Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երեւանյան գագաթնաժողովից արդեն մի քանի օր է անցել, սակայն դրա արդյունքների մասին քննարկումները շարունակվում են կազմակերպության անդամ որոշ երկրների տեղեկատվական տարածքում: Ուշադրության կենտրոնում այն փաստն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը: Եվ Հայաստանի ղեկավարի այդ քայլը միանգամայն տրամաբանական է՝ նկատի ունենալով, որ ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական չի տվել իր անդամի վրա կազմակերպության ոչ անդամ երկրի հարձակմանը: Հստակ ձեւակերպված գնահատականի բացակայությունը հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում՝ կապված ՀԱՊԿ-ին անդամակցության նպատակահարմարության հետ, գնահատական, որը դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսեւորում է եւ կարեւոր է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին», հայտարարել է, որ կազմակերպությունը համալիր միջոցառումներ է առաջարկել Հայաստանի օգնության համար, այդ թվում՝ առաքելության գործուղում Հայաստանի եւ Ադրբեջանի սահման՝ իրավիճակը գնահատելու համար:
Ակնհայտ է, որ այդ առաքելության գործուղման գաղափարն ընդամենը պատրվակ է՝ ստեղծելու իմիտացիա, թե ինչ-որ բան է արվում Հայաստանի համար, մինչդեռ ստեղծված իրավիճակում Երեւանը ժամանակ կորցնելու իրավունք պարզապես չունի: ՀԱՊԿ-ն վաղուց արդեն հասցրել է տեղում ծանոթանալ իրավիճակին ու հայտարարել, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ-ի տարածք: Դատելով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների՝ Ալիեւի հետ ունեցած հարաբերություններից, որոնց մասին երեւանյան գագաթնաժողովից առաջ հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը, դժվար է վստահել նման առաքելությանը:
Պատասխանատուն ՀԱՊԿ-ն է
Բայց շարունակենք լսել Զասին. «Իրավիճակը բարդ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այնտեղ գործնականում ամեն օր հրաձգություն է կատարվում: Ընդհանուր առմամբ՝ համալիր միջոցառումները, որոնք առաջարկվում էին ՀԱՊԿ-ի կողմից՝ որպես օգնություն Հայաստանին, իսկ միջոցառումները տարբեր էին՝ քաղաքական-դիվանագիտական, ռազմական, նաեւ առաքելությունը, որը պետք է ռեալ գնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ, հավանության էին արժանացել բոլոր պետությունների ղեկավարների կողմից: Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել, այն իրավիճակի կոնսոլիդացված գնահատականն է, որն այնտեղ ստեղծվել է»:
Զասը նկատել է նաեւ, որ կազմակերպության պատասխանատվության գոտում հակամարտությունների լուծումը նրա անդամների ընդհանուր գործն է, այլ ոչ թե յուրաքանչյուր երկրի՝ առանձին-առանձին:
«Ճիշտ ժամանակին եւ համարժեք կերպով առաջնահերթություն է դրված՝ ՀԱՊԿ գոտում առկա բոլոր հակամարտությունների կարգավորումը: Մենք չպետք է ասենք, որ դա հենց պետությունների գործն է: Դա մեր ընդհանուր խնդիրն է, որպեսզի խաղաղության հասնենք կազմակերպության պատասխանատվության գոտում»,- ասել է Զասը՝ ավելացնելով, որ ոչ մի կասկած չկա ՀԱՊԿ-ի հեռանկարների հարցում:
Զասը Բելառուսի ներկայացուցիչ է, իսկ այդ երկիրը ստանձնել է նախագահությունը կազմակերպությունում: Ռուս-բելառուսական տարբեր շրջանակներում էլ սկսել են խոսել այն մասին, որ ՀԱՊԿ-ն պետք է օգնի Մոսկվային ու Մինսկին ուկրաինական հակամարտությունում: Եվ հենց դրանով է պայմանավորված այն, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն արդեն ստիպված է արձանագրել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու գոյությունն ու հարձակման ենթարկվելու դեպքում անդամ տերությանը ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: ՀԱՊԿ-ում շատ լավ են հասկանում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման դեպքում կանոնադրային դիրքորոշման բացակայությունը խաթարել է ՀԱՊԿ-ի հեղինակությունը: Ադրբեջանի հարձակումը միայն Հայաստանի գործը չէր, սակայն ՀԱՊԿ-ն նույնիսկ զլացավ քաղաքական գնահատական տալ իրավիճակին…
Իսկ երբ է պետությունը կորցնում խելքը
Անկեղծ ասած՝ թվում էր, թե երեւանյան գագաթնաժողովն իր ուղերձներով դաս կլինի հատկապես ռուսական իշխանությունների ու ԶԼՄ-ների համար: Բայց դա միայն թվում էր: Պետդումայի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նրանք, ովքեր երեկ, իբր, հանդես էին գալիս Հայաստանի պաշտպանության դիրքերից, հայտարարել են, թե ՀՀ-ն, չստորագրելով փաստաթղթերը, փորձել է հանրության շրջանում ՀԱՊԿ-ն ներկայացնել որպես թույլ կազմակերպություն, որը չի կարող պաշտպանել դաշնակցին արտաքին վտանգներից:
Ռուսական շրջանակներում անընդհատ խոսում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին: Ինչ հակառուսականության մասին է խոսքը, եթե տարբեր պատճառներով Հայաստանում հայտնված ռուսներն այստեղ իրենց ավելի լավ են զգում, քան հենց իրենց հայրենիքում՝ Ռուսաստանում: Ռուսաստանը գլորվում է Բյուզանդիայի ուղով, եւ այս տեմպը պահպանելու դեպքում պետության կործանման բյուզանդական մոդելը հերթական կիրառումը կունենա իրական կյանքում: Քաղաքականությունը, որը Մոսկվայի կողմից իրականացվում է հարավկովկասյան ուղղությամբ, առաջին հերթին հակասում է ռուս ժողովրդի շահերին:
ՌԴ իշխանությունները շարունակում են սեփական ԶԼՄ-ներին թելադրել՝ պահպանելու հակահայկական տոնայնությունը, անգամ թշնամական վերաբերմունքը: Սա առնվազն փաստում է, որ ռուսական հանրության շրջանում հակահայկական տրամադրությունների, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական իշխանությունների նկատմամբ անվստահության ձեւավորման հիմքում ոչ թե Հայաստանի քաղաքական գործիչներն են, այլ հենց ռուսական իշխանական որոշակի շրջանակներն ու մի շարք ԶԼՄ-ներ: Ներկա իրավիճակում դավաճանել են Հայաստանին, եւ դա ակնհայտ է բոլորին, ովքեր մտածում են ուղեղով:
«Ցարգրադը», օրինակ, մեջբերել է ոմն քաղաքագետ Պավելի Դանիլինի խոսքերը. «Շատ ափսոս, որ Փաշինյանը, իր ողջ ամերիկամետ վեկտորով հանդերձ, Հայաստանին չի հանում ՀԱՊԿ-ից: Դա չի փլուզի ՀԱՊԿ-ն, այլ նույնիսկ, հնարավոր է, ընդհակառակը: Իսկ բոլոր պատմություններն այն մասին, որ ՀԱՊԿ-ն ոչինչ չի արել Հայաստանի պաշտպանության համար, ցինիկ սուտ են: Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի լիդեր, իր կամքով ու խելքով դադարեցրեց Հայաստանի սահմանային հակամարտությունը, որն առաջացավ առաջին հերթին այն պատճառով, որ Երեւանը չցանկացավ կատարել խաղաղության այն պայմանները, որոնց տակ նախկինում ստորագրել էր»: Մեկ ուրիշը՝ ոմն Մարատ Բաշիրով, որին նույնպես «Ցարգրադը» քաղաքագետ է անվանում, նշում է, թե անվանական դաշնակից Հայաստանի իշխանությունները ձգտել էին, որ Պուտինի այցից առաջ Երեւանում հակառուսական հիստերիա սկսվի, թե այնտեղ ամեն ինչ կար՝ «փողոցներում վերահսկվող խառնաշփոթից մինչեւ առաջին դեմքերի աբսուրդային թշնամական ելույթներ»:
Որպես հետեւություն՝ կայքը նշել է, թե «ստեղծված իրավիճակում Հայաստանի ղեկավարը գործնականում փորձում է թիկունքից հարվածել ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանի միության գլխավոր ուժին: Հիանալի հասկանալով, որ Ռուսաստանը հիմա ռազմական գործողություններ է իրականացնում իր տարածքում եւ, ընդհանուր առմամբ, լիակատար իրավունք ունի կանչել իր դաշնակիցներին՝ մասնակցելու այդ ռազմական գործողություններին»:
Կարդում ես ռուսական մամուլն ու քարանում այն մտքից, թե ցինիզմն ինչպիսի խոր արմատներ է նետել ոմանց ուղեղներում: Իմ մեջբերած ընդամենը մի քանի տողում նրանք հասցրեցին «հայտարարել», որ ՀԱՊԿ-ն եւ նրա «լիդերը» տառապում են ցինիզմի բարդույթով, որ Ռուսաստանի իշխանությունները թիկունքից հարվածել են Հայաստանին: Հիանալի հասկանալով, որ Ադրբեջանը ներխուժել է իր ինքնիշխան տարածք, եւ ինքը լիակատար իրավունք ունի՝ կանչելու իր դաշնակիցներին՝ մասնակցելու ռազմական գործողություններին, պաշտոնական Երեւանը դա արել է, սակայն մերժվել է… Հիմա Երեւանին առաջարկում են կռվե՞լ Ուկրաինայի դեմ…
Հետո ասում են՝ հայաստանյան իշխանությունները հակառուսական ցույցեր են կազմակերպում, ուզում են հայ ժողովրդի մեջ սպանել հայ-ռուսական բարեկամության ոգին: Հիմա այսպիսի հարց՝ այսպիսի լրատվամիջոցներն ու փորձագետները հայ-ռուսական բարեկամության ոմանց պատկերացումների ո՞ր մակարդակին են պատկանում: Մի բան հստակ է. քանի դեռ նրանք կան, Հայաստանի իշխանությունները հակառուսական ինչ-որ բան կազմակերպելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն պարզապես չունեն:
Երբ Աստված ցանկանում է պատժել մեկին, նախ նրա խելքն է առնում: Նույնը՝ պետության պարագայում:
Իրական շահերի պատասխանատուներ դեռ կան
Ռուսական իրականությունում դեռ կան մարդիկ, ովքեր հիանալի գիտեն խնդիրը եւ հանդես են գալիս սեփական պետության իրական շահերի դաշտում՝ իրական արժանապատվության դիրքերից: Պատմական գիտությունների դոկտոր, դիվանագետ Նիկոլայ Պլատոշկինը, ով 1998 թ. Ռուսաստանի ԱԳՆ-ում գլխավորել է Հայաստանի բաժինը, հայտարարել է. «Ես Հայաստանի կողմից եմ, որովհետեւ մեր դաշնակիցն է: Մենք նրա հետ փոխադարձ օգնության պայմանագիր ենք ստորագրել 1997 թ.՝ դեռ Ելցինի օրոք: Ըստ այդ փաստաթղթի՝ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը պետք է մեզ օգնի, իսկ եթե Հայաստանն է հարձակման ենթարկվում, մենք պետք է օգնենք նրանց: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սահմանը պաշտպանում են մեր սահմանապահ զորքերը, եւ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա կա: Դա ԱՊՀ-ի միակ երկիրն է, որը պաշտոնապես հրաժարվել է մտնել ՆԱՏՕ: Նրան առաջարկել են, բայց Հայաստանը մերժել է՝ շեշտելով, որ իր անվտանգության երաշխավորման նպատակով համագործակցում է Ռուսաստանի հետ: 1990-ականներին, երբ Տատյա Գուլիկովան դեռ մեր ֆինանսների փոխնախարարն էր, եւ մենք նրա հետ լուծում էինք Հայաստանում մեր ռազմաբազայի ֆինանսավորման հարցը, պարզվեց, որ գումարները պարզապես բավարար չեն՝ խնդիրը լուծելու համար: Եվ Հայաստանը մեզ շատ օգնեց, ըստ էության՝ մեր փոխարեն ֆինանսավորեց բազան: Մեր ռազմաբազա զորակոչվեցին Հայաստանի քաղաքացիներ, ես հպարտ եմ, որ մասնակից եմ եղել այդ գործընթացին: Նրանք երդում տվեցին եւ Ռուսաստանին, եւ Հայաստանին: Երբ ես տեսուչ էի Հայաստանի ու Թուրքիայի սահմանին, տեսչական աշխատանքի ընթացքում հանդիպում էի հովիվների, ովքեր, մատնացույց անելով ազգությամբ ռուս զինվորներին, ասում էին՝ ահա, մեր տղաներն են: Դա ինձ համար հաճելի էր, գրողը տանի: Հայաստանում նաեւ ծանր դեպք եղավ. մի ռուս զինվոր մտավ հայի տուն եւ ավտոմատվ գնդակահարեց ողջ ընտանիքին: Հայերը կենդանի վահան կազմեցին, որպեսզի նրան պատառ-պատառ չանեն: Այդ զինվորին մեզ տվեցին: Եվ, այդուհանդերձ, ես ոչ մի անգամ այնտեղ չլսեցի որեւէ կոպիտ բառ մեր հասցեին: Երբ 2020 թ. Հայաստանը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի կողմից (Ադրբեջանը միայնակ ոչինչ չէր կարող անել), Հայաստանին դավաճանեցինք: Երբ ռազմական հատուկ գործողությունն էինք իրականացնում, թուրքերն ու ադրբեջանցիները հարձակվեցին արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի վրա: Երեւանը պաշտոնապես դիմեց մեզ՝ ըստ ստորագրված փաստաթղթերի, բայց մենք մերժեցինք… Դե իհարկե, մեր ընկերը Էրդողանն է… Բայրաքթարների արտադրություն է ստեղծում Ուկրաինայում: Ինչ է, դժվա՞ր էր պայմանավորվել նրանց հետ: Դժվա՞ր էր պայմանավորվել Ալիեւի հետ, երբ շատ ադրբեջանցիներ հիմա աշխատում են այստեղ ու միլիարդավոր դոլարներ փոխանցում Ադրբեջան: Ղազախական ռեժիմը մենք փրկեցինք 2022 թ. հունվարին, եւ այդ երկիրը ծիծաղում է մեզ վրա՝ պաշտպանում է հակառուսական պատժամիջոցները, տեղեկատվության նախարարի պաշտոնում նշանակում ռուսատյաց մեկին: Իսկ Հայաստանը միշտ պաշտպանել է մեզ, բոլոր քվեարկությունների ժամանակ: Ես հիմա Հայաստանի վարչապետի մասին չեմ խոսում, ես խոսում եմ ժողովրդի մասին: Այսքանից հետո հայերն ինչպե՞ս պետք է վերաբերվեն մեզ… Ամոթ է պարզապես»: