Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձեւաչափով վերջերս տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթի ձեւը եւ բովանդակությունը որոշակի արձագանքի արժանացան փորձագիտական շրջանակներում: Բելառուսի նախագահի աշխատակազմի հրապարակած տեսաձայնագրությանը ստիպված էր անդրադառնալ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի մեկնաբանությամբ. «Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված եւ ամենեւին ոչ դաշնակցային գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»։
Փորձագիտական հանրությունն անդրադարձավ նիստում Լուկաշենկոյի խոսքի այս հատվածին. «Մենք ցանկանում ենք, որ հարեւան պետությունների միջեւ կոնֆլիկտը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Նիստի երկրորդ հարցը՝ «Տվեք ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ, ես դրան միանգամից եմ պատասխանում՝ նստեք Իլհամ Ալիեւի հետ, եւ եթե պետք է՝ խնդրեք նաեւ Ռուսաստանի նախագահին եւ ընդունեք որոշում, չեք ընդունի այսօր՝ վատ կլինի, դուք ինքներդ եք հասկանում: Մեզ պետք չէ այդ կոնֆլիկտը… Հարցը դնել մի կողմից՝ ՀԱՊԿ, դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիեւը: Ինչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկը չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»:
Փորձագիտական շրջանակները, հիմնական շեշտադրումն անելով ելույթի զգացմունքային այս ձեւի վրա, մեծամասամբ անտեսեցին հայտարարության ենթատեքստային բովանդակությունը: Սակայն էականն այն դրվագն է, երբ Լուկաշենկոն մեջբերեց արեւմտյան գործիչների հայտարարությունն այն մասին, որ պետք է Ռուսաստանին շրջագծով կտրել, քանի որ վերջինս «խրվել» է Ուկրաինայում, եւ դրա համար պետք է կոնֆլիկտներ հրահրել Կովկասում, Միջին Ասիայում…
«Սա բոլորին է հայտնի, այդ պատճառով ցանկացած կոնֆլիկտ եւ շարժում մենք պետք է դիտարկենք այդ գլոբալ համատեքստում»,- հայտարարեց Բելառուսի նախագահը: Փաստացի ստացվեց, որ Լուկաշենկոն արձանագրեց, թե Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում հրահրվող բախումները Ռուսաստանի դեմ են կազմակերպված եւ՝ մեկ կենտրոնից: Նրա հիշատակած այս գործընթացների տրամաբանական շղթան ամբողջացնելու համար պակասում է մի օղակ՝ հարցի պատասխանը, թե ովքե՞ր են Կովկասում կամ Միջին Ասիայում կոնֆլիկտներ հրահրելու գործընթացներում կատարողները: Այս հարցին անկեղծորեն պատասխանելու դեպքում Լուկաշենկոն ստիպված էր լինելու նույն պարզամտությամբ արձանագրել, որ իր բարեկամ Իլհամ Ալիեւն այսօր ՌԴ-ի դեմ այդ օղակը սեղմողներից է, քանի որ հենց նա է առանց պատճառի ռազմական ագրեսիա իրականացրել ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ասել է թե՝ կոնֆլիկտ հրահրել Կովկասում:
Այլ կերպ ասած՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթի տրամաբանությունը եւ ենթատեքստն ամբողջովին ուղղված էին Ադրբեջանի դեմ՝ վերջինիս մեղադրելով հակառուսական հակամարտություն հրահրելու մեջ: Ստացվում է, որ Բելառուսի նախագահը ցանկանում էր հանդես գալ իր բարեկամ Ալիեւի օգտին, բայց ստացվեց ինչպես միշտ է լինում՝ նրա դեմ:
Բելառուսի նախագահը ՀԱՊԿ նիստում անկախ իր կամքից բարձրաձայնեց ճշմարտությունը, որը հայտնի փաստ է տարածաշրջանի գործընթացներին ծանոթ ցանկացած անհատի համար: Դրանով նա կրկին տրամաբանությունից զրկեց ՀԱՊԿ-ի գործողությունները, քանի որ այդ դեպքում ընկալելի չէ, թե ի վերջո ինչում է Բելառուսի ղեկավարը պաշտպանում Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում հակամարտություն հրահրող Ադրբեջանի նախագահին եւ նույն կոչով դիմում ՀԱՊԿ մյուս անդամներին: