«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը։
-Ինչպե՞ս առաջացավ «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը ստեղծելու գաղափարը։
-2020 թ. պատերազմից հետո, երբ առաջ եկան ճգնաժամային լուրջ խնդիրներ երկրում, հասարակության ներսում եւ սփյուռքում, խնդիր կար համահայկական ուժերով փորձել հաղթահարել ճգնաժամը, գտնել լուծումներ եւ ամենակարեւորը՝ հեռանկարային մոտեցումներ։ Այսինքն՝ խնդիրները դիտարկել 10, 20 տարվա կտրվածքով, որպեսզի կարողանանք ավելի լուրջ ծրագրավորում իրականացնել եւ դրա հիման վրա ավելի ճիշտ բաշխել այսօրվա անելիքները Հայաստանի եւ սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի տարբեր մարմինների միջեւ։ Այս ամենը տեսլականի, դրա մշակման եւ իրականացման կարիք ունի։ «Ապագա հայկականի» ձեւավորումը դրա փորձն էր։
-Համայն հայությանը միավորելու, ներուժը մեկտեղելու գաղափարն առանցքայիններից մեկն է մեզ համար։ Ո՞րն եք համարում այս նախաձեռնության հաջողելու գրավականը։
-Իրականում բազմաթիվ գաղափարներ շատ ենք տարփողել եւ արդյունքում երբեմն ունեցել ենք գաղափարների արժեզրկում, երբ շատ արծարծելու պարագայում, չապահովելով համապատասխան աշխատանք, այդ գաղափարները տարիների ընթացքում արժեզրկվել են։ Խնդիրն այն է, որ ի մի բերելը չի կարող լինել ինքնանպատակ։ Հայաստանն ու սփյուռքը չունեն անսահման ներուժ, որպեսզի կարողանանք անընդհատ խնդիրները լուծել եւ ապրել միայն ներկայով։ Պետք է փորձենք հասնել այդ ներուժի արդյունավետ օգտագործմանը։ Ինչո՞ւմն է մեր հաջողելու հնարավորությունը։ Խնդիրը մոտեցման մեջ է, որը հանգում է երկխոսության միջոցով դրանց հաղթահարմանը հասնելը։ Այսօր Հայաստանում եւ սփյուռքում երկխոսություն տեղի չի ունենում, տեղի են ունենում բազմաթիվ մենախոսություններ, երբեմն քննադատական, երբեմն վիրավորական, սակայն գաղափարների մեջ երկխոսություն այդպես էլ տեղի չի ունենում։ Նման մոտեցմամբ հնարավոր չի լինի ձեւավորել դաշտ։ Արդյունքում առաջանում է անպատասխանատվության մթնոլորտ, մինչդեռ շարքային քաղաքացին պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է իր որոշումների համար, եւ կարողանա կշռադատված որոշումներ կայացնել։ Դրանից հետո արդեն պետք է մասնակից լինի այդ որոշումների իրականացմանը եւ դրա վերահսկողությանը։ Սա շատ կարեւոր փուլ է, որ բաց ենք թողել անկախության տարիներին։ Հանգիստ ենք եղել մեր ձեռքբերումների մասով, մտածել ենք, որ դրանք տեւական են, եւ հետընթաց չի լինելու, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ ապագայի համար պետք է ամեն օր աշխատել։ Երբ քննարկումների ժամանակ փորձագետների ենք ներգրավում, հանդիպում են տարբեր, իրար հակասող մոտեցումներ ունեցող մասնագետներ, փորձագետներ։ Մի քանի հանդիպումներից հետո հասկանում են, որ քննարկումների հիմքում պետք է գաղափարներ դրվեն։ Ամենակարեւորն այն է, որ մեզ ավելի շատ բան միավորում է, քան բաժանում։ Մենք միշտ շեշտը դնում ենք հակասությունների վրա, սակայն միավորողն ավելի շատ է, եւ դրա վրա էլ պետք է կենտրոնանանք եւ կառուցենք մեր ապագայի ծրագրերը։
-Սփյուռքը շատ բազմաշերտ է, արդյոք բավարա՞ր են Ձեր նշած նմանությունները, որպեսզի խնդիրների ընդհանրությունն առաջնային պլան դուրս գա։ Ինչպե՞ս է տեղի ունենալու որոշումների ընդունումը, եթե մոտեցումներում ի հայտ գան խորքային տարբերություններ։
-Մենք խնդիրը դիտարկում ենք ոչ թե անպայմանորեն կոնսենսուսի գալու մեջ, այլ առավելապես միմյանց հետ խոսելու։ Առաջին հերթին պետք է ձեւավորել խոսելու, որոշումներ ընդունելու մշակույթը, որոշումների համար պատասխանատվություն կրելու մշակույթը, եւ այդ առումով խնդիրն ամենեւին հեշտ չէ։ Մեր որդեգրած մոտեցումը եռաստիճան համակարգ է։ Առաջին աստիճանում մեր փորձագիտական քննարկումներն են՝ երեք հանձնախմբերը, որոնք ձեւավորվել են «Ապագա հայկականը» 15 նպատակների հիման վրա, դրանք ռազմավարական եւ մարտավարական ուղղությունները հստակեցնելու համար են։ Դրանցում աշխատում են հայտնի փորձագետներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքի գրեթե բոլոր համայնքներից։ Փորձում ենք հնարավորությունների ընդհանուր դաշտ ձեւավորել, մշակել զարգացումների հնարավոր սցենարներ, եւ դրանց պարագայում ինչպիսին պետք է լինի մեր աշխատանքը։ Առաջարկները ոչ թե պոպուլիստական պետք է լինեն, այլ ունենան բավարար հիմնավորում։ Երբ կունենանք այդ բոլոր սցենարները, արդեն կանցնենք երկրորդ փուլին, որը համաժողովն է։ Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` գրանցվել եւ մասնակցել համաժողովին։ Առկա ձեւաչափով մասնակցելու են միայն 200 անձինք, որոնք ընտրվելու են բաց վիճակահանությամբ՝ հաշվի առնելով մի շարք բաղադրիչներ։ Մյուսները կարող են համաժողովին մասնակցել առցանց ձեւաչափով։ Այս ձեւաչափը կոչվում է «քաղաքացիական ասամբլեա» եւ կիրառվել է բազմաթիվ զարգացած երկրներում։ Ձեւաչափի գրավչությունը նրանում է, որ բոլոր այն երկրներում, որտեղ կիրառվել է, առկա է եղել այս կամ այն չափի քաղաքական ճգնաժամ։ Բազմաթիվ երկրներ են ունենում ճգնաժամեր, եւ նման պարագայում, երբ խորհրդարանը չի կարողանում գտնել պատասխաններ, քաղաքական կուսակցությունները տարբեր պատճառներով չեն կարողանում առաջ մղել այդ գաղափարները, ապա կազմակերպվում է «քաղաքացիական ասամբլեա»։ Մեր կողմից 2023 թ. մարտի 10-12-ը կազմակերպվող համաժողովը հենց այդ նպատակն ունի՝ քննարկել փորձագետների կողմից մշակված սցենարները եւ տալ համապատասխան եզրակացություններ։
-Համաժողովը նվիրված է լինելու նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» եւ «Բնակչության աճ»: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու համաժողովից հետո։ Կան արդյո՞ք սպասելիքներ եւ անելիքների ծրագիր, թե՞ դրանք դեռ մշակման փուլում են։
-Համաժողովի թեմաները մենք չենք ընտրել, ունենք կայքում գրանցված 110 հազար աջակից հարյուրից ավելի երկրներից, եւ նրանց շրջանում անցկացրած հարցման արդյունքով են ընտրվել այդ երեքը որպես ամենահրատապ։ Իհարկե, շատ կարեւոր հարց է, թե ինչ է լինելու հետո, քանի որ եթե այն չկա, այդ դեպքում ո՞րն է իմաստը ինչ-որ բան նախաձեռնելու։ Դա արդեն մոտեցնում է մեզ երրորդ բաղադրիչին։ Հիշեցնեմ, որ առաջինը փորձագիտականն էր, երկրորդը՝ հանրայինը, եւ ի վերջո երրորդը՝ իրագործման մակարդակը։ Այս երրորդում մենք պետք է փորձենք հնարավորինս լայն գործընկերային ցանց ձեւավորել բոլոր այն կազմակերպությունների, անհատների, ինստիտուտների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում ու սփյուռքում, որոնք պատրաստ են այդ առաջարկությունները կյանքի կոչել։ Այսօր արդեն սկսել ենք այդ աշխատանքը, որոշ կազմակերպությունների հետ համագործակցության արձանագրություններ են ստորագրվում։ Նպատակ ունենք շատ ավելի մեծ ցանց ընդգրկել։ Հաճախ ենք քննադատություններ լսում, որ այս երեսուն տարիների ընթացքում ոչինչ չի արվել, մինչդեռ դա այդպես չէ։ Նման զգացողությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ հայերս չունենք ձեւակերպված ընդհանուր նպատակ, որպեսզի հասկանանք՝ այդ նպատակի ուղղությամբ ենք աշխատում, թե ոչ։ Այդ նպատակի ձեւավորումը հանրային հարթակում շատ կարեւոր է, ինչպես նաեւ այդ նպատակի շուրջ բոլոր կազմակերպությունների միավորումը։
-Ինչո՞վ եք պայմանավորում այս երեք նպատակների ընտրությունը։
-Դրանցից «Հայաստան-սփյուռք միասնականությունը» հենքն է մեր աշխատանքների, այսինքն՝ եթե չենք կարողանում միասնական դաշտ ապահովել, հասկանալ, թե ինչպես պետք է միմյանց հետ աշխատենք եւ ինչի՞ շուրջ կարող ենք իրար հետ աշխատել, ովքե՞ր պետք է աշխատեն, ապա չենք կարող մնացած խնդիրները քննարկել։ Երկրորդը՝ պատմական պատասխանատվությունը, տալիս է այն փիլիսփայական-բարոյական հենքը, որի վրա պետք է աշխատենք. արդյոք ունե՞նք միմյանց նկատմամբ, պատմության եւ գալիք սերունդների հանդեպ պատասխանատվություն։ Որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում ամեն մի սերնդի պատասխանատվությունը։ Այդ առումով շատ կարեւոր ուղերձ կարող է հնչել համաժողովի կողմից, որպեսզի մեր պատմական ժառանգությունն ամեն սերունդ փորձի փոխանցել հաջորդ սերնդին, եթե որեւէ բան չավելացնելով, ապա գոնե չպակասեցնելով։ Բնակչության աճն էլ շատ կարեւոր է այն առումով, որ ե՛ւ տնտեսության, ե՛ւ ուժեղ բանակ ունենալու, ե՛ւ անվտանգության հիմքն է։
-Շատ կարեւոր հարցի անդրադարձաք՝ գաղափարի ամբողջացումը։ Այսօր տեսնում ենք, որ աշխարհում եւս գաղափարի ճգնաժամ կա։ Ներկայումս բազմաթիվ են ոչ միայն հայության, այլեւ ամբողջ մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները։ Որո՞նք են, ըստ Ձեզ, այն հիմնասյուները, որոնք անհրաժեշտ են նոր ժամանակներում նոր մարտահրավերներին արձագանքելու եւ կենսունակ մնալու համար։
-Այս հարցին կպատասխանեմ որպես անհատ, ոչ որպես նախաձեռնության ներկայացուցիչ, քանի որ կցանկանայի, որ այդ հարցերին պատասխանի հանրությունը, եւ իմ պատասխանը որեւէ կերպ չընկալվեր ուղղորդող։ Մեր խնդիրներից մեկը մշտապես «փրկչի» որոնումների մեջ լինելն է, մարդիկ դրանով խնդիրն իրենցից հեռացնում են։ Հույսը մեզ վրա պետք է դնենք, եւ ամենակարեւոր ուղերձը կարող է լինել համազգային գաղափարի, համահայկականության շուրջ միասնականությունը, որովհետեւ ունենք բամադարյան պատմություն, ունենք պատասխանատվություն մեր նախնիների առջեւ, բայցեւ ունենք պատասխանատվություն գալիք սերունդների առջեւ։ Եթե մեր սերունդը չկարողանա այդ պատասխանատվությունը ստանձնել եւ լիարժեք իրականացնել, մեզ բարի խոսքերով չեն հիշի։ Հիմա շփոթմունք կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, բայց դա նույնպես գալիս է միասնական, համազգային նպատակ չունենալուց։ Նպատակի շուրջ պետք է ձեւավորել գաղափարախոսություն, դրա շուրջ արժեքային հենք եւ կրթել սերունդներին։
-Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հուլիսի 7-ին տեղի ունեցավ «Ապագա հայկական»-ի համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը։ Արդեն իսկ ձեւավորվել են փորձագիտական խմբերը, կայացել են մի շարք հանդիպումներ։ Կմանրամասնե ՞ք, թե ինչպե ս են անցել հանդիպումները, եւ ի՞նչ հիմնական ուղենիշներ են ընտրվել այդ ուղղություններով։
-Ամփոփ դժվար է ներկայացնել։ Նշեմ, որ երեք փորձագիտական հանձնախմբերն ակտիվ աշխատում են, «Պատմական պատասխանատվություն» խումբը ղեկավարում է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Հայաստան-Սփյուռք միասնականությունը» ղեկավարում է հրապարակախոս, լրագրող Արամ Աբահամյանը, եւ «Ժողովրդագրական աճը»՝ «Օրրան» բարեգործական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը։ Բավականին հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում։ Այս հանձնախմբերն իրենց աշխատանքներն ավարտելու են հաջորդ տարվա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, որպեսզի նյութերը տրամադրվեն համաժողովի մասնակիցներին։ Մյուս հանդիպումները, օրինակ՝ ՀԿ-ների հետ, հաջորդ՝ իրականացման փուլը ձեւավորելու նպատակ ունի եւ այստեղ կարեւոր է ներգրավել բոլոր հնարավոր դերակատարներին։ Ամեն մարդ ունի իր անելիքը, եւ համախմբման մեջ երեք-չորս փուլ կա, առաջինը տեղեկատվության փոխանակումն է, որպեսզի մասնակիցները տեղյակ լինեն, թե ով ինչով է զբաղված։ Երկրորդը նույնականացումն է, այսինքն՝ պարզել, թե որտեղ ունենք կրկնօրինակում, երբ նույն գործով զբաղվում են մի քանի կազմակերպություններ։ Դա կօգնի ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։ Երկրորդ փուլից հետո, երբ ամբողջը կքարտեզագրվի, կարձանագրվեն առկա բացերը։ Դրանց լուծումն արդեն համակարգային մոտեցում է ենթադրում։ Խնդիրը դաշտը մաքրելը չէ, այն իր բազմազանությամբ էլ է գեղեցիկ, բայց դրա մեջ պետք է ներդաշնակություն լինի։
-Անդրադառնանք Ռուբեն Վարդանյանի գործունեությանն Արցախում։ Նախ պրն Վարդանյանը տեղափոխվեց Արցախ, իսկ վերջերս նշանակվեց Արցախի պետնախարար։ Ի՞նչ կարող ենք ակնկալել առաջիկայում, ինչպիսի՞ ծրագրեր եւ նախաձեռնություններ են նախատեսված Արցախի անվտանգային միջավայրի, կայուն եւ ապահով զարգացման համար։
-Կրկին որպես անհատ կարտահայտվեմ։ Մեծապես ողջունում եմ պրն Վարդանյանի մոտեցումը, կարծում եմ՝ դա նոր հնարավորություններ է ստեղծում Արցախի համար։ Օգտագործելով իր կապերը, կազմակերպչական ունակությունները, տեսլականը, ամենակարեւորը՝ արցախցուն նոր հույս կտրվի։ Այդ քայլը պետք է ընդօրինակվի շատերի կողմից, որպեսզի կարողանանք արցախցուն հույս տալ, որ նրան մենակ չենք թողնում, մենք ոչ միայն կանգնած ենք թիկունքին, այլեւ կանգնած ենք նրա հետ Արցախում։ Դա ոչ թե մենք եւ արցախցին ենք, այլ մենք միասին ենք։ Ի դեպ, «Ապագա հայկականը» նախաձեռնությունն իր առաջին միջոցառումն անցկացրեց Արցախում՝ «Արցախյան ֆորում» խորագրով, որը նվիրված էր Արցախում բնակչության աճի ավելացմանը։ Դրա արդյունքները տեղադրված են նախաձեռնության պաշտոնական կայքում։ Բազմաշերտ միջոցառումների ծրագրեր կան, փորձելու ենք որոշ միջոցառումներ իրականացնել մեր ուժերով, որոշներն էլ՝ գործընկերների ջանքերով։