Եվրոպական հարթակները ՄԱԿ-ից հետո երկրորդն են աշխարհաքաղաքական գործընթացների քննարկման եւ որոշումների ընդունման տեսանկյունից: Վերջին շրջանում ԵՄ-ի դերն ավելի է բարձրացել՝ առաջին հերթին միջազգային հանրության տեսակետները եւ ձայնը լսելի դարձնելու առումով: Հարավկովկասյան երեք հանրապետություններն ընտրել են այս կառույցին ինտեգրվելու ուղի, ինչի արդյունքում ԵՄ-ի գործառնական կառույցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում մեր տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող գործընթացները:
Հին աշխարհամասի կառույցների առանձնահատկությունն այն է, որ չեն բավարարվում դեկլարատիվ հայտարարություններով եւ ունեն պետությունների վրա ներազդելու հստակ գործիքակազմի էական պաշար: Այս տեսանկյունից էլ հայկական կողմերի համար շատ կարեւոր է եվրոպական հարթակներն օգտագործելը ոչ միայն միջազգային հանրության համար լսելի լինելու, այլեւ այդ կառույցի գործուն միջոցներով Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելուն պարտադրելու համար:
Վերոնշյալի համատեքստում հայկական կողմերի համար կարեւոր արձանագրումներ ապահովվեցին դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում: Ուկրաինական ճգնաժամի պատճառով աշխարհի ուշադրությունը սեւեռված է այս կառույցին, եւ այն մեզ համար առաջին հերթին կարեւոր է արցախյան հիմնահարցի, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ ճշմարտությունը քաղաքակիրթ աշխարհին հասցնելու համար:
Համաժողովին մասնակցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթով եւ երկկողմ հանդիպումների ժամանակ հնարավորինս օգտագործեց եվրոպական այս կառույցի հնարավորությունները: Նա տարածաշրջանում տիրող իրավիճակի ճշմարիտ պատկերը հրապարակեց ոչ միայն երկրների ԱԳ նախարարների հետ երկկողմ ձեւաչափով հանդիպումների ժամանակ, այլ նաեւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը, ինչի արդյունքում վերջինս արդեն համաժողովում ունեցած ելույթում անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին հայտնել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին եւ նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը, նաեւ շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքների վերացման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր, քանզի նրանց ներկայությամբ էլ ադրբեջանական զինուժի կողմից շարունակվող հրադադարի խախտման դեպքերին պետք է հասցեական արձագանք տրվի:
ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետ համաժողովում ունեցած իր ելույթում Բորելը հայտարարեց. «Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»: Իր ելույթում Արարատ Միրզոյանն էլ արձանագրեց, որ Հարավային Կովկասում մարդիկ դեռ առերեսվում են ուժի եւ ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը. Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլեւ՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։
«Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետեւանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսեւորումները, ներառյալ հայ զինվորական կանանց եւ տղամարդկանց արտադատական սպանությունները եւ խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը եւ շնորհակալություն հայտնելով Բաքվի նման վարքը քննադատող ԵՄ բարեկամ պետություններին` կարեւորեց պատերազմական հանցագործությունների հետաքննումը եւ ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը ՀՀ տարածքից:
Նա անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերին, պնդեց, որ դրանք պետք է համակողմանիորեն հասցեագրվեն։ Արարատ Միրզոյանը նաեւ արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած ապատեղեկատությանը՝ հերքելով այն: Այսպիսով՝ Ադրբեջանը գիտակցում է միջազգային կառույցներում իր դիրքերի ու հեղինակության խախտման գործընթացի լրջությունը եւ, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի այնտեղից իրեն ուղղված ուղերձների հետ, ինչն արդեն պարզ երեւաց Լեհաստանի Լոձ քաղաքում: