Հայաստանում 2023-ից մինչեւ 2025-ը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Դրա անհրաժեշտության, լավ ու վատ կողմերի, հետեւանքների մասին «ՀՀ»-ն զրուցել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության եւ կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ։
-Եկամուտների համատարած հայտարարագրումն անհրաժե՞շտ էր այս պահին Հայաստանում։
-Առհասարակ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտն աշխարհում բավական կայացած համակարգ է արդյունավետ հարկային հսկողության եւ ստվերի դեմ պայքարի շրջանակում։ Այն գործում է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Դանիայում, Չեխիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Սինգապուրում, Ավստրալիայում եւ այլ երկրներում։ Ներկայումս այն գործում է նաեւ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Ղազախստանում։ Այս համակարգը, եթե այն, իհարկե, արդյունավետ է գործում եւ զերծ է կողմնակի ազդեցություններից, ունի բավական դրական ազդեցություն ինչպես ստվերի կրճատման, այնպես էլ հարկային համակարգի թափանցիկության բարձրացման, հարկման համահավասարության սկզբունքի ապահովման առումով։ Փաստացի, եթե քաղաքացին թաքցնելու որեւէ բան չունի եկամուտների հետ կապված, ապա նաեւ մտահոգվելու լուրջ հիմքեր չի կարող ունենալ։ Բայց իրականությունում տեսնում ենք, որ մարդիկ, ունենալով համեստ աշխատավարձով աշխատանք, վարում են բավական ճոխ կյանք, հետեւաբար ստացվում է, որ ունեն հավելյալ եկամուտներ։ Իսկ դա հենց այն ստվերն է, որի դեմ պետք է ակտիվ պայքար մղվի։
-Ինչքանո՞վ ենք պատրաստ համակարգին։ Տեսանք՝ ինչ եղավ կանխիկի սահմանափակումից հետո։ Նկատենք՝ նորամուծությունը այդչափ անհարմարություններ չպետք է ստեղծի, ըստ այդմ՝ շարքային քաղաքացիների եկամուտների հայտարարագրումն ավելորդություն չէ՞ այս պահին մեր տնտեսության համար։
-Ցանկացած նորամուծություն, բնականաբար, դժվար է տեղայնացվում, եւ առաջանում են բազմաթիվ չնախատեսված խնդիրներ։ Ուստի միանգամայն կարեւոր է, որ այս համակարգը ներդրվի ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար։ Համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, ըստ ներկայացվող օրինագծի, կարծում եմ՝ հենց այդ պատճառը հաշվի առնելով նախատեսված է իրականացնել մի քանի փուլերով, ինչը հնարավորություն կտա ե՛ւ պետությանը, ե՛ւ քաղաքացիներին նախապատրաստվել վերջինիս։ 2023 թ. հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք հանրային ծառայությունների մասին օրենքի համաձայն զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, այն քաղաքացիները, որոնք բաժնետեր են մի կազմակերպությունում, որի եկամուտները 2022 թ. արդյունքներով գերազանցել են 1 մլրդ դրամը: 2023-ից հայտարարատու կհամարվեն նրանք, ովքեր 2022 թ. ստացած կլինեն 20 մլն դրամ եւ ավելի վարկեր ու փոխառություններ: 2024 թ. հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք վարձու աշխատողներ են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թ. հայտարարագրող են լինելու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն։ Բայց քաղաքացիների շրջանում անհրաժեշտ է իրականացնել իրազեկման լայնամասշտաբ միջոցառումներ, հրապարակել ուղեցույցներ, որպեսզի շարքային քաղաքացիները տիրապետեն հայտարարագրման հետ կապված բոլոր նրբություններին։ Ինչ վերաբերում է ձեր ասածին՝ ավելորդությանը, կարծում եմ՝ ոչ։ Որովհետեւ դա նաեւ միտված է հետագայում նույն այդ քաղաքացիների կյանքի բարելավմանը. քանզի համակարգը հարկային ավելի եկամուտներ է գեներացնելու։
-Հայաստանը տեխնիկապես պատրա՞ստ է այս համակարգին։
-Այժմ գործում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրման համակարգը, որը կարող ենք ասել՝ կայացած է, թեեւ, իհարկե, երբեմն որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, առաջանում են։ Իհարկե, այս պահին համատարած հայտարարագրման համակարգի ներմուծման համար տեխնիկական ապահովվածության հետ կապված, համակարգի անխափան աշխատանքի եւ նաեւ ընթացակարգային բազմաթիվ խնդիրներ կարող են ծագել։ Սակայն, փաստացի, այդ համակարգի փուլային տարբերակով ներդրումը թույլ կտա նախապատրաստվել դրան նաեւ տեխնիկապես եւ ժամանակի ընթացքում հնարավոր խնդիրները վերհանելով հետագա փուլերում այդ համակարգի գործունեությունն ավելի անխոցելի դարձնել։
-Հարցի այլ կողմն էլ կա՝ քաղաքացին ինչքանո՞վ կարող է վստահ լինել, որ իր եկամուտների մասին տեղեկությունը հետո իր իսկ դեմ չի գործադրվի։
-Պետք է նշել, որ ներկայումս էլ քաղաքացու եկամուտների մասին մի շարք հաստատություններ տեղեկությունների տիրապետում են, օրինակ` առեւտրային բանկերը, նեդրումային ընկերությունները եւ այլն, այսինքն՝ այդ մտավախությունը մշտապես առկա է։ Սակայն տվյալների չարտոնված օգտագործումը հանգեցնում է նաեւ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության առաջացման, ուստիեւ՝ սա արդեն իսկ զսպող գործոն է։ Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի գործարկման դեպքում եւս տվյալների ապօրինի օգտագործումը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ։ Պարզապես տեսեք՝ ասում եք, որ քաղաքացին մտավախություն ունի, որ իր եկամուտների մասին տվյալները հայտնի կդառնան, բայց չէ՞ որ բուն այս համակարգի էությունը եւ նպատակը հենց հանգում են դրան։ Այսինքն` քաղաքացին պետք է ցույց տա իր եկամուտները ինքնուրույն եւ վճարի օրենսդրությամբ նախատեսված հարկերը։ Ներկայումս աշխատող քաղաքացիների եկամուտները բացի գործատուից հայտնի են լինում նաեւ հարկային մարմնին, սոցծառայությանը, պարզապես եկամտային հարկի հաշվարկները ներկայացնում է ոչ թե քաղաքացին, այլ գործատուն՝ որպես հարկային գործակալ։ Իսկ, օրինակ, ֆրիլանսեր համարվող աշխատողը, որը ծառայություն է մատուցում, ենթադրենք, արտերկրում եւ բանկային փոխանցումով ստանում է իր աշխատավարձը, ինչպե՞ս պետք է հարկվի։ Միգուցե չհարկե՞նք նրանց։ Սակայն այդ դեպքում դուք, որպես հարկ վճարող, օրինապաշտ քաղաքացի, չեք համարի դա անարդար, երբ ձեզ հարկում են, իսկ եկամուտ ստացող մեկ այլ անձի՝ ոչ։ Կարծում եմ՝ համամիտ եք։
-Շատերն աշխատել են արտերկրում եւ գաղտնիք չէ, որ աշխատել են նաեւ առանց գրանցման։ Հայտարարագիրը ներկայացնելիս նրանք փաստաթղթային հիմնավորում չեն կարողանալու ներկայացնել եւ ընկնելու են քաշքշուկների մեջ։ Ա՛յս կարգի հարցերն ինչպես են կարգավորվելու։
-Առհասարակ, հարկային մարմինը հիմք է ընդունելու քաղաքացու ներկայացրած հայտարարագրում արտացոլված գումարը, որը, բնականաբար, ենթակա է ստուգման։ Ձեր նշած դեպքերում սա որոշակիորեն բարդանում է, եւ, իհարկե, դրա հետ կապված բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ կարող են առաջանալ, այդ թվում նաեւ արտերկրում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների ճշտման մասով։ Ուստի, քանի որ նման անձանց եկամուտների հայտարարագրումը ամենավերջին փուլով է նախատեսվում, կարծում եմ՝ մինչ այդ նման խնդիրները եւս կարող են կանոնակարգվել։ Հավելեմ նաեւ, որ օրենքի նախագծով նախատեսվում են նաեւ սոցիալական ծախսերի նվազեցման հնարավորություններ, օրինակ` բժշկական, կրթական ծախսերի մասով, ինչը շոշափելիորեն կնվազեցնի հարկվող եկամուտը։
-Համատարած հայտարարագրումից հետո մեր երկիր մասնավոր փոխանցումները համարվելու են եկամուտ։ Հետեւաբար՝ հարկվելու են։ Քաղաքացին դարձյալ տուժելու է։ Փաստորեն՝ այս համակարգը խնդիրներ է առաջացնելու առանց այն էլ բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների համար։ Ճիշտ չէ՞ր լինի նախ նմանատիպ հարցերի կարգավորումները տալ, նոր անցնել համատարած հայտարարագրման համակարգին։
-Տեսեք, դիտարկենք այսպիսի համեմատություն. արտերկրից ստացվող տրանսֆերտ կամ, օրինակ, Հայաստանում ստացված պասիվ եկամուտ, օրինակ, բնակարանի վարձավճար։ Ըստ էության, վերջինը հարկվում է։ Եթե խոսքը արտագնա աշխատողների կողմից փոխանցված եկամուտների մասին է, ապա այստեղ, իհարկե, պետք է բացառվի երկակի հարկումը, այսինքն՝ եթե, օրինակ, Ռուսաստանում այդ քաղաքացու եկամուտը հարկվել է, ապա Հայաստանում այն այլեւս չի հարկվելու։ Եվ ոչ միայն Ռուսաստանում։ Բազմաթիվ երկրների հետ Հայաստանի Հանրապետությունն ունի երկակի հարկումը բացառող համաձայնագրեր, ուստի այս մասով որեւէ խնդիր չեմ տեսնում։ Այլ բան է, որ այդ եկամուտը արտերկրում չի հարկվել։ Այդ դեպքում դա պետք է հարկվի Հայաստանի Հարապետությունում։ Սա բխում է ինչպես հարկման համահավասարության, այնպես էլ արդարացիության սկզբունքից։ Ընթացքում բոլոր խնդիրները կբացահայտվեն եւ պետք է որ գտնեն իրենց լուծումը։