Բարբարոսի ձեռագիրը չի փոխվում
Հոկտեմբերին հրապարակումների հիմնական մասը վերաբերել է արցախյան հիմնախնդրին եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին, հանդիպումներին ու հայտարարություններին:
Հոկտեմբերի սկզբին լուսաբանման առարկա դարձավ Հնդկաստանից 240 մլն դոլարի զենքի գնման Հայաստանի պայմանագիրը: Ադրբեջանական մամուլը հերթական հիստերիան տարածեց, թե այդ զենքն իրենց սահմանամերձ գյուղերը ռմբակոծելու համար է, այն դեպքում, երբ մինչ օրս Ադրբեջանն է ագրեսիայի հեղինակը, եւ Արցախի հարակից տարածքները օկուպացնելուց հետո արդեն երկու տարի է՝ այդ գյուղերում քաղաքացիական բնակչություն դեռ չի բնակվում: Ռազմական անվտանգային բաղադրիչից բացի, ՀՀ-ն շարունակում է դիվանագիտական գործիքն օգտագործել Ադրբեջանին զսպելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարեց Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Սեպտեմբերի 30-ին Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպմանը հայտարարեց, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս ամենը խոսում է այն մասին, որ եւ՛ Հյուսիսում, եւ՛ Արեւմուտքում գիտակցում են՝ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հղի է տարածաշրջանը լայն առումով ապակայունացնելու հեռանկարով: Ուկրաինական ճգնաժամի պայմաններում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, ոչ մեկի ձեռնտու չէ տարածաշրջանի ապակայունացումը, քանի որ վերջիններս փորձում են օգտվել աշխարհում ստեղծված անկայուն վիճակից: Այս պայմաններում իր անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչների գործադրման Հայաստանի քայլերին դրական արդյունքներ ապահովելու համար կան միջազգային կոնսենսուսի բարենպաստ պայմաններ:
* * *
Հոկտեմբերի սկզբին սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվող՝ հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութերն ավելորդ անգամ վկայում են այդ երկրում գերակայող հայատյացության պետական քաղաքականության գերակայության մասին: Պաշտոնական Բաքվի կողմից այն հետեւողականորեն վարվում էր 30 տարվա ընթացքում, որը չդադարեց նաեւ 44-օրյա պատերազմից հետո: Այսօր առաջնային է միջազգային հանրությանն այն իրողությունը հասցնելը, որ ադրբեջանական զինուժը տեսագրություն է տարածում, թե, իբր, օգնում են վիրավոր հայ զինվորին, բայց դրանից մի քանի օր անց հայկական կողմին են հանձնում ուսից վիրավորված նույն այդ զինծառայողի դին, նկարում են գերեվարվածներին, այնուհետեւ համացանցում հրապարակվում են նրանց գնդակահարելու կադրեր: Հանցագործությունների մասին աշխարհին իրազեկելը կարեւոր է ոչ միայն միջազգային հանրության ճնշումների առումով, այլեւ 21-րդ դարում Ադրբեջանի կողմից բարբարոսական բարքերը «ծաղկեցնելու» քայլերն ի ցույց դնելու համար:
Գործընթացը տեղաշարժելու փորձեր
Հայաստանյան մամուլում եւ սոցիալական ցանցերի տիրույթում ակտիվորեն քննարկվում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Բաքվի ներկայացրած ենթադրյալ 5 պահանջները: Դրանցում, թերեւս, նորությունն այն կետն է, որով առաջարկվում է սահմանագծման ու սահմանազատման գործընթացն իրականացնել 1919 եւ 1920 թթ. քարտեզներով: Այդ քարտեզները չեն ճանաչվել Ազգերի լիգայի՝ ՄԱԿ-ի իրավանախորդի կողմից եւ չունեն իրավական ուժ: Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ բանակցություններին հաջորդած հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ Ադրբեջանի այդ առաջարկը չի ընդունվել, եւ բանակցությունների հիմք կդառնան 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով ընդունված սահմանները:
* * *
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանանշման (միջազգային տերմինաբանությամբ՝ դելիմիտացիա եւ դեմարկացիա) թեմայի շրջանակներում պետք է խոսել կարեւոր մի խնդրից. պետք է ձեւավորել այն թեզերը, թե որն ենք համարում հայկական տարածք։ Երբ խոսքը 29 800 քկմ-ի մասին է, փաստացի խոսվում է Խորհրդային Հայաստանի տարածքի մասին։ Ընդ որում` այն տարածքի, որը մնացել էր 1970-ական թվականներին, այսինքն՝ փոփոխված, փոքրացած տարածքը։ Սակայն ասել, որ Հայաստանի տարածքը սա է, ճիշտ չէ։ Շատ էական կետեր կան. օրինակ՝ արդյոք մեզ համար ընդունելի՞ է Խորհրդային Հայաստանի սահմանը խորհրդային պետության գոյության վերջին տարիներին։ Արդյոք ընդունելի՞ ենք համարում այն, որ պետությունը կարող է մուտք գործել մի կառույց, տվյալ դեպքում՝ ԽՍՀՄ, մի մակերեսով, բայց դուրս գալ այլ մակերեսով։ Հաջորդ հարցը՝ արդյո՞ք մենք հրաժարվո՞ւմ ենք առաջին հանրապետության տարածքներից։ Պետք է ձեւավորենք՝ ի՞նչ սկզբունքի հիման վրա ենք գնում այդ աշխատանքներին, արդյոք արդեն վերջնական որոշված ու ստորագրվա՞ծ է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Խորհրդային Միության վարչատարածքային բաժանման քարտեզներով։ Ի դեպ, Ադրբեջանը 2020-ից ակտիվորեն տարածում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության քարտեզները, որոնք 1918 թ. ներկայացվել են Ազգերի լիգա, բայց մերժվել են։ Ոչ մի երկիր չի ճանաչել այդ քարտեզները։ Իսկ Հայաստանի առաջին Հանրապետությունն Ազգերի լիգա է ներկայացրել իր տարածքների քարտեզը, որը չի մերժվել։ Որոշ տարածքներ այդ քարտեզում համարվել են վիճելի, եւ հարցը պետք է լուծվեր միջազգային արբիտրաժի միջոցով։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, Ազգերի լիգան Հայաստանի քարտեզը չի մերժել։ Իսկ մեր քարտեզում բավական լուրջ հարցեր են բարձրացվում. այնտեղ կա Նախիջեւանը, որը վիճելի տարածք չի համարվել եւ ճանաչված է եղել որպես Հայաստանի առաջին Հանրապետության մաս, կա Լեռնային եւ Դաշտային Արցախի հարցը, Ախալքալաքի, Կարսի մարզի, Սուրմալու գավառի հարցերը։ Սկզբունքները հստակ ֆիքսելուց հետո նոր կարելի է խոսել հաջորդ քայլերի մասին, թե ինչ քարտեզների կիրառմամբ են իրականացվելու սահմանազատման աշխատանքները եւ ինչ մեթոդաբանությամբ։
* * *
Գերտերություններից կարծիքներ են հնչում, որոնցում արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջարկվում է հենց այդ կոնֆլիկտի պատճառ դարձած բոլշեւիկյան լուծման տարբերակը: Այսպես, ԱՄՆ կոնգրեսական, իշխող դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ արցախյան հիմնահարցի կարգավորման արեւմտյան մոդելն Ադրբեջանի կազմում ինքնավարությունն է, խորհրդային մոդելի նման: Դա նշանակում է կոնֆլիկտը վերադարձնել իր սաղմնային փուլ, սա էլ այն դեպքում, երբ Արցախի ժողովուրդը Խորհրդային Միության՝ այն ժամանակվա գործող օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում, օրինական իրավական գործընթացներով հռչակել է իր անկախությունը՝ ինչպես ԽՍՀՄ կազմի մեջ եղած մյուս 14 հանրապետությունները:
Քառակողմ հանդիպումից հետո
Պրահայում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո կողմերից հնչեցին հայտարարություններ, որոնք որոշ դրույթներով հակասում էին միմյանց: Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում գրեց, որ Պրահայում կրկին հաստատել է հայկական կողմի առաջարկը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, եւ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել։ Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, թե Հայաստանի հանդեպ նախապայմաններ չունի եւ ցանկանում է Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորում: Էրդողանի երկրորդ նախադասությունը, սակայն, ըստ էության, նախապայմանների մասին էր. «Մենք ուղղակի ասում ենք՝ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ։ Դրանից հետո դուք մեզ հետ խնդիրներ չեք ունենա։ Մենք բացում ենք մեր դռները՝ օդային, ավտոճանապարհային, եւ երկաթուղիները»։ Ալիեւն էլ հակառակի մասին հայտարարեց, թե, իբր, իր դիմումին ի պատասխան Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ չի տալիս դեպի Նախիջեւան: Բաքվի առաջնորդի մանիպուլյատիվ հայտարարության հասցեատերը խնդրին ոչ տեղյակ միջազգային լայն հանրությունն է: Այդ խոսքերը միջազգային հանրության աչքերում միայն ադրբեջանական ագրեսիայի հիմնավորման անհաջող փորձ կարող են դիտարկվել: Հրապարակումների միջոցով այս պարզ ճշմարտությունը պետք է հասցվի համաշխարհային հանրությանը:
* * *
Փակված համարելով Արցախի հիմնախնդիրը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ֆրանսիայի եւ Եվրոպայի խորհրդի ղեկավարների հետ քառակողմ հանդիպումից առաջ հայտարարել էր, թե «Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են, եւ իրենք են որոշելու, թե երբ եւ ինչպես խոսել նրանց հետ»։ Ադրբեջանը մերժում է Արցախի վերաբերյալ ցանկացած քննարկում որեւէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Ադրբեջանի կազմում հայտնվելը արցախահայության համար երկու լուծում է ենթադրում. կամ հեռանալ պատմական հայրենիքից, որով կիրականանա Ալիեւի երազած էթնիկ զտումը, կամ Արցախի հայությունը կենթարկվի նոր ցեղասպանության։ «Հայաստանի տարածքում՝ սահմանի երկայնքով, երկու ամիս ժամկետով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումն» էլ հիշեցնում է Բարձր դռան իրականացրած բարեփոխումները տերությունների հսկելու պատրաստակամությունը։ Ի վերջո, ինչ կարող են անել անզեն դիտորդները մինչեւ ատամները զինված ադրբեջանական բանակի դեմ, այն էլ՝ ընդամենը երկու ամիս ժամկետով, երբ մենք ստիպված ենք ապրել հանցագործ պետության կողքին նաեւ այդ երկու ամիսը լրանալուց հետո։
* * *
Թյուրքական դիվանագիտությունը «ճեղքեր» է տալիս: Պրահայի քառակողմ՝ Հայաստան-Ֆրանսիա-Թուրքիա-Ադրբեջան հանդիպումից հետո թյուրքական պետությունների ղեկավարներն իրենց հայտարարություններում կրկին սկսեցին ավելի հաճախ օգտագործել «միջանցք» եզրույթը: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էր ասել, թե Հայաստանը դեռ ստանձնած պարտավորություններ ունի կատարելու՝ հիշատակելով նաեւ «Զանգեզուրի միջանցքը». «Ադրբեջանը հայտարարում է, որ Լաչինն ու Զանգեզուրը պետք է նույն կարգավիճակն ունենան»։ Այդ թեզով թյուրքական դիվանագիտությունը Հայաստանի համար Արցախին վերագրում է նույն կարգավիճակը, ինչ Նախիջեւանը Ադրբեջանի համար է:
Սահմանային իրավիճակը չի խաղաղվում
Հոկտեմբերի 11-ին, երբ Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարը արեւելյան սահմանին, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Նա չմոռացավ շեշտել, որ Անկարայի՝ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները միմյանց կապված են, ավելին՝ վերջինը Թուրքիայի կարմիր գիծն է: Այս գործընթացների հետ չհամատեղվող Բաքվի ագրեսիվ վարքը խոսում է այն մասին, որ վերջինս փորձում է սահմանային իրավիճակը մշտական լարվածության մեջ պահել: Մյուս կողմից էլ Բաքվի նման պահվածքը բացահայտ դեմարշ է՝ ուղղված միջազգային կառույցների, հանրության եւ խոշոր միջնորդ պետությունների՝ հրադադարը պահպանելու կոչերի դեմ: Ադրբեջանն իր այս վարքով ավելորդ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հրամայականը:
* * *
Հայաստանի արեւելյան սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանական զինուժն արդեն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը՝ շիկացած պահելով սահմանագիծը եւ փորձելով որոշակի հոգեբանական ներգործություն ունենալ սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա: Այս իրողությունը պատճառ դարձավ, որ Եվրամիության դեսպանները համաձայնեն Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Արեւմուտք-ՌԴ գերլարված հարաբերությունների ֆոնին բնական է, որ վերջինս պետք է խանդով մոտենա ԵՄ այս նախաձեռնությանը: ՌԴ դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Անդրկովկասը գրեթե մշտապես դիտարկվել է իր անմիջական ազդեցության եւ անվտանգության գոտի, որպես սահմանամերձ տարածաշրջան: Սակայն ՌԴ-ի հետ նորաթուխ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Ադրբեջանը հետեւողականորեն անտեսում է հրադադարը չխախտելու մասին հյուսիսից պարբերաբար հնչող կոչը, ինչը Հայաստանին ստիպում է գործադրել իր անվտանգային համակարգի ողջ գործիքակազմը: Բնական էր, որ Մոսկվան պետք է շատ արագ արձագանքեր տարածաշրջան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին որոշմանը, եւ ՌԴ ԱԳՆ խոսնակի շուրթերով հայտնեց, որ այն դիտարկում է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ խցկվելու փորձ։
* * *
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում պատասխանելով «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդ Իսկանդարյանի հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության, հայտարարեց, որ իր երկրի համար ընդունելի կլինի ցանկացած որոշում, որին կհամաձայնեն հայ ժողովուրդը եւ նրա քաղաքական ղեկավարությունը. «Մեր դիրքորոշումն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը պետք է, եւ մենք աջակցում ենք դրան, նաեւ սահմանների դելիմիտացիային եւ անվտանգության խնդրի կարգավորմանը: Հայաստանի ժողովրդի եւ հայկական ղեկավարության գործն է ընտրել կարգավորման առաջարկվող տարբերակներից որեւէ մեկը: Ցանկացած տարբերակ, եթե այն կբերի խաղաղության, ապա Ռուսաստանը միայն կողմ կլինի դրան: Մենք չեն պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան պարտադրել եւ թելադրել: Ինչքան ես եմ տեղյակ, կարգավորման, այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ, եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը: Եթե Հայաստանը եւ նրա ղեկավարությունը կարծում են, որ Արցախն առանձնահատկություններ ունի, որոնք պետք է հաշվի առնել եւ այն քննարկել ապագա խաղաղության պայմանագրում, ապա նման բան նույնպես հնարավոր է, բայց միանշանակ պետք է պայմանավորվել նաեւ Ադրբեջանի հետ, որ այն ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար: Իրականում բարդ, ծանր հարց է, բայց Հայաստանը համարվում է մեր ռազմավարական գործընկերը, դաշնակիցը, եւ մենք զգալի չափով, նկատի ունենալով նաեւ Ադրբեջանի հետաքրքրությունները, կկողմնորոշվենք նրանով, ինչ կառաջարկի Հայաստանն ինքը»:
* * *
Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր էին կոտրել։ Նման կայքերի թվում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ տարբեր առեւտրային, հասարակական կազմակերպությունների, անհատների անձնական կայքեր։ Հատկանշական է, որ կոտրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի պետական կառույցների կայքերը: Ադրբեջանցիներն այդ գործողությունների միջոցով իրենց կեղծ քարոզչությունն են տարածել կոտրված կայքէջերում: Հաքերային հարձակման էին ենթարկվել նաեւ Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող արտասահմանյան ընկերությունների, մասնավորապես ՌԴ-ն ներկայացնողների կայքերը: Սա խոսում է ՀՀ-ի եւ Արցախի տեղեկատվական անվտանգության բարձրացման անհրաժեշտության մասին:
Իրանի հստակ ուղերձներն ու քայլերը
Իրանն իր բարձրագույն ղեկավարության միջոցով ավելի է խստացնում տարածաշրջանում աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական քարտեզների փոփոխության անթույլատրելիության մասին հնչեցրած հայտարարությունների տոնայնությունը: «Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության» գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն եւ ընդգծել է, որ դա կհանգեցնի Իրանի վճռական պատասխանին: Իրանի նախագահը նախկինում արված նույնաբովանդակ հայտարարություններին այս անգամ ավելացրել է եւս 1-ը՝ ասելով, որ Իրանը մերժում է որեւէ անվան տակ տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայությունը։
* * *
Հոկտեմբերի 17-ին էլ մեկնարկեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Հզոր Իրան» կարգախոսով եռօրյա զորավարժությունները: Սրան զուգահեռ ԻԻՀ-ի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն ավելի հաճախ է խոսում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման միջնորդի կարգավիճակում հանդես գալու իր պատրաստակամության մասին: Այդ մասին Իրանի նախագահը հայտարարել էր Ղազախստանի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։
* * *
Կապանում հոկտեմբերի 21-ին բացված Իրանի հյուպատոսությունը բացահայտ զգուշացում է Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք չեն թաքցնում իրենց երազանքը՝ ձեւավորելու «Զանգեզուրի միջանցք», որը ցամաքային ուղիղ կապ կստեղծի Նախիջեւանի հետ: Թեհրանը ոչ մի կերպ իրադարձությունների նման զարգացում չի կարող թույլատրել, քանի որ միացյալ թուրքական պետությունը սպառնալիք է Իրանի համար…
* * *
Իրանի իշխանություններին անհանգստացնում է Հարավային Կովկասում սահմանների հնարավոր փոփոխությունը, ուստի այդ երկիրը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանների մոտ: Թեհրանը հանդես է գալիս սահմանների ցանկացած փոփոխության դեմ: Ադրբեջանա-թուրքական դավադրությունը՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետ, ուժեղացնում է Իրանի ղեկավարության պատրաստակամությունը՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին՝ հակամարտության մեջ մտնելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Տարածաշրջանային զարգացումների ֆոնին
Հոկտեմբերի 24-ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Ալիեւը հայտարարեց, թե իր գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ձեւաչափով խորհրդակցությունների մեկնարկի շուրջ, եւ եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա Բաքուն էլ է պատրաստ։ Ադրբեջանի առաջնորդի այս խոսքերը, թերեւս, առանձնակի ուշադրության չարժանանային, եթե չլիներ մեկ հանգամանք՝ Իրանից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Իրանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ իր միջնորդությունն է առաջարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ադրբեջանը համառորեն չի արձագանքում Իրանի՝ միջնորդ լինելու պատրաստակամության մասին հայտարարություններին եւ դրան հակառակ Վրաստանում ասուլիսի ժամանակ ցուցադրաբար խոսում է Վրաստանի հետ եռակողմ խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին:
* * *
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճատեւ այցը Թբիլիսի ուշագրավ է այն հանգամանքով, որ դրա մասին նախօրոք որեւէ տեղեկություն չէր հաղորդվել, եւ այն, կարելի է ասել, կազմակերպվել էր էքսպրոմտային տրամաբանության շրջանակներում: Նույնիսկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ալիեւի այցի մասին տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ նա վերադարձել է Ադրբեջան: Ալիեւը հանդիպել է միայն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ…
* * *
Կենտրոնական Ասիայից, Ռուսաստանից, Իրանից եւ Ադրբեջանից դեպի Եվրոպա գազային մատակարարումների շուրջ մրցակցությունը ստեղծել է մի անկայուն իրավիճակ, որում իրադարձությունների ընթացքը ժամ առ ժամ կարող է փոխվել: Որոշակի զարգացումների դեպքում Վրաստանը տարանցիկ երկրի կարգավիճակ կունենա, այդ թվում՝ նաեւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային, ինչպես նաեւ պոտենցիալ էներգետիկ միջանցքի շրջանակներում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Թբիլիսի կատարած անսպասելի այցը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Կովսականում տեղի ունեցած հանդիպումից հետո, երբ, պատկերավոր ասած, դեռ չէին սառել նրանց թեյի բաժակները, վկայում է, որ անհանգստացնող հարցեր են առաջացել Բաքվում ու Անկարայում:
ադրբեջանական պատերազմական հանցանքներն օրեցօր ավելի են շատանում։ Թշնամուն գերագնահատել պետք չէ, բայցեւ՝ թերագնահատելու կարիք էլ չկա։ Թշնամուն ճանաչել է հարկավոր։ Եվ թշնամու «առանձին հարձակումներ» կոչվածը երբեք առանձին արարքներ չեն, դրանք հայատյաց քաղաքականության շղթաներ են, որոնք թշնամին գործարկում է մտածված։ Օրինակ՝ ինչու թշնամին հարձակման թիրախ ընտրեց հենց Կեչուտի ջրամբարը։ Բանն այն է, որ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սեւան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է։ Եվ Արփան միանգամից Սեւանա լիճ չի լցվում, այն նախ մտնում է Կեչուտի ջրամբար, որը հիմա, փաստորեն, Սեւանա լճի համար դառնում է պաշտպանական նշանակության կառույց։
Հարաբերությունների կարգավորման մասին առայժմ վաղ է խոսել
Հոկտեմբերի 20-ին Էրդողանն Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարում է, որ Բաքուն պետք է Ջրականի եւ հարակից տարածքների բնակավայրերի շինությունները քանդելու համար փոխհատուցում պահանջի Երեւանից։ Այս խոսքերը արտաբերում է այն երկրի ղեկավարը, որը Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի զգալի հատվածին նպատակային ունեզրկման հանցավոր գործողությունների հեղինակի իրավահաջորդն է: Պատմական ողբերգությունից 100 տարի անց էլ Թուրքիայում դեռ վաճառում եւ յուրացնում են հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ նյութական արժեքները: Հայ ժողովրդի հանդեպ ահռելի բարոյական եւ նյութական փոխհատուցման բեռի տակ ճկռած պետության ղեկավարն այսօր խոսում է հայ ժողովրդից փոխհատուցում պահանջելու մասին:
* * *
Հոկտեմբերի 25-ին «Sabah» թերթի կայքը հոդված էր հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի դրական ընթացքի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: Վերջինս հայ-թուրքական սահմանների բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության պայմանագրի կնքման հետ: Պարբերականը նաեւ հայտնել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի՝ հուլիսի 1-ին ընդունած որոշումներն ամբողջականացնելու նպատակով մոտ ապագայում ձեւավորվելու է մասնագիտական հանձնաժողով, իսկ նրանց հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Նույն օրը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պարզաբանել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որեւէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ նախատեսված է ընդամենը սահմանին Հայաստանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: Տարածաշրջանային կարգավորումներին վերաբերող տեղեկատվությունների այս դրական հոսքի ֆոնին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, թե Թուրքիան ռազմարդյունաբերության ոլորտում այնքան է աճել եւ զարգացել, որ կարող է ապահովել նաեւ իր դաշնակիցների ու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները։ Այդ երկրների շարքում Աքարը շեշտել է Ադրբեջանին, Լիբիային, Կիպրոսի թուրքական հատվածին։
* * *
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հոկտեմբերի 3-ին այցելել է Ադրբեջան, որտեղ ընդունվել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Գանցի այցելությունը, որն ավարտվեց նույն օրը, գաղտնի էր պահվում այնքան ժամանակ, քանի դեռ նա չէր վերադարձել Իսրայել: Գանցը շեշտը դրել է ռազմավարական համագործակցության հետագա զարգացման, ինչպես Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջաններում կայունությանն ու խաղաղությանը միտված Իսրայելի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների անցկացման անհրաժեշտության վրա:
Բենի Գանցի՝ Բաքու ժամանումից ընդամենը մեկ օր անց՝ հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեց նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը…
* * *
Եվրախորհրդարանի տարբեր երկրների պատգամավորներին զայրացրել է այն փաստը, որ ԵՄ գործադիրի եւ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները իրենց խոսքում եւ ներկայացված կարծիքներում առաջնայնությունը տալիս էին Ադրբեջանի հետ էներգակիրների հարցում համագործակցությանը՝ մոռանալով նույն Եվրախորհրդարանի ընդունած բազմաթիվ բանաձեւեր, որոնցով քննադատում են ժողովրդավարության, հումանիտար եւ այլ համամարդկային արժեքների ոտնահարումն Ադրբեջանի կողմից:
Մոտեցումներ եւ դիրքորոշումներ
Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել առաջատարի եւ առաջնորդողի դերն ունենալու հավակնությունները ներկայիս փոփոխվող աշխարհում։ Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը ստորագրեց ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ նախանշված են այս երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ 48 էջանոց փաստաթուղթն ուրվագծում է, թե ինչպես ներկայիս վարչակազմը կօգտագործի հաջորդ տասնամյակը՝ Ամերիկայի կենսական շահերն առաջ տանելու, աշխարհաքաղաքական մրցակիցներին շրջանցելու համար։ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ մեզ համար առավել հետաքրքրություն են ներկայացնում մեր տարածաշրջանի նկատմամբ մոտեցումները։ Թուրքիայի մասով ռազմավարության մեջ ասվում է. «Մենք կշարունակենք համագործակցել Թուրքիայի հետ՝ ամրապնդելու նրա ռազմավարական, քաղաքական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ կապերը Արեւմուտքի հետ»: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում կորցնել Թուրքիան, եւ որքան էլ լարված լինեն երկու պետությունների միջեւ հարաբերությունները, կամ տարբեր խնդիրների շուրջ տարակարծություններ լինեն, միեւնույն է, Միացյալ Նահանգները ցանկանում է այդ երկիրը պահել իր դաշնակիցների եւ գործընկերների շրջանակում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը որպես առանձին սուբյեկտ չի հետաքրքրում Միացյալ Նահանգներին։ «Մենք կաջակցենք Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին» նախադասությամբ ավարտվում է այս ուղղությամբ նախանշված քաղաքականությունը։ Սրանով մեկ անգամ եւս փաստում ենք, որ «Հարավային Կովկաս» աշխարհաքաղաքական եւ տնտեսական միավորը Միացյալ Նահանգների համար հետաքրքիր է որպես մեկ հարթակ, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ այս գերտերությունը չի նախատեսում տարբեր մոտեցումներ եւ ծրագրեր։
* * *
Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքները վերացնելու հարցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն էլ կարծում են, որ Ադրբեջանը պետք է զորքերը վերադարձնի ելման դիրքեր։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ «հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր, Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր», ըստ նրա, «սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք»: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով` Միացյալ Նահանգները նույնպես կոչ է արել Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել ելման դիրքեր։ Նախօրեին էլ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր նշել, որ «ուժերի դուրսբերումն իրենց սկզբնական դիրքեր միակ հուսալի հիմքն է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին խնդիրների կարգավորման եւ լուծման համար»։ Տարածաշրջանում գերիշխող դիրքեր ունենալու համար քաղաքական-դիվանագիտական հարթությունում շարունակվում է անզիջում պայքարը, որում հայկական կողմը կարծես թե սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով փաստացի խախտվեց մեր տարածաշրջանում գոյություն ունեցող ստատուս քվոն, որն ապահովել էր թեեւ փխրուն, սակայն երկարատեւ խաղաղություն եւ կայունություն։
Թուրքական… թայֆուն
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրները Թուրքիայի Բուրսա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ որոշել են կազմակերպության կառուցվածքում ստեղծել «Միասնական այբուբենի ստեղծման հանձնաժողով»։ Որոշումը ներկայացվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը (OTG) «Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի սեմինարի» շրջանակներում։
Միասնական ինքնության ձեւավորման ճանապարհին կիրառվում են նաեւ այլ միջոցներ թյուրքական աշխարհի ստեղծման անհրաժեշտությունն ավելի «համոզիչ» եւ գրավիչ դարձնելու համար։ Անցած ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին, Ստամբուլում ունեցած ելույթներից մեկի ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Այժմ մենք ունենք թայֆուն, եւ սա է մեր ուղերձը: Մենք հաճույքով հետեւում ենք դրան»։ Խոսքը վերաբերում է թուրքական արտադրության «Typhoon» բալիստիկ հրթիռին, որի փորձարկումը, ըստ ԶԼՄ-ների, հաջող է անցել։
* * *
Թուրքիային պետք է ամեն գնով ելք ապահովել դեպի Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիա։ Այս ուղղությամբ ուժերի վերադասավորումն էապես կփոխի ազդեցության գոտիների նկատմամբ վերահսկողությունը եւ նոր իրողություններ կստեղծի աշխարհում։ Այդ ճանապարհին Հայաստանը շարունակում է մնալ այն բանալին, որը թույլ կտա ազդեցություն ստանալ մեր կարեւորագույն հանգույցի նկատմամբ։ Իհարկե միայն արեւելք չէ, որի ուղղությամբ Էրդողանը ձգտում է տարածվել։ Այս օրերին նշանակալի իրադարձություններից է այն, որ չորս տարվա ընդմիջումից հետո Թուրքիան դեսպան է նշանակել Իսրայելում։ Թուրքիան աշխատանքներ է տանում բոլոր ուղղություններով, այլ հարց է, թե ծավալապաշտական ծրագիրը ո՞ր «քարի» վրա կսայթաքի։
* * *
Շատ զարգացումներ պայմանավորված կարող են լինել ռուս-թուրքական հարաբերությունների բնույթով։ Խառնակ ժամանակներ են, իսկ թուրքական դիվանագիտությունը փորձառու է «պղտոր ջրում ձուկ որսալու հարցում»։ Ինչպես հարյուր տարի առաջ Աթաթուրքին հաջողվեց համաձայնության գալ Լենինի հետ՝ որպես խայծ խոստանալով նպաստել «կարմիր» հեղափոխության տարածմանը, այնպես էլ Էրդողանն է արդյունավետ կերպով օգտագործում ներկա իրավիճակը։ Առայժմ Ռուսաստանին եւ Թուրքիային հաջողվում է հետեւել փոխհարաբերությունների կառուցման այնպիսի մոդելի, որը քիչ թե շատ նպաստում է նրանց շահերի փոխշահավետ առաջմղմանը։ Թե ինչպես կզարգանան դրանք առաջիկայում, մեծապես կախված է երկու կարեւոր հարցերի պատասխաններից, այն է՝ ո՞վ է ղեկավարելու Թուրքիան հաջորդ տարվա ընտրությունների արդյունքում, եւ կկարողանա՞, արդյոք, Ռուսաստանն առաջիկայում պահպանել մեծ տերության կարգավիճակը ռազմաքաղաքական հարթությունում։
Համագործակցության տարբեր ձեւաչափեր
Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է բանաձեւի նախագիծ՝ ուղղված երկրի կառավարությանը: Դրանում կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ պահանջել նրա ուժերի անհապաղ դուրս բերումը Հայաստանի տարածքից, ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի կատարումը եւ նպաստել երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության: Ըստ բանաձեւի նախագծի` Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի հարավային եւ հարավ-արեւելյան շրջաններում ադրբեջանական զինուժի կրկնվող ագրեսիան այդ պետության ինքնիշխանության եւ երկու կողմերի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրերի խախտում է: Բանաձեւի նախագծի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 15-ին։
* * *
Մինչ հետխորհրդային տարածքում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները քննարկում էին, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանը հրաժարվեց իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն-2022» զորավարժությունները, եւ ինչպիսին կլինեն այդ քայլի հետեւանքները, հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 11-ին երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Բացի բարձր մակարդակով երկկողմ հարաբերություններից, կայացել է միջպետական խորհրդի առաջին նիստը, ինչպես նաեւ համաձայնագիր է ստորագրվել զարգացման հիմնադրամի ստեղծման մասին՝ 25 մլն դոլար կապիտալով…
* * *
Հայաստանը եւ Վրաստանը հերքել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեղադրանքները եւ իրենց քաղաքացիների մասնակցությունը Ղրիմում Կերչի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին: Թբիլիսիում հայտարարել են, որ ոչ մի պայթուցիկ նյութ չի անցել Վրաստանի մաքսային սահմանով: Երեւանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ «վտանգավոր բեռի» առումով բոլոր գործընթացներն իրականացվել են օրենքի սահմաններում՝ անհրաժեշտ վերահսկողությամբ: Այդուհանդերձ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել պայթուցիկ նյութի տեղափոխմանը Հայաստանի քաղաքացու մասնակցության մասին հրապարակման հիմքի վրա…
* * *
Ռուսաստանի՝ Ուկրաինայի քաղաքներին հասցված հրթիռային հարվածից հետո ԵՄ-ն պատրաստեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր՝ արդեն իններորդ փաթեթը:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը՝ հասկացնելով, որ ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման հարցում ավելորդ զիջումներ չեն արվի: Բրյուսելն այժմ դժվար թե կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի հետ սահմանակից ԵՄ երկրների վրա՝ բաց թողնելու ՌԴ այն քաղաքացիներին, ովքեր խուսափում են մոբիլիզացիայից…
* * *
Վաշինգտոնն ու Աթենքը, ի պատասխան Անկարայի նետած մարտահրավերների, նոր թափ են հաղորդում իրենց համագործակցությանը: Պենտագոնի ղեկավարի տեղակալի օգնական Սաշա Բեյքերը Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են երկրի տարածքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնմանը:
* * *
Սիրիայի հյուսիսում թուրքամետ ծայրահեղական խմբավորումները բախվել են միմյանց, եւ Թուրքիայի զինված ուժերը միջամտել են հակամարտությանը: Մարտական գործողություններ են բռնկվել Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային Աֆրին շրջանում, որն իր վերահսկողության տակ էր ուզում վերցնել Անկարայի հետ կապեր ունեցող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը: Չնայած որ նրա մարտիկները, ի վերջո, դուրս բերվեցին Աֆրինից, վերլուծաբաններն ասում են, որ Սիրիայի հյուսիսում ուժերի դասավորությունը մտահոգություններ է առաջացնում:
* * *
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը Թուրքիայի ղեկավարությանը հիշեցրել է, որ անհրաժեշտ է հարգել Կրեմլի նկատմամբ գործող սահմանափակումների ռեժիմը: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգն ավարտել է իր երկօրյա այցը Անկարա եւ Ստամբուլ: Տեղի պաշտոնատար անձանց հետ նա քննարկել է «պատժամիջոցներից խուսափելու եւ անօրինական այլ ֆինանսական գործունեության հետ կապված ռիսկերի վերացման» հարցը…
Ամուր բանակ, ամուր պետություն
Այս գարնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը մեր մտքի ու աշխատանքի ցուցադրությունն էր։ Այն վկայեց, որ կարող ենք աշխատեցնել գիտություն-տնտեսություն-անվտանգություն շղթան, բայց եթե չլինի արտադրություն, ապա այդ օրինակները իբրեւ նմուշ էլ կմնան։ Այլ կերպ՝ ոչ ոք չի ժխտում, որ ճգնաժամային վիճակում ենք, եւ ճգնաժամը ինչքան վտանգներ, նույնքան էլ հնարավորություններ է ներառում։ Եվ այս պարագայում եթե ռազմարդյունաբերություն չսկսենք, ուրեմն ակամա, հնարավորությունը բաց թողնելով, ընտրելու ենք ճգնաժամի վտանգների կողմը։ Հատկապես 44-օրյայից հետո ուժեղ բանակի համար մեզ պետք են ֆինանսական միջոցներ։ Իսկ այդ միջոցները կարող ենք ստանալ հենց տնտեսության քարշակ ուժերով (ՏՏ, ԲՏ, ռազմարդյունաբերություն)։ Այն է՝ փող կունենանք, եթե ունենանք տնտեսության աճ։ Դրա համար մեր խնդիրն է ուշադրություն դարձնել ա՛յն ոլորտներին, որոնք թույլ կտան փաստացի աճի ծավալներն ավելացնել՝ դրանով աճի ամուր հեռանկարային ու երկարաժամկետ հիմքեր ստեղծելով։
* * *
Համաշխարհային շուկայում ցորենի գնաճի ու դրա հետեւանքների ռիսկն առնչվում է հատկապես այն երկրներին, որոնք ոչ միայն հացահատիկով ինքնաբավ չեն, այլեւ մեծամասամբ ներկրող են։ Հայաստանն այդ երկրների շարքում է։ 2021 թ. մեր ինքնաբավության ցուցանիշը 30 տոկոսից ցածր է եղել։ Մենք, միջին հաշվարկներով, տարեկան 450-500 հազ. տ ցորեն ենք սպառում։ Մինչ 44-օրյա պատերազմը տարեկան 100 հազ. տ-ի չափով ներկրել ենք նաեւ Արցախից։ Հիմա արդեն ներկրում ենք նաեւ Արցախից չեկող բաժինը։ Ու ներկրումն էլ գլխավորապես Ռուսաստանից ենք անում։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, այս պահի դրությամբ ցորենի պակասի սուր ռիսկի առաջ կանգնած չենք, բայց այս գնաճային ռիսկերում ամբողջապես տեղավորվում ենք։ Հարցն այն է, սակայն, թե արդյոք վաղը ցորենի պակասի ռիսկ չենք ունենա։ Վտանգի առաջ չկանգնելու համար պետք է բարձրացնենք մեր՝ ցորենով ինքնաբավության մակարդակը։ Ի վերջո, ունեցել ենք հաջողված օրինակներ, երբ ինքնաբավության մակարդակը 53 տոկոսի ենք հասցրել (2013-2016 թթ.)։
* * *
Ինչ պետք է անի Հայաստանը, երբ Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական բյուջեն (հաջորդ տարի ռազմական ծախսերը կկազմեն 3.1 միլիարդ դոլար, ինչը 4.6 տոկոսով ավելի է, քան 2022 թ.), իսկ Թուրքիան ընդհանրապես տարիներ շարունակ իր ծավալապաշտությունը հարեւան երկրների նկատմամբ անխոչընդոտ տարածում է։ Խաղաղությունը լավ բան է, բոլորս ենք ուզում, բայց ինչի՞ է հանգեցնելու մեր կողմից այդ խաղաղությանը պատրաստ չլինելը։ Իսկ պատրաստ չենք, որովհետեւ պատերազմին պատրաստ չենք։ Թշնամին ապագա պատերազմների է պատրաստվում՝ պետական մակարդակով հայատյացությունը սերմանում է դպրոցներում, ինչը նշանակում է՝ հաջորդ սերունդն էլ է հայատյաց մեծանալու։ Հայատյացի ու հայի միջեւ խաղաղությունն ի՜նչ ձեւաչափով է լինելու։ Մենք պարտավոր ենք պատրաստվել հաջորդող իրադարձություններին եւ դրա համար պետք է աշխատենք ներսում բոլոր ոլորտներում՝ նախակրթականից սկսած մինչեւ տնտեսական, եւ դրսում՝ բոլոր խողովակներով՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ու մշակութային։ Աշխատենք մեզ համար շահավետ շրջանակներում ու շրջանակների հետ։ Ու այս ամենը պետք է ուղղել մեր պաշտպանական ոլորտի հզորացմանը։