«Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ է դրել ՀԿՀԿ/ՀՆԱ (ՀԿՀԿ- հիմնական կապիտալի համախառն կուտակում,- Ա. Մ.) հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի, իսկ ՕՈՒՆ-ի զուտ հոսք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6 տոկոսի… Ներդրումային քաղաքականությունը պետք է վերանայվի՝ մրցակցային (համեմատելի) երկրների հետ ներդրումային միջավայրի եւ մրցակցային ոլորտների համեմատական վերլուծության (բենչմարկինգի) հիման վրա՝ արդյունավետորեն արձագանքելով համաշխարհային ներդրումային միտումներին: Հռչակված ներդրումային քաղաքականության շուրջ լայն կոնսենսուսը եւ ՀՀ կառավարության կողմից հաստատումը կենսական նշանակություն ունեն ներդրումների ներգրավման ոլորտում երկրի հաջողության համար: Այդ առումով անհրաժեշտ է նախաձեռնել բարեփոխումներ…». սա նշված է շրջանառվող՝ «ՀՀ ներդրումային քաղաքականության ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծում»։
Ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը։ Դրա 2 ուղղություն է նշվում՝ 1. մրցակցային առավելություն եւ ներդրումային պոտենցիալ ունեցող ոլորտների եւ արժեշղթաների ուսումնասիրությունների իրականացում, 2. ներդրումային քաղաքականության ամփոփագրի մշակում, որտեղ կարտացոլվեն՝ ա. պետության ներդրումային տեսլականը, նպատակները, բ. միջնաժամկետում ներդրումների ներգրավման տեսանկյունից գրավիչ ոլորտները, այդ ոլորտներում ներդրումների իրականացման, գործարարությամբ զբաղվելու եւ արտահանման դյուրացման հիմնական գործողությունները, դրան հասնելու համար շահագրգիռ կողմերի պատասխանատվությունը եւ համագործակցության մեխանիզմները, օտարերկրյա ներդրողներին ուղղված հիմնական ուղերձները։
Հիմա մեր խնդիրը նախագիծը վերլուծելը չէ, նույնիսկ այն հարցը հնչեցնելը չէ, թե ի՞նչ է՝ մրցակցային առավելություն եւ ներդրումային պոտենցիալ ունեցող ոլորտները դեռ ուսումնասիրված չե՞ն։ Փոխարենը կարծարծենք ամենագլխավորը՝ օտարերկրյա ներդրողներին ի՞նչ ուղերձ է հղվելու, այդ ինչպե՞ս ենք համոզելու ներդրում անել, երբ ներդրողը հաստատ մանրամասն տեղեկացված է լինելու մեր երկրի անվտանգության հետ կապված խնդիրների մասին։ Գաղտնիք չէ, որ ներդրումները կայունություն են «սիրում»։ Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն ներդրողներին, որոնք Հայաստան կարող են ներթափանցել հստակ քաղաքական նպատակներով, որոնց ուզածը բուն ներդրումային տիրույթից դուրս կլինի։ Օրինակ՝ թուրքական կապիտալի հնարավոր ծավալման հետեւանքներին է վերաբերում մեր ասածը…
Գանք օտարերկրյա ներդրողների այն հատվածին, որոնք որեւէ երկրում ներդրում են անում զուտ տնտեսական շահավետության սկզբունքով։ Ի՞նչ ենք առաջարկելու նրանց, ի՞նչ գրավչություն ենք ցուցանելու։ Հարցի էությունը հասկանալի դարձնելու համար պաշտոնական մեկ թիվ մեջբերենք՝ ասենք՝ ՕՈՒՆ-ի (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) ուղղվածության մասով։ 2016-2021 թթ. ՕՈՒՆ-ի ներհոսքի ավելի քան 15 տոկոսն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ։ Ընդ որում` հանքարդյունաբերության ոլորտը 2021 թ. արձանագրված ՕՈՒՆ-ի 53 տոկոսանոց հավելաճի կառուցվածքում եղել է մոտավորապես 20 տոկոսային կետ։ Ինչո՞ւ նշեցինք հենց հանքարդյունաբերության ոլորտի օրինակը։ Այս ոլորտը հստակ ցույց է տալիս ՕՈՒՆ-ի աճի պատճառները։ Ըստ այդմ` դարձյալ պաշտոնական տվյալով՝ «2021 թ. հանքարդյունաբերության ոլորտում ՕՈՒՆ-ի աճը ենթադրաբար պայմանավորված է երկու հանգամանքով. ա. օտարերկրյա ներդրողների կողմից ոլորտի խոշոր ձեռնարկություններից մեկի բաժնետոմսերի 60 տոկոսի ձեռքբերմամբ, եւ բ. մետաղների բարձր գներով, ինչը թույլ է տվել տարեկան կտրվածքով ապահովել մեծ չբաշխված շահույթ»։
Քանի որ պատկերն այնքան հստակ է, որ փակագծերը բացելու կարիք չկա, կրկնվենք՝ ի՞նչ գրավիչ ոլորտներ են առաջարկելու ներդրողին, եթե նա գիտի, որ այն երկիրը, որտեղ ներդրում է անելու, անվտանգության հետ կապված բազմաթիվ մարտահրավերներ ունի։ Այս հարցին զուգահեռ անհրաժեշտ է մեկ փաստի էլ տիրապետել։ Այն է՝ 2016-2021 թթ. Հայաստանում կատարված ՕՈՒՆ-ների 61 տոկոսից ավելին բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը, որին հաջորդում են Գերմանիան եւ Կիպրոսը՝ 6 տոկոս եւ 5 տոկոս մասնաբաժիններով։ Ընդ որում` պայմանավորված COVID-19 համավարակով, հետպատերազմական իրավիճակով եւ որոշ օտարերկրյա ներդրումային ծրագրերի սառեցմամբ կամ դանդաղեցմամբ` Ռուսաստանի մասնաբաժինն ավելի է մեծացել՝ հասնելով 2020 թ.՝ 75, իսկ 2021-ին՝ 67 տոկոսի։
Հնարավոր ներդրումների գրավչության զուտ տնտեսական շահագրգռվածությունից եթե խոսենք, ապա պետք է հավելենք, որ մենք մեկ գրավչություն կորցրել ենք այս տարվա հունվարի 1-ից։ Բանն այն է, որ երեք տարի շարունակ միջին եկամտային խմբում գտնվելու հանգամանքով՝ ՀՀ-ն 2022 թ. տարեսկզբից այլեւս Եվրոպական միության GSP+ համակարգի շահառու չէ։ Այո, դեռ պահպանում ենք GSP համակարգի շահառուի կարգավիճակը, բայց այն ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի եւ Ճապոնիայի մասով է։ Այս երկրների ընձեռած հնարավորությունների օգտագործման մակարդակն էլ ցածր է։
Անշուշտ, կարող ենք գտնել, եւ այդպիսիք կան, մեզ ձեռնտու եւ շահավետ ուղղություններ, նույնիսկ կարող ենք ներդրումային հիանալի քաղաքականություն մշակել, բայց… կա ամենագլխավոր բայցը։ Ներդրողն իր գումարների համար կայունության երաշխիք է ուզում։ Դրա համար ենք ասում՝ առանց անվտանգության խնդիրները լուծելու ներդրումային դաշտը զարգացնել չենք կարող։ Իսկ ներդրողը շատ լավ գիտի՝ ուր է գնում՝ ամենայն մանրամասնությամբ տիրապետելով տվյալ երկրի իրավիճակին ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ օրենսդրական առումներով։ Չենք կարող ներդրողին համոզել, թե` արի, շուտով խաղաղություն ենք ունենալու, որովհետեւ նույնիսկ Հայաստանի մասին քիչ պատկերացում ունեցող ներդրողն արդեն իմանալու է, որ ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի տարածքներ, որ Հայաստանին թշնամի պետությունն ուղիղ նշանառության տակ է պահում քաղաքներ, ՀԷԿ-եր, արոտավայրեր, խոտհարքներ, վարելահողեր, ջրավազաններ, քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներ, դպրոցներ ու մանկապարտեզներ։ Որ Հայաստանի հետ, իբր, խաղաղություն ուզող հարեւան պետություն Ադրբեջանը 2022 թ. սեպտեմբերին օկուպացրած ՀՀ տարածքում կառուցում է լայն ճանապարհներ, եւ որ այդ ճանապարհները բնավ էլ մարդատար մեքենաների երթեւեկի համար չեն, այլ ռազմական նպատակներով ունեն։
Հիմա՝ այս իրավիճակում ներդրումային ի՞նչ քաղաքականություն պետք է ծավալենք, որ արդյունավետ լինի։ Ա՛յս հարցի պատասխանը պետք է տանք։ Թեեւ հայտնի է՝ առանց կայունության ու անվտանգության՝ ներդրումներ չեն լինի։ Սա անհերքելի փաստ է։ Քաղաքական ավտանգությունից զատ կա նաեւ տնտեսական անվտանգության փաստը։ Այնպես չլինի, որ հանկարծ հնարավոր ներդրումների պարագայում, ելնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, անտեսենք ներդրումների ծագմանն ու իրական ներդրողին առնչվող հարցերը։ Որովհետեւ երկրի անվտանգությունն առանձին ոլորտ չի ենթադրում, եւ տնտեսությունն ու քաղաքականությունը մշտապես ձեռք ձեռքի տված են քայլում։
Հետեւաբար՝ առանց անվտանգության այս հարցերի կարգավորման եթե որեւէ ճյուղային քաղաքականություն հիմա հաջողի էլ, հետո անպայման մեզ ավելի բարդագույն խնդրի առաջ է կանգնեցնելու։ Վաղվա քաղաքատնտեսական խնդիրների լուծումները պետք է այսօր տանք։ Դա անկարելի չէ։