի այդ, վերջերս Ռուսաստանի պաշտպանության ոլորտի ղեկավար կազմում հայտնվել են նոր դեմքեր, որոնք նույնպես կարող են ընդգրկվել ցուցակներում։ Հնարավոր են նաեւ ոլորտային որոշ պատժամիջոցներ, օրինակ՝ մետալուրգիական արդյունաբերության ոլորտում, էլեկտրաէներգիայի արտահանման եւ այլն։
Այս հոկտեմբերի 6-ին Եվրամիությունը ընդունեց հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթը։ Պատճառը Ռուսաստանի տարածք չորս նոր շրջանների՝ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների մուտքն էր Ռուսաստան։ Պատժամիջոցների 8-րդ փաթեթը ներառում էր հետեւյալը՝ 1. ԵՄ պատժամիջոցները նախատեսում են դեկտեմբերից ծովային ճանապարհով սահմանված առաստաղից բարձր գնով Ռուսաստանից նավթի փոխադրման արգելք, փետրվարից՝ նավթամթերքի։ 2. Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները ընդլայնում են ապրանքների ներմուծման եւ արտահանման արգելքը, այդ թվում՝ պողպատե արտադրանք, մեքենաներ, քիմիական նյութեր, պլաստիկ, ծխախոտ: 3. Բացի այդ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը պատժամիջոցներ է նախատեսում ԵՄ պատժամիջոցները շրջանցելու սխեմաների մասնակիցների համար։ 4. Պատժամիջոցները ներառում են նաեւ ԵՄ երկրների քաղաքացիների՝ ռուսական պետական մի շարք ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնելու արգելք։ 5. Արգելք է մտցվել Ռուսաստանի քաղաքացիների եւ բնակիչների կրիպտոակտիվների սպասարկման վրա։ 6. Նոր պատժամիջոցները ներառում են ռուսական ընկերություններին ՏՏ, ինժեներական եւ իրավաբանական ծառայություններ մատուցելու արգելք։ 7. Նաեւ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում երկարաձգել է սահմանափակումները Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների նկատմամբ։ 8. ԵՄ նոր պատժամիջոցները արգելում են Ռուսաստան քաղաքացիական հրազենի, դրանց հիմնական բաղադրիչների եւ զինամթերքի, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի արտահանումը։
Ըստ էության, ՌԴ հանդեպ կիրառվող տնտեսական պատժամիջոցները բերել են մի վիճակի, երբ այդ պատժամիջոցները սահմանող պետությունների տնտեսություններն ավելի շատ են տուժում դրանից, քան Ռուսաստանի տնտեսությունը։ ՌԴ-ն ռազմավարական հիմնական ապրանքների՝ էներգակիրների եւ հացահատիկի համաշխարհային խոշոր մատակարար է եւ պատժամիջոցների հետեւանքով այդ ապրանքների գինը կտրուկ բարձրացել է։ Սա ավելի ձեռնտու է բնականաբար Ռուսաստանին եւ բացասաբար է ազդում արեւմտյան երկրների վրա։ Ավելին, Ռուսաստանը ռեսուրսներով ինքնաբավ երկիր է եւ այս առումով տնտեսապես ավելի քիչ խոցելի:
-Շատ երկրներ անցնում են հաշվարկների ազգային արժույթին, փորձագիտական ամենատարբեր խմբեր գուժում են նաեւ դոլարային համակարգի վախճանը։ Սա կհանգեցնի՞ դոլարային տնտեսության փոփոխության։
-Փաստացի ՌԴ հանդեպ կիրառվող աննախադեպ ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցները համաշխարհային տնտեսությունում հանգեցրել են լիովին նոր իրողության: Ճամայկայի համաժողովից ի վեր սա համաշխարհային ֆինանսական ճարտարապետության առաջին փորձությունն է: Ինչպես հիշում եք, դեռ գարնանը ԵԱՏՄ շրջանում որոշում կայացվեց փոխադարձ առեւտրում անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկների իրականացմանը: Բացի այդ, մասնավորապես խոշոր պետությունների մակարդակով պայմանավորվածություն կա փոխադարձ առեւտուրն իրականացնել ազգային արժույթներով՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան, Բրազիլիա, Թուրքիա: Իսկ սա նշանակում է ԱՄՆ դոլարի՝ որպես միջազգային վճարամիջոցի դիրքի խարխլում: Ավելին, ներկայումս տարածում են գտնում նաեւ կրիպտոարժույթներով վճարումների համակարգերը, ինչն էլ իր հերթին է անդրադառնում դոլարի դիրքերի թուլացման վրա:
-Եվ վերջնահաշվարկում՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե հաշվի առնենք մեր հիմնական արտահանելի ուղղություններից մեկի՝ հանքարդյունաբերական արտադրանքի «գիծը»։
-Քանի որ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների մեծ մասի սեփականատերերը ՌԴ-ից են, ապա կա որոշակի ռիսկ, որ վերջինիս հանդեպ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ այդ կազմակերպությունների կողմից արտահանման գործարքների վրա: Սակայն պետք է նշեմ, որ այդ կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք են, եւ ըստ այդմ՝ ՌԴ հանդեպ պատժամիջոցների տակ դրանք որպես այդպիսին չեն կարող հայտնվել: Այո, հնարավոր է այդ կազմակերպությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձանց վրա որոշակի պատժամիջոցներ եւ սահմանափակումներ կիրառվեն որպես ՌԴ ռեզիդենտների՝ իրենց անձամբ պատկանող բանկային հաշիվների սառեցման եւ այլ եղանակով: Սա անմիջականորեն չի ազդում կազմակերպությունների վրա, սակայն անուղղակի կերպով նաեւ հավելյալ ռիսկեր է առաջացնում վերջիններիս համար: