Սոչիի եռակողմ հանդիպումից երեք օր անց Բաքուն վերադարձավ իր նախկին գործելաոճին՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման մասին ապատեղեկատվության տարածմանը: Ադրբեջանի ՊՆ-ն նոյեմբերի 3-ին եւ 4-ին նույնաբովանդակ երկու տեղեկություն տարածեց: Ավելորդ չէ նշելը, որ այդ կեղծիքը տարածվեց նաեւ այն ժամանակ, երբ Բրյուսելում տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ:
Պաշտոնական Բաքուն նման քայլերով, ըստ էության, ասում է, որ չի փոխելու գործելաոճը՝ անկախ նրանից, թե իրավիճակն ապակայունացնելու գործընթացից զերծ պահելու վերաբերյալ ինչ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել պետությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ: Ադրբեջանի այս վարքն ավելորդ անգամ փաստում է, որ նրա ագրեսիվ պահվածքը զսպելու համար ավելի գործուն միջոցներ են պետք, մասնավորապես՝ հասցեական պատժամիջոցներ: Վերջիններս պետք է ուղղված լինեն Բաքվի համար առավել զգայուն ոլորտներին:
Նոյեմբերի 15-ին նման կարեւոր առաջարկությամբ է պատրաստվում հանդես գալ Ֆրանսիայի Սենատը: Նոյեմբերի 3-ից ֆրանսիական օրենսդիր մարմնում շրջանառության մեջ է դրվել բանաձեւ, որով երկրի կառավարությանն առաջարկվում է ի թիվս զսպման այլ միջոցների օգտագործել նաեւ պատժամիջոցների գործիքակազմը: Բանաձեւով հեղինակները կառավարությանը հորդորում են վճռականորեն գործել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի, ներառյալ քաղաքացիական բնակչությանն ուղղված եւ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:
Վեց սենատոր բանաձեւով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում հաշվի առնել 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած նոր հարձակումների բոլոր դիվանագիտական ու տնտեսական հետեւանքները եւ եվրոպացի գործընկերների հետ միասին դիտարկել ամենակտրուկ միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը եւ գազի ու նավթի ներմուծման էմբարգոն։ Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք՝ նրա ինքնիշխանության խախտմամբ իրականացված ռազմական ագրեսիայի փաստը նկատի առնելով: Սենատորները կառավարությանն առաջարկում են դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպության հովանու ներքո այստեղ անվտանգության ուժերի տեղակայման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցերը:
Փաստաթղթում կրկին բարձրացվում է Արցախի Հանրապետության ճանաչման եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար այն բանակցային գործընթացում ներառելու հարցը: Փաստաթղթում այդ առումով հիշատակվում է 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատի ընդունած՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 որոշումը: Ֆրանսիայի Սենատում շրջանառվող բանաձեւում առանցքային եւ առարկայական պատժամիջոցներ են նախանշված: Այն հավակնում է ցրել անպատժելիության այն մթնոլորտը, որը 2020 թ. պատերազմից հետո առկա է Ադրբեջանի շուրջ, եւ որից օգտվում է պաշտոնական Բաքուն իր ագրեսիվ գործողությունները շարունակելու համար:
Սենատորների թիրախները նույնպես ճիշտ են ընտրված: Էներգակիրների ոլորտն Ադրբեջանի ամենազգայուն կետն է, նրա տնտեսության հիմնական մասը, հետեւաբար՝ նաեւ սպառազինման հիմնական եկամուտների աղբյուրը: Այսօր Բաքվի վարքը պայմանավորված է կուտակած սպառազինության աննախադեպ մեծ քանակով, եւ տարածաշրջանում սադրանքները զսպելու համար պետք է հավասարակշռություն ապահովվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ինչի մասին ասվում է նաեւ վերոնշյալ բանաձեւում:
Եթե պաշտոնական Բաքուն «ականջի հետեւ» է գցում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում սադրիչ գործողությունները, որոնք կարող են ունենալ ծայրահեղ վտանգավոր զարգացումներ, ապա «գետնի վրա» պատժամիջոցները լիովին իրատեսական են նրան կարգի հրավիրելու համար: Հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատի անդամներն իրենց բանաձեւում առանցքային անդրադարձ են կատարել հայ-ադրբեջանական ներկայիս լարված հարաբերություններում Թուրքիայի ապակառուցողական դերին, ինչն ամբողջացնում է Հայաստանի եւ Արցախի շուրջ գերակայող իրողություններն ու միտումները: