Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 28-29-ն անցկացվեց «Հայաստան-Հնդկաստան. Հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» առաջին միջազգային գիտաժողովը։ Հայ-հնդկական փոխառնչություններին եւ հարուստ բազմադարյա պատմություն ունեցող կապերին անդրադարձող գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԱԳՆ-ն ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստան-Հնդկաստան համագործակցության նոր հեռանկարները, առկա խնդիրներն ու փոխշահավետ գործակցության ձեւաչափերը։ Բացի պատմական առնչություններից, հայ-հնդկական կապերը վերջին ժամանակաշրջանում նոր լիցք են ստացել: Մասնավորապես ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, սերտ համագործակցություն է ձեւավորվել կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում։ Ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների պայմաններում Հայաստանն ու Հնդկաստանը եւս պետք է գտնեն երկկողմ հարաբերությունների զարգացման նոր մոդելներ, ընդլայնեն համատեղ օրակարգն ու համակարգեն գործողությունները բոլոր հնարավոր հարթակներում եւ ոլորտներում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով, Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից են: «Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ եւ դինամիկ տնտեսությամբ այսօր գրանցում է առաջընթաց եւ նշանակալի ձեռքբերումներ տարբեր ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում»,- ասաց նա՝ գոհունակությամբ արձանագրելով, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական փոխանակումներն ու կապերն ընդլայնվել ու խորացել են: Սաֆարյանը նշեց, որ վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանք է իրականացվել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ այնպիսի առանցքային ոլորտներում համագործակցության ձեւավորման ուղղությամբ, ինչպիսիք են պաշտպանական ոլորտը եւ տարածաշրջանային անվտանգությունը, միջազգային տրանսպորտն ու հաղորդակցությունը, զբոսաշրջությունն ու միջմարդկային փոխանակումները, առեւտուրը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, առողջապահությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Դիվանագետի կարծիքով՝ դեռեւս կա հսկայական չօգտագործված ներուժ օգտագործելու ներդրումային հնարավորությունները, ակտիվացնելու մարդկանց միջեւ կապերը. «Հայաստանն իրապես կարող է օգտվել Հնդկաստանի արագ առաջընթացից` պաշտպանունակությունը բարձրացնելու եւ տնտեսությունը զարգացնելու համար: Միջազգային առեւտրի եւ փոխադրումների ուղիների եւ հնարավորությունների արագ փոփոխման պայմաններում պետք է մտածել դեպի հարավ առեւտրային հարաբերությունների, ներմուծման եւ արտահանման զարգացման ուղղությամբ: Այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք առաջիկայում»:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արեւմուտքի քարտուղար Սանջայ Վերմանը բարձր գնահատեց միջոցառման նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է վեր հանելու փոխադարձ շահավետ կապերը, ինչպես նաեւ հետագայում դրանք ընդլայնելու։ «Մեր հարաբերությունները դարերի պատմություն ունեն, մեր ժողովուրդները պատմության ընթացքում եւ մինչ օրս ունեն մշակութային ժառանգություն, որը մինչ օրս պահպանվում եւ պաշտպանվում է,- ընդգծեց հնդիկ դիվանագետը, ապա շարունակեց.- Հայաստանի հետ հարաբերությունները տարիների ընթացքում ընդլայնվել եւ խորացվել են՝ ներառելով կրթությունը, տեխնոլոգիաները, զբոսաշրջությունն եւ այլ ոլորտներ։ Առաջ շարժվելով պետք է համատեղենք մեր փորձը եւ ավելի զարգացնենք համագործակցությունը, հատկապես բժշկագիտության ոլորտում»։ Վերմանը կարեւորեց Հայաստանում ավելի շատ հնդկական ներդրումներ բերելու հնարավորությունը։
Գիտաժողովի չորս թեմատիկ հարթակներում առաջին հերթին անդրադարձ եղավ «Պատմական կապեր. դարերի երկարատեւ փոխգործակցությանը», որի ընթացքում բանախոսներն անդրադարձան անցյալի փորձին եւ ընդհանուր արժեքների գործնական նշանակությանը, որոնք կարող են ապահովել կայուն ներկայի եւ կենսունակ ապագայի կառուցումը: Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային լեզուների կենտրոնի տնօրեն, Նարեկացու անվան հայագիտության կենտրոնի պրոֆեսոր Պիտեր Քաուինը ներկայացրեց հայ-հնդկական պատմական, հոգեւոր, մշակութային, լեզվական կապերի փոխառնչությունները հնագույն ժամանակներից մինչեւ միջնադարյան ժամանակաշրջան։ Գիտնականը հայ-հնդկական հարաբերությունները հանգամանալից ուսումնասիրելու առումով ճիշտ է համարում հարցերի դիտարկումը համաշխարհային պատմության տեսանկյունից, որի շնորհիվ ակնհայտ երեւում են փոխազդեցությունների տարբեր դրսեւորումները միջնորդավորված համատեքստում։ Պիտեր Քաուինը թվարկեց այն կարեւոր եւ նշանակալի իրադարձությունները, ինչպես նաեւ անդրադարձավ Հնդկաստանի կյանքում հայ համայնքի ունեցած դերին, որն անմիջականորեն առնչվել է նաեւ հայկական միջավայրին, դրա զարգացմանը՝ սկսած առաջին տպագիր մամուլից մինչեւ առաջին օրիորդաց դպրոց եւ առաջին սահմանադրության տեքստ։
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպանը Արմեն Բայբուրդյանը ներկայացրեց Հնդկաստանում հայ համայնքի պատմական ընթացքը` ընդգծելով, որ Հնդկաստանում հայերը բազմաթիվ ազատություններ են վայելել, նրանց գործունեությունը որեւէ կերպ չէր սամանափակվում, եւ դրա շնորհիվ այնտեղ բնակվող հայերը հնարավորություն ունեցան իրականացնելու ազգային ծրագրեր։
Թեմատիկ երկրորդ քննարկումը վերաբերում էր Հայաստանի ու Հնդկաստանի տեղին եւ դերին գլոբալ, տարածաշրջանային զարգացումների շրջանակներում, որի ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց տեսակետներն ու մոտեցումներն աշխարհակարգի համակարգային տեղաշարժերի ազդեցության տակ ձեւավորվող միջազգային հարաբերությունների նոր վեկտորների եւ հեռանկարների, ինչպես նաեւ համապատասխան գլոբալ եւ տարածաշրջանային համագործակցության եւ գործընկերությունների վերագնահատման եւ փոփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Մասնավորոպես, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Արաքս Փաշայանն անդրադարձավ մեր անվտանգային համակարգում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խաղացած բացասական դերակատարմանը հատկապես 2020 թ. պատերազմի ընթացքում եւ դրանից հետո։ Նրա համոզմամբ, Հայաստանն ու Հնդկաստանն այդ համատեքստում բնական դաշնակիցներ են եւ համագործակցության մեծ ներուժ ունեն անվտանգային, ռազմական, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունների առումով։ Փաշայանի կարծիքով, Հնդկաստանն իր «փափուկ ուժով» կարող է մրցակցել մեր տարածաշրջանում մյուս տերությունների հետ։
Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, ներկա փուլում Հնդկաստանի քաղաքականությունը նպատակ ունի վերականգնելու այն հավասարակշռությունը, որը խախտվել էր Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով։ Ի տարբերություն Պակիստանի, որի օգնությունը Ադրբեջանին խախտեց այդ հավասարակշռությունը, Հնդկաստանի օգնությունը նպաստում է մեր տարածաշրջանում հավասարակշռության, հետեւաբար նաեւ կայունության վերականգնմանը։ Միաժամանակ ակադեմիկոսը կարծում է, որ Հնդկաստանի աջակցությունը Հայաստանին կարող է մարտավարական բնույթի համագործակցության հնարավորություններ ապահովել, իսկ ռազմավարական համագործակցությանը խանգարում է մեր երկրների միջեւ մեծ հեռավորությունը։
Թեմատիկ 3-րդ քննարկմանն անդրադարձ եղավ Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններին, որի ընթացքում բանախոսները վեր հանեցին վերջին տասնամյակի արագ զարգացումների արդյունքում մեր երկրների առջեւ ծառացած նոր մարտահրավերները, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։ Գիտաժողովի մասնակիցները փաստեցին, որ այժմյան աշխարհաքաղաքական իրավիճակում լավ հնարավորություն կա աշխատելու միմյանց հետ եւ ձեւավորելու հետաքրքրությունների նոր հարթակներ։ Հնդկաստանի համար մեր տարածաշրջանը մշտապես կարեւոր նշանակություն է ունեցել, եթե նախկինում որպես զարգացող երկիր տնտեսական լծակների հնարավորություն չի եղել, ապա այժմ իրավիճակը փոխվել է։
Այսօր գիտաժողովի շրջանակներում բանախոսները կներկայացնեն իրենց գնահատականներն ընթացող երկկողմ համագործակցությանը մշակութային, առեւտրատնտեսական, անվտանգության, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլոտներում, ինչպես նաեւ կանդրադառնան համագործակցության խորացման եւ դիվերսիֆիկացման հեռանկարներին:
Գիտաժողովի չորս թեմատիկ հարթակներում քննարկումների ավարտից հետո Համահայկական բարեգործական միության կողմից հիմնված Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի եւ ՀՀ ԱԳՆ-ի կողմից կկազմակերպվի ճաշ-քննարկում «Մեր համաշխարհային սփյուռքներից ստացված գիտելիքների եւ հիմնական ուժեղ կողմերի փոխանակում» խորագրով: Քննարկման նպատակն է բացահայտել սփյուռքից ստացված հիմնական գիտելիքները եւ դրանց ընձեռած հնարավորությունները: